Հայաստանում ամեն բան կարող է փոխվել - Mediamax.am

Հայաստանում ամեն բան կարող է փոխվել
16273 դիտում

Հայաստանում ամեն բան կարող է փոխվել


Դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայացած վիճահարույց հանրաքվեից հետո գլխագրերը պատմում են այն մասին, որ երկիրն այժմ ունի նոր սահմանադրություն եւ շուտով անցնելու է կառավարման խորհրդարանական համակարգին: Սակայն շատերն ավելի մեծ ուշադրություն են դարձնում կարճաժամկետ քաղաքական հարցերին, քան կայացած քվեարկության երկարաժամկետ հետեւանքներին:

Սա բնավ զարմանալի չէ: Հանրաքվեի արդյունքում ընդունված նոր սահմանադրությունը 2005 թ.-ին սահմանադրության տարբերակի կտրուկ վերափոխումն է, որից միայն երկու հոդված են մնացել անփոփոխ:

Ինչպես հետխորհրդային երկրների մեծ մասում, Հայաստանում էլ քաղաքականությունը վերնախավերի խաղ է, որտեղ առաջնորդները փոխում են խաղի կանոնները՝ դրանք հարմարեցնելով իրենց նպատակներին, իսկ հանրությունը հիմնականում մնում է դիտորդի դերում: Այս դեպքում, նախագահ Սերժ Սարգսյանի՝ հանրաքվե անցկացնելու ակնհայտ նպատակը այդ խաղն այնպես փոխելու կարողությունն էր, որպեսզի առաջարկվող փոփոխությունն ապահովի իր քաղաքական ապագան:    

Վերջին հինգ տարվա ընթացքում Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում վերնախավերը փոխել են երկրի սահմանադրությունը: Ադրբեջանի պարագայում հստակ էր, որ փոփոխությունը ոչ այլ ինչ է, քան իշխանությունը պահպանելու փորձ: Նախագահ Իլհամ Ալիեւը հետեւեց Կենտրոնական Ասիայի երկրների եւ Բելառուսի օրինակին՝ վերացնելով նախագահի պաշտոնավարման ժամկետները, ինչը թույլ է տալիս նախագահին վերընտրվել նաեւ երրորդ ժամկետի համար եւ կառավարել երկիրն անսահմանափակ ժամկետով:

Վրաստանում Միխայիլ Սահակաշվիլին փոխեց սահմանադրությունը՝ սահմանափակելու նախագահի իշխանության լիազորությունները, եւ դա արեց իր նախագահության երկրորդ եւ վերջին ժամկետում, երբ շուտով պետք է վայր դներ երկրի ղեկավարի լիազորությունները: Շատերն ակնկալում էին, որ Սահակաշվիլին ծրագրում է մնալ Վրաստանի քաղաքականության մեջ՝ ստանձնելու արդեն նոր լիազորություններով օժտված վարչապետի պաշտոնը: Սակայն այս փոփոխությունն այդպես էլ երբեք չփորձարկվեց: 2012 թ.-ին Սահակաշվիլին տանուլ տվեց խորհրդարանական ընտրություններում եւ իր ողջ իշխանությունը  փուլ եկավ:

Այժմ Հայաստանում Սարգսյանը փորձում է կատարել նույն մանեւրումը՝ 2018 թ.-ին նախագահական ժամկետի ավարտից հետո իր քաղաքական ապագան ապահովելու նպատակով: Փոփոխված սահմանադրությունը հնարավորություն է ընձեռում Սարգսյանին ցանկության դեպքում մնալ հանրային կյանքի գագաթին՝ դառնալով կամ վարչապետ կամ խորհրդարանի խոսնակ: 2018 թ.-ին Հայաստանը կունենա նոր, մեծամասամբ արարողակարգային լիազորություններով օժտված նախագահ, ով կարող է ընտրվել մեկ անգամ, 7 տարի ժամկետով: Գործադիր իշխանության մեծ մասը կկենտրոնանա վարչապետի ձեռքում, որն ընտրվելու է համամասնական համակարգով ընտրված 101 պատգամավորներից բաղկացած խորհրդարանի կողմից:    

Նոր սահմանադրության ամենավիճահարույց դրույթը 89-րդ հոդվածն է, որը նախատեսում է հետեւյալը. եթե կուսակցություններից ոչ մեկը չկարողանա ապահովել  «կայուն մեծամասնություն» խորհրդարանում, ապա կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ՝ երաշխավորելու իշխող կոալիցիայի ձեւավորումը: Որոշ քննադատներ, նրանց թվում Հայաստանի երկրորդ նախագահ եւ Սարգսյանի նախկին դաշնակից Ռոբերտ Քոչարյանը, պնդում են, որ սա վտանգավոր փոփոխություն է մեկ կուսակցության իշխելու տեսանկյունից: (Քննադատների մյուս խումբն էլ պնդում է, թե Քոչարյանը դեմ է սրան միայն այն պատճառով, որ փոփոխությունները խափանում են նրա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օրինակով նախագահի երրորդ ժամկետ վերադառնալու հավակնությունները):     

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկում որպես այդպիսին գրեթե չեղավ: Երեւանում գործող Հանրային կարծիքի ուսումնասիրության խմբի հետազոտությունը ցույց տվեց, որ փոփոխությունների վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակը շատ ցածր էր եւ հարցվածների 71 %-ը վստահ էին, որ փոփոխություններն անցկացվելու են՝ անկախ քվեարկության ընթացքից: 

Ցինիզմի համար հիմքեր եւս կային: Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի երեք հոգուց բաղկացած պատվիրակությունը քննադատեց հանրաքվեն՝ մատնանշելով ընտրացուցակներում առկա անճշտությունները, ընտրակաշառքների եւ կրկնակի քվեարկության վերաբերյալ ահազանգերը:

Սակայն սխալ կլիներ Հայաստանի հասարակությունը նկարագրել որպես պասիվ: «Ոչ» շարժումը, որը դեմ էր իշխող վերնախավին, բավական ուժեղ չէր՝ կասեցնելու փոփոխությունները, սակայն այն բավական հզոր էր՝ աղմուկ բարձրացնելու համար: Սոցիալական մեդիայում տարածվեցին բազմաթիվ հաղորդագրություններ ընտրակեղծիքների մասին:

Քննադատության այս ալիքից կարելի է դատել, որ 2018 թ-ին, երբ ավարտին մոտենա  Սարգսյանի նախագահության ժամկետը, եւ եթե վերջինս եւ իր թիմը փորձի խաղարկել իշխանության մնալու սցենարը, նրանք հանդիպելու են լուրջ դիմակայության:

Կարճաժամկետ զարգացումները մտահոգիչ են: Սակայն հնարավոր է, որ Սարգսյանը բոլորին լավություն արեց: Եթե նայենք երկարաժամկետ տեսանկյունից, ապա Հայաստանում, որը թեեւ փոքր, սակայն կրթված հասարակություն ունեցող երկիր է (չնայած, արտագաղթը թողել է իր հետքը), ավելի լավ կգործի կառավարման խորհրդարանական, քան թե ներկայումս գործող գործադիր իշխանության ուղղահայաց համակարգը:

Վրաստանում սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել էր մեկ իշխող կուսակցություն՝ «Միացյալ ազգային շարժումը», որի նպատակը մեկն էր՝ առաջ տանել կուսակցության անդամների սեփական հավակնությունները: Փոփոխությունները ժառանգեց նոր իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանք»-ը: Այսօր Վրաստանի խորհրդարանն ուժեղ է, քան երբեւէ, եւ այնտեղ կա ուժերի հստակ եւ իրական բաժանում, որը հաճախ վերաճում է մրցակցության վարչապետի եւ նախագահի միջեւ: 

Ի վերջո, Հայաստանը կարող է հայտնվել նույն իրավիճակում: 2017 թ.-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարող են սպասվածից թեժ լինել: Նոր սահմանադրական փոփոխությունները ազատում են ընդդիմությանը այն  զսպաշապիկից, որը նա կրում էր երկար տարիներ՝ ընդդիմության շարքերում բացակայում է այն անհատը, որը կարող էր լինել ընդդիմության առաջնորդը 2018 թ.-ի նախագահական ընտրություններում: Այժմ ընդդիմության խնդիրը մի փոքր ավելի դյուրին է՝ կառուցել ուժեղ կուսակցական մեքենա, որն ի վիճակի կլինի առաջիկա երկու տարիների ընթացքում առաջ անցնել Հանրապետական կուսակցությունից: 

Թոմաս դե Վաալը Կարնեգի Եվրոպա Հիմնադրամի ավագ հետազոտող է:

Մեկնաբանությունը գրվել է Կարնեգիի Եվրոպայի համար:

Թարգմանությունը՝ Եկատերինա Պողոսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին