«Հասարակությունը տառապում է պաթոլոգիկ անվստահությամբ» - Mediamax.am

«Հասարակությունը տառապում է պաթոլոգիկ անվստահությամբ»
19294 դիտում

«Հասարակությունը տառապում է պաթոլոգիկ անվստահությամբ»


Մարտի 2-ին իշխող կոալիցիայի պատգամավորների աջակցությամբ Ազգային Ժողովը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում հաստատեց իրավաբան Կարեն Անդրեասյանին:

Հանրությանը նա առավելապես հայտնի է որպես «Իրականում» հաղորդման հեղինակ, իսկ ընդդիմադիր թերթերը նրան հիշատակում են որպես ազատ մամուլի դահիճ, դիֆամացիայի /վարկաբեկող տեղեկատվության/ մասին օրենքի ապաքրեականացման հեղինակ եւ այլն:

Ամենեւին նպատակ չունենալով պաշտպանել Կարեն Անդրեասյանին /համոզված եմ, նա դրա կարիքը չունի/, ուզում եմ ասել, որ, իմ պատկերացմամբ, ով էլ ընտրվեր այդ պաշտոնին, դառնալու էր ընդդիմության եւ մասամբ նաեւ իշխանության թիրախ, քանզի պաթոլոգիկ անվստահությամբ տառապող մեր հասարակությունում պարզապես չեմ տեսնում փոխընդունելի թեկնածու:

Ինչ վերաբերում է Կարենի անձին, ապա ես նրան ճանաչում եմ նաեւ որպես իրավաբանական գրասենյակի ղեկավար, որը բազմիցս անվճար իրավական օգնություն է ցուցաբերել դրա կարիքն ունեցողներին: Հավաստի աղբյուրներից տեղյակ եմ նաեւ, որ ժամանակին գործուն մասնակցություն է ունեցել Տեղեկատվության ազատության մասին օրենքի ստեղծմանը, որը կարող էր եւ դեռ կարող է հզոր գործիք դառնալ հասարակության եւ հատկապես լրագրողների ձեռքին:

Ավելացնեմ նաեւ, որ Կարեն Անդրեասյանի ղեկավարած հ/կ-ն «Ժուռնալիստիկայի եվրոպական կենտրոնի» հետ համատեղ մի քանի տարի շարունակ ՀՀ բուհերի լրագրության ֆակուլտետներում իրականացնում էր ժուռնալիստական հետաքննության դասընթաց-խաղ, որի հաղթողները ստանում էին արժեքավոր նվերներ եւ մի քանի շաբաթով վերապատրաստման մեկնում Մաաստրիխտ:

Իսկ ինչ վերաբերում է դիֆամացիայի կամ  զրպարտության մասին հոդվածի ապաքրեականացմանը, ապա եթե իմ գործընկերներից ոմանք անպայման ուզում են իրենց կյանքի մի հատվածը գեղեցկացնեն փշալարերով եւ վանդակավոր երկնքով, այդ դեպքում կարող են դիմել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ գործուն միջոցների:   

Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքսի գլխավոր խմբագիրն է

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին