5/10/15. «Հատուկ դեպք», Կիրկորովը՝ persona non grata, ArmNet Awards - Mediamax.am

exclusive
17906 դիտում

5/10/15. «Հատուկ դեպք», Կիրկորովը՝ persona non grata, ArmNet Awards


Լուսանկարը` Մեդիամաքս

Ֆիլիպ Կիրկորովը 2005 թվականին
Ֆիլիպ Կիրկորովը 2005 թվականին

Լուսանկարը` REUTERS

Դիմիտրի Ռուպելը եւ Վարդան Օսկանյանը Երեւանում 2005թ. մարտի 30-ին
Դիմիտրի Ռուպելը եւ Վարդան Օսկանյանը Երեւանում 2005թ. մարտի 30-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-ԱՊՐԻԼԻ 5

 

Երկու հայկական պետությունների գոյության կողմնակից

 

Մարտի 30-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հանդես է գալիս հայկական երկու պետությունների` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի գոյության օգտին:

 

Ելույթ ունենալով ԼՂ հիմնախնդրի լուծման ուղիների քննարկմանը նվիրված խորհրդարանական լսումներին, Սերժ Սարգսյանն ասել էր, որ կողմ է «միասնական հայ ժողովուրդ, երկու հայկական պետություն» մոդելին:

 

Պաշտպանության նախարարը «միջազգային կազմակերպություններում երկու եղբայրական հայկական պետությունների զուգահեռ անդամակցության եւ նրանց ակտիվ համագործակցության» հարցադրումը «ռազմավարական առումով շահավետ» էր անվանել։

 

«Առանձնահատուկ դեպք»

 

Մարտի 30-ին ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելը Երեւանում հայտարարել էր, որ «Լեռնային Ղարաբաղի խնդիրն առանձնահատուկ դեպք է, այս հակամարտությունը չի կարելի համեմատել այլ սառեցված հակամարտությունների հետ»:

Դիմիտրի Ռուպելը եւ Վարդան Օսկանյանը Երեւանում 2005թ. մարտի 30-ին Դիմիտրի Ռուպելը եւ Վարդան Օսկանյանը Երեւանում 2005թ. մարտի 30-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Այդ մասին նա ասել էր՝ մեկնաբանելով մարտի 4-ին Նյու Յորքում կայացած իր ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որի ընթացքում նա Լեռնային Ղարաբաղը անվանել էր «վիճելի տարածք»:

 

Կիրկորովը՝ persona non grata

 

Մարտի 31-ին Երեւանի փոխքաղաքապետ Արման Սահակյանը հայտնել էր, որ ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի ապրիլի 7-ին Երեւանում նախատեսված համերգը չի կայանալու:

 

Արման Սահակյանը պարզաբանել էր, որ համերգի չեղյալ հայտարարման մասին որոշումը կայացվել է Հայաստանի բոլոր պետական բուհերի ուսանողական խորհուրդներին խնդրանքով:

 

Մինչդեռ, ինչպես հաղորդում էր ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը, Ֆիլիպ Կիրկորովը հայտարարել էր, որ ինքն է ընդունել հայաստանյան հյուրախաղերը չեղյալ հայտարարելու մասին որոշումը.

 

Հայ երիտասարդության ներկայացուցիչներն ասել էին, որ «Կիրկորովն ակնհայտ հակահայկական, ավելին` թուրքամետ դիրքորոշում ունի եւ վերջերս հրապարակավ հայհոյել ու անարգել է հայ լրագրողուհուն` քամահրանքով խոսելով նրա ծագման մասին»:

Ֆիլիպ Կիրկորովը 2005 թվականին Ֆիլիպ Կիրկորովը 2005 թվականին

Լուսանկարը` REUTERS

«Ես նույնիսկ չէի ենթադրում, որ այդքան նշանակալի անձնավորություն եմ Հայաստանում: Կարծում էի, կգամ Երեւան, հաճույք կպատճառեմ հանդիսատեսին, իսկ ահա թե ինչ դուրս եկավ. պարզվում է, ինձ չի կարելի ժամանել հանրապետություն, առավել եւս` Հայոց ցեղասպանության 90-ամյակի նախաշեմին: Իսկ եթե ինչ-որ սարսափելի բան տեղի ունենա, չէ՞ որ ինձ են մեղադրելու: Ես էլ որոշեցի, որ չեմ բորբոքելու կրքերը, այլ պարզապես մի կողմ կքաշվեմ` փորձանքից հեռու: Այնպես որ, ես չեմ գնա Երեւան»:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-ԱՊՐԻԼԻ 5

 

Կիպրոսը քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը

 

Կիպրոսի խորհրդարանն ապրիլի 2-ին ընդունել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ:

 

Այսպիսով, Կիպրոսը Հունաստանից, Սլովակիայից եւ Շվեյցարիայից հետո դարձավ Եվրոպայի չորրորդ պետությունը, որն օրենքով քրեականացնում է Ցեղասպանության ժխտումը:

 

«Սա խորհրդանշական իրադարձություն է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին»,- մենկաբանել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

 

Կիպրոսը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել էր 1975 թվականին.: 

 

ArmNet Awards-ի գլխավոր մրցանակը

 

Ապրիլի 4-ին Մեդիամաքս մեդիա-ընկերության Mediamax.am կայքն արժանացել էր ArmNet Awards 2015 մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին: Mediamax.am-ը հաղթող էր ճանաչվել նաեւ ArmNet-ի «Բովանդակություն» անվանակարգում:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Միշտ հաճելի է մրցանակներ ստանալ եւ հասկանալ, որ թիմի կատարված աշխատանքը գնահատվում է: Առավել արժեքավոր է այն, որ ժյուրին կարեւորել է այն որակյալ լրագրությունը, որով մենք զբաղվում ենք: Չնայած բոլոր հոռետեսական կանխատեսումներին, որակյալ բովանդակությունը Հայաստանում ապագա ունի»,- նշել էր Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը՝ ստանալով մրցանակները։ 

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին