Ռեքվիեմ լրագրության համար - Mediamax.am

Ռեքվիեմ լրագրության համար
3494 դիտում

Ռեքվիեմ լրագրության համար


Ես, սովորաբար, մասնագիտական կարծիք չեմ հայտնում` չնչին բացառություններով, որովհետեւ համոզված եմ` ինձանից շատ ավելի արհեստավարժ, տաղանդավոր, հմուտ ու բանիմաց գործընկերներ ունեմ, ում ներկայությամբ խոսելու փոխարեն` ճիշտ կանեմ լսել: Բայց այս օրերին, երբ անընդհատ խոսվում է լրագրության որակի, խոսքի ազատության, ներքին գրաքննության եւ քարոզչության մասին, լռել չի լինում: Հատկապես, որովհետեւ խոսում են նրանք, ովքեր տարիներ շարունակ միտումնավոր սպանել են լրագրությունը:

Լրագրությունը սպանել են` այն վերածելով լրահոսի, մի բան, որ, մեծ հաշվով, անիմաստ է 21-րդ դարում. այսօր լրահոսն ամենուր է եւ ամեն ոք: Լրագրությունը մեռնում է, որովհետեւ դադարել է մտածել տալ, ոչ միայն ընթերցողին, այլեւ` հեղինակին: Լրագրությունը մեռնում է, որովհետեւ բովանդակությանը փոխարինում է մեկնաբանությունը:

Ոչ մի օրենսդրական կարգավորում, ոչ մի ներքին կանոնակարգ, ոչ մի էթիկայի կանոնագիր չի աշխատելու, քանի դեռ լրագրողը չի հասկացել մի պարզ ճշմարտություն. ժուռնալիստիկան, նախեւառաջ, հարգանքն է սեփական տեքստի նկատմամբ:

Դուք չեք հարգում տեքստը, որի «կրող բովանդակությունը» հերքվում է մեկ պարբերություն հետո` ձեր կողմից վերցված պաշտոնական մեկնաբանությամբ: Դուք չեք հարգում տեքստը, որը գրվում է տասը րոպեում` մեկ աղբյուրից, առանց ճշտումի: Դուք չեք հարգում տեքստը, որի յուրաքանչյուր առանցքային փաստարկի դեմ հնարավոր է 5 հակափաստարկ բերել: Եվ վերջապես, դուք չեք հարգում տեքստը, որը չի պատասխանում լրագրության գլխավոր հարցին` «ինչի՞ մասին է այն»:

Դաշտը չի կարգավորվելու, քանի դեռ լավ լրագրող լինելու չափանիշը «դռնից դուրս են հանում, պատուհանից մտիր» անհասկանալի սկզբունքն է մնում: Լավ լրագրողին իրենք են ներս հրավիրում: Քանի դեռ «հարց տվողը, իրավիճակի տերը դու ես» լրագրողական պարզ հմտությունը խառնում են անդաստիարակության հետ, քանի դեռ հնչած հարցի պատասխանը կարեւոր չի դարձել լրագրողի համար:

Լրագրությունը չի զարգանալու, քանի դեռ հարցը ձեւակերպվում է «ճի՞շտ եք համարում» բառակապակցությամբ, քանի դեռ բովանդակությունը քննվում է ոչ թե փաստական, այլ «ճշտի ու սխալի» հարթության վրա, քանի դեռ մեդիա օրակարգում հայտնվում են հովանոց պահողի, ադրբեջանական արտադրության մեկ տուփ թեյի, կաթնամթերք գովազդող տարազով կովի մասին «վերլուծականներ»: Իրավիճակ չի փոխվելու, քանի դեռ մեդիան լեգիտիմացնում է «փորձագետների»` դպրոցի գիշերային պահակից պատվաստումների, թատրոնի հանդերձապահից՝ տարածաշրջանային քաղաքական զարգացումների, պարուսույցից՝ ԼՂ հակամարտության ու մեր ռազմական պոտենցիալի մասին մեկնաբանություններ խնդրելով եւ դրանք տիրաժավորելով:

Հ.Գ. Խորհուրդ գործընկերներիս` դասախոսիցս, ով հաճախ էր ասում` մաքրիր տեքստդ «ճենճոտ» բառերից: Ո՛չ կեղտոտ, ո՛չ ավելորդ, ո՛չ անտեղի. հենց ճենճոտ, որովհետեւ ճենճից մաքրվելը գրեթե անհնար է:

Խորհուրդ պաշտոնյաներին, որ ավելի հաճախ են սկսել մեղադրել լրագրողներին` այս կամ այն ձախողման համար. անհոգ եղեք, այն մակարդակի լրագրությունը, որ դուք նկատի ունեք, անմեղսունակ է:

Հ.Գ.2 Այս ամենի մեջ, այնուամենայնիվ, դրական կողմ էլ կա. հեղինակային ժուռնալիստիկան գնալով ավելի ազդեցիկ է դառնում, որովհետեւ հրաժարվում է մեռնել:

Սոնա Մարտիրոսյանը լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Գերիների ընտրությունը

Փոքր հայրենիքի փոքր տղերքը
Մեր ընտրանին