Որեւէ գեղեցիկ տան, փողոցի, բնապատկերի կամ սովորական թվացող մի վայրի մոտ լուսանկարվելիս երբեւէ մտածե՞լ եք, թե այն ինչ պատմություն է իր մեջ ամփոփում, ովքեր են ապրել կամ անցել այդտեղով, ինչ իրադարձությունների է ականատես եղել այդ վայրը։ Երեւի արժե մտածել...
Լուսինե Հովհաննիսյանի «Աշնան քսանչորսերորդ օրը» վեպը գրվել է պատմելու մարջանագույն դարպաս-ականատեսի պատմությունը, որովհետեւ ինչ-որ ժամանակ, ինչ-որ մեկն անմասն ու անհաղորդ կանգնել է դրա մոտ եւ լուսանկարվել՝ առանց հարցեր տալու ... իսկ այդ դարպասից ներս ապրած մարդկանց ճակատագրերը հյուսվել են խորհրդայնացման արհավիրքների, Արցախի բռնակցման, երկրաշարժի, հետո պատերազմի, պատերազմի ու նորից պատերազմի բովում։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Գրելուս խթանը հենց դա էր, երբ համացանցում հանդիպեցի մարջանագույն դարպասի մոտ նկարված կնոջը։ Մենք բոլորս երեւի մի այդպիսի տեղ կանգնում, լուսանկարվում ենք ու երբեք չենք պատկերացնում, թե այդպիսի նկարի հետեւում ինչեր են կատարվել, ինչ ողբերգություններ, ինչ մարդիկ են եղել»,- ասել է Լուսինե Հովհաննիսյանը սեպտեմբերի 5-ին Գրքի երեւանյան միջազգային փառատոնի շրջանակում տեղի ունեցած «Աշնան քսանչորսերորդ օրը» գրքի շնորհանդեսի ժամանակ։ Վեպը լույս է ընծայել «Վերնատուն» հրատարակչությունը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Մարջանագույն դարպասը՝ ոչ կարմիր, ոչ նարնջագույն, այլ հենց մարջանագույն, հիմա հնարավոր է տեսնել միայն արբանյակային նկարներից։ Դրանից ներս Լուսինե Հովհաննիսյանի մորական պապի տունն է, որ թեկուզ ոչ մարջանագույն դարպասով, բայց շատ այլ պապենական տների հետ առանց ժառանգների մնաց Արցախում։ Գրքի շապիկին հեղինակի հայրական հողի տիեզերական պատկերն է՝ Լիլիթ Ալթունյանի յուրատիպ լուծումով։

Լուսանկարը` Մեդիամաքս
Վեպի սյուժեի հիմքում իրական դեպքեր են։ Լուսինե Հովհաննիսյանը իր մայրական կողմի կանանց կենսագրության վավերագրությամբ ներկայացնում է Հայաստանի եւ Արցախի վերջին 100 տարվա իրադարձությունները։ Վեպում կա նաեւ չորրորդ սերնդի կնոջ կերպար՝ մեր ժամանակակիցը, որի միջոցով հեղինակը ներկայացնում է հավաքական պատում։
«Ես այս պատմության հերոսուհին չեմ, բայց վեպը կարծես իմ մասին լինի։ Այնպես է գրված, որ ամբողջի մասնակից եմ ինձ զգում»,- շնորհանդեսի ժամանակ ասել է մշակութաբան Լիլիթ Գրիգորյանը` հավանաբար կիսելով շատերի տպավորությունները։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Պատմելով առանձին կանաց ճակատագրերի մասին՝ մի ողջ ժողովրդի մասին եք պատմել։ Ու առհասարակ կնոջ մասին եք գրել. կինը՝ անկախ նրանից, թե որ ժամանակներում է ապրել, նույն հուզական առանցքն ունի»,- հավելել է նա։

Լուսանկարը` Մեդիամաքս
Վեպը շատերին է հուզել։ Հեղինակն էլ խոստովանում է, որ այն ստեղծելիս թե´ ինքը, թե´ իր հարազատներն անդադար արտասվել են։
Բանաստեղծ Կարեն Անտաշյանի կարծիքով՝ այդ հույզերի գաղտնիքն անկեղծության ու մարդկային հայացքի մեջ է, որն առանց ավելորդ պաթետիզմի, պարզունակացման, եւ երբեմն անգամ հումորով է ներկայացնում մարդկային միկրոճակատագրեր, իսկ դրանցում պատերազմն ասես առանձին գործող անձ է։
«Սա մարդկային պատմություն է, որտեղ պատերազմն էքզիստենցիալ նախապայման է, այսինքն՝ անշրջանցելի»,- ասել է նա։

Լուսանկարը` Մեդիամաքս
Վեպի սկզբում պատմական համատեքստին միայն համայնապատկերով ծանոթ ընթերցողի ուշադրությունը կլանում են մարդկային կյանքի, կենցաղի, բնավորության, պատմության անընդհատության մեջ հանկարծակի միկրոդրվագների վավերագրությունը, որոնցից հուլունքաշարի նման հատիկ առ հատիկ հյուսվում է սերունդների պատմությունը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Հետո պատումն ընթերցողի համար դառնում է խիստ անձնական, որովհետեւ մեր ժամանակակից հերոսուհին էլ շատերի նման աշնան 24-րդ օրը հետեւում էր, թե «ինչպես է հանձնվում երկիրը՝ փոքրը .... Աշնան քսանյոթերոդ օրը քաղաքը սպասում էր, որ ինչ-որ մեկը ինքնասպան կլինի .... Քաղաքը խաբված էր ու խիստ անբավարար։ Խարխափում էր ու ընթացքում վերուվար գլորում թվային դարի անզոր լրատուն»։
Այսպես հեղինակի տողերում մարմին են առնում ընթերցողի դեռ չմարսված ապրումները, անհաշտելի իրողությունները ու նորից ծնվում է անզոր ցասումը, որը պայթելու տեղ չունի։ 2023 թվականի աշնանը օնլայն ռեժիմով հանձնվում էր Արցախն ու այդ մասին առանց խելագարվելու պատմում էին համացանցային վերնագրերը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Վեպի շնորհանդեսի ժամանակ արցախցի մի երիտասարդ հարց է ուղղել հեղինակին.

Լուսանկարը` Մեդիամաքս
«Այս գիրքը կօգնի՞, որ հաղթահարենք։ Կօգնի՞, որ մեր հիշողությունները մոռացությունից փրկվեն»։
«Ես չեմ համարում, որ դա հիշողություն է ընդամենը։ Չգիտեմ ... վերջերս ամենահաճախ տրվող պատասխանս «չգիտեմն» է ... Բայց ես մեծ հույս ունեմ»,-արձագանքել է Լուսինե Հովհաննիսյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Վեպի վերջում այս հույսը նորից մարմին է ստացել. «Հետո՝ մի օր՝ հետո մի օր, անպայման... որովհետեւ ամեն ինչ կրկնվում է, ամեն ինչ կրկնվում է»։
Իսկ ներկայում՝ «Ազատ Արցախը որոնում է մեզ»։
Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ հեղինակի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: