Տաթեւիկ Վարդանյան. Նամակ «Ավրորայի» հերոսին - Mediamax.am

1027 դիտում

Տաթեւիկ Վարդանյան. Նամակ «Ավրորայի» հերոսին


Լուսանկարը`


Բարև…

 

Այս նամակը գրում եմ այն հավատով, որ Դուք  անպայման կընթերցեք:  Գրում է մի աղջիկ, ով ապրում է Ձեզանից հազարավոր կիլամետրեր հեռու, տարբեր է տարիքով, մշակույթով, դավանանքով: Բայց մի ընդհանրություն միավորում է մեզ՝ ինձ, Ձեզ, մայրիկիս…

 

Մայրս  (ի դեպ նա Ձեր տարիքին է) սովորական դպրոցի հասարակ ուսուցիչ է: Նա շրջապատից տարբերվում է իր յուրօրինակ վարվելակերպով: Մտերիմները նրան Մայր Թերեզա են անվանում: Երբ լսում է, երազային ժպիտով պատասխանում է՝ երանի՜... Չեմ հիշում՝ երբևէ դպրոց չգնա: Նա երբեք չի հիվանդանում: Սակայն հաճախ մեզ թողնում էր հիվանդ՝ մեկս մյուսի խնամքին, բարձր ջերմության մեջ, անկողնուն գամված և շտապում դպրոց: Մենք, նախանձելով նրա աշակերտներին, երբեմն մանկական անմիջականությամբ հարցնում էինք. «Մայրի՛կ, մե՞զ ես շատ սիրում, թե քո աշակերտներին»: Այդ հարցի պատասխանը այդպես էլ  չստացանք:

 

Երբ ծնվեց եղբայրս, իմ նորանկախ  երկրում պատերազմ էր, սով, ցուրտ, մութ… Դպրոցներում չկային ուսուցիչներ, ոմանք մեկնել էին պատերազմ, ոմանք թողել էին դպրոցը: Չորս ամսական երեխային մայրս թողեց երեք անչափահաս դպրոցահասակ աղջիկների խնամքին և շտապեց դպրոց: «Աշակերտներս մեղք են, դուք մի կերպ յոլա կգնաք»: Աշխատում էր առանց աշխատավարձի, ոտքով կտրում էր 5-6 կիլոմետր՝ արհամարհելով ձյունն ու սառնամանիքը, իսկ իմ երկրում ձմեռները այնքա՜ն դաժան են:

 

Մի օր դպրոցից վերադարձավ  անսովոր ուրախությանբ: Պատմեց. «Մի  երեխա միջանցքում կանգնած լաց էր լինում: Հարցրի պատճառը: Կորցրել էր 200 դրամը: Գումարը սահեց նրա ափի մեջ: Երեխան արցունքների միջից ժպտաց ու հեռացավ: Էնքան քիչ բան է պետք երեխային երջանկացնելու համար»:

 

Այսպիսին է մայրս…Այսօր էլ նա աշխատում է՝ իր շրջապատին անմնացորդ բաժանելով սեր, գութ, քնքշանք, ջերմություն…

 

Գլորվեցին տարիներ… Ամեն առավոտ շտապում եմ նախակրթարան, որտեղ ինձ են սպասում իմ սիրելի փոքրիկները: Քառասուն զույգ մանկական անմեղ աչքեր ողջունում են, հպվում ինձ, անկեղծանում: Երբ խնդիր դրվեց հայրենիքից հեռանալու (իսկ հեռուներում մեզ սպասվում էին բարեկեցիկ կյանք, բարձր աշխատավարձ, շքեղ մեքենաներ), ես ընդդիմացա. ինչպե՞ս կարող եմ ապրել առանց իմ փոքրիկների. չէ՞ որ նրանց սիրում եմ իմ երեք երեխաների չափ:

 

Սիրելի՛ Մարգարիտ Բարանկիցե: Կներեք: Ես անընդհատ պատմում եմ մեր մասին՝ մոռանալով, որ տիեզերական Ձեր սիրո համեմատ մերը ընդամենը մի փոքրիկ աստղիկ է: Այնպես կուզենայի երբևէ հպվել Ձեզ, գլուխս դնել Ձեր ծնկներին, նայել Ձեր աչքերի անհունի մեջ և շշնջալ. «Այնուամենայնիվ, ինչ-որ բան միավորում է մեզ՝ ինձ, Ձեզ, մայրիկիս»:

 

Անկեղծ սիրով՝ Տաթևիկ

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին