Բարի գործ անողները - Mediamax.am

Բարի գործ անողները
8370 դիտում

Բարի գործ անողները


Գործընկերներս եւ ուսանողներս վերջերս հաճախ են հարցնում, թե ինչու այլեւս սյունակներ չեմ գրում: Պատասխանը շատ պարզ է. դժվար է գրել, երբ ի սկզբանե գիտես, որ գրածդ ոչինչ չի փոխում: Վերջին մի քանի տարում մեծ հիասթափություն եմ ապրում մասնագիտությունիցս: Ավելի շուտ, ոչ թե բուն մասնագիտությունից, այլ նրանից, թե ինչպես մի քանի «պայծառ» ուղեղների շնորհիվ լրագրողի աշխատանքն Հայաստանում վերջնականապես արժեզրկվեց եւ վերածվեց խեղկատակության: Այն առանց այդ էլ ցածր էր վարձատրվում, իսկ հիմա նաեւ ցածր է գնահատվում:

Ինչո՞ւ եմ այսօր գրում: Ասելիք ունեմ…

Ամփոփելով 2015-ը՝ եկա եզրակացության, որ այս տարվա գլխավոր ձեռքբերումս բարի գործ անող մարդիկ են: Տնտեսական անկման, սոցիալական արհավիրքի, պետության անգործության եւ անտարբերության գորշ ֆոնին ինձ համար վառ աստղերի պես փայլեցին մարդիկ, ովքեր իրենց բարի գործերով փորձում են փոխարինել պետությանը: Այսօր ուզում եմ հիշատակել բոլոր նրանց, ովքեր, մոռանալով սեփական խնդիրները, օգնության ձեռք են մեկնում օտարներին, հատկապես՝ երեխաներին: Իսկ ինչո՞ւ չհիշատակեմ: Ես դա իմ պարտքն եմ համարում. այդ մարդիկ արժանի են ոչ միայն համեստ շնորհակալության, այլեւ նույն այդ անտարբեր պետության պարգեւների, որոնք այսօր առատորեն բաշխվում են անհասկանալի արժանիքների եւ ձեռքբերումների տեր մարդկանց: Ի տարբերություն այդ մեդալների եւ շնորհակալագրերի՝ իմ համեստ շնորհակալությունն անկեղծ է եւ մի քանի րոպե անց չի դառնա մակուլատուրա կամ մետաղի կտոր:

Ուզում եմ կատարված հսկայական աշխատանքի համար շնորհակալությունս հայտնել «Հայ մայրեր» ԲԿ-ին եւ դրա ղեկավար, հերոս մայր Նարինե Մանուկյանին, բազմաթիվ անապահով ընտանիքներին փրկած «Օգնենք կարիքավոր ընտանիքներին» խմբի անդամներին՝ Սոնա Ռոբերթսի գլխավորությամբ (կներես, Սոնա ջան, իսկական ազգանունդ չկարողացա պարզել:)), Վանաձորում նույն գործով զբաղվող Մարգարիտա Կոծինյանին, մեր նախկին աշխատակից Լիլյա Կարապետյանին եւ նրա թիմին, մեր գործընկեր «Օրրան» կազմակերպությանը, «Էխո» ԲԿ-ից Սուսաննային, ով մեզ երբեք չի մոռանում, իմ լավ ընկեր Արեն Ապիկյանին եւ «Փոքր գործեր» նախաձեռնության մյուս տղերքին, Բագրատ Սրբազան Գալստանյանին, ով իր թիմով եւ թեմով Տավուշում հսկայական ծրագրեր է իրականացնում, մեր Կարեն Ռաֆայելյանին եւ նրա ընկերներին, ովքեր Գյումրիում իրենց համեստ ուժերով ամեն տարի առնվազն մեկ ընտանիքի բնակարանով են ապահովում, «Շիրակ Կենտրոն» ՀԿ-ին, ջութակահար Սոնա Ազարյանին, մոսկովյան «Նվիրիր կյանք»-ից Ագնեսա Սարգսյանին, Ռալֆ Յիրիկյանին, ով հաճախ իր գրպանից է վճարում բարի նպատակների իրագործման համար, նույնիսկ Արամ Անտինյանին՝ իր բարեգործական ճաշարանի համար (չնայած իր «Բլոգնյուզը» հաճախ է մեզնից նյութեր «թռցնում»:)), Նազենի Հովհաննիսյանին, Յուրա Գուսեւին, Արտակ Բեգլարյանին, Զառա Բաթոյանին եւ ամբողջ «Հույսի կամուրջին», «Ունիսոնին», Բրյուսելից Հովսեփ Մադոյանին, կենդանիների պաշտպանության եւ որդեգրման «Դինգո» ակումբին, «Մեդիամաքսի» թիմին եւ մեր այն գործընկերներին, ովքեր ամեն կերպ ձգտում են լուծում տալ անապահովների խնդիրներին, բոլոր այն անոնիմ բարեգործներին, ովքեր անշահախնդրորեն գումար, սնունդ կամ հագուստ են նվիրաբերում եւ չեն ցանկանում «փիառվել», բոլոր նրանց, ովքեր եւս բարի գործ են անում, բայց ում անձամբ չեմ ճանաչում կամ չեմ մտաբերում:

Ժողովո՛ւրդ, դուք մի ամբողջ սոցապնախարարություն արժեք: Ավելին ասեմ՝ մի ամբողջ կառավարություն: Այսօր դուք այնքան գործ եք անում, որքան չի կարողանում կամ չի ուզում անել մի ամբողջ պետություն: Մի բան եմ խնդրում. երբեք մի հիասթափվեք, մի շեղվեք կողքից հնչող կարծիքներին, քննադատությունից մի նեղվեք: Հիշեք, որ ձեզ են ուղղված կիսասոված մանուկների եւ տարեցների սպասող հայացքները, եւ որ քննադատում են առաջին հերթին նրանց, ով գործ է անում եւ ում գործը տեսանելի է: Ընկերնե՛ր, մենք ձեզ հետ ենք, պատրաստ ենք օգնել՝ ինչով կարող ենք, միայն հուշեք մեզ՝ ինչով:

Եվ վերջում մեկ առաջարկ. եկեք միավորենք ուժերը, որպեսզի օգնությունն ավելի հասցեական, թիրախավորված լինի: Եկեք միասնական հարթակ ստեղծենք, որտեղ կզետեղվեն բոլոր օգնության կարիք ունեցողների տվյալները եւ որի միջոցով աջակցություն ցուցաբերելն ավելի դյուրին կլինի: Նման հարթակներ վաղուց արդեն կան մի շարք երկրներում, եւ նման կայք ստեղծելը այնքան էլ բարդ չէ: 2016-ին պատրաստ եմ անձամբ մասնակցել նման հարթակի ստեղծմանը: Թող դա էլ իմ բարի գործը լինի :)

Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքսի գլխավոր խմբագիրն է: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին