50 գլոբալ հայերը. Գարեգին Պապոյան - Mediamax.am

exclusive
20718 դիտում

50 գլոբալ հայերը. Գարեգին Պապոյան

Մեդիամաքս-ը շարունակում է «50 գլոբալ հայերը» նախագիծը եւ ներկայացնում է հերթական հերոսին` Գարեգին Պապոյանին` ԱՄՆ Մերիլենդի համալսարանի համակարգչային կենսաքիմիայի պրոֆեսորին:

Գարեգին Պապոյանը
Գարեգին Պապոյանը

Լուսանկարը` Գ.Պապոյանի անձնական արխիվից:

Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ, որը համարվում է երկրի ամենահին կառույցը:
Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ, որը համարվում է երկրի ամենահին կառույցը:

Լուսանկարը` Գ. Պապոյանի անձնական արխիվից:

Քորնուելի ավարտական միջոցառմանը Ռոալդ Հոֆմանի հետ:
Քորնուելի ավարտական միջոցառմանը Ռոալդ Հոֆմանի հետ:

Լուսանկարը` Գ. Պապոյանի անձնական արխիվից:

Ծաղկաձորոի Միջազգային կոնֆերանսի մասնակիցների հետ՝ Զվարթնոցում, 2010թ:
Ծաղկաձորոի Միջազգային կոնֆերանսի մասնակիցների հետ՝ Զվարթնոցում, 2010թ:

Լուսանկարը` Գ. Պապոյանի անձնական արխիվից:

Ծաղկաձորի միջազգային կոնֆերանսի ուսանողների հետ, 2010թ:
Ծաղկաձորի միջազգային կոնֆերանսի ուսանողների հետ, 2010թ:

Լուսանկարը` Գ. Պապոյանի անձնական արխիվից:


Մեդիամաքս-ը շարունակում է «50 գլոբալ հայերը» նախագիծը եւ ներկայացնում է հերթական հերոսին` Գարեգին Պապոյանին` ԱՄՆ Մերիլենդի համալսարանի համակարգչային կենսաքիմիայի պրոֆեսորին: 

Գարեգին Պապոյանը ծնվել է Երեւանում: Չորրորդ դասարանում ծնողների հետ մեկնել է Պերու, ինչը, նրա խոստովանմամբ, փոխել է իր բազմաթիվ պատկերացումները: Երեւանում ֆիզիկամաթեմատիկական դպրոցն ավարտելուց հետո որպես համամիութենական օլիմպիադայի մրցանակակիր մեկնել է Մոսկվա` Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Բարձրագույն քիմիական քոլեջ: Այն ավարտելուց հետո ուսումը շարունակել է ԱՄՆ-ում, որտեղ Քորնուելի համալսարանում պաշտպանել է դոկտորական թեզ քվանտային քիմիայի գծով: Աշխատել է Փենսիլվանիայի, Կալիֆորնիայի եւ Հյուսիսային Կարոլինայի համալսարաններում: Վերջին երեք տարիներին աշխատում եւ դասախոսում է Մերիլենդի համալսարանում, որտեղ հանդիսանում է քիմիայի եւ կենսաքիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ: Գարեգինը ավելի քան 60 գիտական հոդվածների հեղինակ է` տպագրված հեղինակավոր միջազգային ամսագրերում: Նրա գիտական գործունեությունը նշանավորվել է բազմաթիվ մրցանակներով, այդ թվում` NSF CAREER, Camille Dreyfus Teacher-Scholar եւ Beckman Young Investigator, որոնք երիտասարդ գիտնականների համար ամենահեղինակավոր պարգեւներն են ԱՄՆ-ում:

 

Ես ծնվել ու մեծացել եմ Երեւանում: Առաջին երեք դասարանները սովորել եմ Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում: Բայց երբ փոխադրվեցի չորրորդ դասարան, ծնողներս որպես ինժեներներ գործուղվեցին Պերու: Լիմայում ես երկու տարի սովորեցի ԽՍՀՄ դեսպանատանն առընթեր դպրոցում, որտեղ ինձ դասավանդում էին հիանալի ուսուցիչներ, հիմնականում` դիվանագետների կանայք, ովքեր շրջագայել էին ամբողջ աշխարհում, խոսում էին բազմաթիվ լեզուներով եւ ունեին շատ լայն աշխարհայացք: Այնտեղ ես սկսեցի կատարյալ տիրապետել ռուսերենին, ինչն ինձ թույլ տվեց հաղորդակից լինել ռուս դասականներին եւ կարդալ մասնագիտական գրականություն, որը ոչ միշտ էր թարգմանվում հայերեն: Ամենաթարմ ֆիլմերով ու ներկայացումներով գրեթե ամեն շաբաթ մեզ մոտ էին գալիս Խորհրդային Միության լավագույն դերասաններն ու ռեժիսորները, օրինակ, Լեոնիդ Ֆիլատովը:

 

Առհասարակ, Պերուի կենսափորձը հսկայական ազդեցություն ունեցավ իմ հետագա զարգացման վրա: Դեսպանատանն առընթեր դպրոցում ուսուցումը զգալիորեն ընդլայնեց իմ գիտելիքները, քանի որ շրջակա միջավայրը շատ բարենպաստ էր: Այնտեղ կար հիանալի գրադարան. ես պարբերաբար սկսեցի կարդալ բազմաթիվ ամսագրեր: Ես լրջորեն հրապուրվեցի գիտական ֆանտաստիկայով եւ մշտապես երազում էի ապագայի տիեզերանավերի մասին: Արեւադարձային Լիմայում զբոսանքների ընթացքում ծնողներիս հետ կարող էինք ժամերով խոսել քաղաքականության մասին Խորհրդային Միությունում եւ արտասահմանում, քննարկել մշակույթին, տեխնիկային եւ գիտությանը վերաբերող խնդիրներ: Հենց այդ միջավայրն ու զրույցները հիմք դրեցին իմ աշխարհայացքին, եւ հենց այստեղ մեծամասամբ կանխորոշվեց իմ հետագա ուղին:  

 

Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ, որը համարվում է երկրի ամենահին կառույցը:

Լուսանկարը՝ Գ. Պապոյանի անձնական արխիվից:

 

Վերադառնալով Երեւան` եւս երկու տարի սովորեցի Բելինսկու անվան դպրոցում, ապա ընդունվեցի ֆիզիկամաթեմատիկական դպրոց: Պետք է նշեմ, որ այդ դպրոցում դասավանդումը շատ բարձր մակարդակի վրա էր, նույնիսկ կարելի է ասել` համաշխարհային մակարդակի: Դա ինձ համար էլ ավելի ակնհայտ դարձավ տարիներ անց, երբ ինձ հնարավորություն ընձեռվեց շատ շրջագայել աշխարհում եւ մասնագիտորեն զբաղվել կրթության ոլորտով:

 

Ես հետաքրքրվեցի օլիմպիադաներով եւ սկսեցի մասնակցել դրանց բոլոր ճշգրիտ գիտություների գծով: Հանրապետական օլիմպիադաներում զբաղեցնելով առաջին տեղերը մաթեմատիկայից, ֆիզիկայից, քիմիայից եւ կենսաբանությունից` ես պետք է մասնակցեի համամիութենական օլիմպիադային, բայց միայն մեկ ուղղությամբ: Չնայած ավելի ուժեղ էի մաթեմատիկայից եւ ֆիզիկայից, բայց ընտրեցի քիմիան, քանի որ վաղ հասակից վստահ էի, որ ընտրելու եմ բժշկի կարիերան: 

 

Քիմիայի համամիութենական օլիմպիադաներում 9-րդ եւ 10-րդ դասարաններում ես զբաղեցրի մրցանակային տեղեր եւ նախապատրաստական դասընթացներ անցա ձմեռային հավաքներում` միջազգային օլիմպիադային մասնակցելու նպատակով: ԽՍՀՄ կրթության նախարարի հրամանով ձմեռային դասընթացների բոլոր 6 մասնակիցները հնարավորություն ստացան ընդունվել երկրի ցանկացած բուհ` առանց քննություն հանձնելու: 

 

Առջեւում 1990 թվականն էր: ԽՍՀՄ կրթության պետական կոմիտեն ու Գիտությունների ակադեմիայի նախագահությունը որոշեցին Մոսկվայում ստեղծել էլիտար բուհ, որը հետագայում դարձավ քիմիական կադրերի կարեւոր դարբնոց Ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտների համար: Այդպես ի հայտ եկավ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Բարձրագույն քիմիական քոլեջը, որում դասավանդումը գտնվում էր ամենաբարձր մակարդակի վրա: Հաշվի առնելով, որ այնտեղ սովորում էին օլիմպիադաների մասնակիցներ, 16-17 տարեկան ուսանողներին բաժին էր ընկնում ասպիրանտուրայի մակարդակի ծրագիր: Առաջին կուրսից մենք զբաղվում էինք գիտական լուրջ աշխատանքով` հնարավորություն ստանալով մեր առաջին հոդվածները տպագրել հեղինակավոր գիտական ամսագրերում` դեռեւս ուսանող լինելով: 

 

Ուսուցման համակարգում ներառված էին նաեւ արտասահմանյան փորձառություններ ԱՄՆ-ում: Երրորդ կուրսում գրեթե բոլոր ուսանողները ստաժավորման գործուղվեցին ԱՄՆ, նրանց մի մասը հենց այնտեղ էլ մնաց: Իսկ ես վերադարձա Ռուսաստան եւ ԱՄՆ մեկնեցի մեկ տարի անց` 1994-ին, Բարձրագույն քիմիական քոլեջում ուսումս ավարտելուց հետո:

 

ԱՄՆ-ում Գարեգինը նախ ստանում է մագիստրոսի կոչում Քանզասի համալսարանում, ապա` 1999թ., դոկտորի աստիճան (PhD)` պաշտպանելով քվանտային քիմիայի գծով դիսերտացիան Քորնուելի համալսարանում (Cornell University), որը մտնում է ամերիկյան էլիտար բուհերի խմբի, այսպես կոչված, «Բաղեղի լիգայի» մեջ:

 

Իմ բախտը մեծապես բերել է, որ թեզիս ղեկավարը Ռոալդ Հոֆմանն էր (Roald Hoffmann)` XX դարի ամենաականավոր քիմիկոսներից եւ ժամանակակից քվանտային քիմիայի հիմնադիրներից մեկը, ինչի համար նա 1981թ. արժանացել է Նոբելյան մրցանակի: Նա հանճարեղ անձնավորություն է, ով հաջողությունների է հասել ինչպես ճշգրիտ, այնպես էլ հումանիտար գիտությունների ասպարեզում, հրատարակում է հիասքանչ գրքեր փիլիսոփայության, գիտության եւ կրոնի միջեւ կապի վերաբերյալ, ինչպես նաեւ գրում է բանաստեղծություններ ու պիեսներ: Նրա հետ 4 տարվա շփումն ու աշխատանքը լավագույն կենսափորձերից մեկն էր իմ կյանքում:

 

Քորնուելի ավարտական միջոցառմանը Ռոալդ Հոֆմանի հետ:

Լուսանկարը՝ Գ. Պապոյանի անձնական արխիվից:

 

Ասպիրանտուրայի վերջին կուրսում ես հանդիպեցի ապագա կնոջս: Հետո մենք տեղափոխվեցինք Ֆիլադելֆիա, որտեղ ես աշխատանքի անցա Փենսիլվանիայի համալսարանում: Ապա կրկին տեղափոխվեցինք, այս անգամ` Սան-Դիեգո, որտեղ երեք տարի աշխատեցի Կալիֆորնիայի համալսարանում Փիթեր Վոլինեսի ղեկավարության ներքո, ում հետ մենք մի քանի հետաքրքիր բացահայտումներ կատարեցինք: Որպես անկախ պրոֆեսոր` 2004թ. աշխատանք ստացա Հյուսիսային Կարոլինայի համալսարանում, իսկ 2010թ. ձեռք բերեցի դասախոսի մշտական պայմանագիր (Academic tenure): Դրանից հետո Մերիլենդի համալսարան տեղափոխվելու հետաքրքիր առաջարկ ստացա եւ ընդունեցի այն: Արդեն 3 տարի աշխատում եմ Monroe Martin Associate Professor-ի պաշտոնում քիմիայի եւ կենսաքիմիայի ֆակուլտետում, ինչպես նաեւ հանդիսանում եմ այդ ֆակուլտետի ասպիրանտուրայի ղեկավարը:

 

Չնայած դոկտորական աշխատանքս նվիրված էր քվանտային քիմիային, բայց հետագայում հետաքրքրություններս խիստ փոխվեցին, եւ տվյալ պահին ես հիմնականում զբաղվում եմ կենսաֆիզիկայով: Տեխնոլոգիաների զարգացման արդյունքում ձեւավորվել է նոր ուղղություն` համակարգչային կենսաբանություն: Այժմ հնարավորություն կա համակարգիչների միջոցով մոդելավորել ամեն ինչ` սպիտակուցներից մինչեւ ամբողջական օրգանիզմներ եւ էկոհամակարգեր: Բայց պետք է խոստովանեմ, որ չնայած մեծ հաջողություններին, ժամանակակից գիտությունը գտնվում է բավականին պրիմիտիվ մակարդակում: Եթե մենք հասնենք նրան, որ կարողանանք մոդելավորում կատարել այն մակարդակում, որում, օրինակ, իրականացվում է շինությունների, մեքենաների եւ ինքնաթիռների մոդելավորումը, ապա դա կհանգեցնի նրան, որ հնարավորություն կստեղծվի լուծել բազմաթիվ խնդիրներ` կապված բժշկության եւ ժամանակակից հասարակության հրատապ խնդիրների հետ: Բայց, իհարկե, դա դեռեւս հեռավոր ապագայի խնդիր է: Մենք եւ բազմաթիվ այլ խմբեր ներկայումս ստեղծում ենք հայեցակարգային եւ տեխնոլոգիական հիմքեր այդ գաղափարները կյանքի կոչելու համար:  

 

Ներկայումս մեր լաբորատորիայում մենք մշակում ենք ծրագրային փաթեթներ սպիտակուցների, ԴՆԹ-ների եւ նույնիսկ ամբողջական բջիջների մոդելավորման համար: Բոլորին հայտնի է, որ սպիտակուցներն են իրականացնում մեր օրգանիզմի կենսաքիմիական ֆունկցիաների մեծ մասը: Ժառանգական հիվանդություններից շատերն առաջանում են սպիտակուցների մուտացիայի արդյունքում, եւ եթե մենք անհրաժեշտ մակարդակով հասկանանք, թե ինչով է դա պայմանավորված, ապա կարող ենք ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկել այդ հիվանդությունների (այդ թվում նաեւ` քաղցկեղի) դեմ պայքարի համար:

 

Գարեգինը շատ է ճանապարհորդում` մասնակցելով ամբողջ աշխարհում կազմակերպվող կոնֆերանսներին եւ սիմպոզիումներին: Մեր զրույցից մեկ շաբաթ հետո նա պետք է մեկներ Բարսելոնա, ապա` Պեկին: 

 

Ընտանիքի հետ Օքսֆորդում, 2012թ:

Լուսանկարը՝ Գ. Պապոյանի անձնական արխիվից:

 

Ինձ շատ է դուր գալիս տարբեր երկրներում մասնակցել համաժողովների ու սեմինարների, ծանոթանալ տարբեր մշակույթների հետ, սովորել, հանդիպել նոր մարդկանց: Գիտության բնագավառում պետք է մշտապես շփվել մարդկանց հետ, այլապես շատ արագ հետ կմնաս կյանքից: Ցավոք, դա խլում է ընտանիքիդ հետ շփվելու թանկ ժամանակը. ես ունեմ երկու փոքր երեխա եւ, բնականաբար, ցանկանում եմ նրանց հնարավորինս շատ ժամանակ տրամադրել:

 

Վերջին տարիներին Գարեգինը տարին մեկ այցելում է Հայաստան` համագործակցելով հայ գիտնականների հետ: 2010թ. նա Ծաղկաձորում կենսաֆիզիկայի վերաբերյալ միջազգային գիտական համաժողովի կազմակերպիչներից մեկն էր:

 

Ծաղկաձորոի Միջազգային կոնֆերանսի մասնակիցների հետ՝ Զվարթնոցում, 2010թ:

Լուսանկարը՝ Գ. Պապոյանի անձնական արխիվից:

 

Գոյություն ունի մի ծրագիր` ANSEF (Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամ), որի հիմնադիրներից եւ ներկայացուցիչներից մեկը հանդիսանում է հայտնի աստղաֆիզիկոս, պրոֆեսոր Երվանդ Թերզյանը` Քորնուելի համալսարանից: Ամենադժվարին տարիներին, երբ Հայաստանում շատ մեծ դժվարություններ կային` կապված գիտության ֆինանսավորման հետ, ANSEF-ը բազմաթիվ գիտնականների օգնել է ոչ միայն գոյատեւել, այլեւ ստեղծել նոր ծրագրեր եւ արդյունքում ձեռք բերել միջազգային դրամաշնորհներ: Իմ եղբայր Աշոտ Պապոյանը, ով ընդգրկված է հիմնադրամի ղեկավար խորհրդի կազմում, 15 տարի շարունակ ինձ ընդգրկել է որպես փորձագետ, որպեսզի ես դիտարկեմ քիմիայի վերաբերյալ առաջարկները: Ըստ իս, եղել են մեծ թվով հետաքրքիր ծրագրեր, եւ ինձ համար հետաքրքիր է եղել հետեւել գիտնականների կարիերայի զարգացմանը, ովքեր դրամաշնորհ են ստացել ANSEF-ից:

 

Վերջին տարիներին սկսել եմ շփվել նաեւ կենսաֆիզիկոսների հետ եւ համատեղ ծրագիր եմ իրականացնում ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոնի հետ: Գերմանացի գիտնականների հետ համատեղ նրանք վերջերս գիտաժողով անցկացրին Երեւանում, որին ես հաճույքով մասնակցեցի: Եվս մեկ միջազգային կոնֆերանս ես կազմակերպել եմ այժմ Կանադայում ապրող հայ գիտնական Տիգրան Չալիկյանի հետ միասին: Ծաղկաձոր էին եկել մեծ թվով գիտնականներ Կանադայից, Ճապոնիայից, Իսրայելից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, նախկին ԽՍՀՄ երկրներից: Նման կոնֆերանսներն օգտակար են երիտասարդ հայ գիտնականների համար. շփումը միջազգային մեծության գիտնականների հետ չափազանց կարեւոր է:

 

Ծաղկաձորի միջազգային կոնֆերանսի ուսանողների հետ, 2010թ:

Լուսանկարը՝ Գ. Պապոյանի անձնական արխիվից:

 

Անկասկած, խորհրդային տարիներին Հայաստանն առաջատար հանրապետություններից էր գիտության տեսանկյունից: Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս շատ հայ գիտնականներ արժանացել են միջազգային ճանաչման, ստացել հեղինակավոր մրցանակներ եւ ընտրվել տարբեր ակադեմիաներում: Դրանից շատ բան դեռ մնացել է. մարդկային ռեսուրսը դեռեւս շատ մեծ է, եւ այդ տեսանկյունից ես կարեւոր ներուժ եմ տեսնում: Հասկանալի է, որ Հայաստանը սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկիր է, որը չի կարող ամբողջությամբ հովանավորել գիտության բոլոր ճյուղերը: Բայց հնարավոր է հայտնվեն ինչ-որ առաջնահերթ ուղղություններ, որոնցով Հայաստանը առաջատարի դեր կատարի միջազգային ասպարեզում: Հուսով եմ, կառավարության եւ հասարակության ջանքերով երկրում կստեղծվեն համապատասխան պայմաններ, կկիրառվի ռազմավարական պլանավորում կրթության եւ գիտության ոլորտում:

 

Հնարավոր չէ լրջորեն զբաղվել գիտությամբ կարճաժամկետ հեռանկարում: Մեծ հաջողությունների հասնելու համար դրան պետք է նվիրել սեփական կյանքի զգալի մասը: Հայաստանում պետք է պայմաններ ստեղծվեն, որպեսզի գիտությունը դառնա ոչ թե էկզոտիկ, այլ նորմալ կարիերային ընտրություն երիտասարդների համար, ովքեր կիմանան, որ ընտրելով այդ ուղին` կարող են ըստ պատշաճի ապահովել իրենց ընտանիքը:

 

Գարեգին Պապոյանի հետ զրուցել է Արամ Արարատյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին