Լիդիանն ու վարչապետը՝ հին ու նոր Հայաստանների հատման կետում - Mediamax.am

Լիդիանն ու վարչապետը՝ հին ու նոր Հայաստանների հատման կետում
34899 դիտում

Լիդիանն ու վարչապետը՝ հին ու նոր Հայաստանների հատման կետում


Հուլիսի 11-ին Բրյուսելում «Կարնեգի» կենտրոնում կայացած հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ տնտեսական զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը կառավարությունը համարում է ազգային անվտանգության առանցքային բաղադրիչ: 

 

Նա նաեւ նկատել է, որ Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացումը կնպաստի ավելի լավ ներդրումային միջավայրի ստեղծմանը, գործարարության կայունության եւ կանխատեսելիության մակարդակի բարձրացմանը:

 

Նույն օրը հանդիպելով Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնին` վարչապետն ասել է, որ հոկտեմբերին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվելու տնտեսական բաղադրիչին. նախատեսվում է անցկացնել ֆրանկոֆոն երկրների գործարարների եւ գործատուների բիզնես ֆորում: 

 

Ողջունելի է, որ վարչապետն անձամբ է առաջ տանում ներդրումների ներգրավման թեման՝ քաջ գիտակցելով, որ դա է կլանային եւ մոնոպոլիզացված տնտեսության վերափոխման հիմնական նախապայմանը: 

 

Միանշանակ ողջունելի չէ վարչապետի եւ կառավարության անգործությունը Հայաստանի այսօրվա թիվ մեկ ներդրողի՝ «Լիդիան Արմենիա» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակում: 

 

Ավելի քան մեկ ամիս մոտ 50 հոգի փակել են դեպի Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհները, ինչի հետեւանքով ընկերությունը չի կարողանում գործունեություն ծավալել: Այդ մարդիկ, որոնց մեծ մասը ոչ միայն բնապահպան չէ, այլեւ տարրական գիտելիքներ չունի հանքարդյունաբերության մասին, որոշել են, որ ծրագիրը չպետք է շահագործվի եւ վերջ: Նրանց երկու անգամ դիմեց վարչապետը՝ կոչ անելով բացել ճանապարհները եւ չխանգարել այն ստուգումներին, որոնք կառավարությունը մտադիր է սկսել: Չօգնեց: Ընկերությունը մի քանի անգամ դիմեց ոստիկանությանը՝ առաջարկելով իրացնել օրենքով նախատեսված լիազորությունները: Դա էլ չօգնեց: Վարչապետի այցը Ամուլսար ու Ջերմուկ եւ հանդիպումը ակտիվիստների հետ եւս չօգնեց:

 

Սա տեղի է ունենում այն պարագայում, երբ Հայաստանում արդեն ավելի քան 300 միլիոն դոլար ներդրած ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը դեռ հունիսի 5-ին հայտարարել էր, որ «Լիդիան Արմենիա»-ն պատրաստ է ցանկացած ստուգման՝ բնապահպանական չափանիշների, սոցիալական կառավարման, ֆինանսական հոսքերի, բաժնետերերի կազմի, հարկային մուտքերի թափանցիկության եւ ցանկացած այլ չափանիշներով: 

 

Քանի որ մենք երկար տարիներ լուսաբանել ենք Ամուլսարի նախագիծը (որոշ «մեկնաբանների» համար շեշտեմ, որ ի տարբերություն իրենց, դա արել ենք բաց ու համոզված կերպով), կարող եմ պնդել, որ եթե Հայաստանում պետք է հանքարդյունաբերություն լինի, ապա «Լիդիան Արմենիա»-ն ոլորտի լավագույն ներկայացուցիչն է:

 

Բայց խոսքն այսօր այդ մասին չէ: Եթե կառավարությունը իր նախաձեռնած ստուգումների արդյունքում պարզի, որ «Լիդիան»-ը խախտումներ է թույլ տվել՝ բնապահպանական, ֆինանսական, հարկային, պետք է եւ պարտավոր է միջոցներ ձեռնարկել՝ անգամ մինչեւ լիցենզիայից զրկելը: Բայց քանի դեռ խախտումներ չեն արձանագրվել, կառավարությունը պարտավոր է ոչ թե առաջնորդվել դրանց հնարավոր առկայության մասին ակտիվիստների ենթադրություններով, այլ բացել ճանապարհները եւ ապահովել Հայաստանի թիվ մեկ ներդրողի անխափան աշխատանքը: Ընդ որում, այդ որոշումը պետք է կայացնել արագ, քանի որ ստեղծված իրավիճակը վնասում է ոչ միայն Լիդիանին եւ Հայաստանի բյուջեին (չաշխատելու հետեւանքով ընկերությունն օրական մոտ կես միլիոն դոլար է կորցնում), այլեւ Հայաստանի ներդրումային գրավչությանը: 

 

Վերջերս առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հարցազրույցներից մեկում ակնարկներ արեց այն մասին, որ «Լիդիան»-ի շուրջ ստեղծված իրավիճակը այնքան միանշանակ չէ, որքան ներկայացվում է եւ փաստացի ընդունեց, որ խնդիրը նաեւ քաղաքական ենթատեքստ ունի: 

 

Ես պետական պաշտոնյա չեմ եւ կարող եմ ինձ թույլ տալ ավելի բաց տեքստով խոսել եւ ասել, որ «Լիդիանի» եւ անձամբ Հայկ Ալոյանի գլխավոր «մեղքն» այն է, որ անցած 10 տարիների ընթացքում նա կոռուպցիոն գործարքների չգնաց նախկին իշխանությունների եւ վերջինիս աջակցող օլիգարխների հետ, «փայ» չտվեց նրանց: 

 

Հայկ Ալոյանի «մեղքերից» է, որ «համարձակվեց» ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանի «կալվածք» համարվող տարածքում ինքնուրույն գործունեություն ծավալել եւ «չխոնարհվել» ամենակարող օլիգարխի առջեւ: 

 

Հայկ Ալոյանի «մեղքերից» է այն, որ կարողացավ համոզել ընկերության բաժնետերերին 500 000 դոլար ծախսել ոչ թե այս կամ այն չինովնիկին կաշառք տալու համար, այլ Ամուլսարի տարածքում հայտնաբերված «պոտենտիլա պորֆիրանտա» բուսատեսակի պահպանման եւ այլ տարածք տեղափոխելու համար: 

 

«Մեղքերից» է նաեւ այն, որ չվախեցավ քարոզարշավից, որը «Լիդիանի» դեմ հետեւողականորեն տանում է Զանգեզուրի պղձնա-մոլիբդենային կոմբինատի կողմից ֆինանսավորում ստացող եւ Սյունիքի նախկին մարզպետի հետ անմիջական առնչություն ունեցող լրատվամիջոցը: Ի դեպ, այդ կոմբինատի սեփականատերերի իրական պատկերը, ի տարբերություն «Լիդիանի», շատ մշուշոտ է:

 

Անհեթեթություն է, որ «Լիդիանն», ըստ էության, տուժում է նրա համար, որ 10 տարի բացառիկ թափանցիկություն է ապահովել: Դրանում համոզվելու համար շատ ջանք թափել պետք չէ՝ կարելի է պարզապես այցելել Հայաստանում գործող հանքարդյունաբերական բոլոր ընկերությունների կայքեր եւ ծանոթանալ դրանցում ներկայացված տեղեկատվության ծավալին ու որակին:

 

Անհեթեթություն է, որ «Լիդիանը»՝ երկարամյա փորձությունների միջով անցնելով «հին Հայաստանում», տապալման եզրին է հայտնվել Նոր Հայաստանում: Մի հատված մեջբերեմ Հայկ Ալոյանի հետ իմ հարցազրույցից, որն արել էի 2017թ. դեկտեմբերին.

 

«Մի օր պետք է մի պաշտոնյայի այցելեի՝ դիմել էինք փաստաթղթեր ստանալու համար եւ պետք է տեղեկանայի՝ արդյո՞ք պատրաստ են։ Թիմ Քոֆլինը Հայաստանում էր եւ որոշեց, որ պետք է ինքն էլ գա, ծանոթանա այդ պաշտոնյային։ Զգուշացրեցի, որ ծանր բնավորության տեր մարդ է, միգուցե այդքան էլ գոհ չմնաս ձեր շփումից։ Թիմը համառեց, եւ պաշտոնյայի աշխատասենյակ երկուսով մտանք: Համակարգչով պասյանս էր բացում, ու երբ մտանք, մեր վրա անգամ կեսհայացք չնետեց: Թիմը մոտեցավ, լայն ժպտաց, պարզեց ձեռքը եւ ներկայացավ։ Պաշտոնյան մի պահ կտրվեց խաղից, ուսումնասիրեց Թիմին, այնուհետեւ մի կերպ ձեռքը մեկնեց։ Թիմը պարզեց նաեւ իր այցեքարտը, բայց պաշտոնյան այն չվերցրեց, շարունակում էր պասյանս բացել: Թիմը ստիպված քարտը դրեց սեղանին: Հետո պաշտոնյան մի պահ ինձ նայեց ու կարճ ասաց. «Թղթերը եղել են»: Ու շարունակեց իր պասյանսը: Դուրս եկանք, քարտուղարուհուց վերցրեցինք փաստաթղթերը, իսկ Թիմը քարացած մնացել էր ու մինչեւ երեկո ուշքի չէր գալիս»։

 

Կառավարությունը եւ վարչապետը պետք է հասկանան, որ այս խնդիրը լակմուսի թուղթ է իրենց համար՝ ազնիվ գործարարների եւ խոշոր ինստիտուցիոնալ ներդրողների հետ հարաբերություններ կառուցելու հարցում: Եվ ոչ միայն այդ հարցում: Ի վերջո, ո՞վ է որոշումներ կայացնում Հայաստանում՝ վարչապետն ու կառավարությունը, թե կասկածելի նպատակներ ունեցող մի քանի տասնյակ մարդիկ:

 

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին