«Արշիլ Գորկի». բոհեմը, նվաճումն ու ողբերգությունը Սարգիս Վահագնի վեպում - Mediamax.am

exclusive
2247 դիտում

«Արշիլ Գորկի». բոհեմը, նվաճումն ու ողբերգությունը Սարգիս Վահագնի վեպում


Արշիլ Գորկին՝ 1940 թվականին
Արշիլ Գորկին՝ 1940 թվականին

Լուսանկարը` Gjon Mill for LIFE magazine

Լուսանկարը` Վերնատուն»

Արշիլ Գորկին
Արշիլ Գորկին
Արշիլ Գորկու ինքնանկարը
Արշիլ Գորկու ինքնանկարը

Սարգիս Վահագնի (Փաթափության) «Արշիլ Գորկի» կենսագրավեպը ներկայացնում է ամերիկահայ նկարիչ, վերացական էքսպրեսիոնիզմի ազդեցիկ ներկայացուցիչ Ոստանիկ Ադոյանի կյանքը։ Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն» հրատարակչությունը։

 

Մեդիամաքսը զրուցել է Սարգիս Վահագնի հետ։

 

- Պարոն Վահագն, ի՞նչ կասեք գրքի ձեւավորման, մատուցման, արեւելահայերեն փոխադրության եւ խմբագրման մասին։

 

- Նախ սրտանց շնորհակալ եմ սիրելի Ներսես Տեր-Վարդանյանին՝ խնամքով ու հոգատարությամբ արված աշխատանքի եւ մանավանդ վեպս վերահրատարակելու իր նախաձեռնության համար: Գիրքը ձեւավորվել է տպավորիչ, Գորկուն իսկապես բնորոշող եւ պրոֆեսիոնալ բծախնդրությամբ։ Գալով արեւելահայերենին եւ խմբագրման աշխատանքին՝ պետք է ասեմ, որ Արմեն Սարգսյանը հաջողել է ոչ միայն պահել գրքի ոճային ջերմությունը, այլեւ հաղորդել բնական սահունություն, որ մոռանալ է տալիս փոխադրության հնարավոր արհեստականությունը։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր սատարեցին գրքի բարեհաջող լույսընծայմանը:

 

- Ինչպե՞ս ծնվեց Արշիլ Գորկու մասին գիրք գրելու մտահղացումը։ Փաստագրական ի՞նչ նյութերից եք օգտվել։ Եվ որքա՞ն ժամանակ պահանջվեց գիրքը հանրության դատին հանձնելու համար (առաջին հրատարակությունը՝ 2004 թ․)։

 

– 1980-ականներին պատահմամբ փարիզյան «Էքսպրես» շաբաթաթերթում կարդացի Շնեյդեր անունով քննադատի մի հոդված, որում Արշիլ Գորկին ներկայացված էր որպես հրեա: Ներքին ընդվզմանս առաջին կայծը եղավ այն, որ սկսեմ լրջորեն հետաքրքրվել Գորկիով։ Այդ օրերին էլ Բեյրութի գրատներից մեկի ցուցափեղկին հայտնվեց Գորկու կյանքին եւ գործերին նվիրված շքեղ հատոր, որն անմիջապես գնեցի եւ հափշտակությամբ դիտեցի նկարչի գեղանկարների հրավառությունը։ Որոշումս արդեն ձեւավորվում էր, բայց, ցավոք, Բեյրութն այդ պատերազմական անձուկ օրերին նեղ ու սահմանափակ էր նման բարդ քայլ ձեռնարկելու համար: Երբ 1987-ին պարտադրված տեղափոխվեցինք Ամերիկա, կարծես լայն հորիզոն բացվեց։ Սկսեցի հավաքել ամեն գիրք ու նյութ, որոնք առնչվում էին Գորկուն։ Հետո մեծ որդուս՝ Արայի Բոստոնում հաստատվելը պատճառ դարձավ, որ Լոս Անջելեսից հաճախ այցելեմ տղայիս, նոր պատեհություն ունենալով՝ տեղում ընդլայնելու պրպտումներս։ Պետք է շեշտեմ, որ Արշիլ Գորկին դարձավ մեր ամբողջ ընտանիքի մտահոգությունը։ Արան ու տիկինը, ես ու կինս սիրահոժար երկար ճամփորդեցինք նախ Նյու Յորքում՝ տեսնելու եւ ընկալելու այն միջավայրը, որտեղ ապրել էր Գորկին։ Տեսա նրա բնակարանը, թափառեցի նրա նախընտրած Գրինվիչ Վիլիջի բավիղներում, մտա նկարչի հաճախած ճաշարանները։

Լուսանկարը` Վերնատուն»

Ապա ուղղվեցինք դեպի Կոնեկտիկուտ նահանգի Շերման գյուղաքաղաքի բնակարանը, որտեղ Գորկին ապրեց ու վերջ տվեց իր տառապալի կյանքին։ Բնակարանի երիտասարդ ամերիկացի տանտիրուհին թույլ տվեց ներս մտնել։ Կարծես սրբավայր-տաճար էի եկել։ Հարցրի երիտասարդ բնակչին՝ գիտի՞, թե ով է ապրել այս տանը։ Նա բնական իրողության պես հայտնեց, որ հաճախ նրա ուրվականն է տեսնում։ Պարզապես փշաքաղվեցի։

 

Գալով Արտեմին (Սարգիս Վահագնի որդին՝ Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը-հեղ.)՝ պետք է ասեմ, որ նա էլ ուներ իր մասնակցությունը։ Նախ, բնակվելով Սան Ֆրանցիսկոյում, յուրաքանչյուր այցիս առիթով տանում էր այն վայրերը, որոնց հետ առնչվել էր Գորկին։

 

Այդպես տեսա Ամպարկատերո ծովեզրյա ճեմուղին, ապա այցելեցի «Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարան», որտեղ ցուցադրված էին նաեւ Գորկու աշխատանքները, եւ ապա գնացինք Վիրջինիա Սիթի, որը Նեւադա նահանգի հյուսիսում՝ Տահո լճից հիսուն մղոն արեւելք՝ կանաչապատ բլուրների կողքին ծվարած փոքր քաղաք էր։ Եղանք այն շենքում, որտեղ կատարվել էր Գորկի-Ագնես զույգի ամուսնական բոհեմական արարողությունը։ Իսկ ամենակարեւորը Արտեմը մի ամբողջ տարի մեզ տրամադրեց Սան Դիեգոյի իր առանձնատունը՝ առանձնության մեջ ավարտին հասցնելու համար վեպս, որն ինձից խլել էր արդեն երկու տարի։ Ահա այսպես ամբողջ ընտանիքով ապրեցինք գորկիական մթնոլորտում։

Արշիլ Գորկու ինքնանկարը Արշիլ Գորկու ինքնանկարը

 

Շնորհակալ եմ հատկապես Հայկուհուն՝ հմուտ դաստիարակչուհի կնոջս. առանց նրա առօրյա նեցուկի, քաջալերության եւ դրական խորհուրդների դժվար թե կարողանայի հաղթահարել բոլոր խոչընդոտները։ Զարմանալի չէ, որ գիրքս ձոնել եմ նրան։

 

- Երվանդ Ազատյանը գրքի առաջաբանում նկատում է․ «Հնարավոր չէ կռահել, թե այս գործի մեջ որտեղ է վերջանում Գորկին եւ որտեղ սկսվում Սարգիս Վահագնը»։ Դժվար չէ՞ր Գորկուն «վերապրելը», հասկանալն ու ներկայացնելը։

 

- Ճիշտ ասացիք, նախ հասկանալը, ներթափանցելը, հաղորդվելը նրա հետ, գրեթե նրա առօրյայով ապրելը նպաստեցին որ կարողանամ ներկայացնել մարդուն եւ արվեստագետին: Շատ ճիշտ է նկատել Ազատյանը։ Առանց այդ ամենի հնարավոր չէր մոտենալ Գորկու՝ այդ ըմբոստ հայ մարդու ներաշխարհին։

 

- Մտածե՞լ եք, թե ի՞նչ կասեր Գորկին, եթե կարդար այս գիրքը։

 

- Ճիշտն ասած՝ չէի մտածել։ Ինձ պատասխանատու կացության մեջ եք դնում։ Չեմ ուզում ինքս ինձ պարգեւել Գորկու հավանական դրական կարծիքը։ Չէ՞ որ հաստատված է այդ մեր կապը։

 

- Ինչպես հարկն է ճանաչում ու գնահատո՞ւմ են Գորկուն աշխարհում եւ հայրենիքում։ Ի՞նչ կարող է տալ Ձեր գիրքն այս առումով։

 

– Իր կենդանության ժամանակ որոշ վերապահումներ են եղել գլխավորապես իր մրցակից նկարիչ Փոլաքի կողմից, ինչպես նաեւ որոշ քննադատների։ Մինչ առաջինի դեպքում պատճառը պարզ նախանձն էր, երկրորդներից շատերը հետագայում փոխեցին իրենց կարծիքը՝ դրվատական հատորներ գրելով: Բայց համընդհանուր վերաբերմունքը եղավ շռնդալի ու հիացական:

Արշիլ Գորկին Արշիլ Գորկին

 

Փաստ՝ «Վերացապաշտ արտահայտչականություն» կոչվող դպրոցի հիմնադիրն ու առաջնորդը համարվեց նա եւ վայելեց գերիրապաշտների ամենակալ առաջնորդ Անդրե Բրետոնի անվերապահ հիացումը: Ապացույց են նաեւ շուրջ երկու տասնյակ վերլուծական հաստափոր հատորները եւ շարունակելի շարքը դրանց: Անշուշտ, հայերի շրջանում մեծ մասամբ առանց հասկանալու իսկ հպարտության ալիք ստեղծվեց։ Նպատակս, ուրեմն, եղել է չհասկացվածը հասկանալիի վերածելը, Արշիլ Գորկու հիասքանչ կերպարը մատչելի դարձնելը, ինչպես նաեւ՝ նրա մեծակշիռ գործերը հանրայնացնելը կարելվույն չափ:

 

- Գիրքը թարգմանվել կամ թարգմանվելո՞ւ է այլ լեզուներով։

 

– Շատ դժվար հարց է թարգմանությունը։ Գիրքն այլ տարրերից զատ լի է հայկականությամբ, ինչը դժվար է փոխանցելը։ Մտածել եմ այդ մասին։

 

- Ոստանիկ Ադոյանի անվանափոխության փաստին ու պատճառներին եք անդրադառնում, Կանդինսկու աշակերտը ներկայանալու պատմությանը, Սարոյանի հետ բանավեճին։ Եվ բոլոր դեպքերում «արդարացվում է» նկարիչը…

 

– Անվանափոխությունը միշտ կարելի է արդարացնել օտար միջավայրում։ Հարցն անունը չէ, այլ բովանդակությունն ու ազգային կոլորիտը պահպանելը։ Եվ Գորկին ամբողջությամբ տվել է դա։ Իր գործերում դա նկատելի է մեր մանրանկարչության ոգեշնչումով:

 

- Հերթական սիրային անհաջողությունից հետո Գորկին ինքն իրեն ասում է՝ վերադարձիր քո միակ հավատարիմ սիրուհուն՝ էությանդ։ Ի՞նչ եք կարծում՝ նկարչի ինքնասպանության պատճառը հուսալքությո՞ւնն էր վրա հասած դժբախտություններից, թե՞ կար ավելի խոր պատճառ, որ գալիս էր մանկությունից՝ հոր բացակայությունը, մոր ողբերգական մահը, կորսված երկիրն ու մանկությունը…

 

– Անշուշտ այդ անցյալը միշտ էլ ներկա էր Գորկու կյանքում, բայց բնավ դա չէր վհատության կամ մահվան պատճառը։ Բուն պատճառը Ագնեսի դավաճանությունն էր։ Գորկին Ագնեսին ընդունեց որպես իր ընտանիք: Մինչդեռ Ագնեսի մայրանալը, երկու աղջնակ ընծայելը Գորկուն հավատացրել էին, որ ինքը վերստեղծել է հայ ընտանիքի իր ըմբռնումը։

Արշիլ Գորկին՝ 1940 թվականին Արշիլ Գորկին՝ 1940 թվականին

Լուսանկարը` Gjon Mill for LIFE magazine

Կնոջ դավաճանությունը, սակայն, գալիս էր կեղտոտելու եւ հիմնովին փլուզելու այդ երազանքը։ Իհարկե, պատճառներից էին նաեւ հաշմանդամությունը, արվեստանոցի այրվելը։

 

- Գրքի սկզբում ներկայացնում եք, թե ինչպես է Գորկին փորձում պատկերել մորը, կենդանություն տալ նրան։ Նկարչի ապրած կյանքն ու մոր նկարը կարծես զուգորդվում են։ Երկուսն էլ անավա՞րտ են։

 

– Երկուսն էլ ավարտուն են։ Նախ Գորկին, չնայած վաղաժամ մահվանը, հասավ իր ինքնուրույն ոճի նվաճմանը եւ իր ներաշխարհի բովանդակությանը: Հետագա տարիներին պետք է ընդլայներ արդեն տրվածը։ Գալով մոր կերպարին՝ պետք է նկատենք, որ դասական ձեւում իսկ այն այնքան կենդանի է, կացության, ժամանակի եւ հոգեվիճակի բացահայտումով հագեցած է, որ պիտի անվերջ ապրի որպես մնայուն կոթող:

 

- Ձեզ ներկայացնելիս այսօր արդեն նշում են նաեւ Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանի հայր լինելու հանգամանքը։ Ինչպե՞ս եք արձագանքում դրան։ Հետաքրքիր է նաեւ նրա վերաբերմունքը այս գրքին, Գորկու կերպարին։

 

- Անուղղակիորեն արդեն տրվեց այդ հարցի պատասխանը։ Ընտանիքիս բոլոր անդամները սերտորեն մասնակցեցին «Արշիլ Գորկի» վեպի ծնունդին եւ խանդավառվեցին նրա հաջողությամբ։ Չե՞ք կարծում, որ Արտեմի բացառիկ հաջողությունն էլ արդյունք է մեր տան այդ մթնոլորտի։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին