Արտեմ Փաթափությանի մանկությունը՝ բասկետբոլի եւ պատերազմի արանքում - Mediamax.am

exclusive
8521 դիտում

Արտեմ Փաթափությանի մանկությունը՝ բասկետբոլի եւ պատերազմի արանքում


Արտեմ Փաթափությանը եւ ընկերները՝ Բիլբաոյում
Արտեմ Փաթափությանը եւ ընկերները՝ Բիլբաոյում

Լուսանկարը` Արտեմ Փաթափությանի արխիվից

Լուսանկարը` Արտեմ Փաթափությանի արխիվից

Լուսանկարը` Արտեմ Փաթափությանի արխիվից

Արտեմ Փաթափությանը 4 տարեկան հասակում՝ եղբոր եւ քրոջ հետ
Արտեմ Փաթափությանը 4 տարեկան հասակում՝ եղբոր եւ քրոջ հետ

Լուսանկարը` Արտեմ Փաթափությանի արխիվից

Լուսանկարը` Արտեմ Փաթափությանի արխիվից


2021 թվականի Ֆիզիոլոգիայի/բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիր, մոլեկուլային կենսաբան եւ նյարդաբան Արտեմ  Փաթափությանը ծնվել ու մեծացել է հայկական սփյուռքի սրտում՝ Բեյրութում, սովորել հայկական դպրոցում եւ ընկերների հետ խաղացել բասկետբոլի թիմում։

 

Մինչ Նոբելյան մրցանակը՝ Արտեմ Փաթափությանը այլ արժեքավոր մրցանակներ եւս ստացել է։ 2020թ․-ին, Դեյվիդ Ջուլիուսի հետ, հայազգի գիտնականն արժանացել է Կավլիի մրցանակին, իսկ 2021թ․ հոկտեմբերին BBVA հիմնադրամի Frontiers of Knowledge մրցանակին՝ կենսաբանության եւ կենսաբժշկության մեջ։ Այս վերջին մրցանակը եւս Արտեմ Փաթափությանն օրերս է ստացել եւ նշել դա է իր մանկության ընկերների հետ։

 

Մեդիամաքսի հետ զրույցում Արտեմ Փաթափությանի մանկության ընկերը՝ գրող եւ լրագրող Վիգէն Չըթըրեանը պատմել է իրենց դպրոցական տարիների, պատերազմական Բեյրութում ունեցած դժվար պատանեկության եւ մինչ օրս շարունակվող ընկերության մասին։  

 

Կյանքը արեւմտյան Բեյրութում եւ պատերազմի տարիներին

 

Արտեմի հետ առաջին անգամ հանդիպել ենք, երբ երեք տարեկան էինք՝ մանկապարտեզում։ Այդ ժամանակից նա իմ ընկերն է, միասին ենք մեծացել, նաեւ միասին ենք անցկացրել պատանեկության տարիները։ Նախ` սովորում էինք Բեյրութի Դեմիրճյան վարժարանում, այնուհետեւ՝ Հովակիմյան վարժարանում, նույն մարզական ակումբն էինք հաճախում։

Արտեմ Փաթափությանը 4 տարեկան հասակում՝ եղբոր եւ քրոջ հետ Արտեմ Փաթափությանը 4 տարեկան հասակում՝ եղբոր եւ քրոջ հետ

Լուսանկարը` Արտեմ Փաթափությանի արխիվից

«Ես ծնվել եմ Բեյրութում, որտեղ իմ մայրիկը տարրական դպրոցի ուսուցիչ էր եւ տնօրեն, հայրս՝ գրող եւ հաշվապահ։ Երեք երեխաներից ամենափոքրը՝ ես, ութ տարեկան էի, երբ Լիբանանում սկսվեց քաղաքացիական պատերազմը: Կյանքը, հասկանալի պատճառներով, հաճախ էր լինում սթրեսային՝ պարետային ժամ, էլեկտրաէներգիայի սահմանափակ ժամեր, ոչ հազվագյուտ պայթյուններ: Մեզ՝ հայերիս, սովորաբար վերաբերում էին որպես գրեթե չեզոք կողմ քրիստոնեա-մահմեդական հակամարտության առումով, եւ ես հաճախում էի հայկական փոքր դպրոցներ, որտեղ դասարանները շարունակում էին փոքրանալ, քանի որ մարդիկ փախչում էին պատերազմից։

 

Ավագ դպրոցի առաջին տարում հինգ աշակերտ էինք մնացել, ինձ համար հարազատ ընկերներ, որտեղ ես, դասերի առումով, թերեւս, միջակ էի, բայց բոյով, հաստատ, ամենակարճահասակը: Հաջորդ տարի դպրոցը փակվեց, եւ ես տեղափոխվեցի բազմամշակութային եւ ակադեմիական խիստ պահանջներով մասնավոր ավագ դպրոց, որտեղ սկզբում ընդդիմանում էի, բայց, ի վերջո, բացահայտեցի մաթեմատիկայի եւ բնագիտության դասերի հանդեպ ընդունակություններ»,- The Kavli Prize-ի համար գրած իր հոդվածում պատմում է Արտեմը։

 

Արտեմի ընտանիքը սկզբում Բեյրութի այլ հատվածում էր ապրում, բայց որոշ ժամանակ անց տեղափոխվեցին մեր տանն ավելի մոտ։ Այդ տարածքը շատ մոտ էր կանաչ գծին, որը երկու մասի էր բաժանում Բեյրութը։ Մեր տներն իրարից մոտ 20 րոպե հեռավորության վրա էին։

 

Այդտեղ թաղամաս կար, ուր փողոցը մեծ լաթերով փակել էին, որպեսզի մյուս թաղամասից դիպուկահարները չթիրախավորեն անցորդներին։ Երբեմն, մարդիկ չեն հասկանում պատերազմական քաղաքներում մեծանալու առօրյա դժվարությունները, եւ այս ամենը պատմում եմ, որպեսզի պատկերացնեք, թե ինչպիսի պայմաններում ենք մեծացել։ Դժվար տարիներ էին։

 

Մենք ապրում էինք արեւմտյան Բեյրութում, որտեղ բնակչության մեծամասնությունը մուսուլմաններ էին։ Այնտեղ հայերը գետոյական իրականության մեջ էին, մեր ամբողջ կյանքը հայկական էր եւ ինչ-որ առումով կտրված արտաքին միջավայրից։ Արտեմի ընտանիքը համայնքային կրթական եւ մշակութային աշխատանքով էր զբաղվում։

 

Բասկետբոլի թիմը եւ համալսարանական միակ տարին Բեյրութում

 

Դպրոցից դուրս մեր ամբողջ ժամանակն անցկացնում էինք սպորտի ակումբում՝ բասկետբոլ խաղալով։ Շաբաթը երեք անգամ մարզումների էինք, իսկ մյուս օրերին պարզապես գնում էինք խաղալու, միասին ժամանակն անցկացնելու։ Պատերազմի տարիներին այդ կենտրոնը, որ հսկայական շենքում էր, մեզ փրկեց, թթվածին դարձավ, որովհետեւ մի քանի քառակուսի կիլոմետրից դուրս մենք չէինք կարողանում անցնել։ Նույնիսկ, այդ մի քանի քառակուսի կիլոմետրի մեջ շատ վտանգներ կային եւ կենտրոնը մեր ամեն ինչն էր դարձել։

Լուսանկարը` Արտեմ Փաթափությանի արխիվից

«Ես ունեցել եմ մանկության երեք հանգրվան, որոնք սիրով եմ հիշում։ Իմ սպորտային ակումբը, որտեղ ես խաղում էի բասկետբոլ եւ սեղանի թենիս, մեր ուղեւորությունները Միջերկրական ծով եւ Բեյրութը շրջապատող անտառապատ լեռներ, ու Բեյրութի Ամերիկյան համալսարանի գեղեցիկ կամպուսը, որտեղ ես սովորել եմ մեկ տարի։ Այնուամենայնիվ, հակամարտությունը շարունակեց սրվել, եւ մի ճակատագրական ու սարսափելի առավոտ զինվորականներն ինձ առեւանգեցին եւ պահեցին իրենց մոտ։ Մի քանի ամիս անց ես տեղափոխվեցի Լոս Անջելես»,- The Kavli Prize-ի իր հոդվածում պատմում է Արտեմը։

 

Արտեմը մեր դասարանի խելացի տղաներից մեկն էր, շատ արագ էր ըմբռնում, գիտությամբ էր հետաքրքրված։ Երկուսս էլ ընդունվել էինք Բեյրութի ամերիկյան համալսարան, որն ամբողջ Միջին Արեւելքի լավագույն համալսարանն էր։ Արտեմն այնտեղ սովորում էր քիմիա՝ իր նպատակ բժիշկ դառնալն էր։ Համալսարանի առաջին տարվա սկիզբը դրախտային օրեր էին, բայց մի քանի ամիս անց շատ դժվար օրեր ապրեցինք, պատերազմը վերսկսեց, դասախոսներն ու մեր ընկերներից շատերն առեւանգվեցին, մահացան, եւ այդ դժվար օրերին Արտեմը մեկնեց Բեյրութից։ Նա 11 տարի Բեյրութում ապրեց պատերազմի պայմաններում, իսկ 1986 թվականին մեկնեց Կալիֆոռնիա։

 

Հանդիպումներ՝ տարիներ անց

 

Տարիներ շարունակ իրար չհանդիպեցինք, բայց մեր կապը մնաց։ Հետո մի քանի անգամ հանդիպելու առիթ եղավ։ Նոբելյան մրցանակի մասին բոլորն իմացան, սակայն մինչ այդ նա նույն մրցանակի կշիռն ունեցող այլ մրցանակներ է շահել եւ դրանցից մեկի առթիվ երկու շաբաթ առաջ Բիլբաոյում հանդիպեցինք ու լավ ժամանակ անցկացրեցինք։

Արտեմ Փաթափությանը եւ ընկերները՝ Բիլբաոյում Արտեմ Փաթափությանը եւ ընկերները՝ Բիլբաոյում

Լուսանկարը` Արտեմ Փաթափությանի արխիվից

Մի բան է 18 տարեկան լինել, այլ բան՝ 40, երկու տարբեր անհատականություն է մարդն այդ երկու տարիքում։ Մենք պետք է վերստեղծեինք մեր հարաբերությունները, հասկանայինք՝ Արտեմն ո՞վ է այսօր, Վիգենը՝ ո՞վ։ Առաջին հանդիպման ժամանակ մեր միջեւ տարածություն կար եւ 20 ավելի տարիների անջրպետ, որ պետք է անցնեինք ու վերստեղծեինք մեր բարեկամությունը։ Այն եղավ ոչ միայն անհատական, այլ նաեւ ընտանիքների մակարդակով, մի քանի անգամ ընտանիքներով արձակուրդ անցկացրեցինք։

 

COVID-19 համավարակից մի քանի ամիս առաջ մենք՝ ընկերների 5 հոգանոց խմբով, հանդիպեցինք Շվեյցարիայում՝ ինձ մոտ, եւ կրկին դարձանք այն պատանիները, որ հանդիպում էինք ու շատ կատակներով, ծիծաղելով անցկանցում ժամանակը։

Լուսանկարը` Արտեմ Փաթափությանի արխիվից

«Այն ժամանակ (1983 թ.) եվ այժմ․.. Վերամիավորում Բեյրութի հայկական դպրոցի 10-րդ դասարանի դասընկերներիս հետ: 36 տարի անց միավորվելը հրաշալի է»,- թվիթերյան իր էջում հրապարակված լուսանկարին կից գրել է Արտեմ Փաթափությանը։

 

Երկու անգամ Հայաստանում՝ պիոներական ճամբարի մասնակից եւ գիտնական

 

Արտեմը Հայաստանում եղել է երկու անգամ, առաջին անգամ՝ Խորհրդային տարիներին, այն ժամանակ ծրագիր կար՝ Սովետական Հայաստանը Սփյուռքի երեխաներին բերում էր պիոներական ճամբար եւ նրանք այստեղի երեխաների հետ մի քանի շաբաթ էին անցկացնում։ Ես Արտեմից մեկ տարի առաջ էի եկել Հայաստան՝ նույն ճամբարին։ Բեյրութի երեխաների համար պատերազմի տարիներին մի քանի շաբաթով Հայաստան գալը դրախտի էր նման։

 

Նրա երկրորդ այցը Հայաստան, կարծեմ, չորս տարի առաջ էր։ Մեկ շաբաթով էր եկել եւ մի քանի դասախոսություն կարդացել Հայաստանում։ Նրա տպավորությունները նույնն էին, ուրախ էր, որ այցելել է Հայաստան։ Միեւնույն ժամանակ, նա տեսնում էր, թե Հայաստանում գիտությունը որքան հեռու է այսօրվա իրականությունից։ Մի կողմից տպավորությունները դրական էին, մյուս կողմից՝ բացասական՝ տեսնելով արդի գիտության եւ Հայաստանի գիտության միջեւ առկա անջրպետը։

 

Ինչո՞ւ Հայաստանում Արտեմի նման մարդկանցով չեն հետաքրքրվում մինչեւ Նոբելյան մրցանակ ստանալը։ Սփյուռքում մենք նման մասնագետներ ունենք եւ նրանք պատրաստ են աջակցել Հայաստանի գիտությանը։

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին