Ապրիլի 23-ը մի կետ էր, որը շատերիս կյանքը բաժանեց երկու մասի։ Հույս ունեմ, որ սա իսկապես խոշոր արմատական փոփոխությունների կբերի։ Ամեն դեպքում մենք՝ ՀՀ ժողովուրդը, մեզ վրա ենք վերցրել այդ պատասխանատվությունը եւ պարտավոր ենք գործը հասցնել իր տրամաբանական ավարտին։ Մենք իրավունք չունենք հանգստանալու եւ հանդարտվելու։ Սա դեռ սկիզբն է, ամենամեծ անելիքներն առջեւում են։ Եվ ամենամեծ անելիքը մեր մեջ, մեր գլխում, մեր սրտում սկսված հեղափոխական զգացմունքները հստակ գործողությունների վերածելը պետք է լինի։
***
Հանրապետության հրապարակում հաղթական հավաքից հետո ամուսնուս հետ գնացինք տուն, մի փոքր հանգստացանք ու դուրս եկանք դեպի Սարյանի գինետներից մեկը, որպեսզի ընկերներով նշենք տեղի ունեցածը։ Պետք է անցնեինք Հրապարակով։ Սարսափելի աղտոտված էր ամբողջ տարածքը, ոչ միայն հրապարակը, այլեւ հարակից փողոցները՝ Ամիրյանը, Աբովյանը, Նալբանդյանը, Արամի պողոտան։ Շշեր, ծխախոտ, տոպրակներ, արեւածաղիկ։ Սարսափելի էր։
Պետք է քաղաքին, գյուղին, երկրին վերաբերվենք ինչպես սեփական տանը
Փոփոխություններն անհնարին են, եթե մենք չենք գիտակցում պարզ ու հասարակ բաներ։ Փոփոխություն, լավ կյանք պահանջող եւ իշխող մարդուն փնթի գործ անելու, ազգի մասին չմտածելու համար մեղադրող քաղաքացին չի կարող մայրաքաղաքի գլխավոր հրապարակում արեւածաղիկ չրթել եւ կեղեւները գետնին գցել։ Այդ երկու կերպարները պարզապես չեն կարող մեկ մարդու մեջ ամփոփվել։ Եթե ուզում ենք քաղաքակիրթ երկրի նմանվել, պետք է նաեւ համապատասխանենք քաղաքակիրթ երկրների քաղաքացիներին եւ զարգանանք ինքներս։
Ամուսնուս ասացի, որ պետք է առավոտյան դուրս գանք ու մաքրենք, այսպես մնալ չի կարող։ Մեկ ժամից ֆեյսբուքում տեսա միջոցառում՝ հազարավոր մարդիկ նշել էին, որ առավոտյան գալու են Հրապարակ մաքրություն անելու։ Ուրախությանս չափ ու սահման չկար։ Հասկանում էի, որ նույն աղտոտող մարդիկ չեն գալու աղբահավաքի, բայց ուրախ էի, որ սեփական օրինակով քաղաքի հանդեպ վերաբերմունքը ցույց տվող մարդկանց թիվը շատ է։
Պետք է ազատվենք ավելորդ կարծրատիպերից
Ապրիլի 24-ի առավոտյան դուրս եկանք դեպի Հրապարակ ավելով, տոպրակներով, ձեռնոցներով։ Թեեւ Սանիտեկը ամբողջը մաքրել էր, որոշեցինք մանր-մունր աղբն էլ հավաքել․ ծխախոտ, արեւածաղիկ, պլաստիկ շշերի խցաններ, փայլուն թղթեր։ Շատ մարդիկ կային։ Սկսեցինք հավաքելով քայլել։ Անցանք Հանրապետության հրապարակ, Ամիրյան, Մաշտոց, Արամի պողոտա, Նալբանդյան փողոցներով։
Ամիրյան փողոցի ծառերին հատկացված հողակտորների վրայից հավաքում էինք ծխախոտի մնացորդները, երբ մի մարդ՝ 50-55 տարեկան, մոտեցավ եւ ասաց ամուսնուս․ «Ախպեր, էն ավտոյի տակն էլ մաքրեք»։ Տուրիստական ավտոբուսի վարորդ էր, ինչպես հասկացա։ Ամուսինս սիրալիր առաջարկեց քաղաքացուն միանալ, միասին հավաքել։ Բացատրեց, որ քաղաքացիական ակցիա է, երեկվա հաղթանակից ոգեւորված մարդիկ որոշել են մաքրել քաղաքը։ «Ախպեր, եթե քո համար բարդ ա զիբիլը վերցնել, ես կհավաքեմ»։ «Դու քեզ լա՞վ կզգայիր, որ հերդ հավաքեր», - մունաթով սկսեց խոսալ տղամարդը եւ գնաց խաչմերուկում մեկ այլ վարորդի հետ խոսելու։
Ես ուզում եմ, որ իմ երկրում ապրող մարդիկ լինեն պատասխանատու քաղաքացիներ։ Հատկապես միջին եւ բարձր տարիքի մարդիկ պետք է փոխեն իրենց վերաբերմունքը, երիտասարդներն ավելի քիչ կարծրատիպեր ունեն։ «Ամոթ» բառը կամ երեւույթը պետք է այլ բաների հետ ասոցացվի՝ ծխախոտը կամ շիշը գետնին գցելու, փողոցը կարմիր լույսի տակ անցնելու, կաշառք տալու, կաշառք վերցնելու։ Բայց ոչ քաղաքը մաքրելու, ոչ կռանալու ու աղբը գետնից վերցնելու հետ։
Պետք է պատասխանատվություն վերցնենք խնդիրների լուծման եւ սեփական երջանկության համար
Որեւէ մեկը մեզ պարտական չէ։ Երբ շուրջդ հանրային աղբ է, պետք է պարզապես կռանալ եւ հավաքել այն, ոչ թե սպասել, մինչ դա կանի մեկ ուրիշը։ Իսկ երբ մեկ ուրիշը գալիս է հավաքելու քո շուրջը, պետք է կրկին կռանալ եւ հավաքել այդ մարդու հետ, ոչ թե կանգնել եւ հրամայական տոնով ուղղորդել (այսօրվա դեպքի օրինակով եմ խոսում եւ ոչ ամենօրյա աղբի օրինակով)։ Լավ կլիներ բոլորս խնդիրների լուծման առաջնահերթ եւ հիմնական պատասխանատուներին ինքներս մեզ դիտարկեիինք։
Ես ուզում եմ, որ այս հեղափոխական շրջանում վերանա դեպի ուրիշ անձն ուղղված մեր սպասողական հայացքը։ Հաջորդիվ բոլոր խնդիրների դեպքում՝ փոքր կամ մեծ, ամեն մեկս պետք է նույն #քայլարա գաղափարով առաջնորդվենք եւ տեսնենք մեր որոշիչ դերը խնդրի լուծման հարցում։
***
Մի փոքր էլ առաջ անցանք։ Դրսի սրճարաններից մեկում երկու երիտասարդ տղաներ սուրճ էին խմում։ Նրանցից մեկը վազելով մոտեցավ մեզ․ «Ժողովուրդ, խնդրում եմ, եկեք նստեք մեզ հետ, մի փոքր հանգստացեք, սուրճ խմենք միասին»։
Նոր իշխանությունը մեր կյանքը լավը կդարձնի միայն այն դեպքում, եթե պարզագույն հարցերում մեր վերաբերմունքը սեփական անձի, մյուս մարդկանց եւ ամբողջ երկրի նկատմամբ վերանայենք եւ փոխենք։ Բոլորս անխտիր։
Մի բան է կոտրվել բոլորիս մեջ ապրիլի 23-ին։ Կոտրվել լավ իմաստով։ Բայց պետք է գիտակցենք, որ սա վերջակետը չէ, ոչ էլ ստորակետը։ Սա նախադասության սկիզբն է, որ պետք է հասցնենք մինչեւ վերջակետ։ Մեզանից է կախված, թե ինչ իմաստ կունենա նախադասությունը՝ հարցական, ժխտական, թե բացականչական։
Հ․Գ․ Ես գրեթե կատարյալ երջանիկ եմ, հպարտ, տոտալ սեր եմ զգում բոլորիդ հանդեպ եւ դժվար թե կյանքում նման կարեւորության օր ունեցած լինեմ։ Բայց ուզում եմ, որ այս ոգեւորությունը մեզ համար ոչ թե ինքնամոռաց տոնելու, այլ մտածելու, երազելու եւ ավելի վստահ գործելու, երկարատեւ զարգացում եւ փոփոխություն բերելու հնարավորություն լինի։
Շարմաղ Սաքունցը «Այբ» կրթական հիմնադրամի ֆոնդահայթայթման մասնագետն է։
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: