Ֆեյսբուքում մի փակ խումբ կա` նախատեսված միայն աղջիկների համար: 51 հազարից ավելի անդամ ունի:
Այստեղ հայ կանայք քննարկում են լողախցիկի նորոգումից մինչեւ անկողնային խնդիրներ։ Այս խմբում հիմնական «արձագանքը» կամ ավելի ճիշտ «թամաշան» վայելում են «անանուն» գրառումները։
Դրանք պայմանականորեն կարող ենք բաժանել երեք թեմաների՝ սեռական խնդիրներ, սկեսուր-սկեսրայրի հետ խնդիրներ, արտաքինի հետ կապված խնդիրներ։
Մեկնաբանություններն էլ պայմանականորեն կարող ենք բաժանել երեք խմբի.
1. Անեծք-օրհնանք-համբերության կոչ-աղոթք:
2. Ծաղր:
3. Կյանքի հմտության ուսուցում/փորձի փոխանակում։
Հայերեն կամ «լատինատառ-հայերեն» բոլոր «անանունները» տեղադրում են խմբի «ադմինները»՝ առանց խմբագրման։
Անանուն նամակների հեղինակների 90 տոկոսին միավորում է երեք բան՝
1. Գրագիտության բացակայությունը:
2. Վախը մենակության եւ ապագայի հանդեպ:
3. Անորոշություն-պարապությունը։
10 տոկոս «անանունները» հաճախ բարդ ու իսկապես անելանելի իրավիճակներում են գտնվում, գերհուզված են, բայց գերգրագետ հարցադրումներով են խմբում հայտնվում։
1. Գրագիտության բացակայությունը
Կարդում ես նամակ, որտեղ կինը խնդրում է խորհուրդ տալ, թե ինչպես անի, որ ամուսինը հեռախոսով ամբողջ երեկո բաղնիքում կամ զուգարանում չփակվի։ Կամ, օրինակ, որ ամուսինն ու ամուսնու ընտանիքն իրեն թույլ տան, որ ամիսը գոնե մեկ անգամ գնա ծնողների տուն, կամ գոնե տարին երկու անգամ սրճարան գնա։ Այդ գրառումներից ամենաթեթեւ ու ամենապարզունակ օրինակն եմ բերում։
Նամակների անհասկանալի լատինատառից դեռ մի կերպ կարելի է գլուխ հանել։
Բայց երբ հայերեն կարդում ես «վՕր», «աղՉիկներ», «վօնց անեմ» «ինչ ուզԸմ ա, անԸմ ա» «սախ օրը» ու էս տեսակ բառերի կույտ հիշեցնող պատմություններ, երբեմն առանց կետադրական նշանների, ու վերջում նույն ստանդարտ նախադասությունը՝ «խնԹրում եմ չԸքննադատԷք, սխալների համար կնԷրեք, հուզված եմ գրԷլ», դու հասկանում ես, որ աշխարհն ավելի լավը տեսնելու ու դարձնելու քո ցանկությունը մի քայլ էլ հետ գնաց։
Ու նաեւ հասկանում ես, որ նամակ գրող կինն է հենց իր խնդիրների պատճառը։ Նամակ գրողի գրագիտության բացակայությունն է ստրուկ, անհետաքրքիր դառնալու, ստվերի վերածվելու պատճառը։ Ուսումն այստեղ եկեք մեջ չգցենք։ Բուհական կրթությամբ նամակագիրներ կան, որ ուղղակի «լվանում են» անգրագետների գլուխը։
Լավ, հետաքրքիր է, նամակ գրող իգական սեռի վառ ներկայացուցիչն ինչո՞վ է զբաղվել դպրոցում, բուհում, տանը։ Կամ եթե նույնիսկ ամբողջ կյանքում չի ունեցել այս երեքից որեւէ մեկը, ապա ինչո՞վ է լցրել կյանքի դատարկությունը, եւ մի՞թե երբեւէ չի մտածել, որ ուղղակի տարրական գրագիտության շնորհիվ կարող է վայելել սեփական «Ես»-ի հարգանքը, խուսափել հետագա բազմաթիվ խնդիրներից։
2․Վախը մենակության եւ ապագայի հանդեպ
Գիտե՞ք, ինչով են տարբերվում հայ կանայք եվրոպական ֆորումներում գրող կանանցից։ Ստրկակերպ մտածողությամբ։ Բազմաթիվ հայ կանանց գրագետ, բայց անանուն գրառումն ունի հետեւյալ բովանդակությունը․«Ամուսինս ծեծում է ու ստորացնում, մեկ-մեկ էլ սկեսուրս, սկեսրայրս միշտ հայհոյում է, չեն թողնում երեխայիս ցերեկները ես գրկեմ, օգնեք ինչ անեմ, չգիտեմ ինչպես փոխեմ ամուսնուս, ինչպես վերադարձնեմ ամուսնուս սերը ու բացեմ աչքերը»։
Խմբում այսպիսի գրառումները մեկը չէ, երկուսը չէ, ամիսը գոնե մի 10 անգամ է։ Իսկ գիտե՞ք ինչ են խորհուրդ տալիս մեկնաբանություններում։ Թվեմ օրինակները՝ «գնա բախտ բացողի մոտ, որովհետեւ թուղթ ու գիր կա», «գնա եկեղեցի 7 մոմ վառի», «ամուսնուն պատժելու համար մի քանի օրով փախի տնից», կամ էլ օրինակ՝ «ամոթ ունեցի անանուն, լեզուդ քաշի ու ձեր ընտանեկան կյանքը քննարկման թեմա մի դարձրու»։
Եվ մատերի վրա կարելի է հաշվել, թե օրինակ քանի կին է խորհուրդ տալիս դիմացի կնոջը՝ դիմել կանանց պաշտպանության կենտրոն կամ ամուսնալուծվել ու թույլ չտալ ստորացնելու սեփական «ես»-ը, կամ երեխայի հետ հեռանալ այդ ընտանիքից։
Եվ այստեղ է, որ հասկանում ես, որ հայ կանայք ոչ միայն չգիտեն սեփական իրավունքները, ոչ միայն շատ հաճախ չեն հասկանում սեփական խնդիրները ու դրանց լրջության ու խորության աստիճանը, այլ նաեւ բամբասանքների ու քննարկման թեմաների զոհ չդառնալու համար պատրաստ են զոհել սեփական արժանապատվությունը՝ ամբողջ կյանքում սպասելով, որ «Արեսը հաստատ կգա ու սիրո նետով կխոցի ծեծող ամուսնու սիրտը, սերը կվերածնվի ու խնդիրները մեկ օրում կչքանան» (այս մեկնաբանությունը գրել էր 48 տարեկան կին, առանց հումորի որեւէ ակնարկի):
Ու այս պատմությունները կարդալիս է, որ լրագրողական աչքիդ դիմացով գալիս-գնում են բոլոր այն հոդվածները, որտեղ հայ նամուսով ամուսինը ծեծել կամ սպանել է նամուսով կնոջը։
3․ Անորոշություն-պարապություն
«Ես իրան եմ սիրում, ինքը ինձ։ Բայց էս Յերկու օր ա նշանածս անտարբեր ա դարձել իմ հանդեպ։ Առաջ 8 անգամ էր զանգում, հիմա 1։ Կարո՞ղ ա պարապ եմ ու դրա համար եմ սենց բաներ մտածում»։
Գրողը 22 տարեկան է։ Երիտասարդ աղջիկ։ Աղջիկ, որը հավանաբար ուսանող է, կամ գուցե աշխատում է, կամ էլ ամբողջ օրը սերիալ է դիտում, ձեռքի հետ էլ եղունգները ներկում, բայց պարապ է։
22 տարեկան երիտասարդը տառապում է պարապությունից եւ հորինում խնդիր՝ պարապությունը լցնելու համար։ Ու մինչեւ երեկո հավաքում է պարապությամբ տառապողների ամենաքիչը մի 500 մեկնաբանություն։ Երբեմն ավելի։
Մեկնաբանողների գոնե 30 տոկոսը աշխատավայրից է հետեւում գրառմանը եւ պարապ է։ (Ու վստահ եմ, որ մեկնաբանություն գրողների մյուս 70 տոկոսն այստեղ կարող է ասել, որ այս երկրում աշխատանք գտնելը բարդ է, կամ էլ ընտանիքը չի թողնում աշխատել։ Բայց այստեղ խոսքն ամենեւին էլ «անաշխատանք պարապության» մասին չէ):
Երբեմն ուզում ես ուղղակի հարցնել՝ գրողը տանի, դուք տեղյա՞կ եք, որ ձեր հեռախոսներում կան որոնողական համակարգեր ու դրանցով կարող եք, օրինակ,
փնտրել՝ «10 օգտակար բան, որ կարելի է անել պարապ ժամանակ»: Կարող եք նամակագրի հետ միասին անձնական կյանքը հանրայնորեն քննարկելուց բացի, ձեր պարապությունը լցնել ինքնակրթությամբ, յոգայով, յութուբում որեւէ լավ բան նայելով, մարզասրահ գնալով, դրսում վազելով, ի վերջո ընտանիքի համար համեղ բան պատրաստելով, կամ էլ երեխայի համար գունավոր թղթերից մի բան կտրատելով։
Գիրք կարդալու մասին տա՞ռ կար։ Չկար։ Որովհետեւ այս խմբում անանուն գրող ու մեկնաբանություններ ակնկալող կանանց 90%-ը, եթե երբեմն գիրք կարդար (գոնե այբբենարան կամ չորրորդ դասարանի պարտադիր ընթերցանության նյութեր, կամ էլ հեքիաթ՝ սեփական երեխաների համար), կամ գոնե ոչ քաղաքական հոդված-վերլուծություն, վստահ եմ, որ տառասխալներով, բայց անանուն տեղադրելու պահանջով՝ անձնական հարցերն ավելի քիչ ֆեյսբուքում կքննարկեր։
Եվ, ի վերջո, 99% անանուններն արդեն իսկ հստակ գիտեն իրենց անելիքը։ Նրանք խմբում գրում են՝ իրենց ցանկալի պատասխանը լսելու եւ հետո կայացրած որոշման պատասխանատվությունը որեւէ մեկի վրա բարդելու նպատակով։
Լուսին Մկրտչյանը Մեդիամաքսի լրագրող է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: