Երեք հատված «Խաղացողը» գրքից՝ «Լինսի»-ի, Հոլիվուդի եւ կռվի մասին - Mediamax.am

exclusive
14804 դիտում

Երեք հատված «Խաղացողը» գրքից՝ «Լինսի»-ի, Հոլիվուդի եւ կռվի մասին


Քըրք Քըրքորյանը
Քըրք Քըրքորյանը
Քերի Գրանտը
Քերի Գրանտը
Ալեքս Եմենիջյանը
Ալեքս Եմենիջյանը

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` «Խաղացողը» գրքից

Լուսանկարը` REUTERS

Ռաքել Ուելչը
Ռաքել Ուելչը

2018 թվականի հունվարին  ԱՄՆ-ում լույս է տեսել Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» (The Gambler) գիրքը, որի հեղինակը The Los Angeles Times թերթի հետաքննող լրագրող Ուիլյամ Ռեմփելն է:

 

Գիրքը գրելիս նա զրուցել է Քրքորյանի ընկերների եւ բարեկամների հետ, աշխատել է արխիվներում, ուսումնասիրել է մամուլի հրապարակումները: Ռեմփելը խոստովանել էր, որ երբ հրատարակչությունը դիմեց իրեն, ինքը գրեթե ոչինչ չգիտեր Քըրք Քրքորյանի մասին: Հեղինակն ասել է, որ իր ամենամեծ բացահայտումներից մեկն այն էր, որ Քրքորյանը հերոսական մասնակցություն է ունեցել Երկրորդ աշխարհամարտին որպես ռազմական օդաչու՝ լինելով բեւեռային երթուղու առաջամարտիկներից մեկը:

 

2018թ. հուլիսին «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս ընծայեց «Խաղացողը» գրքի հայերեն թարգմանությունը: Թարգմանիչներն են Ալինա Միրզոյանը եւ Աննա Միրզոյանը:

 

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը Մեդիամաքսին բացառիկության իրավունքով տրամադրել է երեք հատված գրքից:

 

***

 

Երբեմն-երբեմն բարեգործության վերաբերյալ փոստով, հեռախոսով եւ Քըրքի՝ Ռոդե Դրայվի վրա գտնվող գրասենյակների նախադռնով ներս սողոսկող խնդրանքների հոսքը նույնպես անհամբերության պոռթկումների էին հագնեցնում։ Մի անգամ նա մտորում էր «Լինսի» հիմնադրամը փակելու վերաբերյալ կեղծ հայտարարություն անելու մասին, որպեսզի կանգնեցներ խնդրատուներին: Մինչդեռ լրիվ անծանոթ մեկը կարող էր նրան գրասենյակում հանկարծակիի բերել եւ այնտեղից դուրս գալ սիրելիի քաղցկեղի վիրահատության համար նախատեսված 10 000 դոլարի չեկով։

Ալեքս Եմենիջյանը Ալեքս Եմենիջյանը

Լուսանկարը` REUTERS

Անկումից ամիսներ անց Քըրքի համբերության բաժակը կրկին լցվեց: Ալեքս Եմենիջյանի խոսքերով՝ Քըրքը զգաց, որ իր առատաձեռնությունն ընկալվում է որպես պարտականություն, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարչակազմը ավելի մեծ օգնություն է ակնկալում, քան «Լինսի» հիմնադրամը տրամադրում է: Քըրքորյանի ֆինանսավորած ծրագրերը Սարգսյանի պաշտոնավարման առաջին երեք տարիներին զգալիորեն պակասել էին (ընդհանուր առմամբ, մոտ 14 միլիոն դոլար) այն 160 միլիոն դոլարի հետ համեմատած, որը «Լինսի» հիմնադրամն ուղղել էր երկրաշարժի հետեւանքների վերացմանը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տասը տարիների ընթացքում:

 

Անկասկած, Քըրքորյանն ավելի ջերմ հարաբերություններ ուներ Հայաստանի նախկին ղեկավարի հետ: Քոչարյանը 1998-ին մեկնել էր «Սենչըրի Սիթի»՝ տոնելու Քըրքորյանի կողմից ֆինանսավորված՝ աղետների ժամանակ օգնություն փոխադրող օդանավի 100-րդ թռիչքը: Քըրքը հայկական անձնագիր ստացավ եւ դարձավ ՀՀ պատվավոր քաղաքացի: Նա այնքան զգացված էր, որ կարողացավ հաղթահարել հրապարակային ելույթներից երկար ժամանակ ունեցած վախը եւ, վերցնելով խոսափողը, իր պատանեկության լեզվով հայտարարեց. «Երկար կյանք Հայաստանին»:

 

Անկախ նրանից, թե ինչն էր դրդել Քըրքին նման հապճեպ որոշում կայացնել, գուցե եւ դա թյուրըմբռնման հետեւանք էր, Եմենիջյանը գիտեր, որ նրա հրահանգները ենթակա չեն քննարկման:

 

-Փակե՛ք «Լինսի հիմնադրամը, -պահանջեց նա: -Դուք մեկ շաբաթ ունեք: Դադարեցրե՛ք գործունեությունը»:

 

***

 

1972 թվական, գարնանային գիշեր Լաս Վեգասում: Էլեգանտ հագնված Քերի Գրանտը «կինոռումբ» Ռաքել Ուելչի հետ կանգնած է բացօթյա բեմահարթակին:

Ռաքել Ուելչը Ռաքել Ուելչը

 

Նրանք պատրաստվում են ազդարարել հրավառությունների մեկնարկը՝ մի շքեղ տեսարան, որը պետք է նշանավորի եւս մի կարեւոր փուլ մոլախաղային «ուխտավայրերի» գունազարդ պատմության մեջ: Ահա արդեն մութ ու դատարկ երկինքը կենդանանում է արեւային լուսարձակների թրթռացող լույսից, շրջակա պողոտաները ողողված են նեոնային լույսերով եւ խցանման մեջ կանգնած լիմուզիններով: Աշխարհի ամենամեծ հյուրանոցը բացում է իր դռները, եւ Հոլիվուդի ու մոլախաղային աշխարհի էլիտան հավաքվել է Ֆլամինգո Ռոուդ եւ Սթրիփ փողոցների խաչմերուկում՝ ողջունելու դրա համարձակ ձեռնարկատիրոջը:

 

Բայց որտե՞ղ է նա:

 

Դերասանները զննում են ամբոխը: Օրվա հերոսը Քերի Գրանտի լավագույն ընկերներից է՝ ամաչկոտ, հանրությունից խուսափող ֆինանսիստը, որը երբեւէ չի ունեցել միլիոն դոլար, ինչը պատրաստ լիներ դնել խաղասեղանին, կռվից երբեք չնահանջող նախկին կռվարար բռնցքամարտիկը, ութամյա, կիսատ կրթությամբ թերուսը, որն այժմ ԱՄՆ-ի ամբողջ գործարար համայնքին է կրթում:

Քերի Գրանտը Քերի Գրանտը

 

Ինչ-որ տեղ ստվերում՝ կինոմագնատ եւ խաղատների պարագլուխ ընկերների մեջտեղում էր հայ ներգաղթյալների հիսունհինգամյա որդին, որն ի կատար էր ածել ամերիկյան երազանքը՝ «թշվառ փողոցից դեպի գլխավոր փողոց» հաջողակ կյանքի պատմությունը, բլոկբաստերային ներդրումների հոտառությամբ, սուր զգացողությունների սիրահար խաղացողը:

 

-Քըրք, դու այդտե՞ղ ես, -Գրանտի հայտնի անգլիական ակցենտը անցնում է ամբոխի միջով:

 

Բոլորի գլուխները հետ են պտտվում:

 

«Որտե՞ղ է Քըրքը»: Ոչ ոք չի արձագանքում:

Լուսանկարը` REUTERS

Կինոկուռքը գիտի, որ իր ընկերոջը համոզելով կենտրոն չես բերի: Նա գիտի, որ Քըրք Քըրքորյանը՝ «Էմ-Ջի-Էմ» կինոստուդիայի ղեկավարը եւ այն մարդը, որ կանգնած է ծաղկման շեմին գտնվող հսկայական «Էմ-Ջի-Էմ գրանդ» հյուրանոցի հետեւում, միտումնավոր համեստ է պահում իրեն, որ աչքի չընկնի ամբոխի մեջ, հավանաբար սկոտչ խմում՝ իրեն այնպես պահելով, ասես թե մի սովորական տղա է Նեւադայից:

 

Քըրքն իրեն անհարմար էր զգում ամբոխի մեջ եւ սոսկում էր անծանոթների ուշադրությունից:

 

Ռաքել Ուելչը քայլում է դեպի բեմի կենտրոն՝ մոտենալով մուլտֆիլմային դինամիտ պայթեցնող սարք հիշեցնող մխոցին: Թատերական, շինծու շարժուձեւով եւ չափազանցված պրովոկացիոն կեցվածքով նա քաշում է մխոցը: Այս շարժումից հրավառության հրթիռներ են վեր սուրում, աստղաձեւ առկայծում երկնքում եւ կայծերի որոտացող անձրեւ տեղում: Լեոն՝ «Էմ-Ջի-Էմ»-ի առյուծը, բոցավառվում է երկնքում՝ մռնչալով պիրոտեխնիկական փառքի մեջ:

 

Քըրքը, անկասկած, ողջունեց ուշադրությունը իր անձից շեղած աղմկոտ զվարճությունը: Նա եւս մեկ անգամ խույս տվեց հանրության առջեւ հայտնվելուց: Եվ ամբողջ կյանքի ընթացքում նրա ունեցած այդ խորշանքը հայտնիության փայլից թողեց նրան այնպիսին, ինչպիսին էր մահից հետո՝ Ամերիկայի ամենաքիչ ճանաչված ամենահարուստ մարդկանցից մեկը:

 

***

 

Ամբողջ ոգեւորությունն ու անհամբեր սպասումը չքացավ Քըրքի՝ կործանիչ-ռմբակոծիչի լարված օդաչուի խցիկից: Հարյուր քսան կիլոմետր ժամ արագությամբ փչող բարենպաստ քամու կենսական նշանակություն ունեցող աջակցությունը կորցնելուց ի վեր հավերժություն թվացող ժամերում Քըրքի ուշադրությունը սեւեռված էր վառելիքի նվազող պաշարի թանկարժեք մնացուկներից յուրաքանչյուր լրացուցիչ րոպեն ու կիլոմետրը կորզելու վրա:

 

Հատակի բաց իջանցքից սառը քամի էր փչում խցիկում: Նա հրամայել էր իր նավիգատորին առաջինը թռչել: Այդ նեղ անցքի միջով պարաշյուտի հետ միասին մաքուր դուրս սահելը բարդ գործ էր լինելու: Վստահաբար, «DH-98 Մոսկիտոն» նախատեսված չէր օդի մեջտեղում հեշտ ու հանգիստ էվակուացիաների համար: Սակայն նրա վառելիքն էլ պետք է վերջացած չլիներ Հյուսիսատլանտյան օվկիանոսի վրա:

 

-Ոչ, խնդրում եմ …, -կողքից լսվեց աղաչանքով լի ձայնը:

 

Քըրքը շրջվելով նոր միայն նկատեց, որ կանադացի նավիգատորը լայնացած եւ արցունքներից թաց աչքերով մեկ ուրիշ հրաման, ավելի լավ լուծում էր աղերսում:

Լուսանկարը` «Խաղացողը» գրքից

-Ներքեւ՝ ջրի մեջ թռչելով, կմեռնենք, - դողացող ձայնով ասաց երիտասարդը:

 

«Ֆյորտ-օֆ-Կլայդ» խորունկ ծովածոցի ջուրը հայտնի էր իր սառնությամբ: Եթե իրենց տասնհինգ րոպեից օգնության չգային, նավիգատորը հավանաբար իրավացի դուրս կգար: Բայց ինքնաթիռի երկու շարժիչները կարող էին ցանկացած պահի անջատվել: Քըրքը դանդաղ լայն շրջան էր գծում խիտ ամպերի վրայով, որոնց տակ հույս ուներ, թե թաքնված էր շոտլանդական ափին գոնե մոտ գտնվող ինչ-որ բան:

 

- Աստծու սիրուն, մի անցում էլ անենք: Ընդամենը մեկը, -աղաչեց նավիգատորը:

 

Կույր վայրէջքը ցածր առաստաղով թանձր ամպամածության միջով բավականին վտանգավոր էր: Եթե շարժիչները դադարեին գործել գետնից մի երեսուն մետրի վրա, պարաշյուտով անվտանգ թռիչքը, ամենայն հավանականությամբ, անհնար կլիներ: Բայց եւ այնպես ահաբեկված նավիգատորը իր կապիտանին թույլ էր տալիս օգտագործել այդ հնարավորությունը՝ գլորել զառը իրենց երկուսի համար:

 

Քըրքն ընդունեց խաղադրույքը:

 

«Խաղացողը. Թե ինչպես անփող, անուսում Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիստական պատմության խոշորագույն գործարարը» գրքի հատվածները «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը Մեդիամաքսին տրամադրել է բացառիկության իրավունքով: Հատվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը խստիվ արգելվում է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին