Ի՞նչ պետք է անի Հայաստանը աշխարհաքաղաքական փոթորիկի պայմաններում - Mediamax.am

Ի՞նչ պետք է անի Հայաստանը աշխարհաքաղաքական փոթորիկի պայմաններում
14330 դիտում

Ի՞նչ պետք է անի Հայաստանը աշխարհաքաղաքական փոթորիկի պայմաններում


Վերջին երկու շաբաթվա ընթացքում տեղի ունեցած աշխարհաքաղաքական իրադարձությունները Ռուսաստանի եւ Արեւմուտքի երկրների միջեւ հարաբերությունների վատթարացման նոր ցուցիչ դարձան: Բրիտանական Սոլսբերի քաղաքում ԳՀՎ-ի նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ կապված սկանդալը հանգեցրեց հերթական դիվանագիտական պատերազմին: Մեծ Բրիտանիայի գլխավոր ռազմավարական դաշնակից ԱՄՆ-ն երկրից արտաքսեց ռուսաստանցի 60 դիվանագետների եւ հայտարարեց Սիեթլում հյուպատոսության փակման մասին, եվրոպական երկրները (ներառյալ պաշտոնական Լոնդոնը) persona non grata հայտարարեցին ավելի քան 70 ռուսաստանցիների: Բրիտանական կողմին իրենց աջակցությունը հայտնեցին Կանադան, Ավստրալիան եւ Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ)՝ հայտարարելով եւս 7 դիվանագետների արտաքսման մասին: Պաշտոնական Մոսկվան Արեւմուտքի կողմից այդ քայլն անվանեց ոչ բարեկամական՝ խոստանալով ձեռնարկել համապատասխան հայելային միջոցներ: Վաշինգտոն-Բրյուսել-Լոնդոն-Մոսկվա շղթայում հարաբերությունների հերթական գերլարումը կարող է հանգեցնել երկարաժամկետ բացասական հետեւանքների, որոնք կանդրադառնան նաեւ ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի շրջանակում ՌԴ-ի մերձավոր դաշնակիցների վրա:

Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունների համատեքստում Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ եւ ԵՄ ասոցացված գործընկեր, կարող է բախվել մի շարք մարտահրավերների եւ սպառնալիքների: Առաջին՝ տնտեսական դրության վատթարացում եւ միգրացիոն գործընթացների կտրուկ աճ: Էներգառեսուրսների միջազգային գների անկումը եւ պատժամիջոցների քաղաքականությունը հանգեցրին ռուսական տնտեսության թուլացմանը: Ներկայում Ռուսաստանի անվանական ՀՆԱ-ն կազմում է 1,33 տրիլիոն դոլար, որը շատ քիչ է գերազանցում չինական Գուանդուն նահանգի համանման ցուցանիշը (1,16 տրիլիոն դոլար): Վերջին երեք տարիներին երկրից հանվել է ավելի քան 200 միլիարդ դոլար, իսկ ՀՆԱ-ի աճն անցած տարի կանգ է առել 1,8 %-ի նշագծում: Ավելին, Ռուսաստանի ՀՆԱ-ն՝ դոլարային հաշվարկով անցած տարի ավելի ցածր է եղել, քան 2008-ին: Երեւանի համար դա երկու բան է նշանակում. ա) ռուսական ուղղակի ներդրումների բացասական ցուցանիշների պահպանում, բ) Հայաստանի ՀՆԱ-ում նշանակալի մաս կազմող Ռուսաստանից եկող տրանսֆերտների էական կրճատում:

Համաձայն Եվրասիական զարգացման բանկի զեկույցի՝ Հայաստանի ներկա դիրքերն օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈւԻ) հոսքի առումով կարելի է դասել անկայունների շարքին: Ռուսաստանից եկող տրանսֆերտների մաքուր ներհոսքը կրճատվել է գրեթե երեք անգամ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշները կազմել են ընդամենը 0,5%: Այդ ֆոնին նկատվում է ադրբեջանական ուղղակի ներդրումների նշանակալի աճ դեպի ԵԱՏՄ երկրներ եւ Վրաստան: Առանձնակի ակտիվություն է նկատվում ռուսաստանյան եւ բելառուսական ուղղություններով: Նման աճը պաշտոնական Բաքվին թույլ է տալիս իր ֆինանսա-տնտեսական հաջողությունները փոխարկել իրական քաղաքական ազդեցության, ինչը միջնաժամկետ հեռանկարում սպառնալիք է Հայաստանի ազգային շահերի համար: Չնչին տնտեսական աճի ֆոնին Ադրբեջանի իշխանություններին հաջողվում է ամրապնդել եւ ընդլայնել տնտեսական երկխոսությունը Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Կանադայի հետ: Վերջին հինգ տարիներին բավական հետաքրքիր միտում է նկատվում՝ Միացյալ Նահանգներում աշխատող ադրբեջանական հիմնադրամներն էական միջոցներ են հատկացնում ամերիկյան առաջատար բուհերում եւ ուղեղային կենտրոններում իրականացվող գիտական խոշոր նախագծերին: Լուրջ միջոցներ են ուղղվում Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների հիմնադրամներ, համակարգային աշխատանք է տարվում տարաբնույթ հասարակական կազմակերպությունների հետ: Իրենց գործընկերների՝ իսրայելական եւ թուրքական ազդեցության խմբերի աջակցությամբ ադրբեջանցիներին կարճ ժամանակահատվածում հաջողվել է ստեղծել կիսամասնագիտացված խաչաձեւ լոբբիզմի համակարգ: Հիմա մոտենում է մասնագիտացված ցանցերի ձեւավորման փուլը (5-10 տարի), որի ավարտից հետո ադրբեջանամետ ուժերը կստանան արեւմտյան ճակատում լուրջ հաջողության հասնելու շանսեր:

Մեկ այլ խնդիր է Երեւանի եւ Մոսկվայի ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարը: Պատժամիջոցների մասին օրենքները նախատեսում են սահմանափակումների կիրառման հնարավորություն այն երկրների նկատմամբ, որոնք Ռուսաստանից մեծ ծավալներով զենք են գնում: Զգուշանալով պատժամիջոցներից՝ Սաուդյան Արաբիան ստիպված եղավ հրաժարվել Մոսկվայից С-400 համակարգերի գնման գործարքից, իսկ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միջոցներ է նախապատրաստում Թուրքիայի, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ զենքի գնման շուրջ բանակցություններ վարող մյուս երկրների նկատմամբ: Դեսպան Միլսն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ Երեւանի նկատմամբ եւս կարող են կիրառվել սահմանափակումներ: Այդ հայտարարությանը պետք է լուրջ վերաբերվել, քանի որ այսօր աշխարհը գործ ունի ամերիկյան պատմության «ամենաճուռակային» վարչակազմի հետ: Սպիտակ տան համար Հայաստանը վաղուց արդեն այն երկիրը չէ, որին նախագահ Բուշ Ավագը եւ նրա թիմը դիտում էին որպես տարածաշրջանում գլխավոր դաշնակից: Բանաձեւը բավական պարզ եւ պրագմատիկ է՝ ոչ մի բացառություն եւ ընտրողական վերաբերմունք Ռուսաստանի գործընկերների եւ դաշնակիցների նկատմամբ:

Դժբախտաբար, այդ ուղղությամբ չի կարելի հույս դնել նաեւ հայկական լոբբիի վրա, որն ճգնաժամի մեջ է: Խոշոր հայամետ կազմակերպություններն այսօր ունակ չեն միջնորդի դեր խաղալ Հայաստանի համար ԱՄՆ կառավարության ինդուլգենցիան ստանալու եւ Կոնգրեսի կուսակցական էլիտաների դիրքորոշման վրա ազդելու հարցերում: Ասվածի հաստատումն է այն, որ վերջին 17 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանը կարող է ամբողջությամբ զրկվել ամերիկյան կառավարական ծրագրերով նախատեսվող արտաքին անփոխհատույց ֆինանսական օգնությունից: Իհարկե, կրճատման են ենթարկվել շատ երկրներ, սակայն հենց այդպիսի իրավիճակներում են երեւում իրական եւ թվացյալ լոբբիստները: Իսրայելը all agenesis assignations բանաձեւով ոչ միայն պահպանել է ֆինանսավորման նախկին ծավալները, այլեւ ստացել է հավելյալ 200 միլիոն դոլար: Հայկական լոբբիի դեպքում ընդամենը 30 միջին մակարդակի կոնգրեսականներ հայտարարեցին հայկական կողմին տրվող օգնությունը մեծացնելու անհրաժեշտության մասին: Նման կարեւոր պահանջի համար աջակցության թիվը շատ համեստ էր: Հիշեցնենք, որ պաշտոնապես հայկական հարցերով հանձնաժողովում ներառված է 105 օրենսդիր, այդ թվում՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը: Նման ռեսուրսը, եթե այն միայն թղթի վրա չէ, հեշտությամբ թույլ է տալիս հասնել նրան, որ օտարերկրյա պետությանն առնվազն 150 միլիոն դոլար հատկացվի: Սակայն իրականությունն այլ է՝ պայքար է գնում խորհրդանշական 6 միլիոն դոլար օգնությունը պահպանելու համար (ավելի քիչ, քան Տաջիկստանին՝ 21 միլիոն, Ուզբեկստանին՝ 10 միլիոն եւ Ղրղըզստանին՝ 17 միլիոն):

Հայկական ԶԼՄ-ներում բավականին հաճախ կարելի է հանդիպել այն վարկածին, որ սպառազինությունների գնման նկատմամբ պատժամիջոցները կվերաբերեն ոչ միայն Հայաստանին, այլեւ՝ Ադրբեջանին, որն ակտիվորեն Ռուսաստանից միլիարդավոր դոլարների զենք է գնում: Տեսականորեն Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու շանսեր կան, սակայն գոյություն ունեն որոշակի վերապահումներ: Գործող վարչակազմը հակված է լուծելու «իրանական հարցը», որը Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական օրակարգի կենտրոնական հարցերից մեկն է: Դրա մասին են վկայում ոչ միայն բազմաթիվ հայտարարությունները, այլեւ արմատական կադրային վերադասավորությունները: Աշխատանքից ազատվեցին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ ազգային անվտանգության գծով խորհրդական Հերբերտ Մքմասթերը, որոնք հանդես էին գալիս Իրանի նկատմամբ հավասարակշռված մոտեցման օգտին: Նրանց փոխարեն եկան վետերան-ճուռակներ Մայք Պոմպեոն եւ Ջոն Բոլթոնը, որոնք Թեհրանի իսլամական ռեժիմը բացարձակ չարիք են համարում: Պոմպեոն եւ Բոլտոնը համոզված են նրանում, որ Ադրբեջանը տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության կարեւոր գործոն է, որն կարող է նշանակալի դեր ունենալ «իրանական սպառնալիքը» վերացնելու հարցում:

Վարչակազմում առկա նման ընկալման եւ իսրայելական ու թուրքական լոբբիստական խմբերի աջակցության համագումարը Բաքվին կարող են բացառություն դարձնել Միացյալ Նահանգների պատժամիջոցների քաղաքականությունում: Իրենց ոչ պաշտոնական լոբբիստական դաշնակիցների, առաջատար ուղեղային կենտրոններում առկա գործընկերների (Heritage, Atlantic Council, RAND, Brookings) եւ ազդեցիկ սենատորների միջոցով Ադրբեջանը Վաշինգտոնին կհասցնի իրեն անհրաժեշտ ազդանշաններ այն մասին, որ ռուսական զենքի գնումը որեւէ կերպ չի սպառնում ամերիկյան շահերին: Ավելին, այդ երկրի իշխանությունները կստեղծեն բոլոր պայմանները՝ վստահեցնելու Նահանգներին, որ հաստատակամ են՝ աջակցություն ցուցաբերելու նրան ոչ միայն իրանական, այլեւ ռուսական ուղղություններով: Այդ քաղաքականությունն արդեն իրականացվում է տարբեր խողովակներով, եւ մոտ ժամանակներս բավականին լուրջ զարգացումներ են սպասվում: Նման պայմաններում Հայաստանը եւ հայամետ լոբբիստները պետք է մի շարք հիմնարար քայլեր ձեռնարկեն, որոնք եթե անգամ չկարողանան լիովին չեզոքացնել բացասական հետեւանքները, ապա գոնե կմեղմացնեն ապագա հարվածները:

Առաջին՝ Երեւանը պետք է սկսի պետական լոբբիի ձեւավորման գործընթացը: Ներկայումս գործող հայամետ հասարակական կազմակերպությունները, որոնք կազմված են ԱՄՆ-ի քաղաքացիներից, օբյեկտիվորեն ունակ չեն զբաղվելու Վաշինգտոնում Հայաստանի շահերի առաջմղմամբ: Սպիտակ տունը եւ Կոնգրեսի կուսակցական առաջնորդները ձգտում են լսել հայկական պետականության հստակ եւ պարզ ձայնը եւ ոչ թե կյանքի կոչել հայկական ծագմամբ իրենց քաղաքացիների հարյուրամյա երազանքները: Նոր լոբբիստները չպետք է նստեն Վաշինգտոնում կամ Լոս Անջելեսում: Անհրաժեշտ է ակտիվ աշխատանքներ տանել Ամերիկայի բողոքական հարավի հետ, որը Սպիտակ տունը եւ Կոնգրեսի երկու պալատները վերահսկող Հանրապետական կուսակցության շարժիչ ուժն է: Պատահական չէ, որ իսրայելական, թուրքական եւ ադրբեջանական հիմնադրամների եւ կազմակերպությունների խոշոր գրասենյակները գտնվում են Տեխասում: Հայկական կողմը երկրի այդ մասում աշխատելու լուրջ հաղթաթղթեր ունի, եւ այդտեղ բավական հեշտ է հազարամյա քրիստոնեական ժառանգությունը վերածել քաղաքական լոբբիստական գործիքի: Ճիշտ եւ հետեւողական աշխատանքի պարագայում Հայաստանը կարող է ԱՄՆ-ում լոբբիստական խումբ ստանալ, որն ունակ կլինի առաջ մղել ցանկացած կարեւորության եւ բարդության շահ:

Երկրորդ՝ Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատունը պետք է երկխոսություն հաստատի այն կենտրոնների հետ, որոնք պատասխանատու են արտաքին քաղաքական որոշումների վերլուծական ուղեկցման համար: Ուղեղային կենտրոնների հետ աշխատանքը սեփական դիրքորոշումը Սպիտակ տուն եւ Կապիտոլիական բլուր հասցնելու անհրաժեշտ պայման է: Աֆրինում գործողություններ սկսելուց առաջ Թուրքիան ակտիվ աշխատանքներ էր տանում RAND-ի փորձագետների հետ, որոնք, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջեւ հանդես գալով, հայտարարեցին, որ Անկարան ճիշտ է գործում, իսկ քրդերի դեմ կատարվող գործողությունները չեն հակասում ԱՄՆ-ի ազգային շահերին: Դժվար է գտնել խոշոր ուղեղային մի կենտրոն, որտեղ չաշխատեն հայկական ծագմամբ ամերիկացիներ: Սակայն այդ կապիտալը ցրված է, ինչը համայնքային աշխատանքի լուրջ ձախողում է, որը կողմնորոշված է դեպի Հայաստանի ազգային շահերի տեսանկյունից լոկալ եւ անէական խնդրի լուծումը՝ Ցեղասպանության ճանաչումը:

Երրորդ՝ Ռուսաստանում տեղեկատվական եւ քաղաքական թիկունքի ամրապնդում: Հայաստանը, լինելով ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի անդամ, իր մտահոգություններն ու գաղափարները քաղաքական որոշումների ընդունման համար պատասխանատու պաշտոնական անձանց հասցնելու լեգալ եւ լայն հնարավորություններ ունի: ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ Ադրբեջանի տնտեսական եւ ռազմատեխնիկական հարաբերությունների ամրապնդումը զարգանում է սրընթաց տեմպերով եւ չի կարող անհանգստություն չպատճառել: Դեպքերի ճնշող մեծամասնությունում հայկական կողմը գտնվում է «պասիվ արձագանքողի» դիրքում, որն արդեն հանդիսանում է ռազմավարական պարտություն: Անհրաժեշտ է անցնել «ստեղծարարի» ակտիվ դիրքորոշմանը, որպեսզի ստիպենք Բաքվին՝ ի պատասխան մեր իրական հաջողությունների, իր ռեսուրսներն ուղղել անիմաստ, սակայն թանկարժեք «արձագանքների» ստեղծմանը: Այդ խնդրի լուծումը պահանջում է Մոսկվայում հայկական դեսպանատան կադրային վերադասավորումներ եւ եվրասիական բլոկի երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների գործառնման նպատակների ամբողջական վերաիմաստավորում:

Արեգ Գալստյանը պատմական գիտությունների թեկնածու է, The National Interest, Forbes, The Hill եւ American Thinker պարբերականների մշտական հեղինակն ու փորձագետը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին