«Քո կյանքի ժամերը». Սարոյանի պիեսների խաբուսիկ պարզությունը - Mediamax.am

exclusive
2085 դիտում

«Քո կյանքի ժամերը». Սարոյանի պիեսների խաբուսիկ պարզությունը


Դրվագ «Քո կյանքի ժամերը» ներկայացումից
Դրվագ «Քո կյանքի ժամերը» ներկայացումից

Լուսանկարը` Mark Lyons

Վիլյամ Սարոյանը
Վիլյամ Սարոյանը
Դրվագ «Քո կյանքի ժամերը» ներկայացումից
Դրվագ «Քո կյանքի ժամերը» ներկայացումից

Լուսանկարը` Mark Lyons

Լուսանկարը` Անտարես

Լուսանկարը` Անտարես

Դրվագ «Քո կյանքի ժամերը» ներկայացումից
Դրվագ «Քո կյանքի ժամերը» ներկայացումից

Լուսանկարը` Mark Lyons

Դրվագ «Քո կյանքի ժամերը» ներկայացումից
Դրվագ «Քո կյանքի ժամերը» ներկայացումից

Լուսանկարը` Mark Lyons


«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել Ուիլյամ Սարոյանի «Քո կյանքի ժամերը» ժողովածուն, որտեղ ներկայացված պիեսները տեղ են գտել նաեւ «Բեմ» մատենաշարում։ Թարգմանությունը Զավեն Բոյաջյանինն է։ Պիեսները հրատարակվել են վերանայված թարգմանությամբ։ Զավեն Բոյաջյանը Մեդիամաքսի հետ զրույցում ասաց, որ ժողովածուում ընգրկվել են Սարոյանի ստեղծագործության վաղ շրջանում՝ 1939-1942 թվականներին ստեղծված գործերը։

Լուսանկարը` Անտարես

- 30-ականների վերջը եւ 40-ականները կարելի է կոչել Սարոյանի դրամատուրգի ամենաբեղուն շրջանը, երբ ստեղծվել են տասնյակ մեծ ու փոքր բեմական երկեր, այդ թվում՝ այնպիսի անվիճելի գլուխգործոցներ, ինչպիսիք են «Քո կյանքի ժամերը» եւ «Հե՜յ, ո՞վ կա»-ն, որոնք Սարոյանի ամենից շատ բեմադրված պիեսներն են։    

 

- Սարոյանի գործերը «Անտարեսը» հրատարակում է տարբեր մատենաշարերով՝ «Օտարագիր», «William Saroyan», պիեսները տեղ են գտել նաեւ «Բեմ» մատենաշարում։ Ինչո՞վ է պայմանավորված մատենաշարերի «բազմազանությունը»:

 

- Ընթերցողների զգալի մասը սիրած մատենաշար(եր)ունի, նախապատվության սկզբունքով ամենից հաճախ հետեւում է այդ մատենաշար(եր)ին, ուստի որոշ հեղինակներ, որոնք հատկապես ճանաչված են եւ պահանջարկ ունեն, ներկայացվում են տարբեր մատենաշարերով, որպեսզի ընթերցողը հնարավորություն ունենա տվյալ հեղինակի գործը կամ գործերը ձեռք բերել ցանկալի մատենաշարով: Սա պարզապես տուրք է ընթերցողական ակնկալիքներին:    

Լուսանկարը` Անտարես

- Ի՞նչ կասեք Սարոյանի դրամատուրգիայի առանձնահատկության մասին։

 

- Շատ ջուր տանող հարց է, փորձեմ համառոտակի պատասխանել: Սարոյանի դրամատուրգիան ոչ միայն շահեկան հումք է բեմական մարմնավորման համար, այլեւ շատ հաճելի ընթերցանության նյութ, այսինքն՝ ինքնակա գեղարվեստական արժեք ունի, թեկուզ եւ չբեմադրվի: Էլի եմ առիթ ունեցել ասելու. այդ պիեսներն այնպես են գրված, որ խորին ափսոսանք ես ապրում, թե ինչու ռեմարկները բեմում սովորաբար չեն հնչում, այլ պարզապես ցուցումներ են ռեժիսորին կամ դերակատարներին: Սարոյանը երկխոսությունների չափ կարեւորել է այդ ռեմարկները, դրանք ինքնին արդեն գրականություն են եւ այդ առումով չեն զիջում երկխոսություններին: Օրինակ՝ «Քո կյանքի ժամերը» պիեսի բազմաթիվ հերոսներին կամ բեմական իրադրություններին վերաբերող ռեմարկներն այնքան հանգամանալի են եւ պերճախոս, որ ինքնին մանրապատումների տպավորություն են թողնում:

Վիլյամ Սարոյանը Վիլյամ Սարոյանը

 

Հավելենք Սարոյանին բնորոշ հուզականությունը, նրա աննման հումորն ու կոմիզմի զգացումը, եւ պատկերն ավելի ավարտուն կդառնա: Մի խոսքով, Սարոյան դրամատուրգի անուրանալի տաղանդը, դրամատիզմի անվրեպ զգացողությունն ու տրագիկոմիկական շունչը առանձնակի հմայք են տալիս նրա գործերին: Իսկ զուտ բովանդակային առումով սարոյանական դրամատուրգիան նրա մարդասիրական արձակի օրգանական շարունակությունն է: Բայց հակառակ թվացյալ, խաբուսիկ պարզությանն ու անմիջականությանը՝ Սարոյանը նուրբ եւ դժվարին նյութ է բեմադրության համար, շատ յուրահատուկ ու ինքնաբավ եւ ամեն մի բեմադրական-ռեժիսորական միջամտություն չէ, որ կհանդուրժի առանց խաթարվելու:

 

- Այսօր ամերիկյան հասարակությունը հիշում ու կարդո՞ւմ է Սարոյանին։ Որքան գիտեմ՝ դպրոցներում դեռ անցնում են։ Թերեւս, սա նույնպես գնահատելու ձեւ է։

 

- Չէի ասի, թե այսօր Սարոյանը մեծ համբավ է վայելում Միացյալ Նահանգներում: Զուր չէ, որ անգլիացի ճանաչված դերասան եւ գրող Սթիվեն Ֆրայը նրան համարում է «դարի ամենաթերագնահատված գրողներից մեկը»՝ համարելով, որ նա «իր տեղն ունի, հարկավ, Հեմինգուեյի, Սթայնբեքի եւ Ֆոլքների կողքին»: Ինչեւէ, անժխտելի է Սարոյանի ազդեցությունն այնպիսի մեծանուն հեղինակների վրա, ինչպիսիք են, ասենք, Ռեյ Բրեդբըրին եւ Կուրթ Վոնեգութը: Իսկ Մարլոն Բրանդոյի, Շոն Փենի, Ջոնի Դեփի նման տաղանդավոր դեմքեր մեծ հիացմունքով են արտահայտվել Սարոյան արձակագրի եւ դրամատուրգի մասին:

Դրվագ «Քո կյանքի ժամերը» ներկայացումից Դրվագ «Քո կյանքի ժամերը» ներկայացումից

Լուսանկարը` Mark Lyons

Բայց ես համոզված եմ ընդհանրապես, որ Սարոյանի կարեւորությունը շատ ավելի մեծ է մեզ համար, ուստի նախ եւ առաջ մե՛նք պիտի լինենք նրա գրական ժառանգության պահապանն ու գնահատողը:

 

- «Քո կյանքի ժամերը» եւ «Հե՜յ, ո՞վ կա» պիեսները մեծ ճանաչում ունեն: «Քո կյանքի ժամերը» բեմադրվել է Բրոդվեյում, արժանացել Փուլիտցերյան մրցանակի։ Իսկ ի՞նչ կասեք գրքում տեղ գտած «Տարեկանի արտում», «Պինգ-պոնգ խաղացողները» պիեսների մասին։

 

- Ես ուզում էի, որ սարոյանական պիեսների ժողովածուն պատկերացում տա նաեւ փոքրածավալ գործերում դրսեւորված նրա դրամատուրգիական վարպետության վերաբերյալ, որի վկայությունները մեծաթիվ են:

Դրվագ «Քո կյանքի ժամերը» ներկայացումից Դրվագ «Քո կյանքի ժամերը» ներկայացումից

Լուսանկարը` Mark Lyons

«Տարեկանի արտում» եւ «Պինգ-պոնգ խաղացողները» կարճ պիեսները, որոնցից մեկը յուրօրինակ տրագիկոմիկական ֆանտազիա է, մյուսը՝ ամբողջովին խաղի տարերքով ներծծված սկետչ, հենց այդ վկայությունների լավագույն օրինակներ են:

 

- Մեր զրույցներից մեկի ժամանակ ասացիք, որ Սարոյանի ժառանգության մի զգալի մասը դեռեւս մնում է չհայացված, եւ կլինեն նոր թարգմանություններ։ Չեն թարգմանվել խորհրդային գրաքննությա՞ն պատճառով, թե՞ չեն գնահատվել ժամանակին։ Նախատեսված կամ ընթացքի մեջ եղող թարգմանություններ ունե՞ք, ու դրանցում կա՞ն պիեսներ։

 

 - «William Saroyan» մատենաշարի նպատակը հենց Սարոյանի հայացումն է նորանոր թարգմանություններով: Չեմ կարծում, թե խորհրդային տարիներին Սարոյան չի թարգմանվել գրաքննչական արգելքների պատճառով, թերեւս ավելի շատ նա չի գնահատվել ըստ արժանվույն: Ըստ էության, Սարոյան թարգմանելու գործը լուրջ փուլ է թեւակոխել Հայաստանում այն ժամանակ միայն, երբ 80-ականների վերջին եւ 90-ականների սկզբին լույս տեսավ նրա երկերի քառահատորյակը, որի կազմողն ու խմբագիրը Նատալյա Գոնչարն է՝ ի դեպ, Սարոյանի մի շարք լավագույն ռուսերեն թարգմանությունների հեղինակը եւ Հայաստանի հազվագյուտ սարոյանագետներից մեկը: Մինչեւ այդ քառահատորյակը Սարոյանի գործերը հաճախ թարգմանվել են ոչ թե անգլերեն բնագրից, այլ ռուսերենից:

Դրվագ «Քո կյանքի ժամերը» ներկայացումից Դրվագ «Քո կյանքի ժամերը» ներկայացումից

Լուսանկարը` Mark Lyons

«William Saroyan» մատենաշարը կոչված է նոր զարկ տալու սարոյանական թարգմանություններին, քանի որ մեծ գրողի ժառանգության շատ էական էջեր՝ մի ամբողջ շարք գրքեր, այո, դեռեւս մնում են հայերեն չթարգմանված: Ես շատ եմ կարեւորում այդ գործը եւ անչափ ուրախ եմ, որ ինձ վերջապես հաջողվեց թարգմանել «Ռոք Վագրամ» վեպն ու վերանայված թարգմանությամբ լույս ընծայել չորս պիես: Առաջիկայում կհրատարակվեն նաեւ ուրիշ պիեսներ, որոնք հայացրել են այլ թարգմանիչներ:

Ինքս Սարոյանի հետ կապված մեծ ծրագրեր ունեմ. առնվազն վեց-յոթ գրքի մասին է խոսքը, որոնք կուզեի ժամանակ գտնել ու թարգմանել, եթե, իհարկե, հաջողվի Աստծու կամոք: Դրանցից երկուսը դրամատուրգիայի ժողովածուներ կլինեն, որովհետեւ Սարոյանը հիանալի պիեսներ ունի, որոնք մինչեւ օրս չեն թարգմանվել հայերեն, իսկ դա, հավատացած եմ, մեծ բացթողում է:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին