Գրողը նաեւ գրավաճառ է: Էքսպերիմենտն «Անտարես» հրատարակչությունը կիրառեց նոյեմբերի 25-ին՝ Գրքի երեւանյան առաջին փառատոնին:
Հրատարակչության տաղավարում՝ գրքերի բարիկադների մի կողում ընթերցողներ էր, մյուսում՝ գրողներ Գրիգն ու Գուրգեն Խանջյանը: Յուրաքանչյուրn երկու ժամ ընթերցողին առաջարկում էր «Անտարես»-ի գրքերը 20 տոկոս զեչով, իսկ սեփական գրքերը՝ 30:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Խորհուրդ կտամ Գուրգեն Խանջյան եւ Լեւոն Խեչոյան կարդալ, որովհետեւ նրանք մեր ժամանակի լավագույններն են, Հրանտ Մաթեւոսյանին արժանի հաջորդողներ»,- ընթերցողներին ժամանակակից հայ գրականություն է խորհուրդ տալիս Գրիգը: Ասում է՝ արտասահմանյան գրողները գովազդի կարիք չունեն, գովազդված են: Իսկ հայ գրողին պետք է ծանոթացնել ընթերցողի հետ. ճանաչեցին, կսկեն գնել:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Հիսուսի կատվի» մասին ասում է, թե դժվար է սեփական գիրքը գովազդելը: Պարզվեց՝ գրողի ներկայությունն ամենալավ PR-ն է. «Հիսուսի կատուն» ամենաշատ վաճառվածներից էր:
«Գիրքը մեր քաղաքի հոգսերի մասին է: Հանդիպում ենք սոցիալապես անապահով մարդկանց, որոնք մեծ տառապանք են առաջացնում ինձ մոտ:Ես կարծում եմ, որ մեր երկրում չպետք է լինեն անապահով, փողոցում հայտնված մարդիկ, որովհետեւ հայերը շատ քիչ են, եւ յուրաքանչյուրը շատ թանկ է մեզ համար: Սոցիումը նման է շղթայի, որի յուրաքանչյուր օղակ շատ կարեւոր է:

Լուսանկարը` Մեդիամաքս
Մենք միշտ սպորտի եւ այլ բնագավառներում ներդրումներ ենք անում ու հպարտանում, որ նրանք մեր ուժեղ օղակներն են: Այո՛, այդպես է, բայց միշտ մոռանում ենք, որ օրհասական խնդրի բախվելիս շղթան պոկվում է թույլ տեղից: Իսկ Հայաստանում թույլ շղթան անապահով մարդիկ են, որոնց մասին ես գրել եմ, որոնց ճակատագիրն ինձ հուզում է»:
Երբ Գրիգին փոխարինեց Գուրգեն Խանջյանը, նրա գրքերը դարձան տաղավարի պահանջվածները: «Ահագին գիրք մակագրեցի: Չէի կարծում, բայց ինչ-որ նշանակություն ունի ստորագրությունը»,- ասում է Խանջյանը: Ինքը թեեւ հայ ժամանակակից գրողներից ամենակարդացվողներից է, բայց համոզված է՝ գրողն էլ, նրա գրականությունն էլ այսօր կախված են գովազդից:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Մոդեռնիզմի դարում գրողը, նկարիչը հերոս էին: Աստիճանաբար քաղաքական գործիչները, փոփ աստղերը, կոմերցիոն գրականությունը նրանցից խլեցին այդ արտոնությունը: Բայց մենք համառորեն փորձում ենք վերադարձնել այն: Ընթերցողն ու հասարակությունը պիտի հասկանան, որ այդ ժամանակավոր գույներով, հաճելի հոտերով-համերով բաներով խաբում են իրեն: Ընկնում է թմբիրի մեջ եւ թվում է՝ ինքը ծնվել է թասակի տակ, էս մոլորակն էլ դրախտավայր է: Բայց մոլորակն ամեն պահի կարող է կատակլիզմի ենթարկվել, պատերազմների մեջ ընկնել: Գլոբալիզացիան համահարթեցման քաղաքականություն է տանում: Անհատականություն ձեռք բերելու համար լավ գրականություն կարդալը պարտադիր է»:

Լուսանկարը` Մեդիամաքս
Գուրգեն Խանջյանի՝ գիրք վաճառող-խորհրդատուի առաջին փորձը պարբերաբար ընդհատում էր դուստրը՝ փոքրիկ Մանեն: Գրողը երիտասարդ տարիներին բանջարեղեն վաճառել է, գիրք՝ երբեք:
«Գիրք գողացել եմ, բայց չեմ վաճառել: Էնքան ասացին՝ գրքի գողը գող չի, նաեւ՝ թանկ գրքեր կային, որ գրախանութից գողացա։ «Բհագավադ Գիտա»-ն՝ ամենահաստ գիրքը. ինքս ինձ ասացի՝պետք է հաղթահարես»,- ծիծաղում է:
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: