Իրանը Կովկասում. երկար ուղի - Mediamax.am

Իրանը Կովկասում. երկար ուղի
14941 դիտում

Իրանը Կովկասում. երկար ուղի


Վերջին 25 տարվա ընթացքում Իրանը Հարավային Կովկասում հանդես է եկել խոշոր, սակայն հիասթափված դիտորդի կարգավիճակում՝ հետեւելով հյուսիսում կատարվող իրադարձություններին, սակայն դրանցում ունենալով փոքր մասնակցություն: Այժմ, ապրիլի 2-ին ձեռքբերված համաձայնությունը Արեւմուտքի եւ Թեհրանի միջեւ բացում է մերձեցման նոր հնարավորություններ, եւ Իրանի կովկասյան հարեւանները հարցնում են՝ ի՞նչ կփոխի այն:

Իրանը սահմաններ ունի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ: Ռուսաստանի եւ Թուրքիայի օրինակով՝ Իրանը հիմքեր ունի ենթադրելու (որոնք չեն ընդունվում տարածաշրջանում), որ ինքը նախկին կայսերական գերտերության ժառանգորդ է, եւ այս բոլոր տարածքները դեռեւս «իրենն են», անկախ այն հանգամանքից, որ 1828թ. ի վեր այդ տարածքներն այլեւս նրա տիրապետության տակ չեն:

Սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո նկատվող կանխատեսումները, թե Իրանը կդառնա տարածաշրջանի հիմնական դերակատար, չիրականացան: Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը հայացքը հառեցին դեպի Հյուսիս եւ Արեւմուտք՝ միանալով Ռուսաստանի առաջնորդած կազմակերպություններին (ԱՊՀ, ՀԱՊԿ) կամ համաեվրոպական կառույցներին (ԵԱՀԿ, Եվրոպայի Խորհուրդ, ԵՄ Արեւեւլյան գործընկերություն): Իրանցիները, ի տարբերություն ռուսների եւ թուրքների, փոքր դերակատարություն ունեցող խաղացողներ են:  

1992թ. մայիսին Թեհրանի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում միջնորդի դեր ստանձնելու փորձը ձախողվեց՝ համընկնելով Շուշին գրավելու հայերի օպերացիայի հետ: Դրանից հետո Իրանը միջնորդական որեւէ դեր չխաղաց հարեւան երկու պետությունների միջեւ:  

Ավելի ուշ Իրանը դուրս մնաց Ադրբեջանի նավթային եւ գազային գլխավոր նախագծերից՝ ականտես դառնալով հյուսիսում Բաքու-Թբիլիս-Ջեյհան նավթամուղի կառուցմանը:    

Իրանի Իսլամական Հանրապետության գաղափարական առաջնորդների համար այս տարածաշրջանը, ի տարբերություն Սիրիայի կամ Իրաքի, չի եղել առանցքային ռազմավարական հետաքրքրության գոտի: Կովկասը տարածաշրջան է, որտեղ Իրանը ռացիոնալ, արտաքին քաղաքական դերակատար է, որը համագործակցում է տարածաշրջանի բոլոր երկրների ղեկավարության հետ՝ անկախ նրանց հետ առկա գաղափարական տարբերություններից:

Կփոխվի՞ արդյոք այս իրավիճակը, երբ պատժամիջոցները վերացվեն, եւ Իրանը դադարի լինել միջազգային վտարանդի: Ոչ շատ արագ:  

Իրանն ամենաամուր հարաբերություններն ունի տարածաշրջանում ամենաթույլ երկրի՝ Հայաստանի հետ: Անցյալ տարի Հայաստանում Իրանի դեսպանը մամուլի ասուլիսի ընթացքում հանդես եկավ բավական արտասովոր հավակնություններով: Նա ասաց, թե Իրանից դեպի Հայաստան գազամուղը կարող է շարունակվել դեպի Վրաստան, եւ որ Իրանը չի հանդուրժի երրորդ երկրի խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղյան հակամարտության գոտում:

Այս հայտարարությանը հաջորդող արձագանքի բացակայությունից կարելի է ենթադրել, որ դեսպանի հայտարարությունն ավելի շուտ տպավորություն թողնելու փորձ էր, քան իրական քաղաքականություն: Սակայն խելամիտ կլինի ակնկալել, որ իրանական նոր ջերմացումը կամրապնդի երկու հարեւան պետությունների տնտեսական կապերը: Սա կարող է կանաչ լույս դառնալ 300 մղոն երկարությամբ երկաթգծի կառուցման նախագծի համար, որի միջոցով Իրանը կապ կհաստատի Հայաստանի հարավի հետ, ինչը կարող է նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը:

Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա է երկկողմ ուժեղ կասկածամտություն: Ադրբեջանի ընկալմամբ՝ Իրանն իսլամական պետություն է, որը տարածաշրջանային հնարավոր սպառնալիք է պարունակում: Բացի այդ, հարեւան այս պետությունը կարող է ակտիվացնել երկրի հարավային շրջաններում բնակվող շիա բնակչությանը: Իրանի ղեկավարության համար Ադրբեջանը հանդես է գալիս որպես կասկածելի աշխարհիկ պետություն, որն Իսրայելի բարեկամն է եւ կարող է մոբիլիզացնել Իրանի հյուսիսում բնակվող մեծ թվով ադրբեջանցիներին:

Լավագույնը, որը կարելի է ասել այս հարաբերությունների մասին, այն է, որ երկու կողմերն էլ ունեն հնարավորություններ վնասելու միմյանց եւ այդ պատճառով երկուսն էլ փոխզսպվածություն կդրսեւորեն:   

The Financial Times-ը գրել էր, որ Արեւմուտքի նավթային եւ գազային մագնատները չափազանց հետաքրքրված են տեսնել, թե ինչ կլինի, երբ աշխարհում նավթային պաշարների ծավալով չորրորդ, իսկ գազի պաշարներով երկրորդ խոշոր պետություն հանդիսացող Իրանը կրկին բացվի:

Սակայն պարբերականը նշում է նաեւ, որ սա կարող է դանդաղ եւ ցավոտ գործընթաց լինել: Պատժամիջոցների համակարգը բավական խրթին է, իսկ էներգետիկ ենթակառուցվածքը՝ տխուր վիճակում: Երբ խոսքը վերաբերում է գազին, ապա Իրանն այնքան անարդյունավետ է գործում այս ոլորտում, որ ստիպված է գազ ներկրել Թուրքմենստանից: Ներքին շուկան կսպառի նոր արտադրանքի մեծ մասը:   

Իրանի՝ գազի ամենամեծ պաշարների հայտնաբերման տեղանքը երկրի հարավային ծովափերի մոտ է: Այդ տեղանքը Իրանն օգտագործում է Կատարի հետ միասին, ուստի, տրամաբանական է, որ գազի նոր արտադրանքը կարտահանվի ասիական շուկաներ: Այս տարվա փետրվարին Վաշինգտոնում կայացած քննարկման ժամանակ էներգետիկ փորձագետ Էդվարդ Չոուն, պատասխանելով Իրանից դեպի Եվրոպա գազ մատակարարելու հնարավորության վերաբերյալ հարցին, ասել էր. «Իրանից դեպի Եվրոպա գազամուղի կառուցումը երեւակայություն է: Այն տնտեսապես ձեռնտու չէ»: 

Սակայն սա բնավ չի վկայում այն մասին, թե Իրանի՝ աշխարհի առջեւ բացվելը որեւէ ազդեցություն չի գործի Կովկասի վրա: Տարածաշրջանում վերածնվող Իրանի վերաբերյալ ընկալումն ինքնին կարեւոր երեւույթ է: Սակայն սա դանդաղ գործընթաց է լինելու: Իրանն արդեն շատ բան է կորցրել վերջին 25 տարում:    

Թոմաս դե Վաալը Կարնեգիի Հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ հետազոտող է:

Մեկնաբանությունը գրվել է Մոսկվայի Կարնեգիի կենտրոնի համար:

Թարգմանությունը՝ Եկատերինա Պողոսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին