Alien: Covenant. Վահան Սոսոյանի հայկական «հետքը» - Mediamax.am

exclusive
7444 դիտում

Alien: Covenant. Վահան Սոսոյանի հայկական «հետքը»


Վահան Սոսոյանը
Վահան Սոսոյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Framestore-ի թիմը
Framestore-ի թիմը

Լուսանկարը` անձնական արխիվից

Վահան Սոսոյանը
Վահան Սոսոյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Շատերս կյանքում գոնե մեկ անգամ հոլիվուդյան ֆիլմերի վերջում լուսագրերի մեջ հայի անուն-ազգանուն ենք փնտրել, հաճախ բնազդաբար` ենթադրելով, որ հայերն ամենուր են: Հայեր Հոլիվուդում եղել են կինոյի զարգացման գրեթե բոլոր փուլերում, կան նաեւ այսօր: Մեդիամաքսը իր 50 գլոբալ հայերը խորագրի շրջանակում որոշել է ներկայացնել նաեւ համաշխարհային ֆիլմերի վիզուալ էֆեկտների վրա աշխատող հայ երիտասարդներին: Առաջինը լուսավորության տեխնիկական տնօրեն  (Lighting technical director) Վահան Սոսոյանն է:

 

***

 

29-ամյա Վահանը Սոսոյանը աշխատանքային գործունեությունը սկսել է հայկական Eskiz Studio-ում, 2009-ից աշխատել Triada Studio-ում, որն այսօր առավել հայտնի է իր Shadowmatic խաղով, որը 2015 թվականին ստացավ Apple Design Award հեղինակավոր մրցանակը:

 

2014-ից աշխատում է Լոնդոնում՝ բրիտանական Framestore ընկերությունում, որը մասնագիտացած է գեղարվեստական ֆիլմերի, գովազդային հոլովակների, տեսահոլովակների եւ անիմացիոն ֆիլմերի համար վիզուալ էֆեկտների արտադրության մեջ: Վահանն այսօր մասնագիտացած է ֆիլմերի հերոսների եւ միջավայրի հետաարտադրական լուսավորման գործում: Այլ կերպ ասած` եռաչափ մոդելավորողների ստեղծած հերոսներին եւ միջավայրերին տալիս է վերջնական տեսք եւ լուսավորություն:

 

Մայիսի 4-ին Լոնդոնում կայանալու է Ռիդլի Սքոթի երկար սպասված Alien: Covenant («Օտարը. Պատգամը») ֆիլմի համաշխարհային պրեմիերան, իսկ կինոթատրոնների էկրաններին այն կլինի մայիսի 19-ից: Այդ օրվան առանձնահատուկ սպասում է Վահան Սոսոյանը, քանի որ նա իր լուման ունի «Օտարի» կերտման գործում:

 

- Վահան, ինչպե՞ս սկսեցիր զբաղվել վիզուալ էֆեկտներով: 

 

- Ավարտել եմ Հայաստանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը, ճարտարապետ-դիզայներ եմ: Առաջին փորձերս այս ոլորտում սկսեցի Eskiz Studio-ում, որտեղ որպես 3D Generalist զբաղվում էի տեսահոլովակների, հաղորդումների եւ տարատեսակ այլ կոնտենտի պատրաստմամբ եւ մշակմամբ: 2000-ականների վերջին Հայաստանում շատ չէին այդ ոլորտում աշխատող կազմակերպությունները: Այդ ժամանակ էլ հիմնականում կոմերցիոն հոլովակների էֆեկտներով էի զբաղվում, հազվադեպ նաեւ ֆիլմերի վրա էի աշխատում: Որպես օրինակ կարող եմ բերել «Մի վախեցիր» ֆիլմը: 2009-ից աշխատանքի անցա Triada Studio-ում, որն այսօր արդեն համաշխարհային ճանաչում ունի: Աշխատել եմ «Գյումրի» գարեջրի հոլովակի վրա, հետեւել եմ նախագծի ամբողջ ընթացքին` լուծելով տեխնիկական, ինչպես նաեւ գեղագիտական բոլոր խնդիրները կապված տեսքի եւ լուսավորության հետ:   

 

«Գյումրի» գարեջրի գովազդային հոլովակը

 

- Ինչպե՞ս սկսեցիր աշխատել Framestore-ում:

 

- Triada Studio-ն լավ դպրոց էր ինձ համար: Հենց այնտեղ հասունացա եւ խորը գիտելիքներ ձեռք բերեցի: Որոշակի փուլում գալիս է մի պահ, երբ հասկանում ես, որ նորանոր բարձունքների հասնելու, նոր հմտություններ ձեռք բերելու համար անհրաժեշտ է շփվել քեզանից ավելի հմուտ մասնագետների հետ: Դիմեցի Framestore-ին աշխատանքի անցնելու համար, քանի որ այն վիզուալ էֆեկտների ոլորտում աշխարհի լավագույն կազմակերպություններից մեկն է, որի մշակած ֆիլմերը երկու «Օսկար» եւ այլ մրցանակներ են ստացել: Իմ աշխատանքներից ներկայացրել էի «Շողակաթ» հեռուստաընկերության համար Triada-ում պատրաստած անիմացիոն երեք հոլովակները, որոնք հետագայում Կիպրոսի Motion Festilval-ում գրավեցին առաջին տեղը: Հավանեցին աշխատանքներս եւ հեռախոսով հարցազրույցից անմիջապես հետո առաջարկեցին աշխատել Լոնդոնում:

- Ո՞ր ֆիլմի վրա աշխատեցիր առաջինը: Հե՞շտ էր անցումը գովազդային դաշտից ֆիլմերի հետարտադրական պրոցեսին:

 

- Ֆիլմերի վիզուալ էֆեկտների ստեղծման դեպքում աշխատանքը խիստ  տարբերվում է: Եթե գովազդային հոլովակ պատրաստելը կարող է տեւել մեկ ամիս, ապա ֆիլմի դեպքում այդ ժամկետը մեկ տարի եւ նույնիսկ ավելի է: Արտադրող ընկերությունները նկարահանումներից հետո ֆիլմը բաժանում են մի քանի մասի ու տալիս վիզուալ էֆեկտներով զբաղվող տարբեր կազմակերպություններին: Մեզ մոտ մի թիմ զբաղվում է եռաչափ միջավայրերի ստեղծմամբ, մյուսը` հերոսների շարժումներով, իսկ մեր խումբը` տեսքի եւ լուսավորման աշխատանքներով:

 

Հատվածներ Վահան Սոսոյանի աշխատանքներից

 

Տարբեր փուլեր անցնելուց հետո էֆեկտները հավաքվում են ու դառնում պատրաստի տեսարաններ: Շատ բարդ ու պատասխանատու աշխատանք է, որն ամբողջությամբ ստուգվում ու վերահսկվում է ֆիլմի supevisor-ների կողմից: Մեզնից է կախված, թե լույսն ինչպես կընկնի հերոսի վրա, բավականաչափ բնական տեսք կունենա, թե` ոչ:

 

- Ի՞նչ ֆիլմերի վրա ես աշխատել Framestore-ում այս տարիների ընթացքում:

 

- Առաջին ֆիլմը, որի վրա Framestore-ում աշխատեցի որպես Lightning Technical Director, «Գալակտիկայի պահապաններն» էր (Guardians of the Galaxy): Դրանից հետո աշխատեցի The Legend of Tarzan, Jungle Book, Guardians of the Galaxy Vol. 2-ի, Legend of the Sword ֆիլմերի լուսավորման էֆեկտների վրա:

Վահան Սոսոյանը Վահան Սոսոյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Աշխատանքը ստեղծագործական է, քանի որ աշխատում ես համաշխարհային բլոքբասթերների վրա ու մի մեծ թիմում, որտեղ տարբեր ազգերի ու մշակույթների ներկայացուցիչներ կան: Աշխատանքային գրաֆիկը խիստ է, շաբաթ օրերին էլ ենք աշխատում՝ ժամանակին հասցնելու համար: Ինչ վերաբերում է ստեղծագործելուն, բարդ է, քանի որ վերահսկիչները հետեւում են աշխատանքիդ, երբեմն թույլ են տալիս սեփական ինչ-որ շտրիխ կամ միտք ավելացնել կերպարի տեսքին եւ լուսավորությանը, բայց դա հազվադեպ է լինում:

Framestore-ի թիմը Framestore-ի թիմը

Լուսանկարը` անձնական արխիվից

Ազատ ժամանակ ունենալու դեպքում նաեւ ծրագրավորմամբ եմ զբաղվում: Մեկ տարի առաջ ATON անվամբ հավելված եմ գրել, որն անվճար եւ բաց կոդով (open source) տեղադրել եմ համացանցում: ATON-ը (Arnold to Nuke) ինտերակտիվ կապ է հաստատում երկու տարբեր ծրագրերի միջեւ եւ թույլ է տալիս աշխատել մի ծրագրում, միաժամանակ արդյունքը տեսնելով մյուսում:

 

Վահան Սոսոյանի ստեղծած հավելվածը

 

- Կինոմաններն սպասում են Ռիդլի Սքոթի լեգենդար բլոքբասթերի նոր` Alien: Covenant-ին, որի պրեմիերան կկայանա շուտով: Որքան գիտեմ, այս ֆիլմի վրա էլ ես աշխատել:

 

- Այո, որպես լուսավորող ներգրավված եմ եղել մի քանի տեսարանների հետարտադրական մշակման մեջ: Սա իմ ամենահետաքրքիր գործերից մեկն էր: Աշխատել եմ մի ֆիլմի վրա, որին ոչ միայն միլիոնավոր կինոմաններ են սպասում աշխարհ բոլոր կողմերում, այլեւ ինքս:

 

Alien:Covenant ֆիլմի պաշտոնական թրեյլերը

 

- Ո՞րն է այս ասպարեզում հաջողության հասնելու գաղտնիքը:

 

- Առանձնահատուկ ոչինչ չկա՝ պետք է բարեխղճորեն եւ որակով աշխատել: Անգլերենի լավ իմացությունը եւս կարեւոր է՝ այն թույլ է տալիս ավելի արագ շփման մեջ մտնել օտար միջավայրում:

 

Վահան Սոսոյանի հետ զրուցել է Սուրեն Ստեփանյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին