Գիտական աշխարհն փաստում է, որ էթնոսների կյաքնի տեւողությունը կազմում է 1500-ից մինչեւ 2000 տարի: Հատուկ դեպքերի բացառությամբ էթնոսն անցնում է կյանքի հինգ հիմնական փուլ. ծնունդ, հասունացում, վերելք (գագաթնակետ), ճեղքվածք (ջլատում) եւ անկում: Իհարկե, այդ փուլերն բավականին պայմանական են, սակայն դրանք օգնում են հասկանալ եւ վերլուծել ժողովուրդների դրությունը, ովքեր հաղթել են պատմական տրամաբանությանը եւ հայտնվել XXI դարում:
Արդյո՞ք կարելի է հայ ազգին դասել նրանց թվին: Պատմաբանները մինչ օրս վիճում են այն հարցի շուրջ, թե ե՞րբ է ծնունդ առել մեր ժողովուրդը: Ոմանք պնդում են, որ հայ ժողովրդի տարիքն հասնում է 2000-ի, իսկ մյուսները կարծում են, որ այն ավելի քան 5000 տարեկան է: Իրականում դա այնքան էլ կարեւոր չէ. պատմությունը փաստերի մեկնաբանում է, որոնց վրա եւ հիմնվում են տարբեր քաղաքական շահեր: Եթե մի կողմ թողնենք թվերի տարբերության շուրջ ժամանակ խլող եւ լրիվ անիմաստ քննարկումները, կմնա գլխավորը՝ մենք հին ժողովուրդ ենք՝ կանգնած առաջին քաղաքակրթությունների ծննդյան ակունքներում:
Կարելի է երկար վիճել այն մասին, թե ինչու եւ ինչպես են ծնվում ժողովուրդները: Ինչ-որ մեկն հավատում է, որ դրանում որեւէ տրամաբանություն եւ մետաֆիզիկա չկա: Սակայն ես վստահ եմ, որ յուրաքանչյուր էթնոս օժտված է որոշակի առաքելությամբ եւ նրա քաղաքակրթական վախճանը վրա է հասնում, երբ նա կամ հեռանում է իր նախանշված ուղուց, կամ հաջողությամբ ավարտին է հասցնում իր առաքելությունը (ինչից հետո մնում է միայն ֆիզիկական գոյատեւումը): Մենք ծնվել ենք եւ հասունացել, ցեղի վիճակից անցել ենք էթնոսի, որը մշակութային եւ սոցիալ-տնտեսական փոխհարաբերությունների առաջին մոդելների ձեւավորման արդյունքում փոխակերպվել է ժողովրդի: Ոչ նյութական գաղափարախոսությունը՝ անհատ-կողմնորոշչի գլխավորությամբ հայերին հասցրեց հաջորդ փուլին՝ պետականություն ունեցող ազգի ձեւավորմանը: Տիգրան Մեծ արքայի ժամանակներում հայ ժողովրդի եւ հայկական պետականության քաղաքական վերելքի պատճառներն ու գործոնները մինչ օրս թույլ են հետազոտված համաշխարհային պատմագրության մեջ: Ընդ որում, հենց այդ պատմական ժամանակահատվածում է անհրաժեշտ փնտրել մեր մետաֆիզիկական գոյության կորած իմաստները:
Նախքան այդ մտքերը շարունակելն ինձ թույլ կտամ մի օրինակ բերել: Երեք խոշոր հրեական համաշխարհային կոնգրեսների ժամանակ համայնքների ղեկավարներին առաջարկվել են Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում, ինչպես նաեւ Կենտրոնական Աֆրիկայում պետության ստեղծման տարբերակներ: Մորդեքայ Նոահը՝ իր ժամանակների մեծագույն մեկենասներից մեկը, փորձում էր իրագործել Գրանդ Այլենդ կղզու վրա՝ ժամանակակից ԱՄՆ Միչիգան նահանգից ոչ հեռու, հրեական «Արարատ» պետության հիմնման գաղափարը: Մարդիկ այդ արհեստական պետությունում ապրեցին ավելի քան երկու տարի, ինչից հետո սկսվեց բնակչության արտահոսքը: Մեկ այլ գործիչ՝ Մորիս Գիրշը, հրեաներին տարավ Արգենտինա, որտեղ նրանք պետք է հիմնավորվեին մինչեւ Սրբազան երկրի ազատագրումը: Եղել են նախագծեր, որոնցով հրեական շարժման գաղափարախոսները դիմել են իսպանական եւ ֆրանսիական թագավորներին եւ օսմանյան սուլթանին: Այդ բոլոր գաղափարները տարբեր պատճառներով ձախողվել են: Առավել ակնառու փիլիսոփաները պահանջում էին համբերություն՝ հույս ունենալով, որ բարոն Ռոտշիլդի ֆինանսական օգնությունը բրիտանական թագին Պաղեստինի գաղութացման հարցում հետագայում դրական դեր կխաղա: Թեոդոր Հերցլը հավատում էր, որ հրեա ժողովուրդը կարող է ապրել միայն իր մեջ կլանելով իր ծագման եւ հասունացման բնական արեալի էներգետիկան: Այդպիսով, վերադարձն Էրեց-Իսրայել ոչ թե երազանք էր, այլ հրեա ժողովրդի գոյատեւման եւ նրա՝ հետագայում իսրայելական քաղաքական ազգի վերափոխվելու համար օբյեկտիվ անհրաժեշտություն:
Տիգրան Մեծը ստեղծեց ազգ-միավորողին եւ ազգ-արարողին: Հայկական ազգային միջուկի շուրջ հավաքվեցին հարյուրավոր տարբեր ժողովուրդներ, որոնք ծառայում էին Մեծ Հայաստանի շահերին: Առանց հզոր քաղաքական միջուկի անհնար կլիներ գրավել եւ պահպանել Մերձավոր Արեւելքի, Փոքր Ասիայի եւ միջերկրածովյան ընդարձակ տարածքները: Հաստատվելով նոր տարածքներում՝ հայերը կառուցել եւ արարել են մեծ մասշտաբներով: Հայկական ստեղծարար ուժի արդյունքները կարելի է տեսնել ամբողջ տարածաշրջանում, չնայած որ հազարամյակներ են անցել: Կայսրության ազգային ինքնիշխանության՝ պատմական չափանիշներով վաղ կորուստը բացասական դեր է խաղացել հայ ազգի կազմավորման գործընթացում: Մենք հաղթել ենք եւ նվաճել, սակայն չենք հասցրել այդ ամենին քաղաքական-գաղափարախոսական իմաստ հաղորդել: Մեծ Հայաստանի՝ որպես կայսրության անկումը տեղի չունեցավ «ուժերի գերլարման» դասական գործոնի պատճառով, եւ հենց դրանում է պատմական մեծ ողբերգությունը:
Հսկայական պետության առանձին մնացուկներն ինքնուրույն են գոյատեւել (կողմնորոշվելով դեպի կաթոլիկ աշխարհ՝ Կիլիկիան, մտնելով ուղղափառ քաղաքակրթություն՝ Բյուզանդիա եւ Ռուսական Կայսրություն եւ այլն): Արդյունքում ժողովուրդը մասնատվեց, եւ լիակատար ազգային ապասուվերենացումը միայն ժամանակի հարց էր: Մեր ժողովրդի նոր պատմությունը նախկինի նման անցել է ծագման բնական արեալի շրջանակներում, սակայն այլ քաղաքակրթությունների կառավարման ներքո: Արարման, ամրապնդման եւ ընդլայնման առաքելությանը փոխարինելու եկավ «ֆիզիկական գոյատեւման» կործանարար ռեժիմը: Գտնվելով այդ վիճակում՝ ժողովուրդները կորցնում են իրենց քաղաքակրթական հատկությունները, որոնք եւ սահմանում են մշակութային, սոցիալական եւ քաղաքական կողմնորոշումները:
Սեփական առաքելության բացակայության պայմաններում նրանք ստիպված են լինում ծառայել քաղաքական ազգ-միջուկի առաքելություններին, որպեսզի իրենց հարաբերականորեն անվտանգ զգան եւ օգտվեն բնակության պետության որոշ բարիքներից:
Մենք սխալմամբ մեզ տրամադրում ենք, որ մենք եղել ենք եւ շարունակում ենք մնալ հայ՝ գտնվելով Ամերիկայում, Եվրոպայում, Ռուսաստանում կամ Չինաստանում: Միակ տեղը, որտեղ մենք հայ ենք՝ մեր էթնոսի ծագման եւ հասունացման վայրն է: Մեծ Հայաստանը ուղղակի տարածք չէ, այն հայ ժողովրդի էներգետիկ դաշտն է, եւ նրա գոյությունը (ինչպես ֆիզիկական, այնպես էլ մետաֆիզիկական) հնարավոր է միայն նրա սահմաններում:
Այսօր մենք ճեղքվածքի փուլում ենք, որն ուղեկցվում է ազգային էներգիայի աննախադեպ կորստով: Դա արտահայտվում է Արեւելյան Հայաստանից՝ ներկայումս հայ ժողովրդի միակ սուվերենից, բնակչության զանգվածային արտահոսքով: Առօրյա կյանքը ձեռք է բերում իներցիոն բնույթ, իսկ ժողովուրդը սկսում է մետաֆիզիակական գոյության համար անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալ անցյալից («մեծ հաղթանակների եւ ձեռքբերումներ ժամանակների» ֆենոմենը): Նման կոնֆիգուրացիայում քանդվում են սոցիալական նորմերը, որոնք պատասխանատու են ժողովրդի կայուն եւ անխափան գործառնման համար: Անհատական նորմը (ես) եւ կոլեկտիվը (իմ ընտանիքը) տիրապետող դիրք են գրավում հայկական գիտակցության մեջ՝ իրենց մեջ կլանելով հասարակական նորմերի (ազգ-պետություն) մնացորդները: Այս փուլում էթնիկ հանրույթի ներկայացուցիչները, ովքեր ղեկավարում են տարածքային միավորը, զբաղվում են նյութական հարստությունների կուտակմամբ՝ արհամարհելով պետության եւ ազգի կառուցման գաղափարախոսական հիմքերը:
Երբ վերջնականապես կսպառվեն ազգային էներգիայի մնացորդները, վրա կհասնի տարրալուծման եւ կործանման փուլը, կմնա միայն հիշողությունը (ինչ-որ մի ժամանակ եղել է նման ժողովուրդ եւ նման երկիր): Ավելի ուշ կկորի նաեւ հիշողությունը: Այդ սցենարի զարգացումը թույլ չտալու համար անհրաժեշտ է երկու կարեւոր պայման:
Առաջին՝ հավելյալ էներգիայի կուտակում՝ արտաքին աշխարհում գտնվող ազգային տարրի նշանակալի մասի՝ դեպի իր բնական արեալ վերադառնալու ճանապարհով. մարդիկ եւ նրանց ռեսուրսները (նյութական եւ ինտելեկտուալ): Երկրորդ՝ այդ մարդկանցից նոր տիպի ժողովրդական ղեկավարների ձեւավորում, որոնք կողմնորոշված չեն լինի բացառապես դեպի նյութական բարիքների կուտակումը: Այլ ապագայի ստեղծման համար մենք պետք է համազգային աշխատանք տանենք մեր սխալների վերացման ուղղությամբ՝ վերադառնալով անցյալ, որի ավերակների տակ թաքնված են մեր գոյության քաղաքակրթական իմաստները:
Արեգ Գալստյանը պատմական գիտությունների թեկնածու է, The National Interest, Forbes, The Hill եւ American Thinker պարբերականների մշտական հեղինակն ու փորձագետը:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: