Արամ Պաչյանը ներկայացնում է Ռուբեն Ֆիլյանին - Mediamax.am

exclusive
2369 դիտում

Արամ Պաչյանը ներկայացնում է Ռուբեն Ֆիլյանին


Արամ Պաչյանը
Արամ Պաչյանը

«Դարակ» հրատարակչության նորաստեղծ «Սովետ» մատենաշարով լույս է տեսել Ռուբեն Ֆիլյանի «Անծանոթ ինքնակենսագրություն» գիրքը՝ բնագրագիտական աշխատանքով: «Անծանոթ ինքնակենսագրությունը» առաջին անգամ հրատարակվել է 1980 թվականին, որից հետո Ռուբեն Ֆիլյանը հեռացել է Խորհրդային Հայաստանից: Նոր հրատարակության խմբագիրն ու առաջաբանի հեղինակը արձակագիր Արամ Պաչյանն է։

 

- Գրեթե անհնար է գրել մի հեղինակի մասին, որի գրականությունը սիրում ես, բայց փորձել եմ երախտիքս ու սերս լեզվավորել,- Մեդիամաքսի հետ զրույցում ասաց Արամ Պաչյանը։ - Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ Ռուբեն Ֆիլյանի քրոջը՝ Ջեննի Ֆիլյանին՝ բնագրագիտական աշխատանքներին մեծապես աջակցելու համար։

 

- Ինչպե՞ս ստեղծվեց «Սովետ» մատենաշարը, եւ ինչո՞ւ հենց Ֆիլյանով մեկնարկեցիք այն։

 

- 20-րդ դարի երկրորդ կեսի խորհրդահայ արձակը ուշագրավ հեղինակներ է տվել, որոնց շուրջ, այս կամ այն պատճառով՝ լռություն կա, եւ որոնք չեն մտնում այսօրյա մեյնսթրիմային իրականության մեջ, «օգտավետ», «պիտանի» ընթերցանության դաշտերից դուրս են։ «Դարակ» հրատարակչության գլխավոր խմբագիր Աշոտ Գաբրիելյանի հետ որոշեցինք նախ եւ առաջ կարեւորության փաստը ընդգծել. հիմնել մատենաշար, որի առաջին գիրքը Ռուբեն Ֆիլյանի «Անծանոթ ինքնակենսագրությունն» է: Մտածում եմ, որ Ռուբեն Ֆիլյանը 20-րդ դարի երկրորդ կեսի ամենակարեւոր արձակագիրներից է, թե ինչու է կարեւոր՝ գրել եմ այդ մասին։

 

- Կա՞ն անտիպներ կամ նախկինում հրատարակված գրքեր, որոնց պետք է անդրադառնաք։

 

- Ֆիլյանը սանսկրիտից թարգմանել է Շանկարաչարյայի «Վիվեկա Չուդոմանի» հոգեւոր աշխատությունը, որ ցօրս անտիպ է: 1992-ին Ռուբենի հոր՝ Պարգեւ Ֆիլյանի հովանավորությամբ հետմահու հրատարակվել է «Քո երկրի դեսպանը» գիրքը, ուր զետեղված էին նրա բոլոր ստեղծագործությունները եւ առաջին անգամ համանուն վեպը, որը սակայն հրապարակվել է բնագրից փոքր-ինչ խոտորված փոփոխություններով ու միջամտություններով: Կա ամբողջական տարբերակը, որը անպայման հրատարակվելու է:

 

- «Անծանոթ ինքնակենսագրություն» գրքի սկզբում մարդը սկսում է նամակ գրել եւ  «Ում» հարցի կողքին ծրարի վրա դնում է անունները բոլոր քաղաքների, մեր երկրի, մեր երկրագնդի։ Ո՞վ է Ֆիլյանի նամակի հասցեատերը։ Ո՞ւմ է ուղղած նրա նամակը՝ ինչ-որ մեկի՞ն, հայ ժողովրդի՞ն, աշխարհի՞ն։

 

- Մենք-ը անվերջ խաղարկվում է Ֆիլյանի գործերում։ «Քո երկրի դեսպանը» վեպում Մենք-ն արդեն հավաքական կերպար է, եւ՛անհատականություն է, եւ՛ հայ ժողովուրդն է, եւ՛ նրա ճակատագիրն է, նրա ժամանակը, եւ՛գոյաբանորեն միաձույլ, բացարձակ աշխարհի ձգտումը: Ֆիլյանը նաեւ  բառախաղերով է առաջնորդվում, օրինակ, վեպում, անվերջ խաղարկում է բիբլիական բան-ը։ Այնքան բազմիմաստ է նրա արձակը, որ թակարդում է ընթերցողին իր ընձեռած զարմանալի հնարավորություններով եւ տանում մեկնաբանությունից մեկնաբանություն եւ նաեւ ժխտում նույն այդ մեկնաբանությունը։

 

 - Ի՞նչն է նրա գրականությունը մշտարդի դարձնում։

 

- Երիտասարդները սիրում են, կարդում նրան։ Հավանաբար, նրա ոճաձեւն է հարազատ, ժամանակի եւ նյութի յուրահատուկ ընկալումը։ «Անծանոթ ինքնակենսագրությունում» արտաքին ժամանակ գրեթե գոյություն չունի։ Ռուբենն իր գործերում արեւելյան պատումի, արեւելյան փիլիսոփայության մոտիվները կարծես զուգորդում է 20-րդ դարի արեւմտյան գրական հոսանքների հետ եւ շատ հետաքրքիր քիմիա ստանում՝ հեքիաթի, խորհրդապատումի, հորինումի, ֆանտազմների, խաղի, աբսուրդի հրավառությամբ:

 

- Հեքիա՞թն է շատ նրա գործերում, թե՞ հավանականությունը, որովհետեւ այն ինչ գրում է, նաեւ հավանական է թվում։

 

- Դժվար է ասել՝ Ռուբենի հեքիաթը հեքիա՞թ է։ Իսկ եթե նախնական մտահաղացմամբ՝ արգելված իրականությունը որսալու ուռկաննե՞ր են… 20-րդ դարի երկրորդ կեսին խորհրդահայ արձակում գրողներն իրենց ներքին ամենացանկալի ու կարեւոր ասելիքը փոխանցելու քիչ տարբերակներ ունեին՝ պատմավեպ, հեքիաթ, մանկագրություն: «Քո երկրի դեսպանը» վեպը եւս դժվար է սահմանել մտապատրանքային հեքիա՞թ է, թե՞, ի վերջո, պատմավեպ, քանի որ վիպելու փորձառությունը հայ ժողովրդի պատմության վերամտածմանը ու նրա գալիքին է միտված:

 

- Ի՞նչ արձագանք է գտել Ֆիլյանն իր ժամանակին։ Տեղ հասե՞լ են մեսիջները, արժեւորվե՞լ է։

 

- 1992-ին լույս տեսած «Քո երկրի դեսպանը» գրքի առաջաբանը գրել է Արմեն Շեկոյանը:

 

Գիրքը 1994 թվականին գրախոսել է բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը: Ժամանակին Վարդան Ֆերեշեթյանը «168 ժամ» թերթում վերահրատարակել էր Ֆիլյանի պատմվածքներից: Վերջերս Էդվարդ Միլիտոնյանը վերհուշ է հրապարակել: Ասում են՝ այն ժամանակ «Գարունում» լույս տեսած նրա պատմվածքներն իսկապես ոգեւորությամբ էին ընդունվում։ Ի դեպ, «Հեքիաթ փուչ ընկույզների» մասին պատմվածքը, որ երեւի թե այն օրերին նրա ամենահայտնի գործերից էր, եւ որը տպագրվել էր «Գարուն» ամսագրում, կարծես 1970-ականներին, ահա այդ պատմվածքի համար խմբագիրը տույժ էր ստացել, քանի որ նրանում հակասովետական տարրեր էին նկատել։

 

Ռուբենը ներգաղթյալների ընտանիքից էր, նրա հայրը՝ Պարգեւ Ֆիլյանը, 1946-ին էր ներգաղթել Հայաստան: Նրանք բիթիասցիներ էին: Ռուբենի պապը՝ Հեթում Ֆիլյանը (Հեթում աղան), Բիթիաս գյուղի երեւելիներից էր, Մուսալեռան հերոսամարտի մասնակից: Հեթում աղան Բիթիասում նարնջի այգիներ ուներ, սրճարանատեր էր, բուսաբանական գիտելիքներով ու ձեռներեցության հմուտ շնորհներով օժտված մարդ: Ռուբեն Ֆիլյանը ծնողների տանը իրեն հատկացված առանձնասենյակում, որի պատերը կարպետապատ էին, հյուրընկալում էր մտերիմ արվեստագետների: Նրանք զրուցում էին, երաժշտություն էին լսում, բանավիճում էին: Ֆիլյանը կիթառ ու դաշնամուր էր նվագում, երգում էր:

 

- «Այնտեղ պատերազմ է,- բղավում էր նա, ցույց տալով դիմացի շենքը,- իսկ այս ծառը չգիտես ինչու ծաղկել է…»։ Կարդալիս՝ ինձ մի պահ թվաց՝ 90-ականներին է գրվել։ Մինչդեռ կյանքից հեռացել է մինչ 90-ականների թուհուբուհն ու պատերազմը։

 

- Անշուշտ, հակապատերազմական վերաբերմունք ունեցել է, եւ կարծում եմ վիետնամական պատերազմի արձագանքներն էին նաեւ:

 

- Նա քի՞չ է ապրել, թե՞ պարզապես քիչ է գրել։

 

- Զոհվել է 1983 թվականի հունվարի 6-ի լույս 7 գիշերը Հնդկաստանի Գոա նահանգում: 30-ամյա գրող, ով հրատարակել է պատմվածքների մի ժողովածու, գրել վեպ, գրել մանրապատումների ժողովածու, կատարել թարգմանություն: Էլ ինչ քչագրության մասին է խոսքը:

 

- Փիլիսոփայությո՞ւնը, թե՞ գեղարվեստն է Ֆիլյանի արձակի հիմնական հմայքը, առանձնահատկությունը։

 

- Բազմաշերտությունը, անակնկալը, լիրիզմը, վճիտությունը, անշուշտ պարադոքսը: Դու կարող ես սուզվել տեքստից ծնվող մեկնաբանությունների մեջ, բայց իրականում ամեն ինչ պարզից էլ պարզ լինի։ Խաղը, աբսուրդը, հումորեսկը… որոնք հետարդիության մեջ իրենք իրենց վերապրելով՝ շարունակում են հետաքրքրական թվալ:

 

- Դուք նշել եք, որ Ռուբեն Ֆիլյանի արձակը երկխոսություն է հայ միջնադարյան բնագրերի, Բեքեթի, Կալվինոյի, Վալզերի ստեղծագործությունների հետ։ Ինչպե՞ս կբացատրեք այդ երկխոսությունը։

 

- Առնչություններ են այլ հեղինակների, այլ աշխարհների հետ՝ գրելու, պատմելու եղանակի, բովանդակ իրականության ընկալման ու դրանցից ասելիքի ձեւեր ստեղծելու առումով։ Իսկ գրականության աշխարհն արդեն անվերահսկելիորեն է մեծ: Մենք անճանաչելիության աստիճանի ենք հասել՝ քանակի, ասելիքի, կրկնության մեջ: Եվ անշուշտ գրողները նաեւ նույնն են զգում, նույնն են պատմում՝ միմյանցից անկախ, միմյանց մասին չիմանալով, միմյանց չկարդալով, ընդհանրապես տեղյակ չլինելով։ Այդպես եղել է, այդպես կշարունակվի միշտ: Ուզում եմ ասել՝ գրողական առնչություններն ու երկխոսությունները միայն ծրագրային չեն լինում – այլ լինում են նաեւ  ակամա – ճշմարիտ ակամա:

 

- Ֆիլյանի գրականությունը լուսավոր է, բայց կարդալիս տխրում ես…

 

- Զգացումները տարբեր են, օրինակ՝ «Քո երկրի դեսպանը» վեպի վերջում խոսվում է հայոց աշխարհի գալիքի, հայոց աշխարհի վաղվա լուսավոր օրվա մասին… սակայն չգիտես ինչու՝ հենց այդ կատարյալ պահին, հայ ժողովրդի այդ կատարյալ գալիքի մեջ՝ Մենք այլեւս չկանք, Մենք հեռանում ենք, Մենք մեր տեղ չունենք նրանում, ինչպես ինքն է ասում՝ Մեր ժամանակը եկել է ու անցել:

 

Ու ես մտածում եմ՝ գուցե Մեր չլինելն է մեր պետության վաղվա լուսավոր օրվա առհավատչյան:

 

Ու բոլորովին տխուր բան չէ ասածս:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին