Ինքնափրկության խիզախությունը - Mediamax.am

Ինքնափրկության խիզախությունը
1939 դիտում

Ինքնափրկության խիզախությունը


Կյանքում ինձ միշտ ճիշտ ժամանակին ճիշտ խոսք է ասվել: Խոսք, որ փոխել է կյանքս հիմնովին: Դրանցից մեկը ու հիմնականը ընկերս է ասել, գրող Նշան Աբասյանը: «Կյանքդ սիրով չափիր»: Դրանից հետո ու միշտ կյանքումս արվող յուրաքանչյուր բան սիրով եմ չափել, որովհետեւ ավելի ճշգրիտ նժար չեմ գտել:

Մյուսը տարիներ առաջ կարդացի ռուս գրող, դերասան Պյոտր Մամոնովի մոտ: Նա պատմում էր 40-ից հետո Աստծուն գտնելու, թմրադեղերի, ալկոհոլի, ցոփ կյանքից հետո հավատի մեջ ինքն իրեն գտնելու  պատմությունը: Տեքստում նա մեջբերել էր Սուրբ Սերաֆիմ Սարովսկու մի խոսք՝ «Փրկիր ինքդ քեզ եւ բավական է»: Առաջին հայացքից ոչ քրիստոնեական, խիստ եսասիրական այս արտահայտությունը ոչ մի կապ չուներ համընդհանուր սիրո գաղափարի հետ: Բայց սա միայն առաջին հայացքից:

Մենք ապրում ենք մեր կյանքը ամաչելով այն մտքից, որ սիրում ենք ինքներս մեզ ավելի, քան մերձավորին մեր, քան աշխարհում ապրող մնացյալ բոլորին: Մենք ապրում ենք՝ շարունակաբար զսպելով մեր մեջ սերը մեր հանդեպ, որովհետեւ գիտենք՝ մեզ չեն հասկանա: Այդ սերը, որ չի իրացվում, բաժանում ենք շռայլորեն մեր շուրջն ապրողներին, որքան շատ, այնքան լավ: Տալիս ենք սերը ու ակնկալում, որ պատասխանը նույնական է լինելու: Տալիս ենք՝ սպասելով այդ պատասխանին:

Ես գիտեմ, որ կյանքը, եթե ոչ արդար, ապա, գոնե, օրինաչափ է. Սեր բաժանողին սեր է միշտ հասնում, բայց, սովորաբար, ուշ-ուշ ու քիչ-քիչ: Իսկ սերը, որ կարող էինք ինքներս մեզ տալ, այդպես էլ չենք տալիս: Մենք հոգ չենք տանում մեր մարմնի մասին, մեր առողջության, մեր երջանկության, մեր կյանքի համար: Մենք շփոթում ենք ինքնասիրությունը եսասիրության հետ: Մենք սեր ենք տալիս մյուսներին՝ պահանջելով նրանցից նույն պատասխանը: Իսկ պահանջված սերն իսկական չէ: Մենք վարվում ենք մարդկանց հետ այնպես, ինչպես կցանկանայինք, որ վարվեին մեզ հետ, ոչ թե այնպես, ինչպես ճիշտ ենք համարում:

Եսասիրություն է հույսը ու անընդհատ մղումը օգնել ու փրկել մեզանից բացի որեւէ մեկին: Փրկել ու հերոսանալ: Փրկել նրանց խնդրանքով, կամ՝ կամքին հակառակ:  Պարզ հաշվարկ է. եթե յուրաքանչյուր մարդ փրկի մեկ հոգու, աշխարհում ամեն մարդ երջանիկ կլինի: Իսկ ի՞նչ կլինի, եթե մեզանից յուրաքանչյուրը որոշի փրկել ինքն իրեն: Մեկին: Հաշվարկը չի փոխվի:

Աշխարհի, երկրի, մարդկանց  ու Աստծո ստեղծած ամեն ինչի նկատմամբ սերը սկսվում է ինքներս մեր նկատմամբ ունեցած սիրուց: Ինքնաբավ մարդը չի ստում, չի դավաճանում, չի ձեւացնում, չի հաճոյանում, չի քծնում, չի դեգերում, չի մեղադրում  ու չի պահանջում:  Խիզախություն ու ծանր գործ է ինքդ քեզ սիրելը: Ինքդ քո սիրոն, քո փրկությանը արժանանալը: Ինքդ քեզ բավարար լինելը:

Սոնա Մարտիրոսյանը լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Գերիների ընտրությունը

Փոքր հայրենիքի փոքր տղերքը
Մեր ընտրանին