Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-13
«Բացառիկ հավատարմություն»
Հունվարի 13-ին ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Կուրտ Վոլքերը Մեդիամաքսի հետ բացառիկ հարցազրույցում ասել էր, որ «վերջին տարիներին Հայաստանի կառավարությունը բացառիկ հավատարմություն ցուցաբերեց ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ամրապնդմանը»
Լուսանկարը` ՆԱՏՕ
«Կարծում եմ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` սկսած դեռեւս իր պաշտպանության նախարար եղած ժամանակաշրջանից, անձամբ առանցքային դեր խաղաց այն տեսլականի եւ քաղաքական կամքի ապահովման գործում, որոնք հնարավոր դարձրին գործընկերության ամրապնդումը: Հայաստանի կառավարությունը հաճախ նշում էր, եւ ես դա բացարձակ ճիշտ եմ համարում, որ Հայաստանը կարող է ՆԱՏՕ-ի հետ լավ հարաբերություններ ունենալ` միաժամանակ լավ հարաբերություններ պահպանելով նաեւ Ռուսաստանի հետ»,- ասել էր ամերիկացի դիվանագետը:
«Հիասթափեցնող հայտարարություն»
Մեդիամաքսի խնդրանքով Կուրտ Վոլքերը նաեւ մեկնաբանել էր 2008թ. օգոստոսին ՆԱՏՕ-ի հասցեին ՀԱՊԿ անդամ երկրների արած հայտարարությունը:
«Իհարկե, ՀԱՊԿ հայտարարությունը մեզ հիասթափեցրեց: Մենք բոլորովին համաձայն չենք վրաստանյան իրադարձությունների ՀԱՊԿ-ի մեկնաբանության հետ: Կցանկանայի՞ ես արդյոք, որպեսզի Հայաստանը չմիանար ՀԱՊԿ այդ զուր հայտարարությանը: Այո: Կա՞ն արդյոք ՆԱՏՕ-ի շարքերում անդամներ, որոնք կարող են համարել, որ դրա արդյունքում Հայաստանը հայտնվել է պակաս նպաստավոր դիրքում: Հավանաբար, այո:
Լուսանկարը` ՆԱՏՕ
Սակայն ես ուշադրության եմ դարձնում այն հանգամանքին, որ նույնիսկ վրաստանյան ճգնաժամից հետո Հայաստանը հստակ արտահայտվեց ՆԱՏՕ-ի հետ իր լավ հարաբերությունների վերաբերյալ պարտավորության նկատմամբ հավատարմության մասին: Ես նաեւ ուշադրության եմ արժանացնում այն հանգամանքը, որ Հայաստանը հրաժարվեց հետեւել երկու անջատողական շրջանների անկախության ճանաչման Ռուսաստանի քայլին: Կարծում եմ, դա վկայում է այն մասին, որ չնայած ներկայիս խնդիրներին՝ Հայաստանը խորապես գիտակցում է Արեւմուտքի հետ ամուր գործընկերային հարաբերությունները պահպանելու անհրաժեշտությունը: ԱՄՆ-ը այդ գործում աջակցում է Հայաստանին»- ասել էր Վոլքերը:
2017 թվականի հուլիսի 7-ից Կուրտ Վոլքերը ԱՄՆ Պետական քարտուղարության հատուկ ներկայացուցիչն է Ուկրաինայի հարցով եւ համակարգում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված Պետդեպի ջանքերը:
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-13
Հունվարի 13-ին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ իր համար «անհասկանալի է գազի գնի փոփոխությունը թաքցնելու կառավարության տրամաբանությունը, որը հանգեցրեց հսկայական պարտքի գոյացմանը»:
«Ակնհայտ էր, որ գազը հանրապետություն էր մտնում շատ ավելի թանկ գնով, քան սպառողների համար հաշվարկվող սակագներն էին: Դա երեւում էր մաքսային ապրանքագրերից, ինչի մասին մի շարք հրապարակումներ եղան մամուլում: Ընդ որում, հենց սկզբից հասկանալի էր, որ կառավարությունը չի կարող խուսափել տհաճ բացատրություններից, քանի որ օրենսդրությունն ուղղակի թույլ չի տալիս շրջանցել խորհրդարանը: Գուցե, այնուամենայնիվ, հույս ունեին «Գազպրոմ»-ի հետ համաձայնության գալ որեւէ այլ սխեմայով, բայց չստացվեց: Արդյունքում ստացվեց շատ տհաճ պատմություն, եւ կառավարության հեղինակությունը լրջորեն տուժեց: Քննարկումներն ԱԺ-ում ճնշող տպավորություն թողեցին, կարծում եմ, ոչ միայն ինձ վրա: Կառավարությունը չուներ կատարվածի վերաբերյալ ողջամիտ բացատրություններ եւ ծայրահեղ անհամոզիչ էր: Ավելի հեշտ կլիներ պարզապես ներողություն խնդրել: Նույնիսկ իշխող կուսակցության պատգամավորների մի մասը ակնհայտ շփոթմունքով էին քվեարկում համաձայնագրի օգտին:
Լուսանկարը` REUTERS
Սա վատ նստվածք թողեց հասարակության կողմից համաձայնագրի ընդհանրական ընկալման վրա, նաեւ՝ դրա լեգիտիմության առումով: Հասարակությունն ընտելացել է բազմաթիվ քաղաքական գործիչների անսկզբունքայնությանը, բայց իշխանության ինստիտուտ¬ներից մեկի հանրության աչքի առաջ այսչափ «ճարպկանալը» շոկ է առաջացնում: Հայաստանը, ցավոք, երբեք աչքի չի ընկել պետական ինստիտուտների նկատմամբ բնակչության վստահության բարձր մակարդակով (բացառությամբ բանակի(, իսկ այսպիսի իրադարձությունները քայքայում են այդ վստահության մնացորդները: Վստահ եմ, որ հենց սկզբից պետք էր ուղիղ ասել թե գազի գնի թանկացման, թե այդ խնդրի լուծման ուղղությամբ իշխանության գործադրած ջանքերի մասին», - ասում էր Ռոբերտ Քոչարյանը 2rd.am կայքում հրապարակված հարցազրույցում:
Նախկին նախագահը նաեւ «ծայրահեղ խոցելի» էր անվանել համաձայնագրի այն հատվածը, որով «Գազպրոմը» մինչեւ 2043 թվականը Հայաստանում մենաշնորհի բացառիկ պայմաններ էր ստանում:
Լուսանկարը` REUTERS
«Ես «Գազպրոմ»-ի հետ խիստ արդյունավետ համագործակցության տասնամյա փորձ ունեմ, որի արդյունքներից են Հայաստանի լայնածավալ գազաֆիկացումը, ստորգետնյա պահեստարանների նշանակալի ընդլայնումը, Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կառուցումը, Իրան-Հայաստան գազատարը, եւ վերջապես՝ շահավետ գնով երկրի տասնամյա կայուն գազամատակարարումը: Երբեք «Գազպրոմ»-ը չի դրել այսպիսի պայմաններ, այս թեմայով նույնիսկ խոսակցությունները կթվային անտեղի: Եվ դա մեր տնտեսության մեջ հարյուրավոր միլիոնների ներդրումներ կատարելու պարագայում: Իսկ թե ինչու հիմա տեղի ունեցավ այս ամենը՝ չեմ կարող ասել, որեւէ բացատրություն այս կապակցությամբ չեմ լսել», - ասում էր Ռոբերտ Քոչարյանը:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: