Հայաստանի եվրոպական հեռանկարն այլընտրանք չունի - Mediamax.am

Հայաստանի եվրոպական հեռանկարն այլընտրանք չունի
11594 դիտում

Հայաստանի եվրոպական հեռանկարն այլընտրանք չունի


Չնայած Հայաստանը դեռեւս 90-ականների սկզբին է հայտարարել եվրոպական արժեքներին իր հավատարմության մասին` 2001-ին դառնալով Եվրոպայի Խորհրդի, իսկ հետագայում` եվրոպական մի շարք այլ կառույցների անդամ, այնուամենայնիվ, Հայաստանում այդ հավատարմությունը կասկածի տակ դնողների պակաս չի զգացվում: Կասկածողների մի մասը Եվրոպան հակադրում է Հայաստանի դաշնակից Ռուսաստանին` փորձելով խեղաթյուրել եվրոպական արժեքների էությունը: Մյուս մասն էլ կարծում է, որ եվրոպական արժեքներ որդեգրելով` հայ ժողովուրդը չի կարողանա պահպանել ազգային արժեքներն ու ինքնությունը: Այս սյունակում ես ցանկանում եմ ներկայացնել իմ անձնական տեսակետը Հայաստանի եվրոպական հեռանկարի եւ արժեհամակարգի վերաբերյալ:

Նախ, ի՞նչ ասել է եվրոպական արժեքներ: Ռուսամետ քարոզիչները անմիջապես հիշում են եվրոպական երկրներում սեռական փոքրամասնությունների իրավունքների նկատմամբ հարգանքը: Մինչդեռ Եվրոպական Միությունում հարգում են ոչ միայն սեռական, այլեւ ցանկացած այլ փոքրամասնությունների իրավունքները, այդ թվում` ազգային, ինչի շնորհիվ ԵՄ բազմաթիվ երկրներում հայկական կազմակերպությունները ոչ միայն կարողանում են ակտիվ գործել` պահպանելով համայնքի անդամների ազգային ինքնությունը, այլեւ որոշ տեղերում նույնիսկ ֆինանսավորում են ստանում պետությունից:  
 
Պետք է հիշել, որ Եվրոպան հիմնված է ազատության եւ ժողովրդավարության հիմնական արժեքների վրա, եւ սա պարզապես բառեր չեն: Եվրոպական այս արժեքները ձեւավորվել են դեռեւս Լուսավորության շրջանում եւ իրենց քաղաքական արտահայտությունն են գտել 1789թ. Ֆրանսիական հեղափոխության մեջ: Դրանք շարադրված են Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների խարտիայում, որին տարիներ առաջ ԵԽ-ին անդամագրվելիս միացել են թե Հայաստանը, եւ թե նույն Ռուսաստանը, ինչպես նաեւ Եվրոպական Միության Հիմնական իրավունքների խարտիայում: Քաղաքացիական ազատությունները, ժողովրդավարությունը եւ իրավական պետության գաղափարը հետագայում ընդունվեցին ավելի ու ավելի շատ պետությունների կողմից եւ այսօր հանդիսանում են նաեւ ԵՄ յուրաքանչյուր անդամ պետության եւ հենց Եվրամիության հիմնարար արժեքները:



Իր սկզբունքները ԵՄ-ն շարադրել է Հիմնական իրավունքերի խարտիայում, որը հանդիսավորությամբ ստորագրվել է 2000թ. եւ հանդիսանում է 2009 թ-ից գործող Լիսաբոնյան պայմանագրի մի մասը: Եկեք տեսնենք, թե ինչ է ասում ԵՄ պայմանագրի 2-րդ հոդվածը.

«Արժեքները, որոնց վրա հիմնվում է Միությունը, հանդիսանում են հարգանքը եւ մարդու արժանապատվությունը, ժողովրդավարությունը, հավասարությունը, իրավական պետությունը եւ մարդու իրավունքների պահպանումը՝ ներառյալ փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքները: Այս արժեքները համընդհանուր են այն հասարակության բոլոր անդամ պետությունների համար, որին բնորոշ են բազմակարծությունը, խտրականության բացառումը, հանդուրժողականությունը, արդարությունը, համերաշխությունը եւ կանանց ու տղամարդկանց իրավահավասարությունը»:

Կրկնեմ. մարդու արժանապատվություն, ժողովրդավարություն, հավասարություն, իրավական պետություն եւ մարդու իրավունքների պահպանում: Գումարենք սրան խոսքի ազատությունն ու քաղաքացիական հասարակությունը` երեւույթներ, առանց որոնց արդեն դժվար է պատկերացնել մեր հանրային կյանքը: Ասացեք, խնդրեմ, այս արժեքներից ո՞րն է հակասում մեր` հայերիս արժեհամակարգին: Եվ արդյո՞ք այս արժեքներն որդեգրելով` ԵՄ որեւէ պետություն կորցրեց իր ազգայինն ու ավանդականը: Մի՞ թե իտալացիք պակաս իտալացի դարձան, իսկ շվեդները` պակաս շվեդ: Իմ տպավորությամբ, հակառակը. սահմանների բացումը, շուկայի ազատականացումը, ազատ տեղաշարժի իրավունքը, ժողովրդավարության բացարձակ գերակայությունը ստեղծել եմ մի իրավիճակ, եթե ազգերը եւ պետությունները, լինելով մեկ ընտանիքի անդամ, նաեւ մշտապես գտնվում են ազատ մրցակցության մեջ եւ ունեն հնարավորություն ընդօրինակելու ուրիշի լավագույնը, բայց միաժամանակ պահպանել սեփական արժեքներն ու ավանդույթները:

Պետք չէ կարծել, թե ես իդեալականացնում եմ Եվրոպան: Դա այդպես չէ: Քաջ հայտնի է, որ ԵՄ ցանկացած երկիր եւ Եվրամիությունն ինքնին բազմաթիվ չլուծված խնդիրներ ունեն, որոնք շուտափույթ լուծում են պահանջում: Ցավոք, գրեթե նույն խնդիրներն առկա են նաեւ մեր երկրում: Բայց, ի տարբերություն եվրոպական երկրների, Հայաստանը ստիպված է լուծել դրանք միայնակ:

Անձամբ ինձ համար եվրոպական արժեհամակարգի թիվ մեկ առավելությունը կրթական ծրագրերի հասանելիությունն է: 90-ականների սկզբին, երբ ինքս էի ուսանող, այդ մասին կարելի էր միայն երազել: Իսկ այսօր բազմաթիվ ուսանողներ եւ երիտասարդ մասնագետներ հեշտությամբ մասնագիտական եւ զարգացման կրթական ծրագրեր են գտնում Եվրոպայում, դիմում են եւ հաճախ լրիվ անվճար մասնակցում դրանց` ընթացքում շփվելով եվրոպացի եւ այլ երկրների հասակակիցների հետ, գտնելով ընդհանուր հետաքրքրություններ եւ կիսելով ընդհանուր արժեքներ: Այդ ծրագրերին մասնակցած երիտասարդները սովորաբար արդեն ուրիշ աչքերով են նայում աշխարհին` ընկալելով իրենց հայրենիքը որպես ավելի մեծ, միեւնույն արժեքներով առաջնորդվող աշխարհամասի հատված:

Արդյոք ունի՞ Հայաստանի եվրոպական հեռանկարը այլընտրանք: Իմ կարծիքով, չունի: Եվ այն հանգամանքը, որ մեր երկիրը 2013-ին դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ, ամենեւին չի հերքում ասածս, քանզի տնտեսական շահի վրա հիմնված կառույցները չեն կարող ավելին լինել, քան ամբողջ մի արժեհամակարգ: Նույնիսկ անդամակցելով ԵԱՏՄ-ին` մենք չդադարեցինք տենչել իրավական պետության եւ ժողովրդավարության մասին: Եվ, ի վերջո, չմոռանանք, որ եվրասիական բառի մեջ եւս Եվրոպա կա:

Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքսի գլխավոր խմբագիրն է, ԵՊՀ դոցենտ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին