Մեզ կարգի բերելու ժամանակն է - Mediamax.am

Մեզ կարգի բերելու ժամանակն է
13600 դիտում

Մեզ կարգի բերելու ժամանակն է


«Լավագույն պատերազմը հակառակորդի մտադրությունները խափանելն է»

 

                                                                                                    Սուն Ցզի

 

Վերջին իրադարձությունները՝ կապված ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակման հետ, հերթական անգամ մերկացրեցին հայկական արտաքին քաղաքականության հիմնարար խնդիրները: Փորձագիտական հանրույթը, ԶԼՄ-ները եւ հասարակությունն ակտիվորեն քննարկում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի քաղաքական վարքագիծը եւ Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւի դիրքորոշումը Յուրի Խաչատուրովին հետ կանչելուց հետո հայկական կողմի նոր թեկնածուին գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատելու վերաբերյալ: Տվյալ գործընթացը թե՛ Հայաստանի բնակչության լայն շերտերի, եւ թե՛ բազմամիլիոնանոց հայկական համայնքների համար դարձավ ազգային արժանապատվության խնդիր, իսկ Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի համար՝ պայմանական քննություն: 

 

Իրենց հերթին` Մոսկվայի, Մինսկի եւ Աստանայի համար սա հայկական նոր երիտասարդ իշխանություններին հնազանդության դաս տալու հնարավորություն է: Դաշինքի այդ անդամների տրամաբանությունը չափազանց պարզ է. եթե Խաչատուրովի հետ կապված պատմությունից հետո Երեւանին հաջողվի ջրից չոր դուրս գալ (պահպանել այդ պաշտոնը), դա կարող է հանգեցնել հարաբերությունների ներքին փոխդասավորվածության փոփոխության: Նրանց դիրքորոշումն այն է, որ դաշինքի բոլոր անդամները պետք է հետեւեն խաղի հաստատված կանոններին եւ առանձին քայլեր չձեռնարկեն: 

 

Իսկապես, իդեալում նման դաշինքների բնույթը ենթադրում է, որ յուրաքանչյուր պետություն իր ինքնիշխանության մի մասն ինքնակամ փոխանցում է վերազգային մակարդակ, իսկ որոշումներն ընդունվում են հարգանքի եւ համաձայնեցման սկզբունքների հիման վրա: Սակայն եվրասիական դաշինքների պատմության ընթացքում (այդ թվում եւ ՀԱՊԿ-ի) հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի կողմից ձեռնարկվել են քայլեր, որոնք չեն համապատասխանել ռազմավարական գործընկերության եւ փոխըմբռնման ոգուն:

 

Ավելին, անդամ պետություններն առավել հաճախ դաշինքի հարթակն ու գործիքակազմն օգտագործում են իրենց սեփական պրագմատիկ շահերի իրացման նպատակով: Վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանն իրեն բավականին կոռեկտ է պահել՝ ձգտելով չվնասել կազմակերպության երեւակայական ընդհանուր շահերին, որոնք մինչ օրս որեւէ կերպ ձեւակերպված չեն: Նման մոտեցումն ինչ-որ չափով կարելի է հասկանալ, քանի որ Երեւանի համար՝ որպես ՀԱՊԿ-ի անվտանգության «արտադրանքի» սպառողի, դաշինքը Մոսկվայի հետ քաղաքական եւ ռազմատեխնիկական երկխոսության լրացուցիչ ձեւաչափ է: Դժվար թե որեւէ մեկը լրջորեն մտածի, որ Մինսկն ու Աստանան, որոնք Ադրբեջանի հետ տնտեսական սերտ փոխհարաբերություններ ունեն, կիսում են հայկական կողմի մոտեցումները տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի առանցքային խնդիրների շուրջ:

 

Նման հանգմանքներում Հայաստանը պետք է հստակորեն գծի սեփական կարմիր գծերը, ինչպես որ դա հետեւողականորեն անում են ինտեգրացիոն դաշինքներում իր գործընկերները: Մենք պետք է համաձայնության գանք այն հարցում, որ հայկական իշխանությունը որպես սուվերեն եւ հայ ժողովրդի ձայն պարտավոր է պաշտպանել եւ առաջ մղել պետական շահերը՝ չենթարկելով դրանք չարդարացված ռիսկերի: Սակայն առանց հստակ եւ հետեւողական ռազմավարության մշակման անհնար է այդ նպատակին հասնել: 

 

Այս վերլուծության շրջանակներում ես կցանկանայի ավելի մանրամասն կանգ առնել այն խնդիրների վրա, որոնք խանգարում են ձեւավորել Հայաստանի արտաքին քաղաքական ուղեղը: 

 

Առաջին՝ նպատակադրման բացակայությունը: Գլոբալ քաղաքականության գլխավոր շարժիչ ուժը գերտերությունների շահերի մշտական բախումն է, որոնք փոքր պետությունների գոյությունն աշխարհաքաղաքական թյուրիմացություն են համարում: Վերջիններս մշտապես ենթակա են ավելի խոշոր դերակատարների ազդեցությանը, իսկ նրանց անկախության եւ ինքնուրույնության մակարդակը որոշվում է մի շարք որակական եւ քանակական չափանիշերով: Գլխավոր հարցը այս կամ այն սուբյեկտի աշխարհաքաղաքական իմաստային ծանրաբեռնվածության եւ գործառնական հնարավորությունների սահմանումն է: Օրինակ, Միացյալ Նահանգների տեսանկյունից Իսրայելը պետություն է, որն կոչված է ծառայելու որպես ժողովրդավարական իրավական պետության հայելի մերձավորարեւելյան ժողովուրդների համար, որոնք գտնվում են բռնակալական ռեժիմների լծի տակ (հետխորհրդային տարածությունում նման դեր ունի Վրաստանը), իսկ Լեհաստանը կաթոլիկական ամրակետ է, որը զսպում է ուղղափառ Ռուսաստանին եւ Եվրոպական Միությունում ամերիկյան ազդեցության գործակալի դեր խաղում, եւ այլն: Շախմատի տախտակի վրա որոշ խաղաքարեր բազմաֆունկցիոնալ են (Իսրայել, Լեհաստան), մյուսները՝ ժամանակավոր: «Ժամանակավորները» իրենց վրա դրված առաքելության ավարտից հետո կորցնում են արդիականությունը եւ մղվում պատմական գործընթացների լուսանցք: Ադրբեջանը՝ շնորհիվ պետական եւ լոբբիստական ջանքերի համոզել է գերտերություններին, որ ինքն կարեւոր եւ անհրաժեշտ է որպես. ա) էներգառեսուրսների այլընտրանքային աղբյուր, 

բ) հարեւան թեոկրատական Իրանի շիա բնակչության համար աշխարհիկ հայելի, 

գ) սպառազինությունների շուկայում ամենախոշոր գնորդներից մեկը, եւ այլն:

 

Այն փաստը, որ Ղազախստանի ղեկավարն ժամանակին Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ որոշման ընդունման նիստի ժամանակ ընթերցեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակը, ինչպես նաեւ Լուկաշենկոյի վերջին հանդիպումն Ադրբեջանի դեսպանի հետ, որի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ-ին վերաբերող հարցեր, խոսում են այն մասին, որ Բաքուն արդեն դարձել է մեծ եվրասիական քաղաքականության գործոն: Այս տարի մեկնարկեց նաեւ երկու եռակողմ խմբերի ձեւավորման գործընթացը՝ Իրան-Թուրքիա-Ադրբեջան եւ Ռուսաստան-Իրան-Ադրբեջան, որոնք կոչված են ընդլայնելու այդ երկրների միջեւ քաղաքական, տնտեսական եւ էներգետիկ երկխոսությունը, ինչը, անխոս, ադրբեջանական կողմին աշխարհաքաղաքական հավելյալ քաշ կավելացնի (ինչի մասին իրենց ուղերձներում արդեն բացեիբաց խոսում են նախագահներ Թրամփը (4 նամակ) եւ Պուտինը (2 հանդիպում եւ պետական այց)): 

 

90-ականներին ԱՄՆ-ն անկախ Հայաստանին դիտարկում էր որպես տարածաշրջանում իր գլխավոր դաշնակիցներից մեկի, որն ոգեւորվել էր Ադրբեջանի նկատմամաբ ռազմական հաղթանակից եւ Բաքվի ու Թբիլիսիի հետ համեմատած՝ լրացուցիչ առավելություն ուներ՝ ի դեմս այն ժամանակ ազդեցիկ արեւմտյան Սփյուռքի: Ռուսաստանը, իր հերթին, փորձում էր Անդրկովկասում պահպանել ուժային բալանսը, իսկ հայկական գործոնն դիտվում էր որպես Ադրբեջանին զսպելու գործիք (Կասպից ծովի խնդիրը, թուրքական գործոնը, էներգետիկան, ՌԱՀ եւ այլն):

 

Ամերիկյան ուղղությունը Հայաստանը ձախողեց նրանից հետո, երբ Հեյդար Ալիեւը եւ նրա դաշնակիցները՝ ի դեմս նավթային լոբբիի, գերազանցեցին Ցեղասպանության ճանաչման նեղ կողմնորոշում ունեցող հայկական լոբբիին եւ հասան 907-րդ բանաձեւի ապասառեցմանը՝ Վաշինգտոնին առաջարկելով իրենց ծառայությունները Աֆղանստանում, մասամբ՝ նաեւ Իրաքում գործողությունների շրջանակներում: Զուգահեռաբար սերտ ռազմաքաղաքական հարաբերություններ հաստատվեցին Իսրայելի եւ նրա լոբբիստական շրջանակների հետ ամբողջ աշխարհում, որոնք Բաքվի համար դռներ բացեցին դեպի տարածաշրջանային եւ գլոբալ մեծ քաղաքականություն: Այդ նույն շրջանում Հայաստանն իրեն շատ զգուշավոր եւ պասիվ էր պահում, հետեւողականորեն կորցնում էր իր գլխավոր պետական ռեսուրսը՝ բնակչությանը, վաճառում էր գործարանները եւ տնտեսական այլ օբյեկտները: Երեւանը շարունակում էր գոյատեւել իներցիոն վիճակում՝ սահմանափակելով իր արտաքին քաղաքական գործիքակազմը ձեւով եւ բովանդակությամբ. Սփյուռքի սահմանափակ միջոցների հավաքում ԼՂՀ-ի համար, Ցեղասպանության ճանաչում, Ռուսաստանի հետ հավերժական դաշինքի եւ բարեկամության հույս, Ադրբեջանի եւ Իրանի միջեւ անխուսափելի եւ մոտալուտ հակամարտության վրա հույս դնել, եւ այլն: 

 

Այդ ամենը հանգեցրեց միջազգային ընկալման օրինաչափ անհավասարակշռության եւ Ադրբեջանի հետ գերտերությունների եւ տարածաշրջանային տերությունների առավել սերտ համագործակցության՝ որպես ավելի մեծ հնարավորություններ եւ հեռանկարներ ունեցող  առավել գրավիչ դերակատարի: Այժմ տարածաշրջանային առաջնորդության հասնելու Բաքվի նկրտումները մեզ համար դրանից բխող բոլոր հետեւանքներով այլեւս ֆանտաստիկա չեն թվում: Նման իրավիճակում ժամանակն է, որ Հայաստանը սահմանի իր առաքելությունը (տարածքի ընդարձակում եւ վերադարձ տարածաշրջանային լիդերության համար մղվող պայքարին, կամ առկա սահմաններում քաղաքակրթական եւ տեխնոլոգիական հաբի վերածում, եւ այլն), ինչը կհետաքրքրի գերտերություններին եւ թույլ կտա պետական ուղեղը լցնել իմաստներով, իսկ քաղաքական մարմինը՝ համապատասխան գործիքակազմով: Նպատակի, իմաստների եւ գործառույթների սահմանումը կհանգեցնի արտաքին քաղաքական հասկացութային ապարատի ձեւավորմանը, ինչը թույլ կտա սահմանել շարժման անհրաժեշտ վեկտորը եւ ազատվել չափից դուրս իներցիոն գծից եւ արմատական հարմարվողականությունից, որոնք պետական դիմադրողականությունը քայքայող հիմնական քաղաքական ախտերն են:

 

Երկրորդ՝ քաոսը: Արտաքին քաղաքականությունում հաջողության գլխավոր հաստատունները (անգամ իրավիճակային) կարգուկանոնն ու կազմակերպվածությունն են: Մեր դեպքում նկատվում է ուղղակի հակադրություն՝ քաոս եւ  կատարյալ անկարգություն: Անկախության գրեթե երեսնամյա պատմության ընթացքում մենք չենք կարողացել անգամ ձեւակերպել եւ ընդունել այնպիսի հիմնարար փաստաթուղթ, ինչպիսին Արտաքին քաղաքականության հայեցակարգն է, որտեղ պետք է արտացոլված լինեին կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ պետական շահերը: Վերջին Ազգային անվտանգության ռազմավարությունն ընդունվել է 2007 թվականին եւ տասը տարուց ավելի է՝ չի վերանայվել (կարծես աշխարհն ու տարածաշրջանը քարացել են, եւ ոչինչ չի փոխվել): Էլ չեմ խոսում Տեղեկատվական անվտանգության հայեցակարգի (մենք ենթարվում ենք մշտական տեղեկատվական հարձակումների), Ժողովրդագրական անվտանգության ռազմավարության (25 տարվա ընթացքում կորցրել ենք ավելի քան մեկ միլիոն քաղաքացի), Տնտեսական անվտանգության հայեցակարգի (լուրջ ներդրումների բացակայություն, սահմանափակ շուկա, խոշոր արտաքին պարտքի խնդիր) բացակայության մասին, եւ այլն: Կարգուկանոնի (համակարգայնության) բացակայությունը բերեց նրան, որ Հայաստանի միջազգային քաղաքականությունը դարձավ, ըստ էության, պատմական զգացմունքների եւ իներցիոն ցանկությունների արդյունք, որը հաշվի չի առնում տարածաշրջանային եւ գլոբալ իրողությունները, թրենդները եւ միտումները:

 

Նման նարատիվները բերում են նրան, որ արտաքին քաղաքական վարքագծի հիմքում ընկնում է հակազդման մոդելը, իսկ «Պուտինի զանգը», «Լուկաշենկոյի խոսքերը» եւ «Բոլթոնի հայտարարությունը» դառնում են քաղաքական որոշումների ընդունման գործոններ: Անհրաժեշտ է հասկանալ, որ անգամ արտաքին քաղաքական հռետորաբանությունն ունի իր տրամաբանությունն ու կարգը: 

 

Վերլուծենք նույն «բելառուսական» դեպքը: Ներկա իրավիճակում հայկական կողմը պետք է լուծի բարոյական եւ գործնական բնույթի մի շարք խնդիրներ: Առաջին գիծն իրավիճակից արժանապատվորեն դուրս գալն է, որի դեպքում դաշինքի շրջանակներում կտուժի ոչ թե հայկական կողմի բարոյական կերպարը, այլ բելառուսականի: Երկրորդ գիծը խնդիրների առավելագույն (Հայաստանի թեկնածուին հաստատել գլխավոր քարտուղարի պաշտոնում) եւ նվազագույն (կասեցնել Բելառուսի թեկնածուի նշանակումը, ով Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանի շրջանավարտ է) լուծումներն են: Առավելագույն էֆեկտի համար անհրաժեշտ է գործել՝ ելնելով կանխարգելման տրամաբանությունից՝ չմտնելով հռետորական «ճակատամարտերի» մեջ, որոնք ակնհայտորեն տանուլ կտանք: Ինչ ասես կարելի է ասել Լուկաշենկոյի մասին, սակայն նա փորձառու քաղաքական գործիչ է եւ լեզվակռվի մեծ վարպետ: Գնալ հարաբերությունների պարզման նրա համար այդքան հարմար ճանապարհով՝ նշանակում է կանխորոշել սեփական պարտությունը: Ավելի արդյունավետ կլիներ այս փուլում զսպվածություն ցուցաբերել եւ հանձնարարել համապատասխան գերատեսչություններին պատրաստել անհրաժեշտ ամեն ինչ՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հաջորդ հանդիպման պաշտոնական օրակարգում դաշինքի՝ կազմակերպության եւ ռազմավարական գործընկերության ոգուն չհամապատասխանող «վարքագծի ստանդարտների» հարցը ներառելու համար:

 

Չեմ կարծում, որ Ռուսաստանի եւ Ղազախստանի ղեկավարները պաշտոնական հանդիպման ժամանակ կաջակցեին Մինսկի վարքագծին, ով դաշինքի ներքին խնդիրները քննարկում է այլ սուբյեկտների հետ: Դա կնշանակեր բացահայտ աջակցություն անջատողական գործողություններին, ինչն անուղղելի վնաս կհասցներ ՀԱՊԿ-ի համբավին: Նման մտածված քայլը մի կողմից ցույց կտար Հայաստանի նոր իշխանությունների հասունությունը, իսկ մյուս կողմից՝ Մինսկին կզրկեր գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածուների հարցում մանեւրելու հնարավորությունից (չի կարելի նման միակողմանի քայլեր ձեռնարկել (Ադրբեջանի դեսպանի հետ զրույցը) առանց գործընկերների հետ նախապես համաձայնեցնելու, եւ դեռ խոսել մյուս անդամների բարոյականության մասին): 

 

Պահը բաց է թողնված, եւ մենք գործ ունենք սովորական լեզվակռվի կայացած փաստի հետ: Մենք կարող ենք անգամ զգացմունքային գործել եւ համաձայնել արագ եւ կոշտ պատասխաններ տալու անհրաժեշտության հետ, ինչպիսիք չէինք լսել նախորդ իշխանության ներկայացուցիչներից: Բայց անգամ այդ պարագայում հռետորաբանությունը պետք է լինի կանոնակարգված ու տրամաբանությամբ եւ իմաստով հարուստ: Չի կարելի մոռանալ, որ խոսքերը քաղաքականությունում ասես վահան եւ թուր լինեն՝ մեկով պաշտպանվում են, մյուսով՝ հարձակվում հակառակորդի վրա: Տվյալ իրավիճակում Բելառուսի ազատագրմանը մասնակցած մարշալ Բաղրամյանի գործոնի օգտագործումը սխալ եւ չափազանց անարդյունավետ է: Դուք կարող եք ստանալ պատասխան, որ միլիոնավոր բելառուսներ իրենց կյանքն են տվել Խորհրդային Միության փրկության համար, որի մասն է կազմել եւ Հայաստանը: Հաջորդիվ, ըստ սցենարի, մենք կստանանք բացարձակապես անիմաստ եւ խնդրի առարկային (ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար եւ Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպում) չառնչվող վեճերի անդունդ, որի շահողը կլինի միակ մեկ դերակատար՝ Բաքուն:

 

Այս ամբողջ պատմությունը, անկախ դրա ձեւական ելքից, կարելի է համարել ադրբեջանական կողմի քաղաքական հաղթանակ: Մենք սովոր ենք գործել զգացմունքային, քաոտիկ եւ հակազդելու եղանակով՝ մեղադրելով մյուս երկրներին «ծախված» կամ «կոնյուկտուրային» լինելու համար, եւ մոռանում ենք, որ ադրբեջանամետ նոր դերակատարների ի հայտ գալը խոսում է միայն մեր հակառակորդի իշխանությունների հետեւողական եւ ակտիվ աշխատանքի եւ մեր բացթողումների ու ձախողումների մասին: Ինքներս մեզ կարգի բերելու ժամանակն է:

 

Արեգ Գալստյանը պատմական գիտությունների թեկնածու է, The National Interest, Forbes, The Hill եւ American Thinker պարբերականների մշտական հեղինակն ու փորձագետը:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին