Երբ կորցնում ես բարեկամիդ - Mediamax.am

Երբ կորցնում ես բարեկամիդ
5978 դիտում

Երբ կորցնում ես բարեկամիդ


Հայոց ցեղասպանության տարելիցի եւ Սուրբ Հարության հրաշափառ տոնի նախօրեին` Ավագ շաբաթ օրը ստացա չափազանց ծանր լուր` կյանքից հեռացավ Հայաստանի եւ հայերի մեծ բարեկամ, իմ գործընկեր` Ֆրանսիայում Հայաստանի տարվա ֆրանսիական կողմի գլխավոր հանձնակատար Նելլի Տարդիվյե-Էնրոյը:

Աշխատանքի բերումով ես հաճախ եմ շփվում այլազգի մարդկանց հետ, ովքեր առնչվում կամ աշխատում են հայկական սփյուռքի, մշակույթի, հայագիտության բնագավառներում: Ես առնչվել եմ հայկական թեմաների բազմաթիվ գիտակ-մասնագետների հետ, բայց հազվադեպ կարելի է հանդիպել մարդու, ով այնքան խորն է հասկանում հայկական ոգին, այնպիսի սիրով է լցված Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ, ինչպիսին Նելլի Տարդիվյեն էր:

Հայկական մշակույթի ցանկացած ոլորտի մասին խոսակցության ժամանակ նա անմիջապես պայուսակից հանում էր չափազանց կոկիկ մի նոթատետր, անմիջապես բացում անհրաժեշտ էջը եւ այնքան տեղեկություն հաղորդում այդ ոլորտի ամենավերջին զարգացումների, ժամանակակից ստեղծագործողների, նրանց գործերի եւ ցուցահանդեսների վերաբերյալ, որ անգամ Հայաստանի մասնագետների համար բազմաթիվ նորություններ կարող էին ի հայտ գալ:

Համեստ եւ ազնիվ այս կինն իր ժպիտով, խոսքով, անգամ հայացքով կարող էր լուծել ցանկացած, անգամ անլուծելի թվացող խնդիր եւ մեղմել լարվածությունը: Նրա ստեղծագործ ու պրպտող միտքը Ֆրանսիայում Հայաստանի տարվա լրջագույն նվաճումներից շատերի գրավականն էր:

Մինչ տիկին Նելլիի հետ ծանոթությունը` ֆրանսիացիների հետ ունեցել եմ հազվադեպ եւ հիմնականում դիվանագիտական շրջանակով սահմանափակված շփումներ: Դեպի Ֆրանսիան եւ ֆրանսիացիներն իմ սերը, հարուստ եւ հիասքանչ այդ մշակույթի ընկալումն ինձ համար մեծապես պայմանավորված էր իր անձով:

Մեծ եւ խոշորածավալ մեր համատեղ աշխատանքի մեջ մենք բազմիցս վիճում եւ հակադրվում էինք` փնտրելով լավագույն լուծումները: Եթե այդ վեճերում երբեւէ նեղացրել եմ սիրելի բարեկամիս, անմիջապես ներողություն եմ խնդրել: Բայց այսօր ավելորդ չեմ համարում նորից ասել` կներես, եթե որեւէ բան այնպես չեմ ասել կամ արել, ես քեզ միշտ խորապես հարգել եւ սիրել եմ:

Ֆրանսիայում Հայաստանի տարվանից հետո ամենատարբեր կարծիքներ հնչեցին, թե ո՞վ հեղինակեց «Հայաստա’ն, իմ բարեկա’մ» դիպուկ կարգախոսը: Բայց դա բացարձակ կարեւոր չէ, կարեւոր է, որ Ֆրանսիայում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր այն ապացուցել են գործով, ոչ թե խոսքով, եւ նրանց թվում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել տիկին Նելլին:

Սիրելի բարեկամի մահվան լուրը խորապես վշտացրել է Հայաստանի արվեստի եւ մշակույթի բնագավառի իմ բազմաթիվ գործընկերներին: Նրանք մեծ երախտագիտությամբ են հիշում այն բոլոր ջանքերը, որ ներդրեց տիկին Տարդիվյեն Ֆրանսիայում Հայաստանի տարվա ավելի քան 1200 միջոցառումները նախապատրաստելու եւ անցկացնելու ուղղությամբ: Սակայն մինչ այդ էլ, տասնամյակներ շարունակ նա ունեցել է սերտ համագործակցություն Ֆրանսիայի հայկական համայնքի հետ, եղել մեր ժողովրդի հավատարիմ ընկերն ու բարեկամը:

Նելլին շատ էր սիրում հայկական ծիրան: Մի անգամ ինձ ասաց, որ երազում է Հայաստանում մի փոքրիկ հողակտոր ունենալ, ուր ծիրանի ծառեր կաճեն: Ավաղ, նրան չհաջողվեց իրականացնել այդ երազանքը, բայց սիրելի բարեկամիս հիշատակին ես անպայման տնկելու եմ ծիրանի մի ծառ, եւ այն կրելու է Նելլի Տարդիվյե-Էնրոյի անունը: Իսկ բերքն ամեն տարի իր անունից ուղարկելու եմ նրա ընկերներին, գործընկերներին եւ բարեկամներին: Թող քո այդ երազանքը, սիրելի’ բարեկամ, իրականացվի գոնե այս ձեւով:

Եւս մի բան. Նելլին բացառիկ քնքշությամբ եւ սիրով էր վերաբերվում խաչքարի մշակույթին: Նրա հետ միասին մենք կազմակերպեցինք Հայաստանի ամենատարբեր անկյուններից շուրջ 30 խաչքարերի տեղափոխում Փարիզի Լուվր, ուր դրանք ցուցադրվեցին եւ դարձան «Սուրբ Հայաստան» ցուցահանդեսի առանցքը: Ես առաջարկում եմ սիրելի Նելլիի ընտանիքին ընտրել որեւէ տեղ Ֆրանսիայում, որտեղ կտեղադրվի հատուկ պատրաստված մի խաչքար, որը կպատվիրվի Հայաստանի իր բարեկամների կողմից` ի հիշատակ տիկին Նելլի Տարդիվյե-Էնրոյի:

Մենք կորցրեցինք հարազատ մի ընկեր եւ հիանալի մի մարդ, ում հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում:

Հանգչիր խաղաղ, Հայաստանի բարեկա’մ:

Վիգեն Սարգսյանը Հայաստանի Նախագահի Աշխատակազմի ղեկավարի տեղակալն է: Նա Ֆրանսիայում Հայաստանի տարվա հայկական կողմի գլխավոր հանձնակատարն էր:
 
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին