«Մերժիր Սերժին»` զորբայությունը, սերն ու պատմության նզովքը - Mediamax.am

«Մերժիր Սերժին»` զորբայությունը, սերն ու պատմության նզովքը
51184 դիտում

«Մերժիր Սերժին»` զորբայությունը, սերն ու պատմության նզովքը


«Հայաստանում, որին մենք ձգտում ենք, պետք է տիրի փոխադարձ հարգանքի, սիրո եւ ներողամտության մթնոլորտ»:

                                                   ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի խոսքը
                                                  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության
                                                   քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում
                                                   2007 թվականի դեկտեմբերի 20-ին

Լինում են իրավիճակներ, երբ գրածդ կարող է հնացած կամ անիմաստ դառնալ գրելուց ժամեր անց: Ավելի ես դժվարանում, երբ մտքերը շատ են ու հակասական: Բայց փորձեմ շարադրել դրանք:

Ինչ չհասկացավ Սերժ Սարգսյանը

Սերժ Սարգսյանը չհասկացավ, որ չի կարող մշտապես հավասարակշռություն պահել իր երկու «ես»-երի միջեւ, երբ մի «ես»-ը սիրում է Քուչակ եւ Նարեկացի եւ խոսում է սիրո կարեւորության մասին, իսկ «մյուս» «ես»-ը պետությանը վերաբերվում է որպես սեփական ընկերության, իսկ օլիգարխներին եւ կիսաքրեական գործիչներին՝ որպես բիզնես-գործընկերների: Մի օր այդ «ես»-երից մեկը պարտվելու էր, եւ ցավոք, պարտվեց առաջինը:

Ինչո՞ւ եմ դժգոհ Սերժ Սարգսյանից

Ինչպես եւ Հայաստանի շատ քաղաքացիներ, ես էլ շատ դժգոհություններ ունեմ: Բայց մի քանիսն առանցքային են:

Սերժ Սարգսյանի կառավարման տարիների ընթացքում պետական համակարգն այնքան դեգրադացվեց, որ ազնիվ, աշխատասեր ու իր վրա պատասխանատվություն վերցնող պաշտոնյան սկսեց ընկալվել որպես մի գերբնական մարդ:

Ցանկալին որպես իրական ներկայացնելը մոլուցքի աստիճանի հասավ: Որքա՞ն կարելի է պնդել, որ սահմանադրական փոփոխությունների նպատակը իշխանության մնալը չէր՝ գիտակցելով, որ դրան ոչ ոք չի հավատում:

Քծնանքը, որի առկայությունը Սերժ Սարգսյանը հերքում է: Ինքն ասում է, որ քծնանք չի համարում այն փաստը, որ ՀՀԿ ղեկավար մարմինը իրեն միաձայն առաջադրեց վարչապետի թեկնածու: Կարող է հարց առաջանալ՝ միթե չէ՞ր կարելի կազմակերպել այնպես, որ առաջադրվեր եւս մեկ թեկնածու, օրինակ՝ Կարեն Կարապետյանը, եւ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկեր, ասենք, 70 տոկոսը, իսկ Կարապետյանի օգտին՝ 30 տոկոսը: Ոչ, չէր կարելի, որովհետեւ համակարգը կառուցված է այնպես, որ առաջնորդը պետք է լինի միակն ու անկրկնելին, եւ դրա վիճարկումն աններելի է:

Սերժ Սարգսյանը ստեղծեց մի իրավիճակ, երբ երկրի իսկական տերերը տարբեր տրամաչափի օլիգարխների, կիսաքրեական ու քրեական հեղինակությունների եւ նախկին պաշտոնյաների թիկնապահներն ու «օգնականներն» են, որոնք թքել են ու թքում են օրենքի եւ օրենքի պահապանների վրա: Վերջին օրերը բերեցին նոր ապացույցներ՝ ոստիկանների աչքի առաջ Մասիսի քաղաքապետի եղբայրն ու իր «տղերքը» ծեծեցին ցուցարարներին ու հանգիստ հեռացան, հետո էլ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում հրոսակները զանգվածային անկարգություն արեցին ու էլի անպատիժ մնացին:

Հինգ տարի առաջ Սերժ Թանգյանին ուղղված նամակում Սերժ Սարգսյանը գրում էր.

«Այո՛, ժամանակն է փոփոխության: Ու ոչ ոք չի կարող օրենքից բարձր լինել: Կեղծիքն ու երեսպաշտությունը, զոռբայությունն ու թշնամանքը քանդելու ենք հատիկ առ հատիկ ու հետեւողականորեն».

Ցավոք, զոռբայությունը ոչ միայն չքանդվեց, այլ հաղթեց Հայաստանում: Սրիկաների խրախճանքը, որի մասին գրել էի ընդամենը երեք ամիս առաջ, շարունակվեց: Եվ ընդվզումը հենց դրա դեմ է:

Անհետեւողականությունը դարձավ «բրենդ»: Վերադառնալով ոստիկանության թեմային, ասեմ, որ 7 (!!!) տարի առաջ Սերժ Սարգսյանի ուղարկած ազդակներն այդպես էլ տեղ չհասան:

Անդունդը խորացավ

Այն անդունդը, որի մասին գրել էի Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության եւ դրան արձագանքելու իշխանության բացարձակ անկարողությունից հետո, այս երեք տարիների ընթացքում միայն խորացավ:

Խորացավ այնքան, որ մարդիկ փողոց դուրս եկան ոչ թե նախորդ տարվա ընտրություններից հետո, այլ այսօր, երբ վարչապետի ընտրության հարցն իրավական առումով փաստացի անխոցելի էր:

Պետությունից պետական ամառանոցի տարածքում առանձնատուն ստանալու որոշումը կատակներով համեմված պաշտպանելը, իսկ երկու օր անց դրանից հրաժարվելն այդ անդունդի գոյության ապացույցներից է:

Էյֆորիայի անբաժան ընկեր հիասթափությունը

Երբ SOAD-ի պատմական համերգից հետո գրում էի Հպարտ ու խենթ հայերի ժամանակը սյունակս, իհարկե, չէի կարող ենթադրել, որ դրանից երեք տարի անց Հանրապետության հրապարակում կրկին հավաքվելու են հազարավոր պայծառ երիտասարդներ: Այս անգամ՝ ոչ թե համերգի, այլ՝ իրենց իրավունքների պաշտպանության համար:

Ինքս բավական անհաշտ երիտասարդ եմ եղել ու գիտեմ, որ ջահելները տարիքով մեծերի ասածը հաճախ ընկալում են որպես «անիմաստ խրատ»: Բայց չեմ կարող մի քանի բան չասել՝ հուսալով, որ գոնե մի քանիսը կկարդան ու կխորհեն:

Այո, կատարվողի էսթետիկան շատ նման է SOAD-ի համերգին: Բայց սա համերգ չէ, fun չէ: Եթե դուք իսկապես հեղափոխություն եք անում եւ հասկանում եք, թե դա ինչ է, պետք է պատրաստ լինեք փորձությունների, ամենօրյա «սեւագործ աշխատանքի», ընկերներ կորցնելուն: «Բայղուշություն» չեմ անում՝ մարդկության եւ մեր երկրի պատմությունն է դա հուշում:

Այս օրերի էյֆորիան ուշ թե շուտ կանցնի՝ անկախ նրանից, Սերժ Սարգսյանը կհեռանա, թե ոչ: Այդ ժամանակ է սկսվելու ամենադժվարը: Այդ ժամանակ է պարզվելու, որ եռագույն դրոշներով փաթաթված ու ավտոմեքենաների պատուհաններից կախված որոշ ընկերների համար դա ընդամենը դպրոցի գալիք «վիպուսկնոյի» փորձն էր: Որոշ ժամանակ անց կհասկանաք, որ ձեր բակի պայմանական Արմանը ամբողջ երեկո «սիգնալ էր տալիս» ոչ թե Սերժին դեմ լինելու պատճառով, այլ ինքնահաստատվելու միջոց գտնելու ուրախությունից գլուխը կորցրած: Հանկարծ կհասկանաք, որ այդ «սիգնալ տվողներից» շատերը 2008 թվականին նույն կերպ «սիգնալ տալով» վարում էին սպիտակ «Նիվաները»` ՀՀԿ եւ ԲՀԿ դրոշներով:

Եթե կարողանաք այս ամենի միջով անցնել ու պահպանել լավագույններին, իմ հավատն առ այն, որ մեր երկիրը դուք եք արմատապես փոխելու, կեռապատկվի ու կհնգապատկվի: Ես դա այնքան անկեղծ եմ ցանկանում:

Չեմ ուզում վատ կանխատեսումներ անողի դերում հանդես գալ, բայց դուք երիտասարդ եք եւ, կարծում եմ, լավագույն դեպքում միայն լսել եք Վանո Սիրադեղյանի ու Համբարձում Գալստյանի մասին, կարդացեք սա՝ [Շարժում 1988/25]. Համբարձում Գալստյան եւ Վանո Սիրադեղյան` տխուր ու դաժան խոսքեր:

1994 թվականին սպանված «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանի շիրմաքարին փորագրված է հայտնի արտահայտությունը. «Հեղափոխությունները նախապատրաստում են ռոմանտիկները, կատարում են ֆանատիկները, իսկ արդյունքից օգտվում են սրիկաները»:

Վանո Սիրադեղյանը գրում էր. «Մեկը մեր այս, վերջին հաշվով, հերոսական տասնամյակի մեջ դրել է այս շիրիմը, մյուսը (հիմարաբար` գուցե) մեր ապստամբ ընկերության ճակատին փորագրել է այս նզովքը, որպեսզի քանի ապրում ենք` կասկածենք իրար, եւ հուր-հավիտյան զղջանք մեր բռնած մեծ գործի եւ, գուցե, մեր վերջին միաբանության համար»:

Ի՞նչ է լինելու

Կարծում եմ, պետք է հրաժարվենք մեր մեջ հնարամտորեն ներմուծված մտքից, որ եթե Սերժ Սարգսյանը թողնի Հայաստանի ղեկը, ամեն ինչ կործանվելու է, տնտեսությունը փլուզվելու է, պատերազմը վերսկվելու է եւ այլն: Ի վերջո, երբ 1998 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռացավ, կյանքը չավարտվեց:

Իհարկե, ցանկացած ներքաղաքական ճգնաժամ, արտահերթ ընտրություն մեծ փորձություն են Հայաստանի համար: Սակայն, եթե հիվանդի վերքերը թարախակալել են, ամեն գնով վիրահատությունից խուսափելը բերում է նրան, որ հիվանդն ի վերջո մահանում է, բայց ավելի մեծ տառապանքներ կրելով:

Բայց եթե Սերժ Սարգսյանը որոշի հեռանալ, ո՞վ է գալու նրա փոխարեն: Սերժ Թանգյանը երիտասարդներին խորհուրդ է տալիս.

«Այս շարժումն է ամբողջությամբ ձերն է եւ պետք է մնա այդպիսին՝ չենթարկվելով միջամտության քաղաքական գործիչների կողմից: Ես կարող եմ սեր տեսնել ձեր սրտերում եւ աչքերում»:

Շատ լավ է հնչում, բայց արդյո՞ք իրատեսական է: «Առանց առաջնորդների» շարժման փորձ մենք ունենք՝ ElectricYerevan-ը: Այն ապացուցեց, որ առանց հստակ առաջնորդության եւ անձնական պատասխանատվություն կրելու պատրաստակամության շարժումը ոչ միայն երկար կյանք չի ունենում, այլեւ տրոհվում եւ արժեզրկվում է:

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատասխանատվությունից չի խուսափում: Չհավատալու հիմքեր չունենք: Բայց ես կարծում եմ, որ եթե, օրինակ, մեկ ամսից Հայաստանում արտահերթ ընտրություններ լինեն, դրանցում հաղթելու է ոչ թե Նիկոլը, այլ Գագիկ Ծառուկյանը: Մենք ուզո՞ւմ ենք Սերժ Սարգսյանին փոխարինել Գագիկ Ծառուկյանով:

Իրական ու կեղծ սերը

Լավ է, որ սերը, որի մասին Սերժ Սարգսյանը խոսում էր 2007 թվականին, վերադառնում է քաղաքական պայքարի լեքսիկոն: Բայց սերն անկեղծություն է պահանջում: Կիսատ-պռատ սեր չի լինում: Եթե ասում եք՝ «ոստիկանը մերն ա», խուսափեք այն ահավոր վիրավորանքներից ու անեծքներից, որոնցով լցված է համացանցը: Ոստիկանների մեջ, անշուշտ, կան այնպիսիք, ում բարոյական եւ մարդկային կերպարը հարցեր է առաջացնում: Բայց արդյո՞ք պետք է պիտակավորել ոստիկանի հավաքական կերպարը: Կամ արդյո՞ք կարելի է չնկատել, որ ոստիկանները մեծ մասն իսկապես փորձում է զուսպ լինել: Կամ միթե՞ ցուցարարների մեջ բոլորը հրեշտակներ են:

Եթե խոսում եք սիրո մասին, մի ծռմռեք ձեր դեմքը, եթե ձեր փակած փողոցով ցանկանում է անցնել ավտոմեքենա, որի վարորդը մարդավարի բացատրում է, որ ուշանում է օդանավակայան: Մի ասեք այդ ծեծված բառը «ինչ անում ենք, ձեր համար ենք անում»: Լավ եք անում, բայց դա ցուցամոլության աստիճանի մի հասցրեք:

Եթե մարդիկ չեն միանում ձեր պայքարին, դա չի նշանակում, որ նրանք ձեր թշմամիներն են: Հազար ու մի պատճառ կարող են ունենալ՝ անձնականից մինչեւ գաղափարական: Կամ էլ՝ Սերժ Սարգսյանի կողմնակիցներն են: Նորմա՞լ է, որ այդ մարդկանց հասցեին վերջին բառերն եք գրում: Բա ո՞ւր մնաց ժողովրդավարությունը:

Չգիտեմ, թե ինչպիսի հանգուցալուծում կունենա այս ճգնաժամը: Բայց գիտեմ, որ եթե մենք ինքներս մեզ վրա չաշխատենք, մեր հասարակությունը «տակից» չփոխենք, քաղաքացի չդառնանք, սերն ու փոխադարձ հարգանքը իրապես մեջտեղ չբերենք, երկրի ղեկավարների փոփոխությունը շատ բան չի փոխելու մեր կյանքում:

Ապրիլի 20-ի երեկոյան, երբ Նիկոլ Փաշինյանը ելույթ էր ունենում հրապարակում, քայլում ու տեսնում էի, թե ինչպես են տասնյակ մեքենաներ երթեւեկության կանոնների ամենակոպիտ խախտումներով երթեւեկում հրապարակից շատ հեռու: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ այդ մեքենաների ղեկերին գաղափարական մարտիկներ չէին, այլ մարդիկ, որոնք զորբայություն անելու «լեգիտիմ» հնարավորություն էին ստացել: Քանի մենք հանդուրժում ենք «փոքր» զորբաներին, նրանք կմեծանան, կդառնան «մեծ» զորբաներ ու միշտ զորբայություն կանեն՝ Սերժի, Նիկոլի կամ մեկ ուրիշի վարչապետությամբ:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին