Հեռուստացույցը բարեկա՞մ, թե՞ թշնամի - Mediamax.am

Հեռուստացույցը բարեկա՞մ, թե՞ թշնամի
5250 դիտում

Հեռուստացույցը բարեկա՞մ, թե՞ թշնամի


                                                                 Հոդվածաշար ներկա եւ ապագա,
                                                        սկսնակ եւ փորձառու ծնողների համար

Բոլորիս ընտանիքներում իր պատվավոր տեղն է զբաղեցնում հեռուստացույցը՝ որպես մեր կենցաղի ամենօրյա ուղեկից: Այն կլանում է թե' մեծերին, թե' փոքրերին: Հաղորդումներ, ֆիլմեր, մուլտեր, տեսահոլովակներ, գովազդ... Ուզո՞ւմ եք՝ երեխան իր հարցերի անվերջ տարափով չխանգարի ձեզ արդուկ անել կամ ճաշ եփել, նստեցնում եք նրան ամենահուսալի դայակի՝ հեռուստացույցի առջեւ, եւ հիշում նրա մասին, երբ գալիս է քնելու ժամանակը:

Հեռուստացույց դիտելը դարձել է այնքան հարազատ բան, որ մենք նույնիսկ կասկածի տակ չենք դնում նրա օգտակարությունը/վնասակարությունը: Ինչպես երթեւեկության մեջ կան կանոններ, որոնց անհրաժեշտ է հետեւել մեր կյանքի ապահովության եւ անվտանգության համար, այնպես էլ հեռուստացույց դիտելիս կան մի շարք սկզբունքներ, որոնք անհրաժեշտ է կիրառել երեխայի հոգեկան (եւ ոչ միայն) առողջության պահպանման համար: Շատ ծնողներ չեն ուզում, որ իրենց երեխան կլանվի հեռուստացույցով, սակայն չգիտեն, թե ինչպես վարվել եւ ինչպես հասնել ցանկալի արդյունքի: Հուսամ, որ այս հոդվածը շատերին կօգնի:

Հեռուստացույց դիտելը պետք է հնարավորինս նվազեցնել եւ չափավորել

Հետազոտությունները պարզել են՝ հեռուստացույցը երեխաների վրա մեծամասամբ ունենում է բացասական ազդեցություն՝ առողջական խնդիրներից (գիրություն, թերսնուցում, անառողջ դիետա) մինչեւ տարատեսակ հոգեբանական խնդիրներ՝ ագրեսիվություն եւ բռնություն, վատ ուսում, վնասակար սովորությունների հակվածության եւ այլն:

Իդեալական կլիներ, եթե երեխաներն ընդհանրապես հեռուստացույց չդիտեին, սակայն մենք ապրում ենք այնպիսի դարաշրջանում, որ դրանից խուսափելը, ցավոք, անհնար է: Այդ պատճառով շատ կարեւոր է այդ ժամանակը սահմանափակել եւ հասցնել հնարավորինս նվազագույնի: Որպես կանոն, հոգեբանները եւ բժիշկները միաձայն խորհուրդ են տալիս մինչեւ 2 տարեկան երեխաներին հեռուստացույց ընդհանրապես չդիտել, իսկ 2 տարեկանից բարձր երեխաներին (ինչու չէ՝ նաեւ մեծահասակներին) սահմանափակվել օրական առավելագույնը 2 ժամով: Եթե հնարավոր է դրանից քիչ, ավելի լավ: Ոմանց համար այս խորհուրդն ավելորդ է (հուսամ, այդպիսի ընտանիքները շատ են), բայց երբեմն մենք ինքներս էլ չենք գիտակցում, որ նման սահմանափակման կարիք ունենք:

Պլանավորեք հեռուստացույց դիտելը

Նախօրոք երեխայի հետ պլանավորեք, թե ինչ եք դիտելու, որքան ժամանակ դա կտեւի եւ վերահսկեք, որպեսզի երեխան առաջնորդվի այդ պլանով:

Մեդիան մեր ժամանակներում այնքան բազմազան է եւ այնքան հեշտ է մի ալիքից անցնել մյուսին եւ չզգալ, թե ինչպես է ժամանակն անցնում, որ նախօրոք վերջնակետ տեսնելը շատ կարեւոր է: Օրինակ՝ կարող եք երեխայի հետ պայմանավորել՝ հիմա դիտում ենք 3 մուլտ/այս հաղորդումը/1 ֆիլմ, կամ 45 րոպե/2 ժամ ինչ ուզում ես, կարող ես դիտել:

Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ շատերս հնարավորություն ունենք ավելի ուշ դիտելու կիսատ թողածը: Այսպիսով, եթե պայմանավորվել եք երեխայի հետ, որ նա ազատ է 1 ժամ դիտել ինչ կցանկանա (իհարկե, իր տարիքին համապատասխան), եւ 1 ժամը լրացել է, սակայն նրա դիտած ֆիլմը կիսատ է մնացել, ապա միեւնույնն է, ավարտեք դիտումը՝ խոստանալով, որ հաջորդ օրը նա կարող է շարունակել: Որքան էլ փորձեմ բացատրել, թե սա որքան կարեւոր է, միեւնույնն է, անհնար է: Երեխաները սովորում են սպասել եւ հետաձգել հաճույքը/հատուցումը (gratification): Սա հասուն կյանքում հաջողության հասնելու թերեւս լավագույն գրավականն է:

Եղեք հեռատես

Եկեք պատկերացնենք, որ երեխան 2 տարեկանից սկսած օրական 2 ժամ հեռուստացույց է դիտում: 70 տարեկանում իր կյանքի 5,5 տարիները նա նվիրած կլինի հեռուստացույց դիտելուն: Եվ հաշվի առեք, որ սա մենք հաշվել են լավագույն դեպքում օրական 2 ժամի դեպքում: Իսկ եթե այդ թիվը լինի 4 եւ ավելի, ապա ստացվում է 10 եւ ավելի տարիներ՝ մեր կյանքի մի զգալի մասը: Որքան նոր բացահայտումներ է կարելի անել, որքան նոր գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերել, որքան բարի ու օգտակար գործեր անել: Իսկ մենք այն օգտագործում ենք քառակուսի արկղի դիմաց:

Վերահսկե'ք նաեւ ձեր ժամանակը: Հոգնած աշխատանքից վերադառնալով եւ ամբողջ երեկոն հեռուստացույցի առջեւ անցկացնելով (լինի դա ընտանիքի ցանկացած անդամ՝ հայր, մայր, քույր, եղբայր, տատիկ, պապիկ եւ այլն)` դուք երեխային անառողջ վարք եք քարոզում:

Երեխայի հետ միասին դիտեք հեռուստացույց

Վերահսկեք, թե ինչ բովանդակությամբ նյութեր է երեխան դիտում: Քաջալերեք բազմաբնույթ, բազմաժանր, ավելի ուսուցողական եւ փաստավավերագրական նյութերի դիտումը: Խուսափեք օգտագործել հեռուստացույցը որպես դայակ: Ժամանակ առ ժամանակ դիտեք երեխայի հետ միասին: Մեկնաբանենք եւ միասին քննարկեք տեսածը: Եթե դուք զբաղված եք եւ չունեք ազատ ժամանակ, որպեսզի երեխայի հետ միասին դիտեք, մտածեք, թե ինչու պիտի երեխան ազատ լինի` իր ժամանակը վատնելու համար:

Զարգացրեք քննադատական մոտեցում

Դաստիարակեք ակտիվ դիտորդներ՝ պասիվ կլանողների փոխարեն: Կախված երեխայի տարիքից եւ դիտվող նյութի բովանդակությունից՝ տվեք նրանց փոքրիկ առաջադրանքներ՝ նկարագրել այս կամ այն դրվագը, հետեւել հերոսի հուզական վիճակի փոփոխություններին, ուշադրություն դարձնել, թե երբ տեղի ունեցավ կուլմինացիան: Մշակեք փոքրիկ վիկտրոինաներ: Ստորեւ մի քանի օրինակ`

•    Ի՞նչ է զգում հերոսը տվյալ պահին: Ինչո՞ւ:
•    Ո՞վ էր ավելի համարձակ/ամաչկոտ/ եւ այլն: Ինչո՞ւ:
•    Ո՞ր հերոսն ավելի դուր եկավ: Ինչո՞ւ:
•    Քանի՞ անգամ հերոսն էկրանին երեւաց սպիտակ/… գույնի հագուստով:
•    Քանի՞ հոգու հետ նա զրուցեց տրված ժամանակային ինտերվալում:
•    Քանի՞ անգամ արտասանեց բարեւ/շնորհակալություն բառը:

Կամ ամեն անգամ, երբ էկրանին հայտնվում է դեղին ավտոմեքենա կամ հերոսը ասում է «Ներեցեք», պետք է ծափ տալ եւ վերջում տեսնել, թե ով էր ամենաուշադիր դիտորդը: Կարելի է սա անցկացնել որպես խաղ եղբայր/քույրերի կամ ծնողների ու տատիկ/պապիկների հետ: Դժվար թե ամեն անգամ հնարավոր լինի, սակայն կախված ձեր զբաղվածությունից եւ նախասիրությունից, աշխատեք շաբաթը 1-3 անգամ նման վիկտորինաներ հորինելն ու կազմակերպելը դարձնել ընտանեկան սովորություն:

Ավելորդ եմ համարում նշել, որ այս վարժությունները զարգացնում են երեխաների քննադատական մտածողությունը, ուշադրությունը, նպաստում ուսման նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը եւ այլն: 

Ձեր շրջապատում քարոզեք եւ տարածեք ցանկալի վարք

Խոսեք հեռուստացույցի բացասական ազդեցությունների մասին ձեր ընկերների կամ ձեր երեխաների ընկերների ծնողների հետ: Քաջալերեք նրանց հարցին մոտենալ ամենայն լրջությամբ եւ զգոնությամբ: Այսպիսով, դուք կնպաստեք, որ ձեր երեխաները շրջապատված լինեն հոգեբանորեն ավելի հասուն եւ առողջ ընկերներով: Այլ երեխաների վարքը շատ վարակիչ է, եւ եթե շուրջբոլորը ով ինչ ուզի, երբ ուզի, դիտում է, շատ ավելի դժվար է ձեր երեխային ֆիլմերի եւ մուլտերի գայթակղությունից հետ պահելը: Սակայն, եթե շրջապատում շատերն են չափավորում իրենց սպառումը, ամեն ինչ ավելի է հեշտանում, խնդիրներն ել համապատասխանաբար նվազում եւ հեշտ լուծելի են դառնում:

Ուտելիս անջատեք հեռուստացույցը

Ոչ մի դեպքում, ոչ մի պատրվակով չի կարելի հեռուստացույցի առջեւ ուտել: Թերեւս միակ բացառությունը Նոր տարվա երեկոն է: Հեռուստացույցի առջեւ ուտելը հանգեցնում է ոչ միայն հոգեբանական, այլեւ առողջական մի շարք խնդիրների: Այդ պատճառով ամեն գնով պայքարեք, որպեսզի ձեր տանն ընտանիքի բոլոր անդամների համար գործի այս օրենքը:

Զբաղվեք սպորտով

Քանի որ հեռուստացույց դիտելը պասիվ եւ նստակյաց զբաղմունք է, անհրաժեշտ է դրան հակադարձ նվազագույնը 1:1 (մեկ ժամ՝ հեռուստացույց, մեկ ժամ՝ սպորտ) հարաբերակցությամբ երեխային ակտիվ զբաղմունք ապահովել: Քաջալերեք նրանց զբաղվել որեւէ սպրոտաձեւով: Ցանկացած տարիքի երեխայի համար անհրաժեշտ է օրական նվազագույնը 2 ժամ դրսում անցկացնել: Հետեւողականորեն մոտեցեք հարցին եւ ապահովեք, որպեսզի օրվա ընթացքում երեխաներն աշխույժ լինեն եւ ֆիզիկական մարտահրավերներ ունենան: Ամռանը սա ինքնաբերաբար ավելի հեշտ է կազմակերպել, սակայն ձմռանն էլ պակաս կարեւոր չէ: Ընտանիքով այցելեք թանգարաններ, զբաղվեք ձմեռային սպորտաձեւերով եւ այլն:

Հեռուստացույցն ու դպրոցը

Երեխայի մոտ մշակեք սովորություն սկզբում վերջացնել տնային աշխատանքները, հետո նոր հեռուստացույց դիտել: Պարտադիր (եւ նույնիսկ ցանկալի) չէ, որ երեխան անցնի տնային հանձնարարություններին դպրոցից անմիջապես տուն գալուց հետո: Նա կարող է կես կամ մեկ ժամ խաղալ եւ զբաղվել ինչով ուզում է՝ մինչեւ դասերին անցնելը (դպրոցից հետո այսպիսի ընդմիջումը շատ կարեւոր է), սակայն դա երբեք չպետք է լինի հեռուստացույցի դիմաց:

Պատկերացրեք, որ երեխան առավոտվանից մի քանի ժամ անցկացնում է նստած, եւ տուն գալուց հետո անմիջապես նստակյաց գործով զբաղվելն արդյունավետ չէ: Այդ պատճառով, ստիպեք, որպեսզի նա շատ շարժվի եւ ակտիվ լինի, դրանից հետո նոր միայն դասերով զբաղվի: Առանձին կխոսենք նաեւ արդյունավետ դասապատրաստման մասին, միայն մեկ անգամ եւս շեշտենք՝ մեդիա կոնտենտ՝ միայն տնայիններից հետո:

Ցանկալի արդյունքի հասնելու համար, ամենակարեւորը հետեւողական եւ ընտանիքում այս հարցի շուրջ համակարծիք լինելն է: Միգուցե ձեզ պետք լինի մեկ ամիս կամ մեկ տարի, որպեսզի երեխան վարժվի նոր սկզբունքներին, սակայն համոզված եղեք, որ վերջում բոլորս ենք շահելու` եւ դուք, եւ երեխաները, եւ մենք` որպես հասարակություն:

Տնային աշխատանք

Մեկ շաբաթվա ընթացքում (սկսած այսօրվանից) գրավոր գրանցեք, թե ձեր երեխան օրվա ընթացքում երբ, ինչ եւ որքան ժամանակով է դիտում: Շաբաթվա ավարտին հաշվեք օրվա միջինը. եթե այն գերազանգում է օրական 2 ժամը, ուրեմն դուք աշխատելու տեղ ունեք, եթե ոչ՝ ավելի լավ: Նույնը կրկնեք մեկ ամիս հետո: Հաշվի առեք, որ եթե նույնիսկ երեխան ուղղակի կերպով հեռուստացույց չի դիտում, սակայն գտնվում է միացված հեռուստացույցի մոտ, ապա դա նույնպես հաշիվ է:

Ուշադրություն դարձրեք նաեւ բովանդակության վրա՝ այն չպետք է լինի միատարր՝ այսինքն՝ միատիպ մուլտեր, միաժանր ֆիլմեր, միատեսակ հաղորդումներ կամ միայն տեսահոլովակներ: Աշխատեք ապահովել բազմազանություն:

Դե, իսկ վերջում անջատեք հեռուստացույցը, եթե այն ոչ ոք չի դիտում: Անտեղի աղմուկ ստեղծել պետք չէ:

Հ.Գ. Թեեւ հոդվածում նշել եմ միայն հեռուստացույց բառը, այնուամենայնիվ, այս ամենը վերաբերում է ցանկացած այլ սարքով (համակարգչով, պլանշետով կամ հեռախոսով) մեդիա կոնտենտին հետեւելուն: Բացառություն են միայն համակարգչային խաղերը, որին կանդրադառնանք հետագայում:

Վանենի Վարդանյանը MSc, MA հոգեբանության մագիստրոս է, հոգեբան է աշխատում Դիլիջանի Կենտրոնական դպրոցում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին