Հայկ Ալոյան. «Լիդիան»-ը պատրաստ է ցանկացած ստուգման - Mediamax.am

3059 դիտում

Հայկ Ալոյան. «Լիդիան»-ը պատրաստ է ցանկացած ստուգման


Հայկ Ալոյանը
Հայկ Ալոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: «Լիդիան Արմենիա»-ի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն այսօր հայտարարություն է տարածել մի խումբ մարդկանց կողմից Ամուլսարի հանքի շինհրապարակ տանող ճանապարհները փակելու վերաբերյալ։

«Արդեն երկրորդ օրն է մոտ քսան մարդ փակել են Ամուլսարի հանքի շինհրապարակ տանող ճանապարհները՝ ավելի քան 1450 աշխատակցի զրկելով իրենց օրինական աշխատանքով զբաղվելու հնարավորությունից եւ խոչընդոտելով երկրի ամենախոշոր ներդրումային ծրագրի աշխատանքը:

 

Նման սադրանքն ուղղված է ոչ միայն մեր ընկերության, այլեւ երկրի դեմ՝ խոչընդոտելով օրական մի քանի հարյուր հազար դոլարի ներդրումների մուտքը երկիր: 

 

Ամուլսարի ծրագիրը բնապահպանական տեսանկյունից Հայաստանում երբեւէ նախագծված լավագույն ծրագիրն է:

 

Ծրագիրը, ի դեպ, դեռեւս չի շահագործվում եւ գտնվում է շինարարության փուլում, այդուհանդերձ, ընկերության նկատմամբ արդեն մի քանի տարի շարունակ իրականացվում է նպատակաուղղված եւ ֆինանսավորված հակաքարոզչություն՝ բնապահպանական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ կիրառող եւ կոռուպցիոն գործարքների մեջ չներգրավված միջազգային թափանցիկ ընկերությանը շուկայից դուրս մղելու նպատակով:

 

«Լիդիան Արմենիա»-ն պատրաստ է ցանկացած ստուգման՝ բնապահպանական չափանիշների, սոցիալական կառավարման, ֆինանսական հոսքերի, բաժնետերերի կազմի, հարկային մուտքերի թափանցիկության եւ ցանկացած այլ չափանիշներով:

 

Ընկերությունը վստահ է, որ օբյեկտիվ եւ պրոֆեսիոնալ չափանիշներով ցանկացած աուդիտ կապացուցի, որ Ամուլսարում կիրառվում են Հայաստանի համար աննախադեպ եւ միջազգային լավագույն չափանիշները:

 

Ընկերության աշխատանքների ապօրինի խոչընդոտումն ուղղակի հարվածում է երկրի տնտեսությանը եւ հեղինակությանը: Ընկերությունն ակնկալում է խնդրի իրավաչափ եւ շուտափույթ լուծում»,- ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին