Արժեհամակարգի սերմեր ցանող մանկական գրքերը - Mediamax.am

exclusive
825 դիտում

Արժեհամակարգի սերմեր ցանող մանկական գրքերը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` «Արևիկ» հրատարակչություն

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` «Արևիկ» հրատարակչություն

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մանուկ հասակում լսած հեքիաթների ու պատմվածքների ազդեցության մասին բազում հետազոտություններ կան, սակայն դրանք մեջբերելու փոխարեն առաջարկում ենք անել սեփական վերլուծությունը. հիշու՞մ եք արդյոք, թե որն էր ձեր առաջին գիրքը, ի՞նչ գրքեր էին ձեզ համար կարդում ձեր ծնողները, ինչպե՞ս են դրանք անդրադարձել ձեր արժեհամակարգի ձեւավորման վրա, ձեր մտակառուցվածքներում արդյոք շարունակու՞մ են ապրել մանկության հերոսները:

 

Այս հարցերի շուրջ մտածելը մի կողմից շնորհակալության զգացում է արթնացնում դեպի մեր ծնողները, իսկ մյուս կողմից նորից զգոնության կոչ անում երեխաներին գրքեր նվիրելիս կամ չնվիրելիս: Ընտրությունը միշտ պետք է մտածված կատարել, սակայն ի ուրախություն մեզ՝ հայկական շուկայում կան պատասխանատու հրատարակչություններ:

 

2024 թվականին «Արեւիկ» հրատարակչությունը լույս է ընծայել հայկական առաջին ձայնային-երաժշտական գրքերը՝ ստեղծված հայ հեղինակների, հայ նկարազարդողի ու հայ հրատարակչի կողմից: «Իմ առաջին մեղեդիները» շարքի առաջին գրքերն են «Արամ Խաչատրյան»-ը եւ «Կոմիտաս»-ը, որոնցում գունագեղ նկարազարդումները զուգորդվում են մեծանուն կոմպոզիտորների մեղեդիներից հատվածներով եւ դրանց մասին պատումներով: Այս գրքերի շնորհիվ երեխաները շատ փոքր տարիքից ճանաչում են հայ մեծերին եւ կրթվում նրանց թողած ժառանգությամբ:

 

Մեդիամաքսը «Արեւիկ» հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանի հետ զրուցել է ձայնային գրքերի շարքի եւ երեխաների արժեքային համակարգը ձեւավորող մյուս հրատարակությունների մասին:

 

Մարդ ծնվելուց հետո դեռ պետք է մարդանալ

 

«Մենք՝ ծնողներս, հաճախ, ինքներս մեզ հարց չենք տալիս, թե ինչ նպատակ է հետապնդում կրթությունը: Մենք ցանկանում ենք, որ մեր երեխան ամենալավ կրթությունը ստանա, սակայն չենք մտածում, թե դա ինչի համար է: Կրթությունը մեկ նպատակ ունի՝ կերտել մարդ: Մենք ծնվում ենք մարդ միայն ֆիզիոլոգիապես, իսկ մարդ՝ բառի էութենական իմաստով, մենք միայն դառնում ենք: Հենց այդ մարդացման ճանապարհին շատ մեծ դեր ունի կրթությունը: Կարծում եմ, որ մանկական գրականությունն այս պարագայում ամենաառանցքայինն է, որովհետեւ հենց այդ շրջանում է ձեւավորվում արժեհամակարգը: Մեր հրատարակչության գործունեության հիմքում առաջին հերթին դրված է երեխային մարդացնելու նպատակը»,- ասում է Սաբեթ Հովհաննիսյանը:  

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրքեր հրատարակելիս «Արեւիկ»-ում կարեւորում են, թե ինչպիսի ուղերձ է փոխանցվում երեխային: Սաբեթ Հովհաննիսյանը ձգտում է հիմնականում անդրադառնալ երեխայի՝ երազելու կարողության զարգացմանը: Հրատարակում են ինչպես արտասահմանյան սիրված գրքեր, այնպես էլ հայ մանկագիրների աշխատանքները:

 

«Ձգտում ենք հայ հեղինակներին եւ նկարազարդողներին ստեղծագործելու հնարավորություն տալ՝ զարգացնելու Հայաստանում ժամանակակից մանկագրությունը»,- ասում է Սաբեթ Հովհաննիսյանը:

 

Մտածել երեխայի պես

 

Ծնող-երեխա հարաբերությունների հաստատման համար Սաբեթ Հովհաննիսյանը մեծ դեր է տալիս պատկերագրքերին (անգլ.՝ picture book), որոնք երեխային հեղինակի ուղերձը փոխանցում են կարճ տեքստի եւ մեծ ու գունեղ նկարների միջոցով:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այս գրքերի պարագայում շատ կարեւոր է, թե նկարազարդողը պատկերներում ինչ շեշտադրություն է կատարել: Երբ երեխայիս հետ պատկերագրքեր էինք ընթերցում, նա հաճախ ինձ հարցեր էր տալիս՝ ցանկանալով տեսնել այս կամ այն դրվագը, սակայն նկարազարդողն այլ շեշտադրում էր կատարել՝ դուրս թողնելով այն, ինչ հետաքրքիր է երեխային: Մանկական հրատարակչության ոլորտում առանցքային է մտածել եւ պատկերացնել երեխայի պես, որքան էլ որ դա դժվար է»,- ասում է Սաբեթ Հովհաննիսյանը:

 

«Արեւիկ» հրատարակչության ընթերցողների սիրելի պատկերագրքերից է Եվգենյա Էվոյանի «Գազարագույն զատիկի կորած կետիկները»: Այն պատմում է մի զատկի մասին, որն իր թիկունքին չուներ կետիկներ եւ դրանից շատ ամաչում էր: Մի իմաստուն պապիկ-զատիկ նրան բացատրում է, որ դա իր յուրօրինակությունն է, եւ ամաչելու փոխարեն պետք է հպարտանա դրանով:

Լուսանկարը` «Արևիկ» հրատարակչություն

«Փոքր տարիքում երեխաները, հաճախ, բարդույթավորվում են այս կամ այն կերպ իրենց տարբեր լինելու բերումով: Այս գրքի ուղերձը օգնում է ինքնագնահատականի բարելավմանն ու այդպիսի բարդույթների հաղթահարմանը»,- ասում է հրատարակչության տնօրենը:

 

Մեկ այլ սիրված պատկերագիրք է «Շատ քաղցած թրթուրը», որն աշխարհահռչակ ստեղծագործություն է եւ թարգմանվել է շուրջ 80 լեզուներով: Այն նկարագրում է թրթուրի՝ թիթեռ դառնալու ամբողջ ընթացքը՝ մի կողմից երեխային ծանոթացնելով այդ հրաշքին, մյուս կողմից սովորեցնելով շաբաթվա օրեր, թվեր, մրգերի տեսակներ եւ այլն:

 

«Փոքր գրքում մեծ ասելիք ներդնելը հսկայական վարպետություն է պահանջում»,-ասում է Սաբեթ Հովհաննիսյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

2020 թվականի պատերազմից հետո, երբ ավելի շատ երեխաներ էին առնչվում կորստի թեմային, «Արեւիկ» հրատարակչությունը գրական մրցույթ էր հայտարարել այդ թեմային առնչվող ստեղծագործություն հրատարակելու համար: Հաղթող էր ճանաչվել Շողեր Պետրոսյանի «Ամպիկը, որ չէր կարողանում անձրեւել» պատմվածքը, որը Էմմա Իսախանյանի նկարազարդմամբ հրատարակվել է 2023 թվականին:

 

«Այս պատմվածքում ամպիկը կորցնում է իր ընկերոջն ու այլեւս չի կարողանում անձրեւել, սակայն մի իմաստուն ամպիկ նրան բացատրում է, որ նա պետք է անվերջ շարունակի կատարել իր բարի գործը, այն է՝ անձրեւել եւ այդպիսով ջրել ծաղիկները, որպեսզի ապրի եւ ապրեցնի»,-մանրամասնում է Սաբեթ Հովհաննիսյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հոգատարության եւ անձնվիրության սերմերը

 

«Արեւիկ» հրատարակչության դասական ցանկի գրքերից է «Անձնվեր ծառը», որի հեղինակը ամերիկացի մուլտիպլիկատոր Շել Սիլվերսթինն է: Այս պատմվածքը տղայի եւ խնձորենու մասին է: Ամեն անգամ տղան ծառից մի բան է ցանկանում, իսկ ծառը մշտապես տալիս է: Յուրաքանչյուր անգամ նորից իրենից մի բան տալուց հետո կարդում ենք, որ «ծառը երջանիկ էր»:

 

«Շատ կարեւոր է, որ երեխան տեսնի՝ տալն ավելի կարեւոր է, քան վերցնելը: Երեխան իր հոգեբանությամբ սպառող է, սակայն միջավայրն էլ ավելի է տրամադրում դրան: Պետք է ինչ-որ ձեւով այդ փոքրիկ մարդկանց ցույց տալ, որ նվիրելը, տալը բերկրանք է, երջանկություն է: Եթե մենք այս պատմությունը ճիշտ մեկնաբանությամբ կարդանք երեխայի հետ, եւ ապա նա մեկ անգամ ապրի այդ բերկրանքը, այդ արժեհամակարգը ամբողջ կյանքում կառաջնորդի նրան: Երբ ծնողը ընթերցի երեխայի հետ այս պատմությունը, իսկ երեխան դրանից ազդված ծնողին ինչ-որ բան տա, ծնողը պետք է այդ պահին այնպիսի երջանկություն ապրի եւ դա ցույց տա, որ երեխան հասկանա՝ գործընթացը տեղի ունեցավ. ես քեզ տամ՝ դու երջանկանաս, եւ դրանով էլ ես երջանկանամ»,- ասում է Սաբեթ Հովհաննիսյանը:

Լուսանկարը` «Արևիկ» հրատարակչություն

Հրատարակչությունը բոլորովին վերջերս լույս է ընծայել Տաթևիկ Ավետիսյանի «Սերմիկը» գիրքը, որի շնորհանդեսը տեղի է ունենալու փետրվարի 22-ին ժամը 15:00-ին Woods Center-ում՝ «Բուքուբորան» գրատոնի շրջանակում: Գրքի նպատակն է երեխաներին սովորեցնել հոգատարություն՝ ներկայացնելով, թե ինչպես է պետք սերմը դնել հողում, ջրել եւ խնամել այնքան, որ ծիլ դառնա, իսկ հետո՝ ծաղիկ:

 

Սաբեթ Հովհաննիսյանի խոսքով՝ ծնողները եւս պետք է երկար աշխատեն երեխաների հետ՝ ներդնելով այն սերմերը, որոնք հետո ծիլ տալով կկերտեն ապագա քաղաքացիներին:

 

Ձայնային գրքերի ծնունդը

 

Շատ երկար ժամանակ Սաբեթ Հովհաննիսյանը մտածում էր ձայնային գրքեր ստեղծելու մասին, սակայն դրանց հրատարակությունը բավականին թանկ արժե: Բարեբախտաբար, նա հանդիպեց Ինեսսա Սանասարյանին, որը եւս նման միտք ուներ եւ նրանք միասին իրականություն դարձրին «Արեւիկ» հրատարակչության ձայնային գրքերի նախագիծը, որի առաջնեկները դարձան Արամ Խաչատրյանի եւ Կոմիտասի գրքերը:

 

Սաբեթ Հովհաննիսյանի խոսքով՝ գրքերը շատ մեծ հաջողություն ունեցան, պարզվեց, որ դրանք շատ սպասված էին: Չնայած որ արտադրական գործընթացի թանկ լինելու հետեւանքով գրքերի արժեքը եւս սովորականից բարձր է, դա չի խանգարում ծնողներին նման ներդրում կատարել իրենց երեխաների կրթության մեջ:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ծնողները, հաճախ, մեզ տեսանյութեր ուղարկում, թե ինչպիսին է երեխաների արձագանքն այս գրքերին: Տեսանյութեր ենք ստացել, որոնցում երեխան գրքի ամեն էջի հետ ձեռքերով ասես նվագում է հնչող ստեղծագործության բոլոր գործիքները, կամ երբ մայիկը միացնում է մեղեդիներից մեկը, երեխան անմիջապես ասում է, որ դա, օրինակ, ջութակի կոնցերտն է: Կոմիտասի գրքի շնորհիվ էլ հիմա շատ երեխաներ անգիր երգում են ներառված 7 երգերը, ծանոթ են դրանց պատմությանը: Մեծ երջանկություն է հրատարակչի համար տեսնելը, որ արածդ գործը նպատակին է ծառայում»,- ասում է Սաբեթ Հովհաննիսյանը:

 

Հրատարակչության տնօրենը հույս է հայտնում, որ մինչեւ 2025 թվականի ավարտը լույս կընծայեն նաեւ Առնո Բաբաջանյանի եւ Շառլ Ազնավուրի ձայնային գրքերը, իսկ մինչ հայկական արտադրության այս գրքերը պատրաստման ընթացքում են, «Արեւիկ»-ը առաջիկայում կներկայացնի թարգմանված ձայնային գրքեր՝ Մոցարտ, Վիվալդի եւ բալետներ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրատարակչության համար սկզբունքային է, որ գիրքը պահպանի իր տեսքն ու չունենա լրացուցիչ պլաստիկե կցորդ՝ երաժշտության կոճակները սեղմելու համար: Դա է պատճառը, որ գրքի ձայնային մոդուլի ստեղծումը բավականին բարդ է, եւ հրատարակչությունը, Հայաստանում չգտնելով համապատասխան ծառայություն մատուցողների, գրքերի տպագրությունը կազմակերպում է արտերկրում:

 

Հայկական մեղեդիները սփյուռքում

 

«Գործընկերս՝ Ինեսսա Սանասարյանը Փարիզում է բնակվում: Նա ինձ ասաց, որ այնտեղ շատ են հարցնում, թե ինչպես կարող են ձեռք բերել մեր երգող գրքերից, ուստի որոշեցինք շնորհանդեսներ կազմակերպել ֆրանսիական 5 քաղաքներում: Եղանք Լիոնում, Նիցցայում, Ստրասբուրգում, Ալֆորվիլում, Փարիզում, շնորհանդես ունեցանք նաեւ Բրյուսելում: Իսկապես հետաքրքրությունը շատ մեծ էր, անգամ ստիպված եղանք շրջագայության ընթացքում Հայաստանից խնդրել, որ մի քանի ճամպրուկ գիրք եւս ուղարկեն, որովհետեւ քանակը չէր բավականացնում»,- պատմում է Սաբեթ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ եվրոպական տարբեր քաղաքներից ընդունում են օնլայն պատվերներ Arevik Publishing France էջի միջոցով:

Լուսանկարը` Մեդիամաքս

2025 թվականի վերջին՝ Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ, մեծ հավանականությամբ նույնպիսի շրջագայություն կունենան նաեւ ԱՄՆ-ի հայկական գաղթօջախներով՝ շարունակելով հայերեն գրականությունը հասանելի դարձնել արտերկրում ապրող հայ մանուկների համար:

 

«Հրատարակչական գործունեություն զարգացնելու համար Հայաստանի շուկան շատ փոքր է: Ցանկացած նոր նախագիծ մեծ ռիսկերի հետ է կապված, եւ ընդլայնվելու համար մեծ հերոսություն է պետք: Այդուհանդերձ, շատ շուտով մեր ընթերցողներին մի ցնցող նորություն կհաղորդենք, որին նրանք, վստահ եմ, վաղուց են սպասում»,- ամփոփում է Սաբեթ Հովհաննիսյանը:

 

Գայանե Ենոքյան

 

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

 

Լուսանկարահանումն իրականացվել է Local's by Baguettes & Delices սրճարանում (Երեւան, Մաշտոցի 48)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին