Հոդվածաշար ներկա եւ ապագա,
սկսնակ եւ փորձառու ծնողների համար
Պատկերացրեք, որ երեխաները ծնված օրվանից խոսեին ու քայլեին, եւ այլեւս կարիք չլիներ նրանց այս ամենը սովորեցնել: Ծնվում ես եւ արդեն պատրաստի մարդ ես: Որքան հեշտ կլիներ ծնողների գործը, բայց քանի որ այս միտքը երազանքների աշխարհից է, թողնենք այն եւ վերադառնանք մեր իրականություն: Շատ տարօրինակ կլիներ, եթե հանդիպեին երկու ծնող, եւ մեկը մյուսին ասեր. «Գիտես, իմ երեխան, որ նոր էր ծնվել դեբիլ էր, չէր խոսում»: Մյուս ծնողերը, այդ թվում՝ մենք բոլորս, կզարմանայինք այս ասածի վրա: Բայց արի ու տես, որ այլ պարագայում, երբ խոսքը ոչ թե քայլելու կամ խոսելու, այլ հոգեբանական ձեռքբերումների մասին է, մենք մեզ հենց այդպես էլ պահում ենք՝ պահանջում ենք երեխայից այն, ինչը նրա տարիքի համար դեռ շուտ է, այն, ինչ նա դեռ չի սովորել, ինչը նրան չենք սովորեցրել եւ բացասական պիտակներ ենք կպցնում:
Բոլորս էլ կհիշենք դեպքեր, երբ երեխան ուրիշների հետ խաղալիս չի ցանկացել իր այս կամ այն խաղալիքով կիսվել, մենք էլ շատ հաճախ, ավելի հաճախ, քան կցանկանայինք, նրանց անվանում ենք չար, վատ, անդաստիարակ, խոզ եւ այլ բաներ, ինչը իրականում շատ մեծ սխալ է, եւ բացի վնասելուց, ոչնչով չի օգնում երեխային հաղթահարել իրավիճակը:
Հիմա փորձենք հասկանալ, թե ինչու:
Մինչեւ 2-2,5 տարեկան հասակը սոցիալական հմտությունները ձեւավորման փուլում են, եւ այս տարիքում երեխաները խաղում են ոչ թե միասին, այլ, այսպես կոչված, զուգահեռ. գտնվելով իրար շատ մոտ տարածության մեջ՝ յուրաքանչյուրը զբաղվում է իր գործով, եւ երբեմն-երբեմն նրանց խաղերը հատվում/խաչվում են իրար, եւ հետո էլի ամեն մեկը շարունակում է ինքն իրենով զբաղվել: Այս փոքրիկ բախումները կամ, կարելի է ասել, փոխհարաբերությունները հետագայում հիմք են դառնում հասուն մինչանձնային հարաբերությունների ձեւավորման համար, սակայն այսքան վաղ տարիքում դեռ լիարժեք այդպիսիք համարվել չեն կարող: Երեխաների մոտ նաեւ աստիճանաբար է ձեւավորում ինքն իրեն աշխարհից տարբերելու, իր եւ ուրիշների պատկանելիության մասին հասկացությունները: Մինչեւ 2 տարեկան երեխան սովորում է անջատել իր եսը աշխարհից, 3-4 տարեկանում հասկանում է «իմ»-ի եւ «քո»-ի տարբերությունները, իսկ «մենք»-ի եւ «մեր»-ի յուրացումը սկսվում է 5 տարեկանից: Այս ամենը իմանալով` պահանջել, որ 2-3 տարեկան երեխան կիսվի իր խաղալիքով դիմացինի հետ, նույնն է, թե պահանջել, որ նորածինը քայլի կամ խոսի: Երեխաներին նախ պետք է սովորեցնել կիսվել ուրիշների հետ, ինչպես որ խոսել եւ քայլել ենք սովորեցնում, եւ հետո միայն նոր նրանց պահանջներ ներկայացնել (եթե դրա անհրաժեշտությունը առհասարակ կա):
Իսկ ինչպե՞ս երեխայի մեջ դաստիարակել ուրիշների հետ կիսվելու այդ շատ կարեւոր հատկությունը եւ ի՞նչ անել, երբ ուզում եք, որ նա կիսվի իր խաղալիքով ընկերոջ հետ եւ հանդիպում եք դիմադրության:
Սկսեք փոքրուց
Սկսեք շատ փոքր տարիքից: Հետեւողականորեն եւ կանոնավոր կերպով սովորեցրեք երեխաներին կիսվել ուրշիների եւ ձեր հետ իրենց ունեցածով՝ լինի դա ուտելիք, խաղալիք, թե ուշադրություն: Սպասելով, որպեսզի երեխան մեծանա եւ ինքն իրեն հասկանա կիսվելու կարեւորությունը, շատ բաներ արդեն բաց թողած կլինեք:
Օրինակ ծառայեք
Եթե կարդացել եք մյուս հոդվածներս, նկատած կլինեք որքան հաճախ եմ գրում օրինակ ծառայելու մասին եւ որքան շատ եմ սա կրկնում: Բայց ինչ արած, առանց դրա չի լինի: Այնպես որ, օրինակ ծառայեք ձեր երեխաների համար: Երբ ինչ-որ բան եք ուտում, կիսվեք նրա եւ ընտանիքի մյուս անդամների հետ: Երբ ձեր ընկերներին ինչ-որ բան եք տալիս, հրավիրեք երեխայի ուշադրությունը այդ փաստի վրա: Երբ հարեւանը օգնում է ձեզ տեղափոխել ծանր բազմոցը, շեշտեք, թե որքան կարեւոր է նրա օգնությունը, երեխային բացատրեք, որ առանց հարեւանի օգնության՝ դուք միայնակ չէիք կարողանա գործը գլուխ բերել: Ուշադիր նայեք ձեր շուրջը եւ կնկատեք՝ որքան հաճախ ենք մենք կիսվում միմյանց հետ (իսկ եթե քիչ եք կիսվում, ուրեմն աշխատեք ձեզ վրա նույնպես), անհրաժեշտ է միայն այդ օրինակները ավելի ակնառու դարձնել երեխաների համար:
Դրական ամրապնդում
Եթե երեխան չի կիսվում իր խաղալիքով ընկերոջ հետ, մի պախարակեք նրան կամ նրա վարքը: Կարելի է թեթեւակի ակնարկել, որ նման պահվածքը ձեզ համար ընդունելի չէ: Բայց ոչ մի դեպքում երեխային մի պիտակեք «խոզ» կամ նման բաներ: Երբ երեխան օգնում է կամ կիսվում է դիմացինի հետ, այդ դեպքում գովաբանեք եւ դրական լիցքերով ամրապնդեք նրա ճիշտ արարքը:
Սկսեք փոքր քայլերով
Երեխաները շատ հաճախ չեն կիսվում, քանի որ նրանք սպառնալիք են ակնկալում դիմացինից: Այդ պատճառով սկսեք միկրոքայլերից՝ երեխան կարող է սկզբում միայն ցույց տալ խաղալիքը, հետո իր ձեռքում բռնած թույլ տալ, որ դիմացինն էլ ձեռք տա, եւ միայն բավարար չափով վստահություն ձեռք բերելուց հետո՝ կիսվել: Եթե երեխան ցույց է տալիս, բայց չի թողնում, որ դիմացինը ձեռք տա իր խաղալիքը, մի ստիպեք նրան եւ բավարվեք այդքանով, հաջորդ անգամ նա մի քայլ առաջ կգնա: Նոր քայլել սովորած երեխաներից շատ քչերն են, որ միանգամից կարողանում են վազել: Քաջալերեք նրա, թեկուզեւ ձեզ համար փոքր, սակայն իր համար կարեւոր նվաճումը:
Խոսեք կիսվելու մասին
Երբ դուք կամ ձեր տան անդամները կիսվում եք միմյանց կամ երեխայի հետ ինչ-որ բանով, բարձրաձայն շեշտեք ձեր գործողությունները: Նշեք, թե ինչ զգացումներ եք դուք ունենում, երբ ձեզ ինչ-որ բան են տալիս, կամ երբ դուք եք ուրիշին տալիս:
Կիսվեք երեխայի հետ ձեր իրերով
Բաժին հանեք նրան ձեր ուտելիքից: Խաղալիս թույլատրեք, որպեսզի նա հագնի ձեր շորերը կամ կոշիկները: Կիսվեք նրա հետ զարդերով կամ գործիքներով (իհարկե, ընտրելով այնպիսինները, որոնք անվտանգ են երեխայի համար եւ որոնց փչանալու դեպքում շատ չեք ափսոսա):
Կիսվեք երեխայի հետ ուշադրությամբ
Հայկական իրականության մեջ շատ հաճախ մեծահասակներն ամբողջ ուշադրությունը բեւեռում են առաջնեկ երեխայի եւ հետագայում ավելի փոքր քույր/եղբայրների վրա: Սակայն սա շատ սխալ մոտեցում է: Անհրաժեշտ է բոլոր դեպքերում ուշադրությունը հավասարպես բաժանել թե երեխաների, թե ընտանիքի մյուս անդամների միջեւ: Երբ խոսում եք ձեր ամուսնու հետ եւ երեխան ընդհատելով հարց է տալիս, մի պահ շեղվեք եւ ասեք, որ հիմա խոսում եք հայրիկի/մայրիկի հետ, վերջացնեք եւ իրեն էլ կլսեք ու անմիջապես ուշադրությունը երեխայի վրայից տեղափոխեք հետ ամուսնու վրա: Սա շատ կարեւոր է փոքր ժամանակվանից սովորեցնել, քանի որ հետագայում շատ ավելի հեշտ կլինի թե ձեզ համար, թե երեխայի: Եթե ունեք 2 երեխա, հաճախակի նրանց միաժամակ գրկեք՝ մեկին նստեցնելով մի ծնկին, մյուսին՝ մյուս, եւ նրանք կսվորորեն, հավասարապես գտնվել ծնողների ուշադրության կենտրոնում:
Նախապատրաստվեք
Եթե գիտեք, որ ձեր տուն հյուրեր են գալու եւ ձեր երեխան հավանական է, որ դժկամությամբ կիսվի իր խաղալիքներով, նախապատրաստվեք: Նախօրոք ընտրեք այնպիսի խաղալիքներ, որոնցով շատ հեշտ է կիսվել՝ խորանարդիկներ, փազլներ, լեգոներ, գունավոր մատիտներ (ամեն գույնից՝ նվազագույնը 2 հատ) եւ այլն: Դրանցով խաղալուց հետո, երբ ձեր երեխան արդեն վստահությամբ է լցվել դիմացինի նկատմամբ, նոր անցեք հատով խաղալիքներին:
Խաղացեք հերթով
Եթե կա մի բան, որ երեխաները դժվարությամբ են իրար մեջ կիսվում, դուք կարող եք հանդես գալ որպես մրցավար եւ խաղալիքը տալ յուրաքանչյուր երեխային հերթով: Փոքր տարիքի դեպքում սկսեք 2 րոպեն մեկ՝ աստիճանաբար մեծացնելով ժամանակը: Ավելի մեծ տարիքի երեխաներին կարելի է տալ 15 րոպեն մեկ: Ցանկալի է ժամանակը ֆիքսել այնպես, որ ավարտին ժամացույցը զնգզնգա, եւ երեխաները դա լսեն, որպեսզի իրենք էլ (առանց ձեր ասելու) իմանան, որ իրենց օգտագործման ժամանակն ավարտվել է:
Հարգեք երեխային
Եթե ինչ-ինչ պատճառներով երեխան չի ցանկանում կիսվել դիմացինի հետ, հարգեք նրա որոշումը: Երբեք չի կարելի երեխայի ձեռքից ինչ-որ բան ուժով խլել եւ տալ ուրիշին: Դա միգուցե այդ պահին հարցի արագ լուծում է, բայց երեխայի մեջ սերմանում է թշնամանք դիմացինի նկատմամբ, հնարավոր է նաեւ՝ ձեր: Երկարաժամկետ կտրվածքով ձեզանից հետագայում ավելի շատ ջանքեր են պահանջվելու, ու խնդիրը գնալով ավելի է բարդանալու: Ինչպես նաեւ չի կարելի երեխային պատժել նման արարքի համար: Եթե ընկերներով, կամ քույր կամ եղբայրներով չեն կարողանում համաձայնության գալ որեւէ բան կիսելու շուրջ, ուղղակի տեսադաշտից հեռացրեք տվյալ իրը եւ ասեք, որ կվերադարձնեք, միայն եթե նրանք հաշտվեն ու գան համաձայնության: Այլ պատիժներ կիրառելն ավելորդ է:
Բարեգործություն արեք
Անկախ ձեր ընտանեկան կարգավիճակից, ժամանակ առ ժամանակ (նվազագույնը տարին մեկ) ձեր երեխայի/երեխաների հետ մասնակցեք բարեգործության: Ընտրեք (կարող եք նաեւ ընտրության հարցում ներգրավել երեխային), թե ում եք ուզում օգնել կամ ուր եք ուզում գնալ (մանկատուն, հատուկ կարիքներով երեխաներ, սահմանամերձ գյուղերում ապրող ընտանիք, բանակում ծառայող զինվոր, միայնակ ապրող տարեց, եւ այլն) եւ համապատասխանաբար, թե ինչ կնվիրեք՝ կարող եք միասին ընտրել երեխայի իրերից կամ միասին գնալ այդ իրը գնելու, կամ միասին պատրաստել որեւէ մի բան՝ թխվածք, բացիկ, ծաղկեփունջ եւ այլն: Եվ երեխայի հետ միասին հանձնեք տվյալ իրը: Շատ կարեւոր է, որ ձեր բարեգործության ռեսիպիենտը (ընդունող կողմը) լինի երեխային անծանոթ եւ շատ կարեւոր է, որ ձեր արածը լինի անշահախնդիր: Այսինքն, ոչ մի դեպքում երեխային չի կարելի կաշառել, որ խաղալիքդ նվիրես մանկատան երեխային, քեզ նորը կառնեմ: Անհրաժեշտ է, որպեսզի երեխան հասկանա բարեգործության բուն նպատակը՝ այն է դիմացինին լավություն անել՝ առանց որեւէ ակնկալիքի: Մի սպասեք, որպեսզի հարստանաք ու մեծամեծ գործեր անեք: Ամեն մարդ իր չափով կարող է օգնել դիմացինին եւ փոքրուց դա սովորեցրեք երեխաներին:
Դաստիարակեք կարեկցանք
Շատ կարեւոր է երեխաների մոտ փոքրուց դաստիարակել կարեկցանք (էմպատիա՝ ուրիշների զգացմունքները հասկանալու եւ կիսելու կարողությունը): Ավելի մեծ տարիքում (4,5 եւ ավելի), երբ երեխայի մոտ զարգացել է մտքի տեսությունը (theory of mind – ուրիշների մտավոր աշխարհի մասին պատկերացում կազմելու համակարգը), երեխայի հետ խոսեք իր եւ դիմացինի զգացմունքների մասին: Հարցրեք՝ ինչ է ինքը զգում, երբ կիսվում է ուրիշի հետ իր խաղալիքով կամ իրերով: Իր կարծիքով ի՞նչ է դիմացինը զգում: Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե միասին ընկերներով չկիսվեին, իսկ ի՞նչ կլիներ, եթե կիսվեին եւ այլն:
Եվ վերջում, եթե կան մարդիկ, որ մտածում եմ, թե ընդհանրապես ինչու է պետք կիսվել եւ դա սովորեցնել երեխաներին, թե ինչու է պետք բարեգործություն անել («մեկը լիներ՝ մեզ օգներ»), կարող եմ միայն մի բան ավելացնել՝ տարբեր երկրներում, տարբեր ազգերի մոտ, տարբեր ժամանակներում արված բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ երջանիկ, հաջողակ եւ հարուստ լինելու համար ամենակարեւոր հատկություններից մեկը ուրիշներին օգնել եւ բարի գործ անելն է:
Վանենի Վարդանյանը MSc, MA հոգեբանության մագիստրոս է, հոգեբան է աշխատում Դիլիջանի Կենտրոնական դպրոցում:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: