Ամերիկա եւ Հայաստան. 25 տարի անց - Mediamax.am

Ամերիկա եւ Հայաստան. 25 տարի անց
30408 դիտում

Ամերիկա եւ Հայաստան. 25 տարի անց


Այս տարի լրանում է ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Պատմական այդ կարճ ժամանակահատվածում տեղի են ունեցել բազմաթիվ կարեւոր քաղաքական իրադարձություններ, որոնք փոխել են ամերիկա-հայկական հարաբերությունների բնույթը: Սակայն, խոսելով միջպետական հարաբերությունների այդ կարճ ժամանակահատվածի մասին, չի կարելի մոռանալ ամերիկացի եւ հայ ժողովուրդների ավելի վաղ եւ խորը հարաբերությունների մասին: Շատ հայտնի պատմաբաններ, վերլուծելով ամերիկյան պետության հաստատման եւ զարգացման գործընթացը, դիտարկել են նաեւ դրանում հայկական գործոնի տեղն ու դերը: Պրոֆեսոր Սամուել Մորիսոնը «Ծոցի գաղութի շինարարները» աշխատությունում, թվարկելով առաջին բնակիչներին, նրանց շարքում հիշատակում է մի նաեւ շարք հայկական ընտանիքների՝ Ֆրանսիայից եւ Բրիտանիայից ժամանած: Ամերիկյան պատմության մանրազնին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ամերիկայում հայկական ժառանգությունը ձեւավորվել է ոչ թե 1915, այլ 1630 թվականից սկսած:

Ավելի վաղ ժառանգությունը

Հայկական ծագմամբ առաջին բնակիչներն օգնել են զարգացնել առեւտուրը եւ զբաղվել են երկրագործությամբ: Ջեք Սադուրյանը եւ Ստեֆան Թարրյեն, ովքեր Ամերիկա էին եկել Լոնդոնից, դրեցին Հարավային Կարոլինայում ֆերմերային ձեռնարկատիրության հիմքերը: Սահմանափակ թվով աղբյուրների վերլուծությունը ցույց է տալիս, որ Սադուրյան (ավելի փոքր չափով) եւ Թարրյե (ավելի մեծ չափով) ընտանիքների ներկայացուցիչները էական դեր են խաղացել առաջինն իրենց անկախությունը հռչակած տասներեք նահանգներում բանկային համակարգի ձեւավորման գործընթացում: Ցավոք, գաղութատիրական եւ վաղ հետգաղութատիրական շրջաններում հայերի գործունեության մասին շատ փաստաթղթեր գտնվում են տարբեր համալսարանների արխիվներում եւ դեռեւս հետազոտված չեն: Շատ քիչ բան է հայտնի կոստանդնուպոլսյան ազդեցիկ Գարաբեդյան կլանի մասին, որի ներկայացուցիչները սերտ կապեր ունեին նախագահներ Աբրահամ Լինքոլնի եւ Ուլիս Գրանտի հետ:

Մի փոքր ավելի խորն են ուսումնասիրված 1915-1923թթ գործընթացները։ Սակայն կարեւոր է հասկանալ, որ  հայերի եւ Հայաստանի վերաբերյալ հայկական օրակարգի ձեւավորումն ընթացել է «հին» հայ-բողոքական էլիտայի անմիջական մասնակցությամբ, որը ներկայացնում էին առաջին բնակիչների ժառանգները։ Առանց այդ էլիտայի ֆինանսական եւ քաղաքական աջակցության (որն վաղուց արդեն ասիմիլացվել է), դժվար թե Վահան Քարդաշյանին՝ Հայաստանի ազգային եւ պետական շահերի առաջին լոբբիստին, հաջողվեր ստեղծել Հայաստանի անկախության ամերիկյան հանձնաժողովը, որի շարքերում էին ԱՄՆ-ի փոխնախագահը, նահանգապետեր, սենատորներ եւ ազնվականության ներկայացուցիչներ։ Ամերիկա-հայկական հարաբերությունների հաստատման վաղ շրջանի շատ կարեւոր իրադարձություններ առ այսօր ուսումնասիրված եւ վերլուծված չեն։ Օրինակ, անպատասխան է մնում այն հարցը, թե հայկական հարցի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացի վրա ի՞նչ ազդեցություն են ունեցել հայ կապիտալիստներ Գյուլբենկյանի եւ Մանթաշովի հարաբերությունները Ռոկֆելերների, Վանդերբիլտների եւ Մորգանների հետ, ովքեր այն ժամանակ ներկայացնում էին ամերիկյան առաջատար ֆինանսա-արդյունաբերական էլիտան։

Օսմանյան Կայսրության անկումից հետո պաշտոնական Վաշինգտոնը Հայաստանին դիտարկում էր որպես տարածաշրջանում գլխավոր ռազմավարական դաշնակից։ Խաղադրույքը Հայաստանի վրա կատարվեց մի շարք քաղաքական, տնտեսական եւ մշակութային-քաղաքակրթական պատճառներով։ Ամերիկան, որը նավթային բումի միջով էր անցնում, ձգտում էր դուրս գալ նոր հումքային շուկաներ։ Ամերիկյան մենաշնորհատերների համար չափազանց կարեւոր էր Մոսուլի նավթը։ Սակայն մերձավորարեւելյան նավթին հասնելու համար շատ կարեւոր էր հաղթահարել տարածաշրջանում բրիտանացիների եւ ֆրանսիացիների քաղաքական մենաշնորհը։ Այդ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, որում թելադրող էր Բրիտանիան, Վաշինգտոնը քրիստոնյա Հայաստանին դիտարկում էր որպես պոտենցիալ դաշնակից եւ իր շահերի ուղեկցող։ Պատահական չէ, որ հենց ԱՄՆ-ը առաջինը ճանաչեց Հայաստանի Առաջին Հանրապետության անկախությունը, եւ ընդունեց երկրի ֆիզիկական սահմանները որոշելու մանդատը, և, հետևաբար, առաջ էր մղում նրա շահերը տարբեր մակարդակներում։

1915-1930թթ. Կոնգրեսը հաստատեց հայկական ազգաբնակչությանը հումանիտար, ֆինանսական եւ բարոյա-հոգեբանական աջակցության ավելի քան երեսուն խոշոր ծրագրեր։ Հատկանշական է, որ այդ հիմնադրամներում նշանակալի միջոցներ են ներդրել ամերիկյան այնպիսի ազդեցիկ կլաններ, ինչպիսիք էին Ժիրարները, Ռենսելերները, Ռոկֆելերները, Ստյուրարտները եւ Կարնեգիները։ Հայերի համար գործում էին ոչ պաշտոնական միգրացիոն արտոնություններ (մուտք, քաղաքացիության ստացում եւ այլն)։ Բոլոր այդ քայլերը առաջին հերթին ցույց էին տալիս հայ ժողովրդի հետ երկարաժամկետ եւ բազմակողմ հարաբերություններ հաստատելու ամերիկացիների քաղաքական կամքը։ Իհարկե, աշխարհաքաղաքական գործընթացներն իրենց ուղղումները մտցրեցին այդ հաշվարկներում։ Մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով Հայաստանը կորցրեց իր անկախությունը եւ գրեթե մի ամբողջ դար անցկացրեց Խորհրդային Միության կազմում։

Տանուլ տալու քայլը

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Ամերիկայում գործում էին կրոնական եւ մշակութային-լուսավորչական բնույթի քառասունից ավել հայկական հասարակական կազմակերպություններ։ Համաձայն հասարակական լայն շրջանակներում տարածված կարծիքի՝ հենց ցեղասպանությունը վերապրած հայերի ժառանգներն են ձեւավորել «դասական սփյուռքը»։ Սառը պատերազմում՝ ժողովրդավարական կապիտալիզմի եւ սոցիալ-կոմունիզմի գաղափարախոսությունների հակամարտության պայմաններում, Մերձավոր Արեւելքը նախկինի նման շարունակում էր մնալ կենսական կարեւորություն ունեցող տարածաշրջան գերտերությունների համար։ ԱՄՆ-ը, ընդգրկելով Թուրքիային ՆԱՏՕ ռազմաքաղաքական դաշինքում, կարեւոր քաղաքական ընտրություն կատարեց, որն արդյունքում դարձավ գլխավոր խոչընդոտը գլոբալ հայ ազգի եւ հայկական պետության հետ երկխոսության ճանապարհին։

Ամերիկայի հայերի համար գլխավոր կողմնորոշիչը դարձավ 1915-1923թթ․ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության գաղափարը։ Սակայն այն ի սկզբանե դատապարտված էր քաղաքական ձախողման։ Ինչու՞։ Պատմական իրադարձությունների քաղաքականացման գաղափարը կարող էր սպառնալիք դառնալ Թուրքիայի՝ Մերձավոր Արեւելքում կոմունիզմի դեմ պայքարի առաջամարտիկի հետ հարաբերություններում։ Շատ փորձագետներ չեն համաձայնում այդ տեսակետի հետ՝ օրինակ բերելով հրեական Հոլոքոստը։ Սակայն այդ համեմատությունները առնվազն տեղին չեն։ Չմոռանանք, որ Հոլոքոստի ճանաչման փաստը ապրիորի չէր կարող սպառնալ ԱՄՆ-ի եւ Գերմանիայի հարաբերություններին։ Վերջինս այդ ժամանակ օկուպացված եւ բաժանված էր ազդեցության գոտիների։ Այլ կերպ ասած՝ Հոլոքոստի խնդիրը իր ամենավաղ փուլում ստացավ ոչ այնքան քաղաքական, որքան հումանիտար բնույթ։ Հրեական հարցի համանմանությամբ՝ Վաշինգտոնը միշտ ձգտել է հայոց ցեղասպանության հարցը տեղափոխել հումանիտար հարթություն։

Արդեն այն ժամանակ կարեւոր էր այնպիսի մեխանիզմների ստեղծումը, որոնք թույլ կտային հայկական սփյուռքին դառնալ կարեւոր քաղաքական գործոն Մերձավոր Արեւելքում ամերիկյան արտաքին քաղաքականության ռազմավարության մշակման գործընթացում։ Այդ համատեքստում ցեղասպանության ճանաչման հարցը հակառակ դեր է խաղացել՝ սփյուռքը վերածելով քաղաքական արձագանքման գործիքի։ Եթե ուշադիր վերլուծենք հայկական հարցի զարգացման դինամիկան վերջին 70 տարում, ապա կարելի է նկատել, որ հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առաջ մղման գործում դաշնային մակարդակում հաջողություն գրանցվել է միայն Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ միջպետական հարաբերությունների վատացման ժամանակահատվածներում։ Այսպես, «մարդու նկատմամբ մարդու անմարդկային վերաբերմունքի» հիշատակման օրվա մասին առաջին բանաձեւը մշակվեց եւ ընդունվեց այն բանից հետո, երբ Թուրքիան օկուպացրեց Կիպրոսի հյուսիսային մասը։ Այդ ժամանակից ի վեր ցեղասպանության ճանաչման հարցը «քաղաքական մահակ» է դարձել Վաշինգտոնի ձեռքին։ Քաղաքական ռեալիզմի տեսանկյունից աշխարհի ոչ մի պետություն չի ցանկանա զրկվել գործիքից, որը կարելի է ցանկացած հարմար պահի օգտագործել մրցակիցների կամ չափից դուրս ագրեսիվ դաշնակիցների դեմ։

Բաց թողնված հնարավորությունները

Ամերիկան Հայաստանի նկատմամբ բարձր հետաքրքրություն սկսեց ցուցաբերել 80-ական թվականներին, ինչը պայմանավորված էր մի շարք պատճառներով։ Առաջին՝ այդ շրջանը համընկավ ամերիկահայերի քաղաքական լոբբիստական ազդեցության գագաթնակետի հետ։ Ռիչարդ Նիքսոնի վարչակազմից սկսած ՝ հայերը հետեւողականորեն ամրապնդում էին իրենց դիրքերը մեծ քաղաքականությունում։

80-ականների սկզբին էթնիկ հայերն աշխատում էին Սպիտակ տանը (Քեննեթ Խաչիկյան, Արամ Բախշյան կրտսեր), Պետդեպարտամենտում (Էդվարդ Ջերեջյան) եւ Կոնգրեսում (Չարլզ Փաշայան)։ Սակայն հայկական ծագմամբ առավել ազդեցիկ քաղաքական գործիչը Ջորջ Դոքմեջյանն էր՝ Կալիֆորնիայի 35-րդ նահանգապետը եւ նախագահ Ռոնալդ Ռեյգանի մտերիմ ընկերը։ 1988թ․ Դոքմեջյանը երկրի ամենաճանաչված եւ ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկն էր, ով զգալի դեր է խաղացել ՀԱՀ-ում ապարտեիդի վերացման հարցում։ Բավական է նշել, որ իր նախընտրական քարոզարշավի ընթացքում Ջորջ Բուշ ավագը երկու անգամ Դյուկին առաջարկել է գնալ Սպիտակ տուն՝ որպես փոխնախագահ։ Դոքմեջյանը հրաժարվել է՝ այդ որոշումն արդարացնելով նրանով, որ նախագահական ընտրություններում հաղթանակի համար անհրաժեշտ է Կալիֆորնիայի ձայները պահպանել հանրապետականների օգտին։ Այդ քայլն ավելի ամրապնդեց Դյուկի հեղինակությունը, ով դարձավ երեք ամենաազդեցիկ «փղերից» մեկը՝ Բուշ ավագի եւ սենատոր Բոբ Դոուլի կողքին։

Երկրորդ պատճառը Հայաստանի հետ վերամիավորվելու ղարաբաղյան հայերի շարժումն էր։ Վաշինգտոնը ոգեշնչված էր Հայաստանում առկա բողոքական ներուժով եւ ձգտում էր պաշտպանել հայերի քաղաքական պահանջներն՝ ուղղված Մոսկվայի կենտրոնական իշխանություններին։ Սումգայիթի եւ Բաքվի իրադարձություններից հետո սենատոր Քլեյբորն Փելը՝ միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավարը, Գորբաչովին նամակ հղեց, որում ավելի քան 40 օրենսդիրներ կոչ էին անում Մոսկվային կանգնեցնել Ադրբեջանի ագրեսիան հայկական ազգաբնակչության դեմ։

Հակամարտության էսկալացիայի սկզբից սենատորներ Ռոբերտ Դոուլը, Ջոն Քերին եւ Փիթ Ուիլսոնը նախաձեռնեցին նոր ուղերձ, որում նշվում էր, որ Մոսկվան այլեւս չպետք է թույլ տա Ադրբեջանին վերահսկել հայկական Ղարաբաղը։ Ավելին, սենատոր Փելը նույն խնդրանքը կրկնեց ԽՍՀՄ-ի վերջին արտգործնախարար Էդուարդ Շեւարդնաձեի հետ անձնական հանդիպման ժամանակ։ Այսպիսով, արդեն իսկ վաղ փուլում ամերիկացիները բարձր մակարդակով արտահայտվում էին Հայաստանին եւ Ղարաբաղին առնչվող թեմաների շուրջ։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Վաշինգտոնը նորից դրույք արեց Հայաստանի վրա՝ որպես Անդրկովկասում հնարավոր դաշնակից։ Ամերիկացիների քաղաքական կամքը ի ցույց դրվել մի քանի ուղղություններով։ Նախ՝ Հայաստանը եւ ԼՂՀ-ն (ԱՄՆ-ի կողմից դե յուրե չճանաչված) «Ազատության աջակցման» օրենքի շրջանակներում ընդգրկվեցին մի շարք պետական ծրագրերում, մինչդեռ 907-րդ  հոդվածը արգելում էր ցանկացած տեսակի օգնություն ցուցաբերել Ադրբեջանին՝ ագրեսիվ գործողությունների եւ Հայաստանի ցամաքային սահմանները անօրինական շրջափակման մեջ պահելու համար։ Ընդ որում, մեկ շնչին բաժին հասնող ԱՄՆ-ի անփոխհատույց օգնության ցուցանիշով Երեւանը զիջում էր միայն Իսրայելին։

Երկրորդ՝ աջակցությունը հումանիտար եւ ենթակառուցվածքային նախագծերի զարգացմանը՝ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի միջոցով։ Հատկանշական է, որ արտաքին հատկացումների հանձնաժողովի՝ Հայաստանի ուղղությամբ առանձնացված գումարը երկու անգամ գերազանցում էր Վրաստանին տրվող համանման օգնությունը, իսկ Ադրբեջանն առհասարակ ընդգրկված չէր ծրագրում։

Երրորդը հայկական ծագմամբ ամերիկյան գործարարների կապիտալը Հայաստան ներգրավվելուն աջակցելն էր։ Չի կարելի մոռանալ, որ այնպիսի հայտնի բարեգործների փողերը, ինչպիսիք Քըրք Քըրքորյանն էր կամ Հովնանյան եղբայրներն են, նախ եւ առաջ ամերիկյան ֆինանսական կապիտալ են, որոնք փոխանակվում են պաշտոնական Վաշինգտոնի քաղաքական ազդեցութան։ Չորրորդը Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների զարգացմանը նպաստելն է։ Իհարկե, Հայաստանն, ի տարբերություն հարեւան Վրաստանի, ի սկզբանե հայտարարել էր, որ չի պատրաստվում միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին։ Սակայն Երեւանը նաեւ հասկանում էր, որ ՆԱՏՕ-ի հետ երկխոսության բացակայությունը կարող է հանգեցնել նրան, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կստանան դաշինքի գործիքներն Հայաստանի դեմ ուղղելու հնարավորություն։ Այդպիսով, տեւական ժամանակ այդ ուղղություններն եղել են ամերիկա-հայկական հարաբերությունների հատման հիմնական կետերը։

2008 թվականից հետո երկու երկրների միջեւ հարաբերությունները սկսեցին կորցնել եղած ազդակները․ փակվել է «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամը, տեղի է ունենում Հայաստանին եւ ԼՂՀ-ին տրվող ֆինանսական օգնության կրճատում USAID-ի գծով, դադարեցվել է «Լինսի» հիմնադրամի գործունեությունը, նկատվում է Ամերիկայի սփյուռքից խոշոր կապիտալի ներհոսքի էական կրճատում եւ այլն։ Այդ փոփոխությունները պայմանավորված են օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ Ադրբեջանի հետ «Դարի պայմանագիրը» կնքելուց հետո ամերիկյան նավթային ընկերությունները ստացան Կասպից ծովում բիզնես վարելու հնարավորություն, իսկ Հայաստանի հետեւողական շարժումը դեպի եվրասիական ինտեգրացիոն կառույցներ, ստիպեց ԱՄՆ-ին նորովի նայել հարեւան Վրաստանին։ Այսպիսով, այսօր կա նոր կողմնորոշիչներ գտնելու խիստ անհրաժեշտություն, որոնք հայկական կողմին թույլ կտան զարգացնել երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ՝ չանտեսելով մյուս ուղղությունները։ Լիովին ակնհայտ է, որ առանց ԱՄՆ-ի հետ ավելի սերտ հարաբերությունների Հայաստանին դժվար կլինի արձագանքել նոր սպառնալիքներին, արդիականացնել իր տնտեսությունը եւ զարգացնել ժողովրդավարական հաստատությունները։

Արեգ Գալստյանը պատմական գիտությունների թեկնածու է, The National Interest, Forbes, The Hill եւ American Thinker պարբերականների մշտական հեղինակն ու փորձագետը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին