«Երկրորդ սուրը». Հանդքեի վրեժի ու փրկության ճամփորդությունը - Mediamax.am

exclusive
2264 դիտում

«Երկրորդ սուրը». Հանդքեի վրեժի ու փրկության ճամփորդությունը


Լուսանկարը` REUTERS

Պետեր Հանդքեն
Պետեր Հանդքեն

Լուսանկարը` REUTERSc

Կարլեն Մատինյանը
Կարլեն Մատինյանը

Լուսանկարը` Արմենպրես

Լուսանկարը` Անտարես


Պետեր Հանդքեի «Երկրորդ սուրը» վեպում Ճամփորդությունը դեպի Պորտ-Ռոյալ ավարտվում է «Ինը եւ Տասներեք» կոչվող ռեստորանում։ «Երկրորդ սուրը» Նոբելյան մրցանակը ստանալուց հետո Հանդքեի գրած առաջին ստեղծագործությունն է։ Գիրքը ներկայացնում է «Անտարես» հրատարակչությունը՝ բանասիրական գիտությունների դոկտոր Կարլեն Մատինյանի թարգմանությամբ։

 

Թարգմանչի բնորոշմամբ՝ վեպը հոգեւոր ճամփորդություն է եւ շրջակա աշխարհի պոետիկ հայեցում։

 

- Ինչո՞վ է առանձնանում «Երկրորդ սուրը» Հանդքեի նախորդիվ (մինչ Նոբելյան մրցանակ ստանալը) գրված գործերից։

 

- «Երկրորդ սուրը» եւ դրան հաջորդող «Մեծ անկում» գրքերում նկատելի է Հանդքեի քրիստոնեական եւ փիլիսոփայական աշխարհընկալումը։ Մինչ Նոբելյան մրցանակ ստանալը՝ Հանդքեն գրում, խոսում էր Սերբիայի պատերազմի դեմ, քաղաքական եւ գործնական հարցեր էր վեր հանում։ Քրիստոնեական թեմաներին առնչվող որոշ տարրեր նկատվում էր նաեւ նրա «Դոն Ժուան» վիպակում։

Լուսանկարը` Անտարես

Բայց չեմ կարծում, թե մրցանակն է դեր ունեցել, դա ավելի շատ կապված է տարիքի, փորձառության հետ, երբ մանրը հետին պլան է մղվում, առաջ են գալիս փիլիսոփայականը, հանրագումարայինը։

 

- «Ուրեմն ահա՛ թե ինչպիսին է վրիժառուի դեմքը»,- ասացի ինքս ինձ, երբ մի գեղեցիկ առավոտ նայում էի հայելու մեջ մինչ ճանապարհ ընկնելը»։ Թվում է՝ լարում ու անսպասելի զարգացումներ ենք տեսնելու, բայց Հանդքեն հավատարիմ իր ոճին՝ հանդարտ, վերացական ու ընդգրկուն սյուժե է մատուցում։

 

- Սկզբում Հանդքեն նախանշում է ինչ-որ թեմա՝ ինչն է իրեն այս պահին հուզում, ու դա դառնում է մայրուղի, բայց մինչ մայրուղին անցնելը՝ կողքի փոքր փողոցներից է օգտվում. իրեն հուզող հարակից, երկրորդային թվացող թեմաներն այնպես է մշակում, պատկերում, որ զգում ես՝ բոլորովին էլ երկրորդային չեն։

Պետեր Հանդկեի դանդաղ վերադարձը տուն

Մայրուղին տարածք է, միջոց, հնարավորություն՝ առաջ քաշելու համար հիմնական թեմաները։ Երբ կարդում ես, հանկարծակիության տպավորություն է թողնում՝ հանկարծակի է հիշում միջանկյալ այդ նախադասությունը, միտքը։ Փորձում է նման տպավորություն ստեղծել, բայց եթե ծանոթ ես նրա ոճին, գիտես, որ հատկապես վերջին գործերում հաճախ է օգտագործել այդ սկզբունքը, պարզ է դառնում, որ դա նրա ոճի կարեւոր բաղկացուցիչներից մեկն է։

 

- Պատմողը եւ հեղինակը նույնանո՞ւմ են։ Մոր ինքնասպանության թեման չէ՞ որ ուղղակիորեն առնչվում է Հանդքեին։

 

-Անշուշտ, նա չի շեշտում, բայց չի էլ թաքցնում դա։ Մոր մասին ստեղծագործություններում միշտ նշել է, որ մայրը կյանքից հեռացել է երկու պատճառով։ Պատճառներից մեկն այն է, որ ինքը քիչ է այցելել մորը, միայնության է մատնել նրան։ Բայց երբ փորփրում ես իրականությունը, պարզվում է, որ ամենեւին էլ այդպես չէ։ Հայր չի ունեցել, մայրը նրա միակ հարազատն է եղել, ու ինքն էլ ամեն ինչում աջակցել է մորը։ Բայց մայրն ուներ խնդիր. երիտասարդ տարիներին որոշակի կապ է ունեցել նացիստների հետ։

Կարլեն Մատինյանը Կարլեն Մատինյանը

Լուսանկարը` Արմենպրես

1966-ին Պրիստոն քաղաքում Հանդքեի հայտնի ելույթը՝ որպես «Խումբ-47» գրական հեղինակավոր ընկերության համաժողովի պատվիրակ, գրավեց բոլորի ուշադրությունը։ Նա հայտարարեց, որ ժամանակակից Ավստրիայի եւ Արեւմտյան Գերմանիայի գրականությունը «սոսկ նկարագրական է», մեղադրեց նախորդ սերդի գրողներին, որ նացիստների հետ են կապված եղել, դրա համար կտրուկ չեն խոսում, հրատապ թեմաների չեն անդրադառնում։ Նրա հակառակորդները վրեժ լուծելու համար սկսում են փաստեր հավաքել, եւ պարզում են, որ Հանդքեի մայրը երիտասարդ տարիքում դուրս է եկել փողոց, դժվար է ասել՝ ողջունելու համար Ավստրիայի միացումը Գերմանիայի՞ն, թե՞ նացիստների մուտքը Ավստրալիա։ Մոր համար ցավալի էր գիտակցել, որ այդ միացումն ավարտվեց նացիստների մուտքով, եւ որ իր անցյալն օգտագործում են տղայի դեմ։ Լրագրողի հոդվածն ավելի է խորացնում մոր տառապանքը՝ դրդելով ինքնասպանության։ Եվ ահա Հանդքեն ասում է, որ մենակ է թողել մորն իր ցավի հետ, այնինչ նա չէր էլ կարեւորում այդ խոսակցությունները։

 

- Երբ Հանդքեն (տվյալ դեպքում՝ պատմողը) հարցնում է մորը, թե ինչո՞ւ նա չի ըմբոստացել հանցավոր կայսրության դեմ, մայրը լաց է լինում առանց մի բառ ասելու։ Հանդքեն գրում է. «նրա այդ հեծկլտոցը իմ մեջ մնաց ընդմիշտ»։

 

- Նրա պատասխանը լացն է, որովհետեւ ասելու բան չունի։ Ի՞նչ պետք է աներ միայնակ գյուղացի կինը, երբ աշխարհն ի զորու չէր պայքարել ֆաշիզմի դեմ։ Որդու էմոցիոնալ պոռթկմանն ի դեպ կարծես ասում է՝ «Եվ դո՞ւ…»։

 

- «Ստացել էի մի անստորագիր նամակ՝ սպառնալիքով, որ իմ երեխային կսպանեն, եթե իմ նախնիների կողմից (սա տողերի միջեւ էր ակնարկված) սպանված վեց միլիոն հրեաների կյանքը չվերադարձնեմ»։ Կարծես մեղադրա՞նք կա հրեաների դեմ։

 

- Օրերս աշխատանքային հանդիպում ունեցա Գերմանիայից եկած հրեաների հետ։ Նրանք հարցնում էին՝ ինչի՞ համար եք Թուրքիայից պահանջում Ցեղասպանության ճանաչում, եթե այն զուտ բարոյական կողմ ունի. տարածքային, ֆինանսական ոչինչ չի տալու ձեզ։ Ասացի՝ իսկ դա քի՞չ է. Գերմանիայի կանցլերն ի լուր ամբողջ աշխարհի ներողություն խնդրեց հրեաներից, ֆինանսական հատուցումներ են մինչ օրս տալիս, մենք ուզում ենք գոնե սահմանները բացեն, որ գնանք մեր պատմական հայրենիքի ավերակները տեսնեք։ Հիմա Հանդքեն ուզում է ասել, որ մենք ներողություն խնդրել ենք, հատուցել ենք, ես հասարակ մարդ եմ, ի՞նչ պետք է անեմ, երբ ինքս էլ տուժել եմ ֆաշիզմից, հայր եմ կորցրել եւ այլն։ Ինչո՞ւ ես ինձ նախատում։ Դու էլ այստեղ ապրեիր, կքշեին բանակ...

 

- Հոմերական գլուխգործոցի առանցքային թեման վրեժն է։ Հանդքեի «հղումները»  «Իլիականին» սրանո՞վ է պայմանավորված։

 

- «Իլիականը» վրեժի թեմայով սկսվում է. վրեժ լուծելու համար Աքիլլեսը մենամարտում է Հեկտորի հետ ու սպանում է նրան, բայց ավարտին Հեկտորի հայրը՝ արքա Պրիամոսը, գնում է Աքիլլեսի ճամբար՝ խնդրելու որդու մարմինը։ Համարվում էր, որ մահից հետո կյանք կա, ու մարմինը հողին հանձնելը կյանքը փրկելուն հավասար բան էր։ Պրիամոսը ներում է խնդրում թշնամուց… Մի ստեղծագործության մեջ վրեժի հանգուցալուծման այնքան տեղեր է տրվել, որ այն պետք է ազդեցություն ունենար Հանդքեի վրա։

 

- Այսպիսով՝ «երկրորդ սուրը» ներո՞ւմն է. վրեժի թեման փոխակերպվում է փրկությա՞ն պատմության։

 

- «Եվ ասաց.

- Բայց այժմ, ով որ քսակ կամ ճանապարհի պարկ ունի, թող վերցնի։ Իսկ ով որ սուր չունի, թող վաճառի իր վերարկուն ու իր համար սուր գնի։

Աշակերտներն ասացին.

- Տե՛ր, ահավասիկ, այստեղ երկու սուր կա։

Հիսուսն ասաց.

- Բավական է»։

 

Երբ Հանդքեն որպես բնաբան գրում է աստվածանչյան այս տողերը, սուրը որպես զենք չեզոքացնում է։ Լրագրողը հոդված է գրել մոր մասին, հետո փոշմանել է, հույս է ունեցել, որ իր գրածն աննկատ կմնա ու շարունակել է գովերգել Հանդքեին։ Նա մի սպանիչ հայացք է նետում լրագրողին։

Պետեր Հանդքեն Պետեր Հանդքեն

Լուսանկարը` REUTERSc

Ասելու բան չունի։ Հայացքը բավական է։ Չի մոռանա լրագրողի արարքը, ինչպես որ մոր հեծկլտոցը չի մոռանա երբեք։ Հումանիզմը առանցքային թեմա է լրագրողի համար, բայց նա այլեւս իրավունք չունի այդ մասին գրելու, զրկված է իր հիմնական առաքելությունից։ («Նա՝ այդ չարագործ կինը, նա եւ նրա նմանները պատմության մեջ այլեւս տեղ չունեին՝ ո՛չ այս եւ ոչ էլ մի որեւէ այլ պատմության»): Գրքի վերջում պատմողը միանում է «խորհրդավոր» խնջույքին. կատարել է իր կյանքի առաքելությունն ու վերադառնում է քրիստոնեական հանգիստ կյանքին՝ ի շրջանս յուր։

 

- Ու նորից հայելի է խնդրում սեղանակից տիկնոջից, ուսումնասիրում է իր դեմքը։

 

- Ուսումնասիրում է՝ թե ինչպիսի՞ դեմք ունի նա, ում հաջողվել է իրականացնել երկար սպասված վրեժը։ Կարեւորը կատարել է, հոգու մեջ հանգստություն կա։ Շրջանակը փակվում է։

 

- «Իմ գործն է՝ «տեսնել այն, ինչ դու՛ չես տեսնում»։ Հանդքեին հաջողվո՞ւմ է ընթերցողին տանել իր հետեւից, ցույց տալ այն, ինչ միայն ինքն է տեսնում։ Եվ, ամփոփելով, ի՞նչ հմտություններ էր պահանջվում թարգմանչից այս վեպը լավագույնս թարգմանելու համար։

 

- Թարգմանիչը պիտի կարդա-հասկանա՝ ինչ է ասում հեղինակը, հետո արդեն բացահայտի այդ թաքնվածը ընթերցողի համար։ Եթե չկարողանաս ասելիքը տեղ հասցնել, չոր թարգմանես, վերջում ընթերցողը կհարցնի՝ սա՞ էր վրեժը։

 

Ես ոչ մի բան ոչ ավելացնում եմ, ոչ պակասեցնում (ինչպես երբեմն անում են ռուս թարգմանիչները՝ տեքստը հասկանալի դարձնելու համար), բայց ինձ ընձեռված միջոցներով փորձում եմ ցույց տալ կամ առնվազն ակնարկել ենթատեքստը։ Իմաստը հասկանալ, թարգմանել կարող են շատերը, բայց ինչպե՞ս թարգմանես, մատուցես տեքստը, որ ենթատեքստն էլ փոխանցես։ Սա է ամենաշատ ժամանակ խլողը, բայց նաեւ արգասաբեր է, եթե նկատել եք նրբերանգներն ու տալիս եք այս հարցերը։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին