Հարություն Մկրտչյան. Նամակ «Ավրորայի» հերոսին - Mediamax.am

3306 դիտում

Հարություն Մկրտչյան. Նամակ «Ավրորայի» հերոսին


Լուսանկարը`


Բերնարդ Կինվի’, մա’րդ Աստծո, հարգելի’ բարեկամ… Սրանից շատ տարիներ առաջ` 2004 թվականին, ես 15 տարեկան էի: Այն ժամանակ երազում էի դառնալ լրագրող և դեռ 8-րդ դասարանում էի:

 

Բարեկամ, այդ օրը` 2004 թվականի փետրվարի 19-ին, հեռուստաալիքները հայտնեցին, որ Բուդապեշտ քաղաքում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը կացնով սպանել է ազգությամբ հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Նոր–նոր պատանի դարձող տղա էի, ու ողջ մարմնովս սարսուռ անցավ: Պատկերացնում ե՞ք, մարդը քնած է եղել իր հյուրանոցային համարում, և մի ուրիշը վերցրել է կացինն ու քնած մարդուն կացնահարելով սպանել…

 

Սարսափելի էր, ես մի քանի օր դպրոց գնալ չկարողացա: Հիվանդացա դեղնախտ հիվանդությամբ: Վախեցել էի: Մինչ օրս ձեռքերս դողում են այդ հիվանդությունից, այդ վախից: Վախս մարդուց էր: 15 տարեկան էի, ու սկսեցի վախենալ մարդուց:

 

Դուք այնտեղ չէիք, որ վերցնեիք կացինն ու արգելեիք այդ սպանությունը: Դուք այնտեղ չէիք, որ Գուրգենը իր խաղաղ քնի մեջ մնար: Ինչո՞ւ այնտեղ չէիք: Հա’յր Կինվի, խնդրում եմ, ինձ ասեք՝ ինչո՞ւ բոլոր քաղաքներում ու քաղաքների տներում չկան Ձեզ պես փրկիչներ:

 

Բայց, մինչ կմտածեք, թե ինչո՞ւ այնտեղ չէիք, շարունակեմ…

 

Մի քանի տարի անց մարդասպանին ազատ արձակեցին ու շնորհեցին ազգային հերոսի կոչում: Այն, ինչ գրում եմ, ֆանտաստիկայի կամ սարսափ ֆիլմի ժանրից չէ: Սա մարդասպանության հերոսացման միայն մեկ դրվագ է:

 

Այսպես, ուրեմն, հարգելի’ Բերնարդ, այդ մարդասպանին՝ կացնով քնած մարդուն դաժանաբար սպանողին, շնորհեցին ազգային հերոսի կոչում, նրա անունով փողոցներ անվանակոչեցին, իսկ այդ երկրի պետության ղեկավարի գլխավորությամբ նրան գովերգում են ամեն օր: Հիմա նրանց դպրոցներում Ռամիլ Սաֆարովը համարվում է հերոսի դասական օրինակ:

 

Այդպես էլ մեր բախտը չի բերել: Մենք՝ հայերս, մեր ողջ պատմության մեջ պայքարել ենք մեր սեփական մահով մահանալու իրավունքի համար: Դարեսկզբին օսմանյան թուրքերը միլիոններով կոտորեցին ու արտաքսեցին, բայց մենք ապրում ենք, որ ապացուցենք բարու անմահության մասին աստվածային ճշմարտությունը:

 

Դարեվերջին այդ ամենը՝ ցեղասպանությունը, անում է Ադրբեջանը: Գուրգեն Մարգարյանի սպանությունը ցեղասպանության միայն մեկ դրվագ է:

 

Հա’յր Կինվի, մենք մի բանաստեղծ ունենք՝ Հովհաննես Թումանյանը, Թումանյանը Ձեզ պես փրկել է ցեղասպանված մարդկանց որբ զավակներին: Թումանյանը գիշեր-ցերեկ որբանոցներում էր: Որբերը անտուն ու աներկինք էին մնացել, ու Ձեզ պես մեր մեծ պոետն էլ փրկիչ էր: Ու մեր փրկիչ պոետն ասում էր, որ «բերանն արնոտ մարդակերը էն անբան, հազար դարում հազիվ դարձավ մարդասպան»:

 

Հա’յր Կինվի, հազար դար էլ պետք է, որ մարդը մարդ չսպանի: Բայց քանի դեռ կաք դուք և Ձեզ պես մարդ փրկողները, մենք կքնենք հանգիստ: Մարդկությունը, ի վերջո պետք է իմանա, թե ով է հերոսն ու ով է մարդասպանը:

 

Ուզում եմ այս կերպ գոռալ աշխարհին, որ կանգ առնեն, ուզում եմ բղավել, որ հերոսը Սաֆարովը չէ, այլ դո’ւք եք հերոսը: Խնդրում եմ Ձեզ, շրջեք աշխարհով մեկ ու փրկեք Մարգարյաններին Սաֆարովներից, խնդրում եմ, փրկեք զոհերին մարդասպաններից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին