Առաջին հանրապետության բանակի սպառազինությունը - Mediamax.am

exclusive
57641 դիտում

Առաջին հանրապետության բանակի սպառազինությունը


Lebel հրացանը
Lebel հրացանը
Ross Mark II հրացանը
Ross Mark II հրացանը
«Mauser К-96» ատրճանակը
«Mauser К-96» ատրճանակը
Colt Browning գնդացիրը
Colt Browning գնդացիրը

Մեդիամաքսը ներկայացնում է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի «Համաշխարհային ռազմի պատմություն` 20-րդ դար» աշխատությունը: 

 

Հայկական բանակը սկզբից եւեթ կազմավորվել ու հիմնականում զինված է եղել ռուսական բանակի հիման վրա եւ նրա սպառազինությամբ: 

 

Շարքային զինվորի հիմնական զենքը եղել է ռուսական եռագիծ` 7,62 մմ-անոց  «Мосин-Наган» հրացանը (7,62x54 R մմ-անոց փամփուշտներ), սահմանափակ քանակությամբ կային նաեւ գերմանական, ֆրանսիական եւ այլ տեսակի հրացաններ: 

 

 

 

Ըստ որոշ տվյալների` ռուսական բանակի հեռանալուց հետո Հայաստանի Հանրապետությանը մնացել էր 100.000 եռագիծ հրացան, մեկ միլիարդ փամփուշտ, 3.000 թնդանոթ, 3.000 գնդացիր եւ այլն: 

 

Նման աղբյուրներից մեկի համաձայն` միայն Բաքվում ռուսական բանակը հայերին թողել էր 160 թնդանոթ, 180 գնդացիր եւ 160 միլիոն փամփուշտ: 

 

Այս տվյալները կան անգամ Անդրանիկի հուշերում: Կարծում ենք, որ այս թվերը չեն համապատասխանում իրականությանը, քանի որ կռիվների առաջին իսկ օրվանից հայկական զորքերն ունեցել են հատկապես փամփուշտների եւ հրետանու կարիք: Ռազմաճակատի քայքայումից հետո հեռացող զինվորները երբեմն զենքերը ոչ միայն չէին թողնում, այլեւ տանում էին մեծ քանակությամբ: Ռուս-թուրքական ռազմաճակատը նույնիսկ լավագույն ժամանակներում չուներ 3.000 հրանոթ կամ գնդացիր: Այն համարվում էր երկրորդական, եւ բոլոր մատակարարումներն անկանոն էին: Կովկասյան բանակի զորքերն ամենալավ ժամանակներում անգամ չեն ունեցել նույնիսկ 1.000 հրանոթ: 2.000-ից քիչ պակաս հրանոթ ուներ Ա. Բրուսիլովի հրամանատարությանը ենթակա ամբողջ Հարավարեւմտյան ռազմաճակատը 1916թ. իր հայտնի ճեղքման ժամանակ (1916թ. հունիսի 3-ից մինչեւ օգոստոսի 22-ը): 

 

Նույնը վերաբերում է նաեւ հրացանների ու փամփուշտների թվերին: 1920թ. հուլիսի 5-ին Բաթումի հասած նավը Անգլիայից բերել էր 25.000 միավոր «Ross Mark II» կամ «Ross Mark III» կանադական հրացան, 400 միավոր «Vickers» գնդացիր եւ մոտավորապես 58.000.000 փամփուշտ այս զենքերի կիրառման համար, ինչպես նաեւ մեծ քանակությամբ պարեն, հագուստ եւ այլն: 

 

Ross Mark II հրացանը Ross Mark II հրացանը

 

 

Հաճախ զենքերի անունները եւ այլ տեխնիկական մանրամասներ սխալ են նշվում: Կանադական վերը նշված հրացանները հայկական աղբյուրներում երբեմն սխալմամբ անվանում են «Bosch»: Ձեռքի գնդացիրները ամերիկյան «Lewis» մոդելներն էին: 

 

Կանադական հրացանների մարտական հատկությունների մասին հայկական աղբյուրները հիմնականում բացասական են արտահայտվում: Մեր զինվորականներն ու ղեկավարները դրանք համարում են ծանր, անհարմար ու անպիտան: Զենքը, ճիշտ է, օգտագործում էր 7.7x56R մմ-անոց (303 British) հիանալի փամփուշտները, որոնք կիրառվում էին նաեւ այլ զենքերի վրա, սակայն զենքերն իրականում խնդիրներ ունեին: Կանադական զորքերն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հաճույքով հրաժարվում էին սրանցից եւ անցնում նույն փամփուշտը կիրառող անգլիական «Lee-Enfield» հրացանին: Քանի որ ամենայն հավանականությամբ այս զենք-զինամթերքը բերվել էր ոչ թե հենց գործարաններից, այլ նախկին ռազմաճակատներից, եւ կարող էին լինել անմխիթար վիճակում: Հետեւաբար այս հրացանների Հայաստան ուղարկումն անգլիական հրամանատարության կողմից զենքերից ձերբազատվելու քայլ էր: Սակայն հեղինակի անձնական փորձն այս զենքի գործածման հարցում փաստեց, որ այն բավականին հզոր ու դիպուկ էր. դրանով հնարավոր էր ունենալ բարձր մարտունակություն: 

 

10.000 միավոր հնացած «Gras» ֆրանսիական հրացան եւ 4.000.000 փամփուշտ Հայաստանին փոխանցեց Հունաստանը: Դրանք արդեն հնացած զենքեր էին համարվում: Ռուսական սպիտակ գվարդիական շարժման առաջնորդներ գեներալներ Ա. Դենիկինը եւ Պ. Վրանգելը տրամադրել էին եռագիծ հրացանի   համար 3 մլն փամփուշտ եւ հրետանային արկեր: Տրամադրված զենքերից որոշ քանակություն փոխադրման դիմաց ստիպված էինք թողնել Վրաստանին: Ինչպես պարզվում է, այդ հարկը երբեմն կազմում էր ավելի քան 27%: 1919թ. Հայաստանի կառավարությունը դիմել էր ֆրանսիական կողմին 10.000 միավոր «Lebel 1886/93» հրացանների գնման համար, որը նրանք շատ թանկ էին վաճառում: 1920թ. ամռանը ֆրանսիացիներն ամեն կերպ ցանկանում էին Հայաստանին վաճառել «Lebel» հրացանների մեծ՝ հավանաբար այլ խմբաքանակ: 

 

Lebel հրացանը Lebel հրացանը

 

 

Տարբեր տեղեկություններով` կառավարությունն ուզում էր հավաքել ֆրանսիական այս հրացանները: Եղել են ՆԳ-ի նախարարի հրամաններ, որ բնակչությունը որոշակի գումարի դիմաց հանձնի այդ ֆրանսիական հրացանները: Տարբեր տեղերում նշվում է, որ այս հրացանն արդեն հնացած էր, ինչը այնքան էլ չէր համապատասխանում իրականությանը: Ֆրանսիական «Lebel 1886/93» հրացանը ռուսական հիմնական հրացանին զիջում էր հիմնականում միայն փամփուշտների լիցքավորման համակարգով, որը բարդացնում էր դրանց կիրառությունն արագընթաց մարտերի ժամանակ: Միեւնույն ժամանակ այն իր ժամանակի շատ հրացանների գերազանցում էր դիպուկ կրակով ու դիմացկունությամբ:

 

Հայկական բանակը գրեթե միշտ ունեցել է գնդացիրների ու փամփուշտների պակաս, բայց  խնդիրը քանակական չէր: Հայկական բանակում կիրառվում էին ռուսական «Maxim»-ներ,  սահմանափակ քանակությամբ անգլիական «Vickers», ամերիկյան «Lewis» եւ «Colt Browning M1895» գնդացիրներ: Սիրված էր հատկապես «Lewis»-ը, որը կիրառման համար ամենահարմարն էր: 

 

Colt Browning գնդացիրը Colt Browning գնդացիրը

 

 

Փաստորեն, բանակը կիրառում էր մի քանի տեսակի գնդացիր, եւ դրանց համար տարատեսակ փամփուշտների հայթայթումը մեծ խնդիր էր: Հետաքրքիր է ներկայացնել, որ դեռ հայկական առանձին գումարտակների ժամանակ մոտավորապես 800-1000 զինվորին, որոնք կազմում էին գրեթե մեկ գումարտակ, բաժին էր հասնում մինչեւ 4 գնդացիր, այն էլ` փամփուշտների համեմատաբար լավ մատակարարումների պայմաններում: 1918թ. մարտի 31-ի տվյալներով` հայկական բանակային կորպուսի սպառազինության մեջ կար 170 գնդացիր եւ ընդամենը 36 հրանոթ (20000/170=117): Նույնիսկ 1919թ. մարտի դրությամբ Դրոյի ենթակայության տակ եղած ավելի քան 1400-հոգանոց զորախումբն ուներ ընդամենը 2 գնդացիր: Գնդացիրների մասով ստացվում է շատ անկանոն պատկեր. հիմնականում դրանք աղետալի քիչ են եղել: 

 

Հայկական բանակի սպայական ու զինվորական կազմի որոշ մասը զինված էր նաեւ ռուսական բանակի հիմնական «Nagant» թմբկավոր ատրճանակներով (7,62x38 մմ փամփուշտով): Սակայն բոլորի կողմից առանձնահատուկ սեր էր վայելում մեծ տարածում գտած «Mauser К-96» ուղիղ փամփշտատուփով ատրճանակը (7,63x25 մմ փամփշտով), այսպես կոչված՝ տասանոցը: Նման զենքերով զինված ջոկատները հաջողությամբ էին գործում դիվերսիոն գործողությունների ժամանակ: Նախ նման զենքերով զինվում էին հիմնականում հեծելազորի զինվորները, քանի որ նրանք հասկանալի պատճառներով հիմնականում չէին տիրապետում դրան: 

 

«Mauser К-96» ատրճանակը «Mauser К-96» ատրճանակը

 

 

Չնայած նրան, որ Հայաստանում լայն տարածում ունեին տարբեր սառը զինատե-սակներ, դրանցով զինվելու եւ կանոնավոր կիրառման համար նախապատրաստվելու ժամանակ չկար: Ըստ ուսումնասիրող Զորիկ Ծատուրյանի` հայկական բանակում այդ ժամանակ եղել են հետեւյալ սառը զինատեսակները. 

 

- 1881թ. նմուշի դրագունական թրասուսեր (ռուս.` шашка),

- 1904թ. նմուշի կովկասյան կազակական զորքերի թրասուսեր,

- 1913թ. նմուշի կովկասյան կազակական զորքերի սպայական թրասուսեր,

- 1913թ. նմուշի հետեւակային զորքերի սպայական կոր սուր (ռուս.` сабля),

- 1907թ. նմուշի «Բեբուտ» դաշույն,

- 1904թ. նմուշի կազակական զորքերի դաշույն:

 

Ըստ Զ. Ծատուրյանի՝ ռուսական բանակի սպառազինության մեջ կային նաեւ կովկասյան վարպետների կողմից պատրաստված սառը զենքի տեսակներ: Այդ էր պատճառը, որ հայկական թե՛ աշխարհազորային ջոկատներում եւ թե՛ կանոնավոր ստորաբաժանումներում հաճախ օգտագործվում էին նաեւ կովկասյան վարպետների կողմից պատրաստված ամենատարբեր թրասուսերներ, կոր սրեր եւ դաշույններ:

 

Ինչպես տեսնում ենք, հայկական բանակը հիմնական հրաձգային զենքերի առումով զինված էր բազմազան տեսակներով, ինչն այնքան էլ լավ նախապայման չէր բանակի համալրման համար եւ լրացուցիչ խնդիրներ էր ստեղծում: 

 

Հայկական կորպուսի հրետանին կազմավորված էր հրետանային 2 բրիգադից, 4 առանձին դիվիզիոններից եւ առանձին լեռնային մարտկոցից, ընդհանուր առմամբ` մոտավորապես 100 հրանոթ, որոնցից միայն կեսն էր պահպանվել պատերազմից հետո: Վրաստանի դեմ պատերազմում հայկական բանակը բռնագրավեց 17 հրանոթ, որից 2-ը` հաուբից, գնդացիրներ, հրացաններ, ձիեր եւ այլ գույք: Սա հնարավորություն տվեց իսկույն եւեթ ձեւավորելու 2 մարտկոց` թեթեւ ու լեռնային: Բացի այդ, մեր բանակը համալրվեց նոր զրահագնացքներով: Ընդհանրապես զրահագնացքների թեման բավականին հետաքրքիր է: Ոչ մի փաստաթղթում հնարավորություն չի լինում գտնել հայկական բանակի զրահագնացքների ստույգ թիվը, դրանց նախնական քանակը վրացական բանակից վերցվածների հետ ինչքան է կազմել, ինչպես են գործածվել եւ այլն: Դրանք բավականին կարեւոր միջոցներ էին այդ ժամանակ. հիմնականում նախատեսված էին երկաթգծերի մոտ գտնվող կարեւոր նշանակության օբյեկտների պաշտպանության եւ համազորային մյուս զորատեսակներին կրակային աջակցություն ցուցաբերելու համար: Շատ հաճախ կիրառվում էին ապստամբած այս կամ այն շրջանների դեմ պայքարի համար: Այս զրահագնացքները բաղկացած էին զրահապատ շոգեքարշից, մեկ կամ երկու զրահահարթակներից եւ մինչեւ չորս զրահապատ պահեստավագոններից: Զրահահարթակների վրա տեղակայված էին թեթեւ հրանոթներ եւ մի քանի գնդացիր: 

 

Կարսում եւս թուրքական զորքերը թողել էին որոշ քանակությամբ կիսաթալանված կամ կիսաոչնչացված հրետանային գույք` հրանոթներ, զինամթերք, վառոդ եւ այլն: 1919թ. վերջին բանակի հրետանին ուներ 130-140 հրանոթ, որոնցից 63-ը (15 մարտկոց) տրված էր հրետանային բրիգադին: Կարսի բերդի հրետանին ուներ 64 հրանոթ եւ 2 զրահագնացք 4 հրանոթով: Հատուկ նշենք, որ 1914-1916թթ. Կարսի ամրոցում եղել է մոտավորապես 90 հրանոթ, հաուբից եւ հրասանդ` 5 հրետանային գումարտակ (դիվիզիոն): Այս թվից 29 հաուբից եւ 16 հրասանդ օգտագործվել են 1915թ. նոյեմբերին եւ 1916թ. փետրվարին Էրզրումի գրավման ժամանակ: Դրանից հետո հրանոթները մնացել են Էրզրումում եւ չեն վերադարձվել: Կարսում եղած հրանոթների քանակությունից ավելի քան 60-ը, ինչպես նաեւ մեծ քանակությամբ մարտապաշար եւ այլ գույք անգլիացիներն իրենց հետ տարել են, ինչի կապակցությամբ եղել են  բողոքներ, սակայն ապարդյուն: 1919թ. հուլիսի 16-ին Հայաստանում Ադրբեջանի ռազմական ներկայացուցիչը գաղտնի հեռագրով իր ղեկավարությանը հաղորդում էր, որ հայկական բանակում կա 12 հրետանային մարտկոց 4-ական հրանոթով: 

 

1919թ վերջին տեղեկություններից հետո քանակը շատ չէր աճել: Հրետանու սպառազինությունը հիմնականում կազմում էին երեք դյույմանոց` 76,2 մմ-անոց թեթեւ (1900թ. նմուշ), լեռնային հրանոթները (1909թ. նմուշ, ֆրանսիական «Danglise-Schneider» ընկերության հրանոթը), ինչպես նաեւ հինգ դյույմանոց` 122 մմ (1909-10թ. նմուշ) հաուբիցները: Եղել են նաեւ այլ տեսակներ` 76, 107, 152 միլիմետրանոց 1880-ականների եւ համեմատաբար նոր հրետանային միջոցներ, սակայն քանակով քիչ: Կան նաեւ չապացուցված տեղեկություններ այն մասին, որ հայկական բանակում եղել են նաեւ 8 դյույմանոց 203,2 մմ-անոց հրանոթներ: Կարծում ենք, որ սրանք հիմնականում կարող էին լինել միայն Կարսի ամրոցում, այն էլ՝ սահմանափակ քանակով եւ հավանաբար անպիտան: 

 

Առաջին մասը կարդացեք այս հղումով:

 

 

Երկրորդ մասը կարդացեք այս հղումով:

 

 

Երրորդ մասը կարդացեք այս հղումով:

 

 

Չորրորդ մասը կարդացեք այս հղումով:

 

 

Հինգերորդ մասը կարդացեք այս հղումով:

 

 

Վեցերորդ մասը կարդացեք այս հղումով:

 

 

Յոթերորդ մասը կարդացեք այս հղումով:

 

 

Ութերորդ մասը կարդացեք այս հղումով:

 

Արծրուն Հովհաննիսյան

 

Շարունակելի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին