Դաստիարակության 5 տարածված սխալները - Mediamax.am

Դաստիարակության 5 տարածված սխալները
17367 դիտում

Դաստիարակության 5 տարածված սխալները


                                                          Հոդվածաշար ներկա եւ ապագա,
                                                 սկսնակ եւ փորձառու ծնողների համար


Հայկական սովետական հանրագիտարանում կարդում ենք.

«Դաստիարակությունը անհատի ձեւավորման նպատակասլաց, համակարգված գործընթացն է՝ նրա ակտիվ մասնակցությունը հասարակական, արտադրական, մշակութային կյանքին նախապատրաստելու համար»:

Իսկ ի՞նչ է դաստիարակությունը՝ ձեր կարծիքով, որո՞նք են դրա նպատակներն ու իմաստը: Ի՞նչ միջոցներ ենք կիրառում: Ի՞նչ արդյունքի ենք փորձում հասնել:

Երեխայի դաստիարակության գործընթացը բավական երկար է տեւում, կարելի է ասել, մինչեւ երեխայի հասուն մարդ դառնալը (չնայած, լինում են ծնողներ, որոնք նույնիսկ այս դեպքում էլ շարունակում են իրենց «առաքելությունը»), եւ երբեմն նույնիսկ չենք նկատում, որ շեղվել ենք ճանապարհից: Այս հոդվածում հակիրճ կանդրադառնամ դաստիարակության մասին մեր հասարակությունում լայն տարածում ունեցող 5 սխալ պատկերացումներին:

1. Երբ հնազանդությունը շփոթում ենք դաստիարակության հետ

Թերեւս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ շատ հայ ծնողների երազած երեխան հանգիստ նստում է տեղում, չի շարժվում, հարցեր չի տալիս, չի խոսում, չի խանգարում մեծերին, չի վազվզում, չի ընկնում, ոչինչ չի կոտրում, չի լացում, չի նվնվում եւ այս «չի»-երի շարանը կարելի է անվերջ շարունակել:

Ուսուցիչների երազած երեխաները դասի գալիս են միշտ պատրաստված, լուռ ենթարկվում են բոլոր հրահանգներին, բոլոր առարկաներից միշտ գերազանց գնահատականներ են ստանում, դասամիջոցներին քայլում են հանգիստ եւ անաղմուկ: Սակայն հաճախ հնազանդվելը եւ մեծերի կամքին ենթարկվելը երեխայի հոգեբանության վրա ոչ միշտ է դրական ազդեցություն թողնում: Հլու-հնազանդ դաստիարակված երեխաները հասուն տարիքում հակված են կամային հատկություններից եւ ինքնուրույնությունից զուրկ լինելու: Երբ երեխայից ինչ-որ բան եք պահանջում, միշտ ուշադրություն դարձրեք, թե դա ում է պետք՝ ձե՞զ, թե՞ երեխային: Օրինակ, եթե դա երեխայի անվտանգության համար է, ապա մենք նրան սովորեցնում ենք պատասխանատու լինել: Եթե նպատակն այն է, որ երեխան մեզ հանգիստ թողնի ու չխանգարի, մենք փաստացի ստիպում ենք նրան ենթարկվել մեր կամքին՝ «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» սկզբունքով:

2. Երբ կիրառվում է ծեծը
 
Երեխան անզգուշաբար կոտրեց մայրիկի սիրելի սկահակը, պատահաբար հյութ թափեց հայրիկի նոր կոստյումի վրա, «կտրվեց» քննություններից, այս եւ նմանատիպ այլ դեպքերում որոշ ծնողներ իրենց պարտքն են համարում երեխային սաստել ֆիզիկական ուժի կիրառմամբ: Խոսքը ոչ թե այն պաթոլոգիկ դեպքերի մասին է, երբ ծեծը առօրյայի մի մասն է կազմում, այլ իմ ու ձեր ծանոթների շրջանում հարգանք ու պատիվ ունեցող մարդկանց մասին, որոնք երեխայի վրա ձեռք բարձրացնում են միայն ծայրահեղ անհրաժեշտությունից դրդված:

Լինում են նաեւ դեպքեր, երբ ծնողներն անկեղծորեն մտածում են, որ նմանատիպ «էպիզոդիկ» ծեծը ոչ միայն չի վնասում երեխային, այլեւ ունի թերապեւտիկ նշանակություն: Ա՜խ, նրանք չարաչար սխալվում են: Ցանկացած պարագայում, ցանկացած առիթով, ցանկացած տիպի ֆիզիկական բռնությունը երեխայի նկատմամբ իր խոր հետքն է թողնում երեխայի փխրուն հոգեբանության վրա: Ծեծը (որքան էլ այն հազվադեպ լինի) երեխային միանշանակ ազդարարում է՝ աշխարհը անարդար է, եւ դու չունես բավարար ուժ՝ այդ անարդարությունը հաղթահարելու համար: Ծեծը կոտրում է երեխայի ինքնավստահությունը եւ հավատը սեփական ուժերի նկատմամբ: Հետազոտությունները վկայում են, որ այն երեխաները, որոնց տանը (թեկուզ հազվադեպ) ծեծում են, առավել հակված են ագրեսիվության: Այնպես որ բոլոր դեպքերում զերծ մնացեք երեխաների նկատմամբ ցանկացած տիպի ֆիզիկական ուժ կիրառելուց:

3. Երբ դաստիարակության մեր բացերը բարդում ենք երեխայի գենետիկայի վրա
 
Գենետիկան, անշուշտ, հսկայական դեր ունի անհատի ձեւավորման վրա: Գենետիկ նախադրյալները հիմք են հանդիսանում երեխայի արտաքինի եւ բնավորության որոշ գծերի համար: Վերջերս գիտնականները եկել են այն եզրակացությանը, որ նույնիսկ երջանիկ լինելն ունի իր կենսաբանական նախադրյալները: Սակայն կա ծնողների մի խումբ, որը երեխայի այս կամ այն վարքի ցուցաբերումը համարում է գենետիկայի արդյունք: Գենետիկան չի որոշում, թե ձեր երեխան ինչպես պիտի իրեն պահի անծանոթների հետ, չի որոշում, թե ինչպես պիտի արձագանքի ձեր հրահանգներին, ինչպես պիտի արտահայտի իր զգացմունքներն ու ցանկությունները, առավել եւս չի որոշում՝ երեխան կամակոր կլինի, թե՝ ոչ:

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ դուք ջանասիրաբար եւ հետեւողականորեն զբաղվում եք ձեր երեխայի դաստիարակությամբ, սիրած զբաղմունքից կտրվելով ժամանակ եք տրամադրում նրան, զինվում եք անսահման համբերությամբ ու սիրով, աշխատում եք ձեզ վրա, որպեսզի դառնաք ավելի լավը եւ օրինակ ծառայեք ձեր երեխային: Եվ հանդիպում եք մի ծնողի, որը չի տեսել ձեր տարիների աշխատանքը, չարչարանքն ու ջանքերը, եւ առանց աչքը թարթելու, առանց մի վայրկյան մտածելու, ձեր երեխայի հավասարակշռված վարքը վերագրում է գենետիկային, իսկ իր երեխայի կամակորությունը բացատրում «դե նա այդպես է ծնվել»-ով: Ընդունել, որ ձեր երեխայի վարքը կախված է ձեր վերաբերմունքից, դժվար է, սակայն դա է միակ ուղին, որը տանում է նպատակակետին:
 
4. Երբ իրականացնում ենք երեխայի բոլոր ցանկությունները

Բոլորս էլ հիշում ենք 90-ականների ցուրտ ու մութ տարիները, խանութների դատարկությունը եւ ապրանքների միապաղաղությունը: Այդ տարիների շատ երեխաների երազանքներ այդպես էլ մնացին չիրականացված, եւ հիմա նրանցից շատերն իրենք երեխաներ ունեն: Նրանցից ոմանք, հիշելով իրենց մանկությունը, ուզում են իրենց երեխաներին զերծ պահել զրկանքներից եւ նրանց համար անում են ամեն ինչ: Սրան գումարվում է ժամանակակից հասարակության սպառողական մոտեցումը, ապրանքների բազմազանությունը, արագ փոփոխվող միտումները, որոնք ստիպում են մարդկանց կյանքից ետ չմնալ եւ իրենց երեխաների համար գնել անթիվ անհամար խաղալիքներ: Երեխայի ցանկությունները կատարելը դառնում է ծնողների առաջին նպատակը: Սա «երես առած» երեխա ունենալու ամենակարճ ճանապարհն է՝ վաղ թե ուշ դուք կանգնելու եք փակուղու առջեւ: Տեղի տալով ձեր երեխայի բոլոր նյութական քմահաճույքներին, դուք նրան ոչ թե երջանկացնում եք, այլ հակառակը՝ հող եք նախապատրաստում հետագայում դժբախտ երեխա ունենալու համար: Չափավորեք ձեր երեխայի խաղալիքների եւ իրերի քանակը եւ նրան երազելու համար տեղ թողեք:

5. Երբ մտածում ենք, որ երեխայի դաստիարակությունը միայն ու միայն մեր եւ մեր ընտանիքի գործն է

Շատ հաճախ տեսնում ենք փողոցում ամռան շոգին մի քանի շերտ շորերով տաք հագնված երեխայի՝ իր կարճաթեւ հագնված ծնողի հետ կամ երեխայի, որի վրա ծնողը բարկանում է եւ նրան «հիմար» անվանում: Կարող ենք տեսնել երեխայի, որը խանութում հատակին պառկած ոտքերով հարվածում է գետնին: Տեսնում ենք ու կողքով անտարբեր անցնում, կարծես թե ոչինչ էլ չի պատահել: Թվում է, թե այն, ինչ կատարվում է ընտանիքի պատերի ներսում, վերաբերվում է միայն ներկաներին, սակայն մենք բոլորս էլ հասարակության մի մասն ենք կազմում: Երեխան, որի վրա տանը/փողոցում բղավում են, վաղը գնալու է մանկապարտեզ/դպրոց եւ իր մեջ կուտակված ագրեսիան այնտեղ է արտահայտելու: Նա է լինելու մեր երեխայի ընկերն ու դասընկերը: Մեր երեխաներն էլ ուրիշների համար են ընկերներ ու դասընկերներ: Դաստիարակության ժամանակ միշտ հաշվի առեք այս հանգամանքը եւ միշտ հիշեք, որ մենք բոլորս այս հասարակության լիիրավ անդամներ ենք:
 
Եթե ծանոթ եք իմ մյուս հոդվածներին, արդեն գիտեք, որ ամեն անգամ նշում եմ երեխայի համար օրինակ ծառայելու կարեւորության մասին: Ինչքան էլ ասեմ ու գրեմ այս մասին, միեւնույն է, քիչ է: Ձեր վարքը եւ վերաբերմունքը ձեր երեխաների համար ՄԻԱԿ ՈՒ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ուղեցույցն են: Վերը նշված դեպքերը, թեեւ պատկերված էին խիստ բեւեռացված, այնուամենայնիվ, մեզ ինչ-որ չափով կարող ենք տեսնել դրանցից յուրաքանչյուրի մեջ: Առաջխաղացման համար առաջին քայլը սեփական սխալները տեսնելը եւ դրանք ընդունելն է: Գիտակցված մոտեցեք ձեր երեխաների դաստիարակությանը:

Վանենի Վարդանյանը MSc, MA հոգեբանության մագիստրոս է, հոգեբան է աշխատում Դիլիջանի Կենտրոնական դպրոցում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին