Գյումրիի ռազմաբազան եւ վաղեմություն չունեցող հարցերը - Mediamax.am

Գյումրիի ռազմաբազան եւ վաղեմություն չունեցող հարցերը
30183 դիտում

Գյումրիի ռազմաբազան եւ վաղեմություն չունեցող հարցերը


Այսօր լրանում է Գյումրիում տեղի ունեցած սպանության մեկ ամիսը: Այդ սպանդին հաջորդած շաբաթների ընթացքում ամենահաճախ հնչող հարցերից մեկն այն էր, թե արդյո՞ք կասկածյալին կհանձնեն Հայաստանի արդարադատությանը, կային նաեւ այլ հարցեր սպանության ձեւի, մանրամասների, շարժառիթների վերաբերյալ: Իսկ մնացածը գերազանցապես զգուշացումներ ու խորհուրդներ էին ուղղված հայությանը, որպեսզի չքաղաքականացնեն տեղի ունեցածը եւ այն չտեղափոխեն հայ-ռուսական հարաբերությունների հարթություն: Ցավոք, այդ հորդորների հեղինակները այդպես էլ չմեկնաբանեցին, թե ի՞նչ կլինի, եթե առաջացած հարցերը քննարկվեն հենց այդ հարաբերությունների դիտանկյունից: Սպանության մեջ կասկածվողը Ռուսաստանի Դաշնության պատահական քաղաքացի չէր, որը Հայաստան էր եկել զբոսաշրջության կամ բիզնես նպատակներով, նա զինվոր էր, որը Գյումրիում իր ծառայությունն էր իրականացնում հայ-ռուսական պայմանագրի շրջանակներում:

Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան տարիներ շարունակ ներկայացվել է որպես Հայաստանի անվտանգության երաշխիք: Մի կողմ թողնենք այն կարեւոր հարցը, թե ինչ հետեւանք է թողնում նմանատիպ ցանկացած հանցագործություն անվտանգության վերաբերյալ հայության պատկերացումների վրա: Թե՜ հունվարի 12-ին, թե՜ նախկինում ռազմաբազայում ծառայողների մասնակցությամբ Գյումրիում տեղի ունեցած ու հնչեղություն ստացած կամ ստվերում մնացած դեպքերից հետո պատասխան չի տրվում երկու հարցի – տեղի ունեցածից հետո ի՞նչ հետեւություններ են արվել եւ արվե՞լ են արդյոք: Այս հարցերն ենթադրում են այլ ենթահարցեր եւս. ռազմաբազայի հրամանատարությունը ի՞նչ քայլեր է կատարել ծառայություն իրականացնողների վարքը փոխելու, կարգապահական կանոնների համաձայն գործելու, անվտանգության ապահովման ուղղությամբ տեսանելի քայլեր կատարելու ուղղություններով, ինչպե՞ս է Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը վերաբերում առաջացած խնդիրներին, ի՞նչ հետեւողականությամբ են դրանք բարձրաձայնվում ու քննարկվում ռուսական կողմի հետ եւ այլն:

Այս հարցերը կարելի է շարունակել եւ ինչպե՞ս տեսնում եք դրանք հայ-ռուսական հարաբերությունների հարթությունում տեղավորվող հարցադրումներ են: Եթե Հայաստանի կողմից չլինեն հետեւողական քայլեր, ռուսական կողմը կառաջնորդվի բացառապես սեփական պատկերացումներով եւ առաջնահերթություններով, կանի քայլեր կամ կիսաքայլեր, որոնք պարտադիր չէ, որ հանրության համար տեսանելի լինեն:

Սպանդին հաջորդած 18-ժամյա ճգնաժամը եւ դրան հաջորդած գործողությունները նաեւ ցույց տվեցին, որ թեեւ ռազմաբազայի գործունեությունը եւ հայ-թուրքական սահմանի պաշտպանությունը կարգավորվում է միջպետական պայմանագրերով, սակայն դրան զուգահեռ գործում են նաեւ այդ պայմանագրի վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանություններ: Հայ-ռուսական հարաբերություններում առաջացած համաչափության վիհը չպետք է տարածվի իրավանորմատիվային եւ բարոյահոգեբանական հարթություններ:

Հայաստանը պետք է օժանդակի, որպեսզի տեղի ունեցածը սթափեցնի ռուսական կողմին: Գյումրիի ռազմաբազան հեռավոր Կովկասի մի անկյունում ծվարած ու այնտեղ ծառայության մեկնողների համար բարձր աշխատավարձ խոստացող վայր չէ: Ռուսաստանի համար այն կարեւոր ռազմավարական նշանակություն ունի, սակայն արդյո՞ք ծառայության ժամանող զինվորներն ու սպաներն անհրաժեշտ պատկերացումներ ունեն իրենց առաքելության նպատակների մասին: Արդյո՞ք նրանք ծանոթ են հայ-ռուսական հարաբերությունների անցյալին եւ ներկային, տարածաշրջանում առկա խնդիրներին ու մարտահրավերներին, նրանք ի՞նչ գիտելիքներ են ստանում Հայաստան ժամանելուց առաջ եւ ծառայության ընթացքում: Սրանք կրկին հայ-ռուսական հարաբերությունների հարցեր են, որոնք պետք է բարձրաձայնել, լուծումներ գտնել, հետեւել դրանց իրականացմանը եւ առաջ ընթանալ:

Հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթին պետք է պատասխանատվությամբ մոտենալ, ոչ թե թաքնվել դրա հետեւում եւ յուրաքանչյուր քայլ հարմարեցնել դրան:

Վահրամ Տեր-Մաթեւոսյանը Հայաստանի ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Համակարգն ընդդեմ անհատների
Մեր ընտրանին