-Իսկ ո՞վ է սա,- հարցրեց նա եւ ցույց տվեց դաջվածքը, որը թողել էի ձյան վրա:
-Գիշերային լողորդը,- ասացի ես:
-Գիշերային լողո՞րդ: Ի՞նչ է դա նշանակում:
-Ի՞նչ է...- ասացի,- նա է, ով գիշերը լողում է:
-Միայն գիշե՞րը:
-Միայն:
-Իսկ ինչո՞ւ: Չէ՞ որ նա բան չի տեսնում:
-Հենց այդպես է: Ուրեմն փոքր լիճը ծով կդառնա:
«Զանգակ» հրատարակչությունը, Շվեյցարիայի դեսպանատան հետ համագործակցությամբ, լույս է ընծայել շվեյցարացի ժամանակակից գրող եւ լրագրող Հանսյորգ Շերթենլայբի (Hansjörg Schertenleib)«Գիշերային լողորդը» վեպը:
Շերթենլայբի գրքերը թարգմանվել են 16 լեզվով: «Գիշերային լողորդը» առաջինը հայերեն է թարգմանվել (թարգմանությունը գերմաներենից` Լիանա Սաֆարյանի):
«Գիշերային լողորդը» դեռահաս սերնդի մասին է եւ տարանցիկ ժամանակների հետաքրքիր հյուսվածք՝ առաջին սիրո, գաղտնիքների, հույզերի ու ատելությունների, ծնողների ու միջավայրի դեմ ընդդիմության բարդ ճանապարհի մասին:
Մեր զրուցակիցը Հանսյորգ Շերթենլայբն է:

- Գիրքը պատանիների համար է, բայց, իհարկե, ուղղված է նաեւ մեծահասակներին: Գերմանիայում ընթերցողների շրջանում մեծ թիվ են կազմել մեծահասակները, եւ նրանց դուր է եկել գիրքը: Երեւի պատանեկան տարիները վերհիշելու հնարավորություն են ունեցել:
-Ինչո՞վ է առանձնանում «Գիշերային լողորդը» Ձեր մյուս գրքերից:
- 23 գիրք եմ գրել, որոնցից ընդամենը երկուսն են պատանիների համար: «Գիշերային լողորդը» գրված է պատանիների համար, երեւի թե դա է ամենամեծ տարբերությունը: Բոլորովին այլ կերպ եմ գրել: Յուրատեսակ աշխատանք էր: Լեզուն, թեման, հերոսները պիտի գրավեին, սրտամոտ լինեին պատանիներին: Անգամ հետազոտություն եմ անցկացրել, գրքից որոշ հատվածներ տվել եմ, որ պատանիները կարդան: Ուզում էի հասկանալ` արդյո՞ք լեզուն, օգտագործված բառերը ճիշտ են ընտրված, կերպարները լա՞վն են, թե՞ ոչ: Այսպիսով` պատանիներն ինձ շատ են օգնել: Եթե ինչ-որ բան նրանց դուր չի եկել, փորձել եմ փոփոխել, շտկել:
- Ի՞նչ արձագանք է գտել գիրքը:
- Անկեղծ ասած` շատ տարբեր էին կարծիքները: Եվ լավ արձագանքի է հանդիպել, եւ ոչ այնքան լավ, բայց պահանջարկը մեծ էր: Շատ լավ է վաճառվել: Գերմանիայի եւ Շվեյցարիայի դպրոցներում դասերի ժամանակ«Գիշերային լողորդը» կարդացել են, քննարկել: Ինձ համար ամենակարեւորը հենց դա է, որ մեծ թվով երիտասարդների է հասել գիրքը:
-Վեպը առաջին անգամ հրատարակվել է 2002-ին, իսկ 2012-ին լույս է տեսել լրամշակված տարբերակը: Ի՞նչ փոփոխություններ են տեղ գտել նոր տարբերակում:
- Փոխվել է վերնագիրը: Նախորդն ինձ դուր չէր գալիս, իմ վերնագիրը չէր, հրատարակչի ընտրությունն էր: Հետո փոխեցի հրատարակչին ու դրեցի այն վերնագիրը, որ ինձ էր դուր գալիս`«Գիշերային լողորդը»: Պատմությունն ավելի ուրիշ է դարձել, որոշ կերպարներ, որոնք այնքան էլ էական չէին, կրճատվել են:

Լուսանկարը` Զանգակ
-Գրքի հերոսը մշտապես հիշում է մահացած եղբորը, մտովի խոսում նրա հետ: Պատճառը միայնության զգացո՞ւմն է, թե՞ , պարզապես, նրանք, ում սիրում ենք, երբեք չեն հեռանում մեզնից:
-Հենց դա է, կրտսեր եղբոր կորուստը ամենավատ բանն էր, որ պատահել էր գլխավոր հերոսին` Փաթրիկին: Մահացած եղբոր`Ալեքսի ստվերը մշտապես հետեւում է նրան եւ հետեւելու է մինչեւ կյանքի վերջը: Նա երբեք չի մոռանալու մահացած եղբորը: Ալեքսի պատմությունը ավելի խորհրդավոր է դարձնում գիրքը:
-Ձեզ կարելի՞ է տեսնել այս գրքում:
- Փաթրիկի մեջ կարելի է գտնել հատկանիշներ, որ ես էլ ունեմ: Փոքր տարիքում կորցրել եմ քրոջս ու գիտեմ, ինչ են զգում, երբ քույրդ կամ եղբայրդ մահանում է: Դա սարսափելի զգացում է: Բայց սա գիրք չէ իմ մասին: Փաթրիկը ես չեմ: Եթե գրեի իմ պատանեկության մասին, բոլորովին այլ գիրք կլիներ:
- Շնորհանդեսի ժամանակ ասացիք, որ նպատակ ունեք ծանոթանալ մեր երկրի պատմությանը, գրականությանը, նաեւ հնարավոր է` մոտ ապագայում հայ իրականության հետ կապված ինչ-որ պատմություն գրեք: Ի՞նչ պատմություն է լինելու, կբացե՞ք փակագծերը:
- Սեւանի թերակղզում Խորհրդային Միությունից մնացած Գրողների հանգստյան տուն կա: Երբ այնտեղ էի, մտածում էի մի նովել գրել, որը գուցե կապված լինի այդ տան հետ: Բայց դեռ չեմ մտածել պատմությունը:
Արմինե Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: