Գրիգի դետեկտիվ պատմությունը՝ կատուների քաղաքում - Mediamax.am

exclusive
3704 դիտում

Գրիգի դետեկտիվ պատմությունը՝ կատուների քաղաքում


Գրիգը
Գրիգը

Լուսանկարը` Գրիգի արխիվից


Մավի Արագաթաթ, Ձյունիկ Փարթամապոչ, Շեկո Հետաքրքրասեր... սրանք երիտասարդ արձակագիր Գրիգի նոր գրքի հերոսներն են: Պատանի ընթերցողի համար նախատեսված դետեկտիվ այս պատմությունը կատուների քաղաքի մասին է: Լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Նկարազարդման հեղինակը Արաքսյա Սարգսյանն է: Սա առաջին գիրքն է, որն ամբողջությամբ Արաքսյան է նկարազարդել: Ասաց, որ հետաքրքիր էր հեղինակի հետ աշխատելը: Հերոսների նախնական էսքզիներն անելիս՝ հաշվի են առել պատանիների կարծիքն ու դիտողությունները: Շապիկին Մավի Արագաթաթն է պատկերված, որը, Արաքսյայի բնորոշմամբ՝ ավելի շատ հավաքական կերպար է: Հերոսները՝ կատուները նախատիպեր ունեն, Գրիգը հուշել է նրան, որ կերպարն ում է նման, իսկ օրինակ Շեկոյի կերպարը արտաքին տեսքով, բնավորությամբ հենց հեղինակին է հիշեցնում: 

 

«Առեւանգում, որ ցնցեց կատուների քաղաքը» պատանեկան դետեկտիվը Գրիգի երկրորդ գիրքն է։ Մեդիամաքսի հետ զրույցում նա ասաց, որ կատուների պատմությունը շարունակություն է ունենալու:

 

- Գրիգ, ակամա փորձում ենք կապ տեսնել Ձեր առաջին՝  «Հիսուսի կատուն» գրքի հետ: Ինչու՞ որոշեցիք գրել կատուների մասին, գուցե պատճառն այն է, որ Երեւանում շա՞տ են կատուները, եւ ուրեմն սա նաեւ մեր քաղաքի՞ մասին է:

 

-Պետք չէ կապ փնտրել «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուի եւ «Առեւանգում, որ ցնցեց կատուների քաղաքը» վիպակի միջեւ, վերջինս ուրիշ աշխարհ է: 

 

 

Պարզապես ես սիրում եմ կատուներ եւ սիրում եմ կատուներ սիրող մարդկանց, ընդամենը այսքան բան: Իսկ արդյո՞ք կատուների քաղաքի եւ Երեւանի միջեւ կա, այսպես ասած, նմանություն, որովհետեւ Երեւանում շատ կատուներ կան, կտամ իրական կատվասերի պատասխան՝ կատուն երբեք եւ ոչ մի պարագայում շատ չի լինում։ Սա, իհարկե, կատակ, երկու քաղաքների միջեւ, այո՛, կա նմանություն, կա զուգահեռ, եւ այն ինձ դուր է գալիս: 

 

-Մինչ գրելը փորձե՞լ եք դաշտն ուսումնասիրել. ի՞նչ են գրում պատանիների համար ժամանակակիցները, ի՞նչ չեն գրում, ինչի՞ պակաս կա:

 

-Ինչքանով հասցրել եմ ուսումնասիրել հայաստանյան գրքերի շուկան, մեզ մոտ ստեղծվում է մանկական եւ, այսպես ասած, մեծահասակների գրականություն, իսկ պատանիների համար հայ ժամանակակից գրողները, ցավոք, չեն շտապում գրքեր գրել, պատանեկան գրականության բացը լրացնում են արտասահմանյան գրողների գրքերը: Այսպես, ես էլ որոշեցի գրել պատանեկան դետեկտիվ:

 

-Մեծահասակներին նույնպես հետաքրքրում է մանկապատանեկան գրականությունը:  Շատ հաճախ փոքրիկ ընթերցողի համար նախատեսված գրքերում մեսիջներ են լինում ուղղված մեծահասակներին: Այստեղ պե՞տք է փնտրել տողատակեր, գուցե նույնիսկ հերոսները նախատիպե՞ր ունեն:

 

- Շատ ճիշտ եք, «Առեւանգում, որ ցնցեց կատուների քաղաքը» գիրքը եւս բացառություն չէ, եւ շատ դրվագներ, հումորային պատկերներ հասկանալի կլինեն բացառապես մեծահասակներին, այլ կերպ ասած՝ մեծահասակներին էլ չեմ մոռացել եւ ընթերցողը գրքում կգտնի այսօր մեր իրականության մեջ տեսանելի շատ դեպքեր ու դեմքեր, բայց բոլոր գաղտնիքները չեմ բացահայտի, գաղտնիքներ բացահայտողը ընթերցողն է: 

 

- Ըստ Ձեզ՝ ո՞ր հերոսը կշահի պատանի ընթերցողի համակրանքը:

 

- Հույս ունեմ՝ Մավի Արագաթաթը, ես իմ առջեւ դրված խնդիր ունեի՝ նմանվելու արժանի ոստիկանի կերպար ստեղծելու, իմ մանկության շրջանում ամենաանարգված մասնագիտություններից մեկը ոստիկանի մասնագիտությունն էր, ոստիկանից ավելի անարգված էր համարվում, թերեւս, այն մարդը, որ դիմում էր ոստիկանի օգնությանը: 

 

 

 

Գուցե ոստիկաններն էլ իրենց մեղքի բաժինն ունեին նման վերաբերմունքի արժանանալու համար, սակայն, իննսունականները դաժան ժամանակներ էին, եւ ես վստահ եմ, որ այդ կյանքը այլեւս անցյալում է եւ երբեք չի վերադառնալու: Ուժեղ պետություն, օրենքի երկիր ստեղծելու համար մեզ պետք են ազնիվ ու անկաշառ ոստիկաններ, իրական օրենքի մարդիկ, իմ ստեղծած աշխարհում ես փորձել եմ պատկերել նման մարդու կատվային նախատիպը:

 

- Ժամանակակից հայ հեղինակներին կարծես սկսել են կարդալ: Կատուների մասին հայ ժամանակակից հեղինակի նկարազարդ գիրքը պահանջարկ ունի՞:

 

-Այսօր կարդում են ժամանակակից հայ հեղինակներին, իսկ թե կատուների մասին պատմող գիրքը պահանջարկ ունի, թե՝ ոչ, ժամանակը ցույց կտա, ես արել եմ ինչ պիտի անեի, գիրքը կա, այն ունի իր ճակատագիրը՝ ինձնից անկախ իր գոյությունը՝ լի ձեռքբերումներով ու ձախողումներով: Ես հաջողություն եմ մաղթում իմ գրքին, մնացածը ինքը պիտի անի իր համար: 

 

- Այս պատմությունը շարունակություն ունենալու՞ է:

 

- Հույս ունեմ՝ այո:

 

- Նկարազարդման մասին ի՞նչ կասեք:

 

-Նկարազարդման հեղինակը՝ Արաքսյա Սարգսյանը, գերտաղանդավոր մարդ է: Իհարկե, ես իր կյանքը կերա, բայց արդյունքը ընտիր է ստացվել:

 

- Մեր անիմատորների ուշադրությունը չի՞ գրավել գիրքը:

 

-Դեռ արձագանք չկա, բայց ինձ դուր է գալիս այս հարցադրումը, լավ միտք է:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին