Մայրեր-որդիներ կամ անձնական տարածքի անհրաժեշտությունը - Mediamax.am

Մայրեր-որդիներ կամ անձնական տարածքի անհրաժեշտությունը
1658 դիտում

Մայրեր-որդիներ կամ անձնական տարածքի անհրաժեշտությունը


Հիվանդանոցի նեղլիկ միջանցքում մարդիկ են կուտակված: Բժիշկ-գինեկոլոգի աշխատասենյակի առջեւ աթոռների երկար շարան է: Ամենածայրին երիտասարդ կին է նստած, կողքին՝ մեկ ուրիշը: Հետո 4 ազատ աթոռ կա, հաջորդին հեռախոսի գունավոր էկրանին ինչ-որ բան փնտրող երիտասարդն է, նրա կողքին՝ միջին տարիքի մի կին:

 

Նստում եմ ազատ աթոռներից մեկին, ճիշտ բժշկի աշխատասենյակի դռան առջեւ: Սպասում ենք երկար, ոմանք բողոքում են, ոմանք փնթփնթում: Բժիշկների դռների առաջ մարդիկ, սովորաբար, շատ են խոսում: Մեկը պատմում է իր խնդրի մասին, մյուսը՝ սիրտ տալիս, երրորդն իր բուժման հիման վրա չորրորդին բուժում է նշանակում: Լուռ ենք մենք չորսս՝ ես, երիտասարդ կինը, հեռախոսով տղան եւ կողքին նստած միջին տարիքի կլորիկ կինը: 

 

Դուռը բացվում է, բժշկուհին ներսից անուն է տալիս: Կողքիս երիտասարդ կինը շտապում է բժշկի սենյակ՝ ձեռքերի մեջ ոլորելով թղթերի տրցակը: Երկու րոպե անց ներսից լացի ձայն է լսվում.

 

- Ես մեղավոր չեմ: Ես մեղավոր չեմ,- ասում է երիտասարդ կինը լացելով:

 

- Այստեղ մեղավորության խնդիր չկա, -ասում է բժիշկը,- Եթե ուզում եք երեխա ունենալ, պետք է բուժվեք երկուսդ էլ: Չէ՞ որ ես դեղեր նշանակել էի նաեւ ձեր ամուսնու համար: 

 

- Այո, նշանակել էիք,- ասում է կինը ու լացն ավելի ուժգին է դառնում,- Տանը ասում են, որ ամուսինս խնդիր չունի, որ ես եմ մեղավոր, որ երեխա չենք ունենում: Սկեսուրս ասում է, որ իր տղան առողջ է, որ նա բուժվելու կարիք չունի: Ես չեմ դիմանում, ես էլ չեմ դիմանում: Ես մեղավոր չեմ, ես մեղավոր չեմ…

 

Ու կինն անընդհատ կրկնում է այդ երեք բառը: Լացը փոխվում է հեծկլտոցի, ճչոցի: 

 

- Դուք պետք է հստակ հասկանաք՝ հղիանալու առաջին խոչընդոտը ձեր այս վիճակն է: Ձեզ հանգստանալ է պետք եւ բուժվել, երկուսիդ: Ուղղակի խնդրում եմ՝ մյուս անգամ այցելության եկեք ձեր ամուսնու հետ,- ասում է բժիշկը: 

 

Հանկարծ հասկանում եմ, որ ականջ եմ դնում շատ անձնական այս ողբերգությանը: Հասկանում ու ամաչում եմ: Վեր եմ թռնում տեղիցս, գնում միջանցքի մյուս ծայրը: Մի քանի րոպե անց երիտասարդ կինը դուրս է գալիս սենյակից ու վազում դեպի աստիճանները: Հանկարծ ոտքի են կանգնում հեռախոսով տղան եւ կլորիկ կինը, որն արագ քայլերով գնում է աղջկա հետեւից ու հարցնում՝ ի՞նչ ասեց, ի՞նչ:

 

Աղջիկը ոչինչ չի պատասխանում, մաքրում է աչքերն ու վազում դուրս: Հետեւից կինը, նրա հետեւից՝ երիտասարդ տղան: Րոպեներ անց դուռը բացվում է, աղջիկը՝ ուղեկիցների հետ վերադառնում է: Աչքերն ուռած են, բայց էլ չի լացում: Մոտենում է դեղատան փոքրիկ պատուհանին, մեկնում թուղթը: Դեղատան աշխատակիցը տալիս է դեղը ու ասում՝ 1000 դրամ: Աղջիկը պտտվում է, նայում կլորիկ կնոջը: Կինը պայուսակից հանում է դրամապանակը ու 20 հազարանոցը մեկնում դեղատան աշխատակցուհուն: 

 

- Ես մանր չունեմ,- ասում է ճերմակ խալաթով կինը:

 

Երիտասարդ աղջիկը նայում է ամուսնուն.

 

- Ես փող չունեմ,- ասում է նա՝ հասկանալով կնոջ հայացքը:

 

- Ես էլ չունեմ,- ասում է աղջիկը:

 

Մի քանի վայրկյան անց միջանցքում սպասող տղամարդկանցից մեկը մանրում է տիկնոջ 20 հազարանոցը: Տիկինը վերցնում է հարսի դեղը, իր գումարի մնացորդը, դնում պայուսակի մեջ ու դուրս գալիս հիվանդանոցից՝ իր հետ տանելով որդու լռությունը, հարսի տառապանքը, իր անթոռությունը ու համոզմունքը, որ այդպես ճիշտ է:

 

Ես երկար նայում եմ նրանց հետեւից, պատկերացնում եմ, ինչպես է աղջիկը երեկոյան, իրենց սենյակում, երբ մենակ մնան, ամուսնուն խնդրելու թեկուզ գաղտնի բուժումներ սկսել: Ինչպես է երազելու, որ ամուսինը կլսի իրեն, ինչպես է ամաչելու հաջորդ անգամ բժշկի մոտ գալ:

 

Ես համոզված եմ, որ հայ ընտանիքներում խնդիրների մի մեծ մաս ուղղակի չի լինի, եթե յուրաքանչյուրն ընդունի իր եւ հատկապես մյուսի՝ անձնական տարածք ունենալու իրավունքը եւ դա չխառնի անտարբերության հետ: Եվ հատկապես, երբ երիտասարդ կանայք հասկանան, որ բժիշկ-գինեկոլոգի մոտ պետք է այցելել մենակ կամ զուգընկերոջ հետ:

 

Սոնա Մարտիրոսյանը լրագրող է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Գերիների ընտրությունը

Փոքր հայրենիքի փոքր տղերքը
Մեր ընտրանին