Տեղափոխելով «հայակենտրոնությունը» Երեւան - Mediamax.am

Տեղափոխելով «հայակենտրոնությունը» Երեւան
19709 դիտում

Տեղափոխելով «հայակենտրոնությունը» Երեւան


Տարիքին զուգահեռ՝ յուրաքանչյուր մարդ փորձում է գտնել իրեն եւ իր տեղը գլոբալ աշխարհում: Կյանքի շատ որոշումներ մեզ տրվում են համեմատաբար ավելի արագ եւ հեշտ. սիրելի առարկաները դպրոցում, մասնագիտական կողմնորոշումը համալսարանում, սպորտաձեւը, սիրելի խոհանոցը, հագուստի ոճը եւ այլն: Սակայն մեր սեփական «Ես»-ի վերլուծման, գիտակցման եւ ընկալման հարցում մենք բախվում ենք լուրջ խնդիրների: Միջին դպրոցի ութերորդ դասարանում՝ իմանալով, որ մեր տոհմում եղել է պատմական գիտությունների չորս դոկտոր եւ մեկ ակադեմիկոս, ես սկսեցի լրջորեն զբաղվել պատմությամբ: Երեւի, ինքս ինձ ներշնչել էի, որ պատմության ուսումնասիրությամբ զբաղվելը նաեւ իմ կոչումն է: Հնարավոր է, որ պատմության եւ քաղաքականության ուսումնասիրությամբ զբաղվելը յուրատեսակ պաշտպանական ռեակցիա էր, որի շնորհիվ միակ էթնիկ հային հաջողվեց վերացարկվել 90-ականների վերջերի եւ 2000-ականների սկզբների բարդ միջէթնիկական փոխհարաբերություններից: Բարեբախտաբար, դեռեւս կյանքի այդքան վաղ տարիքում, անգամ ինքս դա չգիտակցելով, հասկացա, որ դրական գնահատական ստանալու համար ես պետք է մյուսներից տասն անգամ ավելի շատ իմանամ, քանի որ նրանց ամեն ինչ շատ ավելի հեշտ էր տրվում:

Բարեբախտաբար, ես  միշտ սկզբունքայնորեն եւ հետեւողականորեն հավատարիմ եմ մնացել իմ ուղուն՝ շարունակելով ուսումնասիրել պատմություն,  քաղաքագիտություն եւ միջազգային հարաբերություններ: Բայց, եթե դպրոցում լավագույնը լինելն ինձ համար անհրաժեշտություն էր՝ սեփական շահերը պաշտպանելու համար, ապա համալսարանում ես շարժվում էի այն անհրաժեշտության գիտակցմամբ, որ պետք է ինչ-որ բան անեմ Հայաստանի համար, որը երբեք չէի էլ տեսել: Առաջին կուրսից ինքս ինձ ձեւավորեցի որպես հայկական քաղաքակրթական կոդի կրող, եւ ինձ շատ էին բարկացնում իմ այն հայրենակիցները, ովքեր ձգտում էին իրենց մեջ ջնջել այդ կոդը: Ես, ինչպես եւ ժամանակակից սերնդի շատ հայեր, մեծացել եմ Մեծ Հայաստանի, «Նեմեսիս» գործողության, Մոնթե Մելքոնյանի եւ Քըրք Քըրքորյանի մասին պատմությունները լսելով: Մենք մեծացել ենք՝ գիտակցելով այդ մարդկանց անցած ճանապարհը՝ փորձելով դրանցում գտնել սեփական քաղաքակրթական կողմնորոշիչները: Զբաղվելով ամերիկագիտությամբ, ատենախոսությունը պաշտպանելով եւ տարբեր ռուսական եւ ամերիկյան պարբերականներում հրատարակվելով, իմ կյանքը հստակ բաժանվեց անձնականի եւ մասնագիտականի:

Սակայն, իմ կյանքի անձնական եւ մասնագիտական կողմերը, դե-յուրե լինելով տարաբաժանված եւ կարգավորված, դե-ֆակտո սերտորեն փոխկապակցված են: Ես ցանկանում էի, որպես մասնագետ կայանալ իմ գործում, որպեսզի հասնեմ իմ անձնական նպատակին՝ դառնալ հայ ազգի օգտակար տարր:

Հաճախ ես բախվում էի այն կարծիքին, որ հայկական բոլոր ածանցյալների բացառումը կյանքից կօգնի կայանալ եւ հասնել լուրջ հաջողությունների: Սակայն ես չէի հասկանում, թե ինչ լուրջ հաջողությունների մասին էին խոսում այդ մարդիկ: Միգուցե ֆինանսական բարեկեցությա՞ն, կամ կարիերայում հաջողության հասնելու՞: Ես այդ հարցի պատասխանը չունեմ, քանի որ շփումը այդպիսի մարդկանց հետ միանգամից ընդհատվում էր:

Ես ելնում եմ այն փիլիսոփայությունից, որ հոգեւոր գոյությունը վեր է նյութականից, այն պետք է դառնա վեհ գաղափարներին հասնելու գործիք: Իմ գաղափարը իմ նախնիների երկիրը հզոր եւ հաջողակ տեսնելն է: Երկիր, որտեղ ապրել եւ արարել են Մեծ մարդիկ, ովքեր հսկայական ժառանգություն են թողել ամբողջ մարդկությանը:

Ես հստակ գիտեմ, որ լինելով հայ, հանդիսանում եմ այն քաղաքակրթական հարստության ժառանգներից մեկը, որի կողքին մնացած ամեն ինչ խամրում է:

Մեր նախնիներից ստացած ժառանգությունը ոչ միայն  պարգեւ է, այլեւ՝ պարտականություն: Ես այս աշխարհում իմ գոյության գլխավոր նպատակներից մեկն եմ համարում  հայկական գլոբալ ժառանգության պաշտպանությունը, ամրապնդումն ու բազմապատկում: Որպեսզի հասցնեմ իրականացնել այդ նպատակը, ես ամեն օր առաջընթաց եմ գրանցում՝ փորձելով դառնալ ավելի լավը: Հայ ժողովրդի առաքելության կարեւորության գիտակցումը պահանջում է գլոբալ հայացք եւ մոտեցումներ: Մտածողության սահմանափակությունը եւ ինքներս մեզ վրա կենտրոնանալը անթույլատրելի ճոխություն է:  Հենց գիտակցության ընդարձակությունն է թույլ տալիս հասկանալ գլոբալ գործընթացները: Առանց դա հասկանալու, մենք չենք կարողանա գտնել եւ ամրապնդել մեր տեղը այս աշխարհում՝ որպես կարեւոր քաղաքակրթական սուբյեկտ: 

Երեւանում բացված «The Armenian Interest» վերլուծական կենտրոնի առաքելությունը մարդկանց եւ գաղափարները հայկական շահերի շուրջ համախմբելն է: Այլ կերպ ասած՝ նոր կենտրոնի գործունեության հիմքում ընկած է հենց «հայակենտրոնությունը»՝ հավատարմությունը եւ նվիրվածությունը հայ ժողովրդին: Սակայն մենք հստակ սահմանազատում ենք դնում «նվիրվածություն» եւ «կույր հավատ» հասկացությունների միջեւ: Ես խորապես համոզված եմ, որ հայ ազգը չի կարող առաջ շարժվել առանց ժամանակակից աշխարհաքաղաքական գործընթացները հասկանալու:

Իհարկե, բավականին դժվար է հասնել օբյեկտիվության, բայց ամեն դեպքում պետք է ձգտել: Այն ազգերն ու պետությունները, որոնց հաջողվել է գտնել պատասխաններ հիմնարար հարցերին, կարողացել են հաղթահարել խոչընդոտներն ու ձախողումները: Այսօր մենք չունենք այն բնական ռեսուրսներն ու աշխարհագրական դիրքը, որ հայտարարենք մեր  իրավունքների մասին:  Սակայն մենք ավելի կարեւոր ռեսուրս ունենք՝ հսկայական ինտելեկտուալ ներուժը, որը ցրված է ամբողջ աշխարհով:

Յուրաքանչյուր հաջողակ հայ ատոմ է, որից մենք կարող ենք հավաքել մեր ինտելեկտուալ ատոմային ռումբը: Պատկերացրեք՝ ազդեցության ինչ հզոր գործիք ունեն ազգերը, որոնց ներկայացուցիչները մեծ ժառանգություն են թողել ամբողջ աշխարհում: Անձամբ ես ոչ մի կասկած չունեմ, որ մենք հենց այդպիսի ազգ ենք: Դրանից ելնելով՝ մեր կենտրոնի մյուս կարեւորագույն խնդիրներից մեկը հայկական ինտելեկտուալ կապիտալի համախմբումն է ամբողջ աշխարհում: Արդյո՞ք բարդ խնդիր է: Անխոս: Սակայն մենք պետք է առաջին քայլերն անենք այդ ուղղությամբ, եթե ցանկանում ենք հասկանալ՝ ո՞վ ենք մենք, եւ ո՞րն է մեր տեղը ժամանակակից աշխարհում:

Որպես գիտա-վերլուծական կենտրոն՝ մենք նաեւ գիտակցում ենք ամբողջ աշխարհի առաջատար ինտելեկտուալներին հայկական աշխարհ բերելու կարեւորությունը: Խոշոր համալսարաններում եւ առաջատար ուղեղային կենտրոններում աշխատող գիտնականներին եւ փորձագետներին ներգրավվելով՝ մենք ստեղծում ենք փոխադարձ ըմբռնման եւ ընկալման կամուրջ հայկական աշխարհի եւ արտաքին միջավայրի միջեւ: Այդ կարեւոր խնդրի լուծման համար մենք կօգտագործենք մեր փորձագետների արդեն իսկ կուտակած կապիտալը՝ մեծաթիվ կապերի եւ հնարավորությունների տեսքով: Այլ կերպ ասած՝ պետք է որակապես ավելի բարձր վերլուծական մակարդակում Հայաստանը բացահայտենք աշխարհի եւ աշխարհը՝ Հայաստանի համար:

Բացի այդ, մենք մեր գերակա ուղղություններից մեկն ենք համարում Հայաստանում վերլուծաբանների նոր սերնդի պատրաստումը, որոնք կշարունակեն զարգացնել «The Armenian Interest» կենտրոնը:  Մեր փորձագետներն արդեն իսկ ունեն որոշակի հեղինակություն ժամանակակից վերլուծական մտքի տարբեր ուղղություններում: Չափազանց անհեռատես քայլ կլիներ այդ գիտելիքներն ու փորձը ուսանողներին, մագիստրոսներին, ասպիրանտներին եւ երիտասարդ գիտնականներին չփոխանցելը, քանի որ նրանք մեր երկրի ապագա էլիտան են: Մենք արդեն հիմա վարում ենք անվճար դասախոսություններ, սեմինարներ եւ թրեյնինգներ «Վերլուծական գործունեության հիմքերը» թեմայով: Համոզված եմ, որ մենք մեզանից հետո պետք է թողնենք աշխատող «հայակենտրոն համակարգ», որը կպաշտպանի հայկական շահերը գիտավերլուծական աշխարհում:

Արեգ Գալստյանը պատմական գիտությունների թեկնածու է, The National Interest, Forbes, The Hill եւ American Thinker պարբերականների մշտական հեղինակն ու փորձագետը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին