Միաբանվենք միաբանների շուրջ - Mediamax.am

Միաբանվենք միաբանների շուրջ
3727 դիտում

Միաբանվենք միաբանների շուրջ


Իմ վենետիկյան սերը տարօրինակություններ ունի՝ լինելով հեռվում, ես համացանցում բացում եմ իմ սիրելի քաղաքի քարտեզը, մկնիկով բռնում սլաքը ու սկսում պտտվել Վենետիկում…քայլում եմ կանալների կողքով, անցնում փոքրիկ կամուրջը, էսպրեսո խմում իմ սիրած սրճարանում, Ջուդեկայի ափին նստում ու նայում վարդագույն մայրամուտին։ Տեսնում եմ, թե ինչպես են արեւի վերջին լույսերը ընկնում Ադրիատիկ ծովի ալիքներին, դրանք դարձնելով ոսկեգույն … Ժպտում եմ, շարունակում քայլել Ջուդեկայով դեպի վեր ու թեքվում ձախ՝ դեպի Ակադեմիա, որը մարդաշատ է, տարբեր ու միշտ սիրուն։ Թափառելով հետ եմ գնում, հասնում եմ Մուրադ-Ռաֆաելյան։ Մութ է։ Հոգ չէ, Վենետիկում հանցագործությունների տոկոսը զրոյական է։ Հենվում եմ պատին, որին ինչ-որ ժամանակ հաստատ հենվել են իմ սիրելի պոետ Դանել Վարուժանն ու սիրելի դերասան Վահրամ Փափազյանը. երկուսն էլ ուսանել են այստեղ։

Փոքր ժամանակ մտովի հարստանալու մոլուցք ունեի։ Հարստանում էի ու անմիջապես սկսում փողս բաժան-բաժան անել. էսքան՝ որբերին, էսքան՝ հիվանդներին, էսքան՝ աղքատ մարդկանց։ Երբ մեծացա, հասկացա, որ անարդյունք զբաղմունք է։ Վաղուց մտովի հարստանալու ցանկություն չէի ունեցել։
Բայց հիմա՝ մտովի հենված երբեմնի հզոր ուսումնական հաստատության պատին, մտովի հարստանում եմ, վերանորոգում Մուրադ-Ռաֆաելյանը՝ տեղը-տեղին՝ բոլոր միջազգային չափանիշներին համաձայն, վերաբացում եմ կրթօջախը, ամենափառահեղ ուսուցիչներին հրավիրում դասավանդելու աշխարհի տարբեր ծայրերից այստեղ ուսանելու եկած հայ երեխաներին։

Մշակութային-գիտական մրցույթներ ենք կազմակերպում, հայոց պատմության հանրամատչելի նկարազարդ  հեռախոսի հավելվածի ստեղծման վրա աշխատում…

Եվ շատ կարեւոր՝ փաստաթղթերով վերանվիրում եմ շենքը՝ Ռաֆայելի, Մուրադի, իմ… լավ, թող էդպես լինի՝ ու Զոյայի անունից հայ ժողովրդի այն զավակներին, ովքեր պետք է օգտագործեն այն որպես կրթօջախ՝ հազարամյակներ շարունակ։

Երանի՜…

Ասում են, ՈՉ ինձ նման՝ իրական մեծահարուստ հայեր եղել են, որ վերջին տարիներին հետաքրքրվել են շենքի խնդիրներով։ Բայց, ցավոք, նրանց հետաքրքրել է շենքը որպես սեփականություն տեսնելը։ Ասում են, այդ մեծահարուստների մեջ են եղել ՀՀ պաշտոնյա անձինք… Պետակա՛ն մտածելակերպ։    

Լավ, եկեք հասկանանք ինչպես եղավ, որ 1701 թվականին Մխիթար Սեբաստացու հիմնած միաբանությունը, որը նախանձելի հողեր, շինություններ ուներ ամբողջ Եվրոպայով, այսօր աղքատության եզրին է կանգնած։


Մխիթար Սեբաստացու արձանը Սուրբ Ղազար կղզում

Իսկ որ կանգնած է, դա փաստ է՝ այդ է վկայում Մխիթարյան միաբանության 2017 թվականի ապրիլի մամուլի հաղորդագրությունը, որում ասվում է. «…Վերջին տասնամեակներու ընթացքին, Մխիթարեան Միաբանութեան դիմագրաւած տնտեսական եւ այլ կարգ մը հարցերուն առնչութեամբ, իբրեւ նեցուկ եւ օժանդակ նման հարցերու լուծման համար՝ Հռոմի Ս. Աթոռին կողմէ կարգուած էին հերթաբար, 1977-էն սկսեալ, մասնաւոր խորհրդականներ եւ գործակատարներ, «այցելու» տիտղոսով եւ տարբեր իրաւասութիւններով օժտուած։ Այս անձերը, ծանօթ՝ իրենց վարչական, գիտական, հոգեւոր կամ մշակութային գործունէութեամբ, յաճախ նաեւ միջազգային գետնի վրայ, ոչ հայ կրօնաւորներ էին, եկեղեցական տարբեր աստիճաններով։ Դժբախտաբար, այդ հերթական «այցելութիւն»ներէն չէին քաղուած ակնկալուած վերջնական արդիւնքները։ Ի տես այս իրադրութեան, 30 Ապրիլ 2016 թուակիր վճռագրով, Ն.Ս. Փրանկիսկոս Պապը Մխիթարեան Միաբանութեան համար Պապական Պատուիրակ կը նշանակէր, լիազօր իրաւասութիւններով, Պոլսոյ Հայ Կաթողիկէ թեմի առաջնորդ Գերպ. Տ. Լեւոն Արք. Զէքիեանը…»։

Իմիջայլոց, երբ Վենետիկում էի, Գերպ. Տ. Լեւոն Արք. Զէքիեանը ամեն կերպ խուսափեց ինձ հետ հանդիպել… չգիտեմ ինչու, կարծեմ, լրագրողներին չէր վստահում։

Հաղորդագրությունում խոսվում է Մուրադ-Ռաֆաելյանի մասին, եւ ասվում, որ այն չի վաճառվելու։

«…Ներկայիս Միաբանութիւնը կը գտնուի բանակցութիւններու մէջ տնտեսապէս կարող եւ ծանօթ կազմակերպութիւններու հետ, սա հիմնական բնաբանով՝ որ այդ կալուածներուն մէկ մասը վերանորոգուի, ըստ պատշաճի, որպէս հասութաբեր գոյք, ու եկած հասոյթին մէկ մասով՝ որ վճարուի Միաբանութեան իբրեւ տարեկան վարձակալութիւն, ծաւալին մշակութային, գիտական, կրթական համակարգուած նախաձեռնութիւններ կալուածի այն մասին մէջ՝ որ, ըստ պայամանգրութեան, յատկացուած պիտի ըլլայ լոկ Միաբանական գործածութեան…»։

Այո, այդքան էլ վատ չի հնչում ամենը, եթե շշուկները չխոսեին այն մասին, որ շենքը վարձակալության են տալիս 99 տարով: Շշնջողները վախենում էին, որ մեկ դար անց Մխիթարյան միաբանությունը 99 տարվա մենության մեջ լինելուց հետո, այլեւս գոյություն չի ունենա եւ պալատը հայ սերունդները հավետ կկորցնեն՝ այն կանցնի Մխիթարյան միաբանության իրավահաջորդին, որն է Վատիկանը։


Հեղինակը` Սուրբ Ղազար կղզում

Ժամանակն անցնում է, միաբանները ծերանում են։ Վերջին տաս տարում միաբանությունը համալրվել է գեթ 1 միաբանով։

Նույն մամլո հաղորդագրությունում խոսվում է նաեւ այս խնդրի մասին.

«…Կրօնաւորական եւ քահանայական կոչումներու նուազումը, որ երաշխիքը կը կազմէ գոյատեւման…»։

Երբ տեսնում ես այս ամբողջ ոչ նյութական հարստությունը, որ ունի հայ ժողովուրդը Սուրբ Ղազար կղզում, երբ  վայելում ես այդ մեծ հպարտությունը՝ այցելելով կղզու թանգարան, ու հասկանում, որ միաբանները կանգնած են խնդիրների առջեւ, ուզում ես գոռալ ամբողջ աշխարհի հայերին, մեր պետական մարմիններին, առաքելական եկեղեցու հայրերին՝ եկեք հնար գտնենք՝ թեւ ու թիկունք դառնանք այս փոքրիկ ու շատ մեծ աշխարհին՝ Մխիթարյան միաբանությանը՝ ցանկություն է պետք՝ իրավական ու ֆինանսական ձեւեր կգտնենք։ Եկեք չթողնենք, որ այսքան հեշտ կորչի այն ամենն, ինչ մեծ հայ Սեբաստացին արել է եւ չթողնենք Վատիկանին հարստացնել իր ունեցվածքը՝ այն արդեն իսկ շատ հարուստ է առանց մեր օգնության։

Արփի Մաղաքյանը ռեժիսոր եւ լրագրող է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Դիմակ հագած Երեւանս
Մեր ընտրանին