Գեբելսի “որդիները” - Mediamax.am

Գեբելսի “որդիները”
33276 դիտում

Գեբելսի “որդիները”


Օրերս ընկերներիցս մեկը հեղինակավոր ռուսաստանյան “Էքսպերտ” ամսագրի առցանց տարբերակից մի հոդված ուղարկեց, որ ծանոթանամ: “Ինչո՞ւ Հայաստանը սխալվեց ԵԽԽՎ-ում” բարձրագոչ վերնագրով նյութի հեղինակը ոմն Գեւորգ Միրզայանն է, որը հայ հանրությանը հայտնի է Գյումրիի ողբերգական դեպքերի ոչ ադեկվատ գնահատականներով: Հայաստանի եւ հայկականի փորձագետ ներկայացող այս անձին կանդրադառնամ սյունակիս վերջում, իսկ այժմ ուզում եմ կենտրոնանալ մեկ այլ խնդրի վրա: Հեղինակը ՀՀ պատվիրակությանը աներկբայորեն մեղադրում է ռազմավարական դաշնակցին դավաճանելու համար եւ որպես հակակշիռ ներկայացնում ադրբեջանցիներին եւ թուրքերին, որոնք, ի տարբերություն հայերի, դեմ էին քվեարկել ԵԽԽՎ բանաձեւին:

Եթե նկատել եք, ԵԽԽՎ-ի մասին պատմող իմ սյունակում ամեն կերպ խուսափել եմ այդ կառույցում հայ-ռուսական “ռազմավարական” համագործակցության մասին խոսակցություններից, քանզի մտավախություն ունեի, որ դա կարող է բացասաբար ազդել երկու պատվիրակությունների հարաբերությունների վրա: Բայց, քանի որ ռուսական կողմն ինքը բացեց “Պանդորայի արկղը”, ներկայացնեմ տպավորություններս, որոնք ստացել եմ Եվրոպայի Խորհրդի եւ դրա Խորհրդարանական Վեհաժողովի աշխատանքները լուսաբանելու 8 տարվա փորձի ընթացքում եւ որոնք փաստացի ապացուցվում են նաեւ քվեարկությունների արձանագրություններով:

Եվ այսպես, ինչպես հայտնի է, Հայաստանը եւ Ռուսաստանը համագործակցում են միջազգային մի շարք կառույցներում, բայց ԵԽԽՎ-ն այդ ցանկում ուրույն տեղն ունի, այն պարզ պատճառով, որ… համագործակցություն համարյա չկա: Հայաստանի համար վճռորոշ նշանակություն ունեցող գրեթե բոլոր քվեարկությունների ժամանակ ՌԴ պատվիրակության անդամները կամ ձեռնպահ են քվեարկել, կամ պարզապես բացակայել են դահլիճից` նախընտրելով ժամանակն անցկացնել Ստրասբուրգի մոլլերում կամ Բադեն-Բադենի լողավազաններում: Ռուսաստանցի պատգամավորները գրեթե երբեք չեն միանում ՀՀ պատվիրակության անդամների նախաձեռնած ստորագրահավաքներին եւ նախաձեռնություններին: Փոխարենն եղել են դեպքեր, երբ ստորագրելուց հետո րոպեներ անց վերադարձել են եւ ստորագրությունը հետ վերցրել: Միաժամանակ, ՌԴ պատվիրակության անդամները, անկախ կուսակցական պատկանելությունից, մշտապես հաճույքով են մասնակցում Ադրբեջանի եւ Թուրքիայի` ԵԽ շենքում եւ դրանից դուրս կազմակերպած բոլոր միջոցառումներին` ցուցահանդեսներին, ճաշկերույթներին, ընդունելություններին, համերգներին` օգտվելով այդ երկրների առատ նվերներից: Եվ ամեն անգամ, երբ ԵԽԽՎ-ում պատրաստվում են պատժել Ադրբեջանին կամ Թուրքիային մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների, խոսքի ազատության սահմանափակման եւ քաղկալանավորներ ունենալու համար, նրանց գլխավոր պաշտպանի դերը ստանձնում է հենց Ռուսաստանի պատվիրակությունը:

Տարիներ առաջ այցերիս մեկի ժամանակ անձամբ եմ ներկա եղել ՀՀ եւ ՌԴ պատվիրակությունների ղեկավարների հանդիպմանը ԵԽԽՎ շենքի միջանցքում, երբ մեր պատվիրակության ղեկավարը (անունը բացահայտել չեմ կարող, քանի որ խոստացել եմ: Եթե ցանկանա, ինքը կարտահայտվի) դիմեց ռուս պաշտոնակցին` ասելով, որ մեծ հույսեր է կապում ՌԴ պատվիրակության հետ հաջորդ օրվա կարեւոր քվեարկության ժամանակ: “Իհարկե, իհարկե, ես մերոնց բոլորին զգուշացրել եմ, վաղը բոլորս կգանք եւ կաջակցենք ձեզ”,- եղավ պատասխանը: Երեւի արդեն կռահեցիք, որ հաջորդ օրվա քվեարկությանը, որը վերաբերում էր հայ-ադրբեջանական հարաբերություններին, Ռուսաստանի պատվիրակությունից ոչ ոք չեկավ: Այստեղ են ասել. “Աստված հեռու պահի նման ընկերներից, իսկ թշնամիներիս հարցերն ես ինքս կլուծեմ”:
 
Եվ գիտեք ի՞նչ: Ես անկեղծ ուրախ եմ, որ հեղինակավոր այս կառույցում մերոնք որքան հնարավոր է ինքնուրույն քաղաքականություն են վարում եւ չեն թաքնվում “մեծ եղբոր” թիկունքում:

Իսկ այժմ մի քանի խոսք գեւորգմիրզայանների մասին: Տեղեկատվական պատերազմների դասագրքերը պնդում են, որ հակառակորդի դեմ նրանց յուրայիններին օգտագործելու գաղափարը պատկանում է ֆաշիստական պրոպագանդայի արքա Յոզեֆ Գեբելսին: Հենց նա էր առաջարկել ռուս ռազմագերիներից դավաճանների ընտրել, նրանց քարոզչական հատուկ գիտելիքներ փոխանցել եւ ուղարկել Խորհրդային կողմ, որտեղ նրանք հակասովետական քարոզչություն էին իրականացնում եւ համոզում խորհրդային զինվորներին հանձնվել գերմանացիներին: Հաշվարկը շատ պարզ էր. նույնիսկ եթե դավաճանները  բացահայտվում էին, նրանց պարզապես գնդակահարում էին, քանզի արժեքավոր տեղեկություններ նրանք չունեին:

Հիմա հարց. ինչո՞ւ է ռուսական քարոզչությունը Հայաստանի դեմ օգտագործում հայկական ազգանունով անձնավորության: Կարելի է միայն ենթադրություններ անել: Ենթադրություն առաջին. “լավ” հայը հանդես է գալիս որպես հակակշիռ “բոբո” հայերին: Երկրորդ` ռուսաստանյան քարոզչությանը հոգեհարազատ են Գեբելսի գաղափարները: Եվ երրորդ` երիտասարդն ինքն է ցանկացել “Հռոմի Պապից ավելի կաթոլիկ” լինել եւ մի լավ դաս տալ իր անհնազանդ ու հեռավոր ազգակիցներին:

Եվ այստեղ մենք կրկին վերադառնում ենք կարեւոր մի հարցի, որի վերաբերյալ չունեն միասնական դիրքորոշում հայագետները եւ որի պատասխանը չափազանց կարեւոր է հետագա սերունդների համար. իսկ ո՞ւմ կարելի է համարել հայ, եւ ո՞ւմ` ոչ: Եվ արդյո՞ք ազգանվան “յան” վերջավորությունը թույլ է տալիս մարդուն հայ համարվել նույնիսկ այն դեպքում, երբ հայկական որեւէ այլ բան նա չունի: Իմ անձնական կարծիքն է, որ հայ է նա, ով իրեն հայ է համարում, նույնիսկ եթե նա կրում է Իվան Պետրով կամ Ջոն Սմիթ անուն-ազգանունը:

Եվ վերջինը: Շարունակում եմ զարմանալ ռուսական քարոզչության աշխատաոճի վրա: Հունվարին ռուսաստանյան ԶԼՄ-ներին հաջողվեց հակառուսական ալիք բարձրացնել աշխարհի ամենառուսամետ քաղաքում` Գյումրիում: Եվ տխրահռչակ Միրզայանի մատը, իսկ գուցե նաեւ ձեռքը այդ գործին խառն էին: Այժմ էլ նույն եռանդով ռուսաստանցիներին են տրամադրում Հայաստանի դեմ: Եթե չեք հավատում, կարդացեք հոդվածի մեկնաբանությունները; Հետո էլ կասեն` Ամերիկան է մեղավոր…

Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքսի գլխավոր խմբագիրն է:   

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին