Ալիեւը, Փաշինյանը եւ պայմանական տիկին Վարդանուշը - Mediamax.am

Ալիեւը, Փաշինյանը եւ պայմանական տիկին Վարդանուշը
12656 դիտում

Ալիեւը, Փաշինյանը եւ պայմանական տիկին Վարդանուշը


Դավոսում Փաշինյան-Ալիեւ հանդիպման շուրջ հիստերիա է ծավալվում։ ԼՂ կարգավորման գործընթացին մասնագիտորեն հետեւում եմ 25, առավել խորությամբ՝ 20 տարի, որոնց ընթացքում լուսաբանել եմ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների տասնյակ հանդիպումներ, բազմաթիվ հարցազրույցներ եւ ոչ պաշտոնական զրույցներ եմ ունեցել օտարեկրյա դիվանագետների հետ։ Եվ եթե պայմանական տիկին Վարդանուշը կարող է մի ձեռքով ճաշը խառնել, իսկ մյուս ձեռքով լատինատառ մեկնաբանություն գրել, ես էլ ինձ թույլ տամ կարծիք հայտնել։

Նախ, կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը մարտավարական սխալ թույլ տվեց, երբ Դավոս մեկնելիս գոնե չակնարկեց, որ կարող է այնտեղ հանդիպել Իլհամ Ալիեւի հետ։ Հունվարի 23-ի ուղիղ եթերում վարչապետն ասաց, որ պայմանավորվածություն ունեն չխուսափել հանդիպումներից, երբ գտնվում են նույն վայրում։ Քանի որ նաեւ հայտնի էր՝ Փաշինյանն ու Ալիեւը լինելու են Դավոսում, կարելի էր հանդիպումը գոնե չբացառելու մասին մի գրառում անել։ Կարծում եմ՝ դա դավադրության տեսության ջատագովների բանակը կիսով չափ կկրճատեր։

Բայց, իրականում, դա չէ կարեւորը։ Կարեւորն այն է, որ հասարակության մի զգալի մասը սկսել է Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպումները ընկալել որպես ինչ-որ սարսափելի բանի նախանշան։ Սա մի երեւույթ է, որը նախկինում չկար։ Չեմ ցանկանում մեղավորներ փնտրել, չնայած ակնհայտ է, որ նման ընկալման մեջ իր մեծ ներդրումն ունի նախկին իշխանությունը, ավելի ճիշտ՝ դրա որոշ ներկայացուցիչներ։ Գրեթե ամեն օր նրանք ապոկալիպտիկ գրառումներ են անում՝ զուրկ փաստերից։ Իսկ քանի որ պայմանական տիկին Վարդանուշի հիմնական գործը իր ճաշը եփելն է մնում, նա մեկնաբանում է «ձեռի հետ» եւ փաստերի կարիք էլ չի զգում։

Եկեք պատկերացնենք, թե ինչ կլիներ, եթե Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Փաշինյանը եւ Ալիեւը հանդիպած լինեին ոչ թե երեք, այլ, օրինակ՝ մեկ անգամ։ Հնչելու էին մեկնաբանություններ այն մասին, որ Ադրբեջանում Հայաստանի նոր ղեկավարին լուրջ չեն ընդունում, չեն ցանկանում նրա հետ հանդիպել եւ այլն, եւ այլն։

Ստացվում է այսպես․ հանդիպում է՝ վատ է, չհանդիպեր՝ էլի վատ էր լինելու։ Իրականում խնդիրը հենց այստեղ է. լավի ու վատի, լավ ու վատ ապագայի մեր ընկալումն այնքան անհստակ ու փոփոխական է անգամ կենցաղային հարցերում, էլ ի՞նչ խոսենք ազգի համար կենսական նշանակության խնդիրների մասին։

Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի անձնական հարաբերությունները չստացվեցին եւ երկու ղեկավարները փոխադարձ վստահության խնդիր ունեին։ Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյդար Ալիեւը, որքան էլ տարօրինակ կարող է թվալ, միմյանց լավ էին հասկանում։ Դեռ վաղ է խոսել այն մասին, թե արդյո՞ք ստացվում են Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հարաբերությունները։ Բայց քննադատել Փաշինյանին՝ հարաբերություններ կառուցելու փորձերի համար, առնվազն տարօրինակ է։

Գալիս ենք ամենակարեւոր հարցերին։ Մեր ուզածն ի՞նչ է։ Տասնամյակներ շարունակ «ղարաբաղյան հակամարտություն» բառակապակցությունն արտասանելով ու լսելով՝ մենք ի՞նչ ենք պատկերացնում։ Մենք մեր երկրի ղեկավարից ի՞նչ ենք ակնկալում։ Որ նա պետք է կարգավորի՞ խնդիրը, թե՞ ժամանակ ձգի։

Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ land for peace (տարածքներ խաղաղության դիմաց) բանաձեւը՝ անընդունելի է, որեւէ իրական այլընտրանք չեն առաջարկում։ «Ոչ մի թիզ հողը» այլընտրանք կարող է լինել միայն այն դեպքում, եթե հրաժարվենք «կարգավորում» եզրույթից եւ պաշտոնապես որդեգրենք «պաշարված ամրոցի» կարգավիճակը։ Սա եւս տարբերակ է, բայց դրա ջատագովները պետք է համարձակություն ունենան պնդել, որ մենք հրաժարվում ենք կարգավորումից եւ պատրաստվում ենք հավիտենական պատերազմի։

Այսօր ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, երեկ Սերժ Սարգսյանն էր, վաղը կարող է մեկ ուրիշը լինել։ Բայց մենք չենք փոխվում, չէ՞։ Մենք՝ որպես հասարակություն, կտրուկ փոփոխության չենք ենթարկվում։ Բա մենք մեզ համար չարձանագրե՞նք, թե մեր ուզածն ինչ է, որ եթե այսօրվա ղեկավարին փոխելու լինենք, նոր ղեկավարին հստակ ասենք՝ սա է մեր «կարմիր գիծը», չանցնես այն։

Մի քանի մարգինալ գործիչներից ու նրանց մի քանի տասնյակ կամ հարյուր ջատագովներից բացի Հայաստանում չեք գտնի մարդկանց, որոնք մեծ ցանկությամբ կխոսեն ինչ-որ բանի դիմաց տարածք զիջելու մասին։ Սակայն դա չի նշանակում, որ եթե մեզ հաճելի չէ խոսել որեւէ հեռանկարի մասին, այդ հեռանկարը ինքն իրեն վերանում է։ Ո՛չ, այն չի՛ վերանում, թեեւ կարող է մոտենալ կամ հեռանալ։

Շահարկումները ե՛ւ, կան ե՛ւ կլինեն՝ բոլոր կողմերից։ Բայց փաստերը միշտ հաղթում են շահարկումներին։ Այդպիսի փաստերից մեկն այն է, որ 1994 թվականի հրադադարին հետեւած 25 (!) տարիների ընթացքում Հայաստանի եւ ոչ մի ղեկավար ԼՂԻՄ սահմաններից դուրս գտնվող տարածքներում վերաբնակեցման իրական ծրագիր չի նախաձեռնել։ Կան նվիրյալներ, որոնք գնացել եւ բնակություն են հաստատել այնտեղ։ Բայց այդպես չեն վարվել մարդիկ, որոնք «Աղդամը մեր հայրենիքը չէ» արտահայտությունը մատի փաթաթան են դարձել։ Միգուցե արժե՞ մտածել նաեւ այդ մասին։

Ինչպես եւ շատերը, ես եւս շատ կցանկանայի կարդալ Դավոսում կայացած Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպման սղագրությունը։ Իհարկե, Փաշինյանը չի ասում ողջ ճշմարտությունը, երբ նշում է, որ իրենք չեն բանակցում, այլ «քննարկում են հնարավորություններն ու խոչընդոտները» կամ «մտքեր են փոխանակում բանակցային գործընթացի ընկալումների մասին»։ Միմյանց ընկալումները հասկանալը, դիմացինի աչքերով իրավիճակին նայելու փորձ կատարելը երբեմն շատ ավելի կարեւոր է, քան ֆորմալ բանակցությունները։

Պատմության ընթացքում չի եղել որեւէ հակամարտություն, որի լուծման տարբերակից գոհ մնան բոլոր կողմերը։ Որեւէ առաջնորդ, որը ցավոտ եւ փոխզիջումային խաղաղություն է կնքել, հերոսի դափնիներ չի վաստակել։ Ավելին՝ շատերը խաղաղության կամ դրան ձգտելու համար վճարել են սեփական կյանքով։ Ինչո՞ւ է մեզ թվում, որ մեր պարագայում «խաղ ու պար» է լինելու։ Չի՛ լինելու։ Շատ դժվար է լինելու։ Եվ կրկնում եմ, եթե այդ դժվարությունների մասին անգամ լսել չենք ցանկանում, էլ չեմ ասում՝ պատրաստվել դրանց, ուրեմն պետք է ազնիվ գտնվենք ու պարզապես հրաժարվենք բանակցություններից։ Սիրում եք Նիկոլ Փաշինյանին, թե ոչ, քվեարկել եք նրա օգտին, թե ոչ, այսօր նա մեր երկրի լեգիտիմ ղեկավարն է, որին ժողովուրդը մանդատ է տվել։ Եթե կունենանք իրական փաստեր, որոնք կվկայեն այն մասին, որ նա անընդունելի զիջումների է պատրաստվում, կընդվզենք դրա դեմ։ Կարծում եմ՝ որեւէ մեկը պատրանքներ չունի, որ այսօրվա աշխարհում նման բանը կարելի է թաքցնել։ Իսկ քանի դեռ նման փաստեր չկան, հիստերիաներ սարքել պետք չէ։ Դրանցով ոչ թե խանգարում եք Փաշինյանին, այլ իրականում օգնում եք Ալիեւին՝ անգամ, եթե դա անգիտակցաբար եք անում։

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին