50 գլոբալ հայերը. Աիդա Արությունովա - Mediamax.am

exclusive
3413 դիտում

50 գլոբալ հայերը. Աիդա Արությունովա


Աիդա Արությունովան
Աիդա Արությունովան

Լուսանկարը` անձնական արխիվից

Աիդա Արությունովան գործընկերների հետ
Աիդա Արությունովան գործընկերների հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

Աիդա Արությունովան կոռուպցիայի թեմայով քննարկման ժամանակ
Աիդա Արությունովան կոռուպցիայի թեմայով քննարկման ժամանակ

Լուսանկարը` անձնական արխիվից

Աիդա Արությունովան գործընկերների հետ աշխատավայրում
Աիդա Արությունովան գործընկերների հետ աշխատավայրում

Լուսանկարը` անձնական արխիվից

Աիդա Արությունովան ընտանիքի հետ
Աիդա Արությունովան ընտանիքի հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

Աիդա Արությունովան ամուսնու հետ
Աիդա Արությունովան ամուսնու հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

Աիդա Արությունովան երեխաների հետ
Աիդա Արությունովան երեխաների հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

Աիդա Արությունովան ընկերուհիների հետ` Երեւանում
Աիդա Արությունովան ընկերուհիների հետ` Երեւանում

Լուսանկարը` անձնական արխիվից


Մեդիամաքս-ը շարունակում է «50 գլոբալ հայերը» հատուկ նախագիծը եւ ներկայացնում է հերթական հերոսին՝ Աիդա Արությունովային:

 

Աիդան ծնվել է Թբիլիսիում, սովորել Երեւանում եւ այսօր աշխատում է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրում (UNDP)՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի համաշխարհային ծրագրի պատասխանատու: 39-ամյա մեր հերոսուհին ավելի քան 14 տարվա աշխատանքային փորձ ունի զարգացման եւ հումանիտար աջակցության ոլորտներում: Նա աշխատում է Արեւելյան Եվրոպայի, ԱՊՀ-ի, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի, Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի պետությունների հետ՝ օժանդակելով այդ երկրներում կառավարության աշխատանքի թափանցիկությանը, հաշվետվողականությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, զարգացման քաղաքականության մշակմանը, ինչպես նաեւ ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը:

 

Մեր ընտանիքում երեք երեխաներից ամենակրտսերն էի, դեռ վաղ տարիքից մեծ սեր ու հետաքրքրություն եմ ունեցել օտար լեզուների եւ գրքերի նկատմամբ: Հինգ տարեկանից մայրիկիս նախաձեռնությամբ սկսել եմ հաճախել անգլերենի մասնավոր դասերի:

 

Երեւի մայրս զգում էր, որ այս օտար լեզվի իմացությունն ինձ հետագայում շատ անհրաժեշտ է լինելու: Մայրս մասնագիտությամբ մանկավարժ է: Երբ փոքր էի, նա աշխատում էր գրախանութում: Գրքերի հանդեպ մեծ սերս ձեւավորվել է հենց այդ տարիքից: Այսօր մեր բնակարաններում՝ թե՛ Նյու Յորքում, թե՛ Երեւանում, թե՛ Թբիլիսիում, որտեղ բնակվում է եղբայրս, գրքեր շատ ունենք:

 

1992թ. ավարտելով դպրոցը Թբիլիսիում՝ Աիդա Արությունովան տեղափոխվում է Երեւան, եւ նույն տարվա սեպտեմբերին ընդունվում է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան:

 

Որոշեցի տեղափոխվել Հայաստան, քանի որ ԽՍՀՄ փլուզումից եւ անկախացումից հետո Վրաստանում բավական անկայուն իրավիճակ էր: Տեղացի հայերի հանդեպ վերաբերմունքն էլ տարբերվում էր, չկային հնարավորություններ իմ պատկերացրած առաջընթացի համար: Ազգականներ ունենալով Երեւանում՝ որոշեցի տեղափոխվել Հայաստան: Համալսարանն ավարտեցի 1997թ.՝ անգլերեն լեզու եւ հոգեբանություն մասնագիտացմամբ: Նույն տարում ընդունվեցի Հայաստանի Ամերիկյան համալսարան՝ միջազգային հարաբերությունների եւ քաղաքագիտության ֆակուլտետ: Ուսման ընթացքում ՀՀ Կենտրոնական բանկում պրակտիկա անցնելու հնարավորություն ունեցա: Ինձ շատ հաջողակ ուսանող եմ համարում, քանի որ ինձ դասավանդել են ՀՀ արտաքին գործերի նախկին նախարարներ Վարդան Օսկանյանը, Վահրամ Փափազյանը, դասավանդել են նաեւ Լուսիգ Դանիելյանը, Վաչե Գաբրիելյանը, որն այդ տարիներին աշխատում էր Կենտրոնական բանկում: Ամերիկյան համալսարանն ավարտելուց հետո սկսեցի աշխատանքի փնտրտուքներս: Մինչ այդ կարճաժամկետ աշխատանքներ եմ ունեցել, թարգմանություններ կատարել: Փորձում էի գտնել ինձ հայաստանյան աշխատաշուկայում: Որտեղ դիմում էի, աշխատանքային փորձ էին պահանջում:

Աիդա Արությունովան գործընկերների հետ Աիդա Արությունովան գործընկերների հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

2001թ. ապրիլին Աիդա Արությունովան աշխատանքի է ընդունվում «Կաթոլիկ օգնության ծառայություն» (Catholic Relief Services - CRS) միջազգային ոչ կառավարական կազմակերպությունում, որի գլխավոր գրասենյակը Բալթիմորում է (ԱՄՆ): Սկզբնական շրջանում նա աշխատում էր որպես ուսուցանող (trainer):

 

Աշխատանքն ինձ համար շատ հետաքրքիր էր: Այցելում էի Հայաստանի մարզեր, որտեղ մեր կազմակերպությունն իրականացնում էր դպրոցների օժանդակության ծրագրեր՝ ծնողական խորհուրդների կարողությունների ամրապնդում, դպրոցների վերանորոգում եւ այլն: Ես անցկացնում էի տարբեր դասընթացներ ծնողական խորհուրդների համար, սովորեցնում էի հաղորդակցության, բանակցության հմտություններ, պատմում դպրոցական կյանքում ավելի արդյունավետ ներգրավվելու հնարավորությունների մասին: CRS-ում աշխատեցի շուրջ 6 տարի՝ այդ ընթացքում ղեկավարելով տարբեր ծրագրեր եւ աշխատելով միջազգային դոնոր կազմակերպությունների հետ: 

 

2006-ից սկսվեց իմ կարիերան Միավորված ազգերի կազմակերպության երեւանյան գրասենյակում՝ որպես Կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի ղեկավար-համակարգող: Այս ծրագրում ես աշխատեցի մինչեւ 2008թ. ավարտը: 2009թ. որպես տեղացի խորհրդական՝ հրավեր ստացա աշխատելու ԵՄ խորհրդատվական խմբում՝ ՄԱԿ-ի եւ Եվրամիության միջեւ համատեղ իրականացվող Կոռուպցիայի դեմ պայքարի, թափանցիկության եւ հանրային հաշվետվողականության ծրագրում: Միջազգային փորձագետի հետ համատեղ աշխատում էի ՀՀ վարչապետի գրասենյակի հետ՝ մասնակցելով Հայաստանում Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության մշակմանը:

Աիդա Արությունովան կոռուպցիայի թեմայով քննարկման ժամանակ Աիդա Արությունովան կոռուպցիայի թեմայով քննարկման ժամանակ

Լուսանկարը` անձնական արխիվից

Ձեռք բերելով հայաստանյան փորձը կոռուպցիայի դեմ պայքարում՝ ինձ հետաքրքրեց այս ասպարեզում միջազգային փորձի ուսումնասիրությունը: Հնարավորություն ունեցա 2010թ. կարճաժամկետ ծրագրով աշխատել ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում՝ Նյու Յորքում: Ինձ վստահվեց համակարգել Transparency International կազմակերպության եւ ՄԱԿ-ի կողմից երկու տարին մեկ կազմակերպվող կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավված ՄԱԿ-ի բոլոր գրասենյակների աշխատակիցների համաժողովը: Այն անցկացվում էր Բանգկոկում, ես այն համակարգում էի Նյու Յորքից: Դա յուրօրինակ եւ հետաքրքիր փորձ էր ինձ համար, քանի որ առնչվեցի 55 երկրի՝ կոռուպցիայի դեմ պայքարում ընդգրկված աշխատակիցների հետ: 2011թ. հունվարին կարճաժամկետ ծրագիրն ավարտվեց, եւ ես վերադարձա Երեւան: Սկսեցի աշխատանք փնտրել, եւ ինձ կարճաժամկետ աշխատանքի հնարավորություն ընձեռվեց ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կենտրոնակայանում՝ Հռոմում, որտեղ աշխատեցի երեք ամիս: Քանի որ աշխատանքը ժամանակավոր էր, ես չէի դադարում մշտական աշխատանք փնտրել: Այդ ընթացքում երկարաժամկետ աշխատանքի տարբեր առաջարկներ եղան թե՛ FAO-ից, թե՛ Նյու Յորքից, եւ թե՛ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) Արաբական Միացյալ Էմիրությունների գրասենյակից: Ընտրությունս կանգ առավ Նյու Յորքից ստացված առաջարկի վրա, եւ այդպես մշտական պայմանագրով աշխատանքի անցա ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ Կոռուպցիայի դեմ պայքարի համաշխարհային ծրագրում՝ որպես ծրագրի պատասխանատու: Այստեղ էլ աշխատում եմ 2011-ից մինչեւ օրս:

 

Այս ծրագրի շրջանակում Աիդա Արությունովան աշխատում է շուրջ 70 երկրի ներկայացուցիչների հետ՝ օժանդակելով այդ երկրներում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ծրագրերի իրականացմանը, պատասխանատվության մակարդակի բարձրացմանը: 

 

Մենք աշխատում ենք այդ երկրների քաղաքացիական հասարակությունների հետ, որ վերջիններս կարողանան վերահսկել իրենց կառավարության տրամադրած ծառայությունները, հատկապես կրթության, առողջապահության եւ ջրային պաշարների կառավարման ոլորտներում: Բացի այդ, օժանդակում ենք կոռուպցիայի դեմ պայքարող երկրների կառավարություններին՝ վերանայել, վերամշակել կոռուպցիայի դեմ պետական ռազմավարությունը, օգնում ենք նրանց ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի պահանջները ներդաշնակեցնել ներքին օրենսդրության հետ:

 

Մանկուց բժշկի կարիերայի մասին երազող Աիդա Արությունովան այսօր կատակում է, որ թեեւ մանկության երազանքը չի իրականացել, բայց այժմ, աշխատելով որպես կոռուպցիայի դեմ պայքարի մասնագետ, օգնում է բուժել ոչ թե անհատներին, այլ միանգամից հասարակությունները:

Աիդա Արությունովան գործընկերների հետ աշխատավայրում Աիդա Արությունովան գործընկերների հետ աշխատավայրում

Լուսանկարը` անձնական արխիվից

Ինձ հաճելի է աշխատել երկրների, հասարակությունների զարգացման ոլորտում, քանի որ միշտ հավատացել եւ հավատում եմ դրական փոփոխություններին: Ինձ հատկապես ուրախացնում է այն, որ երիտասարդ սերունդը թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, ակտիվ է փոփոխություններ բերելու եւ պահանջելու հարցում: Թեեւ այս ոլորտում դեռ շատ անելիքներ կան, սակայն տեսնում եմ նաեւ դրական միտումներ: Մարդիկ այսօր ավելի իրազեկ են եւ պահանջատեր իրենց իրավունքների պաշտպանության հարցում: Մենք ականատես եղանք «Արաբական գարնան» եւ բազմաթիվ այլ մարտահրավերների, բայց յուրաքանչյուրն իր տեղում աշխատելով՝ կարող է մեծ ներդրում ունենալ կոռուպցիայի դեմ պայքարում:

 

Ներկայում աշխատում եմ բազմազգ միջավայրում: Մեր աշխատանքային թիմում ընդգրկված են մասնագետներ Նեպալից, Եթովպիայից, Կոլումբիայից, Իսպանիայից:

 

Ինձ համար՝ որպես մոնոէթնիկ ազգի ներկայացուցիչ՝ շատ հետաքրքիր է աշխատել այդպիսի միջավայրում, որտեղ նոր բաներ ես սովորում այլ ազգերի ավանդույթների, մշակույթի մասին եւ լրացնում ես գիտելիքներիդ պակասը: Ինքդ էլ ես փոխվում, ավելի հանդուրժող ես դառնում այլ ազգերի մշակույթի, կրոնի հանդեպ: Իմ բնույթով ես շատ արագ եմ հարմարվում փոփոխություններին: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, ինտեգրվել ցանկացած միջավայրում՝ միաժամանակ պահպանելով իմ ազգային դիմագիծը: Փորձում եմ մնալ հայ եւ միաժամանակ լինել աշխարհի քաղաքացի:

 

Հայաստանի հանդեպ կարոտը Աիդան ամուսնու եւ երկու զավակների՝ Հայկի եւ Անիի հետ փորձում է մեղմել ամառային արձակուրդները հայրենիքում անցկացնելով: Նա խոստովանում է, որ շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների՝ Հայաստանում եւ Վրաստանում բնակվող ազգականների հետ կապի խզում չի լինում: Նյու Յորքում էլ Աիդան եւ իր ընտանիքը բազմաթիվ հայ ընկերներ ունեն, որոնց հետ առիթից առիթ կազմակերպվող հավաքույթները թույլ են տալիս աշխարհի ամենաաղմկոտ ու խենթ մեգապոլիս համարվող Նյու Յորքում ստեղծել Հայաստանի յուրօրինակ ու փոքր անկյունը:  

Աիդա Արությունովան ընտանիքի հետ Աիդա Արությունովան ընտանիքի հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

Երբ կինը համատեղում է ընտանեկան կյանքը կարիերայի հետ, երեխաների խնամքն ու ժամանակի ճիշտ կառավարումը դառնում են օրվա անբաժանելի պարտականություններից մեկը: Այս դժվար գործում ինձ շատ է աջակցում ամուսինս՝ Արմենը: Երկուսս էլ աշխատում ենք եւ փորձում ենք սահմանել մեր օրվա ծրագրերի առաջնահերթությունները: Երեխաներին ուղարկում ենք դպրոց, այնուհետեւ նրանք հաճախում են սպորտի: Անքուն գիշերներ անցկանցելով, շաբաթ-կիրակի օրերին աշխատելով, ինքնաթիռում մայրցամաքից մայրցամաք մեկնելու ճանապարհին կիսատ գործերն անելով՝ փորձում ենք հասցնել ամեն ինչ: Ես նկատել եմ, որ որքան զբաղված եմ, այնքան ավելի շատ բան եմ հասցնում անել: Ամեն ինչ կախված է ժամանակի ճիշտ կառավարումից: Ափսոսում եմ միայն, որ չեմ հասցնում ժամանակ տրամադրել իմ նախասիրություններին, օրինակ՝ գեղարվեստական գրականություն ընթերցելուն: Դրա համար ժամանակ եմ գտնում բացառապես ինքնաթիռում: Ի ուրախություն ինձ՝ ԱՄՆ-ից ցանկացած այլ երկիր մեկնելը տեւում է ավելի քան տասը  ժամ: Այդ ընթացքում էլ հասցնում եմ մեկ գիրք կարդալ կամ ֆիլմ դիտել:

 

«Մի՛շտ դրական տրամադրվածություն ունեցիր: Եղի՛ր պոզիտիվ: Մի՛ ապրիր անցյալով եւ նայի՛ր միայն առաջ». սա է Աիդա Արությունովայի կարգախոսը:

 

Ես գնահատում եմ անցյալը եւ ոչնչի համար չեմ զղջում: Համոզված եմ՝ եթե դրական ես տրամադրված կյանքի, մարդկանց հանդեպ, այդ դրական լիցքերը վերադառնում են քեզ եւ քո ընտանիքին:

 

Աիդա Արությունովայի հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին