5/10/15. Պուտինն ու Ալիեւը, Սարգսյանն ու Բաբաջանը, Խոդորկովսկին - Mediamax.am

exclusive
4754 դիտում

5/10/15. Պուտինն ու Ալիեւը, Սարգսյանն ու Բաբաջանը, Խոդորկովսկին


Միխայիլ Խոդորկովսկին՝ 2014 թվականին
Միխայիլ Խոդորկովսկին՝ 2014 թվականին

Լուսանկարը` REUTERS

Ալի Բաբաջանը Դավոսում՝ 2009 թվականին
Ալի Բաբաջանը Դավոսում՝ 2009 թվականին

Լուսանկարը` REUTERS

Պուտինը եւ Ալիեւը՝ 2004 թվականին
Պուտինը եւ Ալիեւը՝ 2004 թվականին

Լուսանկարը` REUTERS

Տիգրան Սարգսյանը
Տիգրան Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Վյաչեսլավ Տրուբնիկովը՝ աջից
Վյաչեսլավ Տրուբնիկովը՝ աջից

Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-10

 

«Միացյալ Հայաստանի վերստեղծումը»

 

Փետրվարի 6-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել էր, որ «մենք շարունակելու ենք պայքարել եւ ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ մինչեւ վերջնական հաղթանակը, մինչեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, մինչեւ Միացյալ Հայաստանի վերստեղծումը»:

 

Նա նաեւ ասել էր, որ «Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ Արեւմտյան Հայաստանի ազատագրման պահանջները մեր երկրի ներկայի եւ ապագայի երաշխիքն են հանդիսանում»:

 

Փետրվարի 7-ին ՀՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համլետ Գասպարյանը հայտարարել էր, որ արտգործնախարարությունը համաձայն չէ Հրանտ Մարգարյանի հնչեցրած բազմաթիվ մոտեցումների հետ:

 

««Դաշնակցությունն» առաջին անգամ չե հրապարակավ հայտարարում իր մոտեցումների մասին: Արտգործնախարարությունը չի կիսում դրանցից շատերը եւ հայտարարում է, որ դրանք Հայաստանի արտաքին քաղաքականության արտացոլանքը չեն»,- ասված էր Համլետ Գասպարյանի հայտարարության մեջ:

 

«Ռուսաստանը չի պարտադրի»

 

Փետրվարի 6-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գոհունակություն էր հայտնել երկխոսությունը վերսկսելու Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պատրաստակամության կապակցությամբ:

Պուտինը եւ Ալիեւը՝ 2004 թվականին Պուտինը եւ Ալիեւը՝ 2004 թվականին

Լուսանկարը` REUTERS

«Ռուսաստանը պատրաստ է փնտրել հակամարտության լուծումը՝ առանց որեւէ բան պարտադրելու Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդներին», - ասել էր Վլադիմիր Պուտինը՝ հանդես գալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

 

Արեւելյան Թիմորի օրինակը

 

Փետրվարի 6-ին Ռուսաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար, ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի համանախագահ Վյաչեսլավ Տրուբնիկովը կոչ էր արել «յուրատեսակ, նոր տեսանկյուններից» նայել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը եւ բերել էր Արեւելյան Թիմորի օրինակը:

Վյաչեսլավ Տրուբնիկովը՝ աջից Վյաչեսլավ Տրուբնիկովը՝ աջից

 

«Ես չեմ ցանկանում սա օրինակ անվանել, սակայն դուք գիտեք, որ, ահա, Արեւելյան Թիմորը պայքարում, պայքարում էր իր անկախության համար եւ, վերջապես, անկախացավ: Եվ այդ անկախությունն, իմիջիայլոց, միջազգայնորեն ճանաչված է: Այդ պատճառով այսօրվա դարը, գլոբալիզացիայի դարը, 100 տարի առաջ անսասան թվացող շատ խնդիրներին նորովի նայելու դարը, այժմ կասկածի տակ է առնում այն մոտեցումները, որոնք ճիշտ էին 100 տարի առաջ: Այս պատճառով ես կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի խնդրին եւս պետք է նայել որեւէ յուրատեսակ, նոր տեսանկյուններից` չամփոփվելով վաղուց ի վեր սովորություն դարձածի մեջ», - հայտարարել էր ՌԴ արտաքին գործերի առաջին փոխնախարարը:

 

«Ադրբեջանի երիտասարդ նախագահը ճիշտ վարվեց»

 

Փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «Ադրբեջանի երիտասարդ նախագահը շատ ճիշտ է վարվել՝ որոշելով չշտապել  ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»:

 

«Ադրբեջանի երիտասարդ նախագահը շատ ճիշտ է վարվել, եւ մենք պետք է ամեն կերպ աջակցենք նրան այդ հարցում»,- ասում էր ՀՀ պաշտպանության նախարարը:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-10

 

$‌500 մլն

 

Փետրվարի 5-ին ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել էր, որ

Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի $‌500 մլն-ի կայունացնող վարկ` համաշխարհային ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու նպատակով:

 

Ավելի վաղ, հունվարի 22-ին, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հաստատել էր, որ Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ կայունացնող վարկի մասին: Տիգրան Դավթյանի խոսքով՝ ստացված միջոցները հիմնականում ուղղվելու են փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը:

 

«Համարժեք պատասխան»

 

Փետրվարի 5-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր անցկացրել՝ ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանության կապակցությամբ:

 

Նախագահի խոսքով՝ «հանցագործների գնդակն ուղղված էր ոչ միայն կոնկրետ մարդու, այլ ողջ իրավապահ համակարգի դեմ»:

 

«Գեւորգ Մհերյանի վերջին ամիսների գործունեությունն ուղղված է եղել կոռուպցիոն մեխանիզմների դեմ պայքարին, մենք պետք է դա գիտակցենք եւ համարժեք պատասխան տանք»,- ասում էր Սերժ Սարգսյանը: 

 

Գեւորգ Մհերյանը սպանվել էր փետրվարի 3-ի երեկոյան՝ իր բնակարանի մուտքի մոտ: 33-ամյա Մհերյանը ՀՀ ոստիկանության պետի տեղակալ էր նշանակվել 2008 թ. հուլիսին: Մինչ այդ նա ՀՀ նախագահի օգնականն էր, հակակոռուպցիոն ռազմավարության մոնիտորինգի թիմի ղեկավարը:

 

«Ճիշտ ուղղությամբ»

 

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանը փետրվարի 6-ին  հայտարարել էր, որ «հայ-թուրքական երկխոսությունը ճիշտ ուղղությամբ է ընթանում»:

Ալի Բաբաջանը Դավոսում՝ 2009 թվականին Ալի Բաբաջանը Դավոսում՝ 2009 թվականին

Լուսանկարը` REUTERS

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն այդ մասին ասել էր` անվտանգության քաղաքականության հարցերով Մյունխենյան կոնֆերանսի «Անկայունության կառավարում. Անդրկովկասյան տարածաշրջանը եւ Արեւելյան Բալկանները» նստաշրջանում: Նստաշրջանին մասնակցում էին նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Մակեդոնիայի վարչապետը, Ռումինիայի, Սերբիայի եւ Սլովակիայի արտաքին գործերի նախարարները:

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն, իր հերթին, հայտարարել էր, որ հայ-թուրքական երկխոսությունը «ճիշտ ուղով է ընթանում, եւ եթե այդ ընթացքը շարունակվի նույն ոճով, կարծում եմ, արդեն տարվա երկրորդ կեսին մենք կարող ենք խոսել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նոր որակի մասին»:

 

Ալի Բաբաջանը նշել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը «լիովին կփոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը»: Նա նաեւ հայտարարել էր փակ դռների ետեւում բանակցությունների շարունակման կարեւորության մասին, ինչը կողմերին թույլ կտա խուսափել անհարկի շահարկումներից:

 

«Երբեմն բանակցությունների ընթացքում կողմերից մեկին կարող է թվալ, որ նա չափազանց շատ է զիջել, սակայն մենք փորձում ենք ուշադրություն դարձնել ոչ թե առանձին նյուանսներին, այլ` դիտարկել ամբողջ պատկերը»,- ասել էր Ալի Բաբաջանը:    

 

«Բացառիկ հնարավորություններ»

 

Փետրվարի 7-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր, որ կառավարությունը պատրաստ է տեղական արտադրությունը զարգացնելու նպատակով «բացառիկ հնարավորություններ» ստեղծել ներդրումների համար:

 

Հանդիպելով խոշոր ներմուծողների եւ մատակարարների հետ, Տիգրան Սարգսյանը նշել էր, որ համաշխարհային ֆինասական ճգնաժամի պայմաններում ՀՀ կառավարությունը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել տեղական  արտադրության զարգացմանը:

 

«Մենք պետք է ձեռնարկենք հակաճգնաժամային միջոցառումներ` իրականացնել այնպիսի ներդրումներ, ընդունել այնպիսի որոշումներ, որոնք նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը, խթանել վերամշակման ոլորտի զարգացումը»,- ասել էր Տիգրան Սարգսյանը:

Տիգրան Սարգսյանը Տիգրան Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

«Որոշ պաշտոնյաներ շահագրգռված չեն»

 

Երեք օր անց, փետրվարի 10-ին, Տիգրան Սարգսյանն ասել էր, որ «որոշ պաշտոնյաներ շահագրգռված չեն բիզնես վարելու ընթացակարգերի պարզեցմամբ՝ չցանկանալով կորցնել ազդեցության լծակները»:

 

«Գիտակցելով այդպիսի ճնշման առկայությունը՝ մենք առավել եւս պետք է կատարենք բոլոր անհրաժեշտ փոփոխությունները այս երկրում բիզնես վարելու պարզեցման ուղղությամբ», - ասում էր վարչապետը՝ դժգոհություն հայտնելով այն հանգամանքից, որ բիզնես վարելու պարզեցմանն ուղղված միջոցառումների քննարկումները շարունակվում են արդեն 2 տարի, եւ դեռեւս ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկվել:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-10

 

Խոդորկովսկին եւ Հայաստանը

 

Փետրվարի 10-ին «Վեդոմոստի» թերթը հոդված էր  հրապարակել, որում ասվում էր, որ Միխայիլ Խոդորկովսկու ՅՈՒԿՈՍ ընկերությունը հայաստանյան Yukos CIS Investments ՍՊԸ-ի միջոցով «կառավարում էր օֆշորային բարդ կառույց, որի միջոցով կատարվում էր հոլդինգի դրամական շրջանառությունը»:

Միխայիլ Խոդորկովսկին՝ 2014 թվականին Միխայիլ Խոդորկովսկին՝ 2014 թվականին

Լուսանկարը` REUTERS

Միխայիլ Խոդորկովսկու «հայաստանյան ակտիվների» թեման առաջին անգամ չէր քննարկվում:  Դեռեւս 2003թ. նոյեմբերին Մեդիամաքս-ին հետաքրքրել էր Միխայիլ Խոդորկովսկուն նվիրված Financial Times-ի «A victim of his own short-term ambitions» հոդվածը, որում, մասնավորապես, ասված էր. 

 

«ՅՈՒԿՈՍ-ն ուսումնասիրող մասնագետներից մեկն ասում է, որ այս ընկերությունն ամենաբարդ կառույցներից է, որոնց նա երբեւէ հանդիպել է, եւ ունի ավելի քան 600 դուստր ընկերություններ: Դրանց մի մասը գործում են Ռուսաստանում, մյուսները` արտասահմանում, այդ թվում` Հայաստանում»,- գրում էր Financial Times-ը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին