Խինկալի, խաչապուրի, Թբիլիսի… - Mediamax.am

Խինկալի, խաչապուրի, Թբիլիսի…
4704 դիտում

Խինկալի, խաչապուրի, Թբիլիսի…


Հանրահայտ Վուդի Ալենի “Վիկի, Կրիստինա, Բարսելոնա” ֆիլմի հիմնական գործողությունները ընթանում էին Բարսելոնայում, որը աշխարհի միլիոնավոր ֆուտբոլիստների մայրաքաղաքն է: Այո, անշուշտ Բարսելոնան հայտնի է նաեւ իր ծովափով, Դալիի թանգարանով եւ ճարտարապետական ճոխ լուծումներով, բայց ֆուտբոլի երկրպագուների համար այն առաջին հերթին համանուն թիմի քաղաքն է, եւ դրա շնորհիվ Բարսելոնան յուրաքանչյուր տարի հյուրընկալում է միլիոնավոր ֆուտբոլասեր զբոսաշրջիկների:

Եվ ահա, հետեւելով Բարսելոնայի օրինակին, մեր հարեւան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին մեկ օրով հռչակվել էր ֆուտբոլի եվրոպական մայրաքաղաք…

Ֆուտբոլը վաղուց արդեն միայն խաղ չէ, այն մի ամբողջ ինդուստրիա է, իսկ երբ խոսքն այնպիսի մեծությունների մասին է, ինչպիսիք են “Բարսելոնան” եւ Մեսսին, ապա նշանակություն ունի ամեն ինչ՝ յուրաքանչյուր մանրուք: Եթե ուզում եք իմ կարծիքը լսել, ապա ասեմ. Թբիլիսիում ամեն ինչ լավ էր կազմակերպված: Բայց ոչ կատարյալ: Միայն տոմսերի վաճառքի էլեկտրոնային համակարգի հետ կապված սկանդալը բավական էր: Սակայն մերձֆուտբոլային բոլոր զգացումները անէկան են դառնում, երբ ոտք ես դնում ստադիոն: Իսկ “Դինամո Արենան” այդ օրը հիրավի հիասքանչ էր, թիմերն էլ մեզ իսկական տոն պարգեւեցին, որը չմթագնեց ոչ մարզադաշտից դուրս գալուց առաջացած խցանումը, ոչ էլ խաղից վերադարձողների հաջորդ օրվա կուտակումը վրաց-հայկական սահմանում:

Ասածս ի՞նչ է: Իսկ ժամանակը չէ՞ արդյոք, որ Հայաստանը եւս որեւէ հավակնոտ միջոցառման հայտ ներկայացնի: Եթե ոչ առաջիկա 1-2 տարիներին, ապա գոնե 5-6 տարի անց: Չէ՞ որ Բաքուն եւ Թբիլիսին արդեն հասցրել են ընդունել մարզական մի քանի շատ լուրջ միջոցառում, եւ Հարավային Կովկասի երկրների մայրաքաղաքների ոչ պաշտոնական մրցակցությունում Երեւանն այս պահին ակնհայտ աուտսայդեր է:

Եկեք տեսնենք՝ ինչ ստացավ Թբիլիսին ընդամենը մեկ ֆուտբոլային հանդիպման անցկացումից.

1.    լավ կազմակերպչի եւ գործընկերոջ հեղինակություն,
2.    մոտ 30 հազար զբոսաշրջիկ, ովքեր բազմաթիվ ծախսեր կատարեցին հյուրանոցներում, ռեստորաններում եւ խանութներում,
3.    հյուրասեր եւ ֆուտբոլասեր ազգի համբավ,
4.    աշխարհի միլիոնավոր ֆուտբոլասերների հիշողության մեջ Թբիլիսին կմնա որպես ամենաինտրիգային եւ գոլառատ Սուպերգավաթներից մեկի քաղաք:

Սխալ է կարծել, թե Վրաստանի եւ Թբիլիսիի իշխանությունները որեւէ ծախս չէին կատարել խաղի կապակցությամբ, սակայն խոստովանենք, որ ենթակառույցների մեծ մասը նախապես էր պատրաստ: Նոր հյուրանոցներ, ստադիոն, երկաթուղի կառուցելու հարկ չկար, պարզապես եղածը պետք էր ծառայեցնել կոնկրետ այս մեկ իրադարձաթյանը: Եվ ծառայեցվեց…

Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում: Կկարողանա՞ր արդյոք Երեւանը այս կարգի խոշոր միջոցառում անցկացնել, եթե նման շանս ստանար: Դիտարկենք ըստ կետերի:

1.    Օդանավակայանի առումով տեսանելի խնդիրներ չկան, “Զվարթնոցը” հեշտությամբ կընդուներ արտասահմանցի հյուրերի ցանկացած քանակին: Սակայն խնդիր կա չվերթների հետ կապված, որոնք վերջին շրջանում անշեղորեն նվազում են, հատկապես Եվրոպայի ուղղությամբ: Ամեն դեպքում, օդով Հայաստան հասնելը հնարավոր է, միայն թե ցանկություն լինի:
2.    Ավտոմայրուղիները եւս քիչ թե շատ նորմալ վիճակում են, հատկապես դեպի Վրաստան տանող: Այստեղ եւս առանձնակի խնդիր չկա:
3.    Լուրջ խնդիր կա հյուրանոցային համարների թվաքանակի հետ կապված, հատկապես “էկոնոմ” դասի: Բոլորը գիտեն, որ Երեւանում շատ քիչ են 40-50$ օրավարձով համարները, մինչդեռ ֆուտբոլասերների մեծ մասը ամենեւին էլ միլիոնատեր չէ եւ պատրաստ չէ վճարել 150-200$ մեկ օրվա համար: Այս խնդիրն էական նշանակություն կարող է ունենալ հանդիպման վայրի ընտրության հարցում: Հիշեցնեմ, որ հարկավոր է լինելու տեղավորել շուրջ 30 000 ֆուտբոլասեր զբոսաշրջիկի:
4.    Սննդի օբյեկտների առումով խնդիրներ չկան, դրանց թիվը բավական է նման թվով հյուրեր ընդունելու համար:
5.    Քաղաքային ենթակառույցների աշխատանքը եւս կարելի է բավարար համարել. տաքսիների պակաս չկա, տրանսպորտը վատն է, բայց աշխատում է կանոնավոր, բժշկական հիմնարկների մի մասը աշխատում է շուրջօրյա:
6.    Հյուրերի եւ տեղացի երկրպագուների անվտանգությունը կազմակերպելու առումով մեծ խնդիր չեմ տեսնում. ի վերջո, մեր իրավապահներն արդեն ունեն նման մեծ միջոցառումներում անվտանգության կազմակերպման փորձ. Հիշենք թերեւս SOAD-ի համերգը կամ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը:
7.    Իմ պատկերացմամբ, ամենամեծ խոչընդոտը Երեւանում եվրոպական ամենախիստ պահանջներին համապատասխանող մարզադաշտի բացակայությունն է: Իհարկե, “Հրազդանը” շատ լուրջ կառույց է, այսօր նման ստադիոն կառուցելու համար հարյուրավոր միլիոն դոլար անհրաժեշտ կլիներ, եւ մեր բախտը պարզապես բերել է, որ դրա կարիքը չկա: Ցավոք, այսօր “Հրազդանը” բավականին անբարեկարգ վիճակում է, եւ այն միջազգային չափանիշներին հասցնելու համար անհաժեշտ է մի քանի միլիոն դոլար: Անհրաժեշտ է թարմացնել կամ վերակառուցել մարզադաշտի բազմաթիվ ենթակառույցներ՝ զուգարաններ, հանդերձարաններ, կահավորել լրագրողների համար նախատեսված աշխատատեղերը, տեղադրել մուտքի ժամանակակից համակարգեր, եւ այլն, եւ այլն: Այդ ամենը պետք է անեն օտարերկրյա բարձրակարգ մասնագետները, ովքեր նման փորձ արդեն ունեն եւ որոնց ծառայությունները բավականին թանկ արժեն:
 
Մյուս կողմից, կարծում եմ, ստադիոնի արդիականացումը պետք չէ միայն Ֆուտբոլի ֆեդերացիայի կամ քաղաքապետարանի ուսերին դնել: Դա կարող է համահայկական գաղափար դառնալ, եւ անհրաժեշտ ներդրումների ծավալը պատկերացնելուց հետո կարելի է համազգային ֆունդռայզինգ կազմակերպել: Համոզված եմ, շատերը կցանական գումար նվիրել այս նախագծին, եթե ամեն ինչ թափանցիկ կազմակերպվի: Մենք ինքներս՝ Մեդիամաքսը, միջոցների հայթայթման աննախադեպ փորձ ունենք եւ հաճույքով կկիսվենք դրանով համապատասխան կառույցների հետ: Չմոռանանք նաեւ, որ այդ դեպքում “Հրազդանը” կարդիականացվի մեկ անգամ, իսկ կծառայի երկար տարիներ, եւ մեր մարզական կառույցները կկարողանան հայտ ներկայացնել նաեւ միջազգային այլ մրցումներ ընդունելու համար:

Իհարկե, այս պահին այս ամենը ֆանտաստիկայի ժանրից է թվում, սակայն եկեք հիշենք, որ ընդամենը 10 տարի առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Եվրոպայի Սուպերգավաթը կարող է անցկացվել Վրաստանում: Ոչ ոք, բացի նրանցից, ովքեր հավատացին, ծրագիր կազմեցին, ներկայացրին այն ՈւԵՖԱ, իսկ հետո՝ նաեւ հաջողությամբ իրականացրին: Պետք է հավատալ երազանքներին, եւ գուցե այդ դեպքում տարիներ անց այստեղ կլինի այսպիսի վերնագիր. “Խորոված, տոլմա, Երեւան”:):

Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքսի գլխավոր խմբագիրն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին