Արծաթե դարի ներկայացուցիչ, ռուսական էքսպրեսիոնիզմի հիմնադիր, նշանավոր գրող Լեոնիդ Անդրեեւի «Հուդա Իսկարիովտացի» գիրքն ընթերցողի սեղանին է: Ռուսերենից թարգմանել է Ներսես Աթաբեկյանը, լույս է ընծայել «Մատեան» հրատարակությունը: Գրքի վաճառքից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է ՀՀ սահմանային գոտում իրենց ծառայությունն իրականացնող զինվորականներին։
Ինչո՞ւ է Լեոնիդ Անդրեեւը անդրադարձել Հուսայի կերպարին: Ինչպիսի՞ արձագանք է գտել գիրքն իր ժամանակ եւ որքանո՞վ հետաքրքիր կլինի այսօրվա ընթերցողին: Հավատարի՞մ է մնացել Լեոնիդ Անդրեեւը Հուդայի աստվածաշնչյան նկարագրին: 12 աշակերտներին Հիսուսն էր ընտրում, այս գրքում Հուդան ինքն է գնում Հիսուսի ետեւից: Հարցերի այս շրջանակով սկսեցինք մեր զրույցը Ներսես Աթաբեկյանի հետ:
- «Հավատարի՞մ է մնացել Լեոնիդ Անդրեեւը Հուդայի աստվածաշնչյան նկարագրին» hարցը մեկ ու միանշանակ պատասխան չունի: Պարզ է միայն, որ Անդրեեւը ավետարանական պատմության գեղարվեստական վերաշարադրման խնդիր չի դրել: Այստեղից էլ, թերեւս, ժամանակակիցների հակասական գնահատականները: Հատկապես՝ Տոլստոյի խիստ արձագանքը. «Ահավոր զզվելի, կեղծ ու անտաղանդ: Գլխավորը՝ ինչի՞ համար»:
Տոլստոյի համախոհները քիչ չէին, միեւնույն ժամանակ, վիպակը բարձր են գնահատել Ալեքսանդր Բլոկը, Մաքսիմ Գորկին, Կոռնեյ Չուկովսկին եւ ուրիշներ:
Կարծում եմ՝ գնահատման երկվությունը տարաբեւեռ ընթերցումի արձագանքն է. ոմանք հենց ավետարանական շեշտադրումներ էին փնտրում, մյուսները կարդացել էին գրողի նպատակադրությունը:
Անդրեեւն ինքը վիպակի մասին գրում է.
«Գրվածք դավաճանության հոգեբանության, էթիկայի ու կիրառության մասին», «Միանգամայն ազատ ֆանտազիա դավաճանության, բարու եւ չարի, Քրիստոսի եւ այլ թեմաներով»: Այսպիսով, գրողն ինքը հուշում է վիպակի ընկալման ուղղությունը՝ հավերժական խնդիրների դիտարկում հավերժական թեմայի օրինակով:
Լուսանկարը` անձնական արխիվից
Չմոռանանք նաեւ գրության թվականը՝ 1907թ., Ռուսական առաջին հեղափոխությանը հաջորդած շրջանը, երբ անկումային տրամադրությունները բերում էին ոչ միայն դավանած գաղափարներից զանգվածային հրաժարման, այլեւ ուղղակի դավաճանությունների ու մատնությունների: Այդ առումով հետաքրքիր է ժամանակակից հետազոտողներից՝ Պավել Բասինսկու դիտարկումը.
«Սա դավաճանության ջատագովություն չէ (ինչպես պատմվածքն ընկալել են որոշ քննադատներ), այլ սիրո ու հավատարմության ինքնատիպ մեկնաբանություն եւ անսպասելի լույսի ներքո հեղափոխությունն ու հեղափոխականներին ներկայացնելու փորձ. Հուդան ասես «վերջին» հեղափոխականն է, որ պայթեցնում է տիեզերքի բուն կեղծ իմաստն ու դրանով ճանապարհ բացում Քրիստոսի համար»:
«Սիրո ու հավատարմության» մասին կտրական պնդումն, իհարկե, անընդունելի է՝ վիպակի համատեքստում Հուդային առաջնորդողը գոռոզության մեղքն ու առաջնության ձգտումն են, բայց հեղափոխական իրավիճակը չէր կարող չազդել հեղինակի մտահղացման վրա (ի դեպ, այս առումով է նաեւ հատկանշական «համախոհների» խումբը՝ Բլոկ, Գորկի, Չուկովսկի, որոնք առնվազն այդ շրջանում «ձախ» հայացքների կրող էին): Սակայն «հեղափոխականությունն» ընդամենը ազդակ է, եւ իր ժամանակի մեջ ենթատեքստեր ունեցող խնդիրը վերաճում է համամարդկային ու համաժամանակյա խնդրի վերլուծության, ինչն էլ վիպակն արդիական է դարձնում նաեւ մեր ու մեզ հաջորդելիք օրերում:
- Ղազարոսի քույրը` Մարիամը, երբ օծում է Հիսուսի ոտքերը թանկարժեք յուղով, Հուդան հանդիմանում է նրան: Գրված է, որ նա դա ասում է ոչ թե նրա համար, որ աղքատների համար էր հոգում, այլ որովհետեւ գող էր եւ գանձարկղը ինքն էր պահում,եւ ինչ-որ այնտեղ դրվում էր, ինքն էր վերցնում: Մինչ Հիսուսին 30 արծաթով մատնելը Հուդան արդեն գողություն էր անում գանձանակից: Արծաթասիրությունն ուղղակի կա՞պ ունի Հուդայի դավաճանության հետ:
- Հուդայի արծաթասիրությունը մատնության պատճառ են դիտում Մատթեոս եւ Մարկոս ավետարանիչները, Ղուկասն արծաթասիրությանը հավելում է՝ «Եվ սատանան մտավ Հուդայի մեջ…», իսկ Հովհաննեսն ընդհանրապես փողի մասին չի խոսում: Ասել է թե՝ նույնիսկ կանոնական տեքստերում արծաթասիրությունը մատնության առաջնապատճառ չի դիտվում: Անդրեեւը հատկապես «սակարկման» դրվագն օգտագործում է Հիսուսի վեհացման ու ծերակույտի նվաստացման համար: Այս դրվագում, ուր Հուդան թվարկում է Ուսուցչի առաքինություններն ու շնորհները, քահանայապետ Աննան իշխանատենչ ու շահամոլ մեկն է:
Կան Հուդայի դավաճանության նաեւ այլ մեկնաբանություններ: Որոշ հետազոտողներ կարծում են, որ Հուդան Հռոմի լծի դեմ հրեա ժողովրդի պայքարի՝ զելոտների շարժման մասնակից է եղել, ոմանք դավաճանությունը բացատրում են Հիսուսի ուսմունքից հիասթափվելով, Բորխեսը խոսում է Հուդայի ինքնազոհաբերման մասին, Ժոզե Սարամագոն՝ Հիսուսի խնդրանքը կատարելու մասին: Գրականության մեջ նաեւ Հուդայի՝ Հռոմի գործակալ լինելու վարկած կա…
Ամեն դեպքում՝ հարցը մնում է բաց, սակայն արծաթասիրությունն, իմ կարծիքով, առաջնային չէ. ի վերջո, Հուդան հետ է շպրտում մատնության երեսուն արծաթը…
- Այս գրքում Հիսուսը գումարը ազատորեն օգտագործելու իրավունք է տալիս, ինչը Հուդային ազատում է գողանալու մեղքից եւ առաքյալների մեղադրանքներից: Ինչպե՞ս եք բացատրում Անդրեեւի այս մոտեցումը: Գուցե Հիսուսը Հուդայի ձեռքը տալով գանձնակը` արծաթը, նրան չսխալվելու հնարավորությո՞ւն էր տալիս: Մյուս կողմից Հուդայի մատնությունն ի սկզբանե կանխորոշված էր:
- Հիսուսը Հուդային գողության մեղքից չի ազատում, այլ ընտրության իրավունք է տալիս, ինչպես տվել է յուրաքանչյուրիս: «Դու ասացիր»-ը մեծագույն բանաձեւ է, որով մարդը բարձրանում է ազատության միանգամայն այլ աստիճանի՝ զերծ պարտադրանքներից ու պայմանականություններից: Կարող ես լինել վեհ ու նվաստ, բարի ու չար, գծուծ ու շռայլ… Դու ես որոշում: Քեզ ճանապարհ ընտրելու ազատություն է տրված, որի վերջում էլ պահանջվելու է՝ ըստ քո ընտրության:
Ինչ վերաբերում մատնության կանխորոշվածությանը, ապա իմ կարծիքով, ճիշտ կլինի խոսել ոչ թե ՄԱՏՆՈՒԹՅԱՆ, այլ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ մասին:
Մատնությունն, ի վերջո, այսպես ասենք՝ առարկայական-արտաքին գործողություն է, որը պահանջում է առնվազն երկու եզր՝ մատնիչ ու պատվիրատու (Հուդա - Աննա), իսկ դավաճանությունը հոգեբանական-ներքին գործընթաց է, որը ոչ միայն կարող է գործնական դրսեւորումներ չունենալ, այլեւ նույնիսկ չբարձրաձայնվել, սակայն չի դադարում դավաճանություն լինել: Ի վերջո, Անդրեեւն էլ խոսում է «դավաճանության հոգեբանության, էթիկայի ու կիրառության» մասին: Եվ հենց այս տեսանկյունից՝ հավասարեցնում է Հուդային ու առաքյալներին: Դավաճանություն չէ՞ Պետրոսի երիցս ուրացումը, որ Հիսուսն ինքն է կանխատեսում, Թովմասի անհավատությունը, առաքյալների նիրհը, ապա փախուստը Գեթսեմանիում, չարչարանաց ուղին անցնող, ապա խաչ հանվող Հիսուսին օգնության չհասնելը, թաքնվելը, իրիկնահացը եւ այլն, եւ այլն… Ստացվում է, որ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ մեղքից զերծ չեն բոլո՛ր առաքյալները, բայց ՄԱՏՆՈՒԹՅԱՆ մեղքը միա՛յն Հուդայինն է, ՄԱՏՆԻՉԸ մեկն է: Անկախ պատճառներից, խնդիրներից ու նպատակադրումներից: Եվ դա միանշանակ է ոչ միայն վիպակում, այլեւ կանոնական ավետարաններում:
-Անդրեեւը նաեւ ակնարկում է, որ Հուդան գիտեր, որ մատնելով տիրոջը, ինքն իրեն է կործանելու: Եվ իսկապես, մատնությունն ավարտվում է Հուդայի զղջումով ու ինքնասպանությամբ: Թվում է` Անդրեեւը Հուդային արդարացնելու փորձեր է անում կամ գուցե փորձում հասկանա՞լ դրդապատճառները մատնության:
-Դեպքերի ընթացքից, թերեւս, կարելի է եզրահանգել, թե Հուդան ցանկանում էր մատնության միջոցով տեսանելի դարձնել Հիսուսի աստվածությունը: Զղջումն ու ինքնասպանությունը հետո են, երբ սինեդրիոնն ու հռոմեացիները Աստծուն սպանում են որպես մարդու, իսկ աշակերտները ուրանում են Ուսուցչին: Անդրեեւը չի արդարացնում Հուդային. մատնությունն արդարացում չունի:
Դրդապատճառների վարկածներն էլ արդեն թվարկեցի, կարող եմ հավելել՝ գոռոզությունն ու առաջնության մրցակցությունը աշակերտների հետ, սեփական չկայացած կյանքից վրեժխնդիր լինելու ցանկությունը, սեփական մեղքերն ու սխալները ուրիշներով պատճառաբանելու թյուրամտությունը… Ծանոթ չէ՞ այս ամենը, զարմանալիորեն մարդկային ու մերը չէ՞: Ծանոթ չէ՞ համբուրելով մատնելը. Ի վերջո, հարազատն է դավաճանում, օտարն ինչպե՞ս կարող է դավաճանել: Այսպես է մեր շարքային կյանքերից մինչեւ մարդկության մեծագույն իրադարձությունները: Հուդան միշտ եղբայր է, ընկեր, աշակերտ… Այստեղից էլ հետեւություն. Անդրեեւը փորձում է ոչ թե գտնել Հուդայի մեղքի դրդապատճառները, այլ մարդու մեղսավորության պատկերն է ներկայացնում:
Մարդուն իր մեղսավորությունն է նրան մղում արարքի, տվյալ դեպքում՝ դավաճանության ու մատնության, պարզապես ոմանք ընտրում են գայթակղությանը դիմակայելու, ոմանք՝ հոգին վաճառելու ճանապարհը: Դարձյալ «Դու ասացիր»-ն է:
- Ի՞նչ կասեք գրքի գեղարվեստական արժեքի, թարգմանության ընթացքի եւ Ձեր զգացողությունների մասին: Ի վերջո` ի՞նչ նոր բան կարող է ասել գիրքը ընթերցողին:
- Լեոնիդ Անդրեեւը ռուսական Արծաթե դարի երեւելիներից է, եւ սրանով, կարծում եմ, վիպակի գեղարվեստական արժեքի մասին ամեն ինչ ասված է: Հետաքրքիր է նաեւ, որ չնայած միստիկական տեսանողությանը, նրա տեքստը երբեք բարդ չէ (օրինակ, Անդրեյ Բելիի համեմատությամբ): Դժվարությունը, թերեւս, Ավետարանի կանոնական տեքստերի ու անդրեեւյան տեքստի «անհամաձայնությունները» «մարսելն» է: Բայց դա էլ իրականում դժվարություն չէ, եթե Կտակարանը «հին-հին դարուց հիշատակ» ինչ-որ բան չես համարում, այլ քո շուրջն ու քեզ հետ կատարվող իրողություն: Եթե Հիսուսը ոչ թե կրկնվող եկեղեցական ծեսի գլխավոր հերոս է (ինչպես, ավաղ, հաճախ ներկայացվում ու շատերի կողմից այդպես էլ ընկալվում է), այլ քո Ուսուցիչը, ավելին՝ նաեւ քո թուլակամությամբ ու թողտվությամբ զոհված ընկերդ ու խոստովանության եղբայրդ, մեղքն ու ողբերգությունը նաեւ քոնն է դառնում, եւ շարունակում ես ապրել՝ մեղքդ քավելու ու ողբերգության պատճառը հասկանալու համար: Այստեղից էլ՝ հարցի պատասխանը. Անդրեեւի գիրքը նոր բան չի տալու ընթերցողին, որովհետեւ հավերժականը երբեք հին ու նոր չի լինում. Մի՛շտ է: Պարզապես տալիս է Հիսուս Քրիստոսի խոսքին ու կյանքին վերստին հպվելու, ոչ թե ապրումակից, այլ ժամանակակից ու մասնակից լինելու հնարավորություն:
Արմինե Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: