«Անցյալապաշտ» Արամ Պաչյանի նոր գիրքն ու «գրողի կեցվածքի» փոփոխությունը - Mediamax.am

2377 դիտում

«Անցյալապաշտ» Արամ Պաչյանի նոր գիրքն ու «գրողի կեցվածքի» փոփոխությունը


Արամ Պաչյանը
Արամ Պաչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արամ Պաչյանը
Արամ Պաչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Արամ Պաչյանի «Եթե սա գրող է» գրքում տեղ են գտել արձակագրի վերջին շրջանի ստեղծագործությունները՝ էսսե, խոհագրություն, վերհուշ, պատմվածք… Առանցքում Արցախյան առաջին եւ երկրորդ պատերազմներն են, համավարակը, Երեւանը:

 

«Եթե սա գրող է» ժողովածուի շնորհանդեսը տեղի ունեցավ Գրքի երեւանյան փառատոնի շրջանակում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրական գործակալ Արեւիկ Աշխարոյանը պատմեց, որ 2020-ի գարնանը, երբ սկսվել էր համավարակը, բոլորը տանն էին, շփվում էին հիմնականում համացանցով, պարզել է, որ Արամը կարդում է Կամյուի «ժանտախտը»։ Իրեն էլ խորհուրդ է տվել անպայման կարդալ։ Կարդացել է «Ժանտախտը», հետո՝ Արամի «Հիշելով ժանտախտի տարվա օրագիրը» խորագրով էսսեները։ 2020-ի սեպտեմբերին լույս է տեսնում Արամ Պաչյանի «P/F»-ը, շնորհանդեսի հաջորդ օրվա լուսաբացին սկսվում է Արցախյան երկրորդ պատերազմը։

 

Արամ Պաչյանն ընթերցեց իր «P/F»-ը

«Եթե սա գրող է» ժողովածուն բացվում է «Պատերազմ ողջ թե մեռած» էսսեով, որ Արամ գրել է պատերազմի ընթացքում:

 

«Այդ էսսեն թարգմանվել է անգլերեն, բուլղարերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն եւ իսպաներեն։ Հեղինակը, որ անդրադառնում է տվյալ պահին տեղի ունեցող իրադարձություններին, վավերագրում է ժամանակը։ Ես դա համարում եմ գրողի կեցվածք։ Արամ Պաչյանն ունի գրողի համապատասխան կեցվածք։

Լուսանկարը` Մեդիամաքս

Համավարակի ու պատերազմի մասին գրականություն կարդալով՝ տեսնում ես, որ դարերով ոչինչ չի փոխվել, գրողները նույն կերպ են անդրադառնում տեղի ունեցող իրադարձություններին։ Մենք միշտ զարմանում ենք՝ ինչո՞ւ է պատմությունը կրկնվում։ Եթե շատ կարդայինք բոլոր ժամանակների հեղինակներին, գուցե բոլորովին այլ լիներ աշխարհը», - ասել է Արեւիկ Աշխարոյանը:

 

«Էջ» հրատարակչության տնօրեն Էմմա Կիրակոսյանն այս գիրքը կարեւոր է համարում հատկապես վերջին իրադարձություններից հետո։ Հրատարակիչը նշեց, որ նախկինում կատարված իրադարձությունները հասկանալու համար՝ մենք ընթերցում ենք պատմիչներին, սակայն պատմությունը գրվում է հաղթողների ու իշխող վերնախավի միջնորդությամբ, ժամանակակից գրողների ստեղծագործությունները յուրօրինակ մաղ են՝ հասկանալու համար, թե ինչ է եղել իրականում։ «Գիրքն ընթերցելիս ես շատ տեղերում ինքս ինձ գտա, որովհետեւ հայրս նույնպես մասնակցել է պատերազմին, ու ինչպես Արեւիկը նշեց, երբ սկսում ենք ընթերցել, տեսնում ենք, որ բոլորովին էլ մենակ չենք մեր խնդիրների հետ»։

Արամ Պաչյանը Արամ Պաչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արամ Պաչյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր մասնակցել են գրքի ստեղծմանը։ Նշեց, որ «գրողի կեցվածք» ասվածը Արցախյան երկրորդ պատերազմից հետո ամբողջովին փոխվել է, եւ ոչ միայն, ռուս-ուկրաինական պատերազմն էլ է փոխել ամեն ինչ։

 

«Գիրքը բաժանել եմ երեք մասին։ Առաջին հատվածում ամփոփել եմ ստեղծագործություններ, որ գրականությունը վերարտադրելուն են միտված, ձեւացրել եմ՝ իբր գրող եմ, երեւի անպայման ինչ-որ կետում պիտի ձեւացնես, որ ինչ-որ մի բան ես, ինչ-որ մեկն ես։ Առանց դրա չի լինում հասունություն։ Ես նկատել եմ, որ մեր սերնդի մարդու մեջ անվերջ անհաս մնալու պես մի բան կա, ասենք՝ 70 տարեկան երեխա են։ Պետք է համարձակվել ընդունել հասունությունը։ Առաջին բաժնում այդպիսի գործեր են, ես կասեի՝ գրականության շուրջ մտորումներ, իբրեւ թե խորհուրդներ, բայց, իհարկե, ոչ մի խորհուրդ չկա»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Երկրորդ բաժնում տեղ են գտել արձակ պատմություններ։ «Կարող ենք ասել՝ էսսե, էսսե-պատմվածք, պատմվածք-ակնարկ… Այսինքն՝ միախառնություններ են, ժանրային սահմանափակումներ չկան։ Կապված են նաեւ իմ հետաքրքրությունների՝ խորհրդային անցյալն ուսումնասիրելու եւ դրանցից գրականություն ստանալու հարցերի հետ»։

 

Երրորդ բաժինը կոչվում է «Հիշելով», բխում է «Օվկիանոս» գրքի ամենավերջին՝ «Հիշելով ընթերցողին» էսսեից։ «Այս բաժնի ամեն գործն ունի «Հիշելով» խորագիրը։ Սա էլ իմ տուրքն է, երախտիքն ու շնորհակալությունը գրողներին, մտածողներին, մարդկանց, որոնք միշտ ինձ հետ են, որոնց հետ ես միշտ կռիվ եմ արել, երկխոսել։

 

Օրինակ՝ մի գործ ունեմ Ռուբեն Ֆիլյանի գրականության մասին, որի կերտմանը նվիրել եմ 2021 թվականի գրեթե ամբողջ տարին։ Խորհրդային շրջանի 70-ականների արձակը բավականին ուշագրավ կերպարներ ունի՝ չբացահայտված, չընթերցված։ Ֆիլյանը հնարավորություն է տալիս, որ ոչ միայն մտածես իր գրականության մասին, այլ ինքդ փորձեց գրականության նոր լեզու բերել։ Էսսե ունեմ Գրիգոր Պըլտյանի մասին, ով մեր ժամանակի մեծագույն գրողներից է, ապրում է Փարիզում։ Շատ կուզեի՝ ծանոթանայիք նրա գրականությանը»։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Եթե սա գրող է» գրքում արձակագիրն օգտագործել է լուսանկարներ իր նոթատետրերից, անձնական արխիվից։ Ասաց, որ դրանք կապ ունեն գրքի նյութի հետ,  նաեւ  մի մեծ խնդրի իբրեւ թե լուծում են.

 

 

«Մեդիան, սոցիալական ցանցերը իրականության զգացման կորստի հետ ծագող շատ լուրջ խնդիրներ են առաջ բերել։ Ես չգիտեմ՝ ինչ է իրականությունը, մեծ հաշվով, բայց իրականությունը ընդգծելու խնդիր ունեի, որ փորձել եմ լուծել լուսանկարներով։ Ուզում եմ, որ անցյալ, հուշ դարձնենք ներկան, ես անցյալի մարդ եմ, կարելի է ասել՝ անցյալապաշտ եմ։ Միշտ նայում եմ դեպի անցալը. ամբողջը դրա մասին է, օրինակ, պատերազմի մասին էսսեն անցյալ դարձավ էն պահին, երբ ես համարձակվեցի գրել դրա մասին»։

 

Գիրքը լույս է ընծայել «Էջ» հրատարակչությունը։ Ձեւավորել է Վիլյամ Կարապետյանը, շապիկի լուսանկարի հեղինակը Վահան Ստեփանյանն է։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին