Ինչպես փչացրեցի Էրդողանի տոնը - Mediamax.am

Ինչպես փչացրեցի Էրդողանի տոնը
10229 դիտում

Ինչպես փչացրեցի Էրդողանի տոնը


2004 թվականի հունիսին ինձ եւ այն ժամանակ դեռեւս “Ազգ” թերթի լրագրող Թաթուլ Հակոբյանին հրավիրեցին Ստամբուլ՝ լուսաբանելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովը:

Ստացվեց այնպես, որ Թուրքիայի եւ Ստամբուլի գլխավոր՝ Աթաթուրքի անվան օդանավակայանը ծանրաբեռնված էր տարբեր երկրների ղեկավարների ընդունելությամբ, եւ արդեն օդում մեզ հայտնեցին, որ վայրեջք ենք կատարելու մեկ այլ օդանավակայանում, որը գտնվում է Ստամբուլից մոտ 30 կիլոմետր հեռու, բայց անհանգստանալու խնդիր չկա, որովհետեւ մեզ այնտեղ սպասում են ավտոբուսներ, որոնք անմիջապես կտանեն մեզ… Լալելիի տոնավաճառ: Այդ լուրը ցնծություն առաջացրեց մեր օդանավի գրեթե բոլոր ուղեւորների մոտ, իսկ ահա ինձ մտահոգեց: Ինչ-որ անհասկանալի մարդուց վիզան (նման է փոստային դրոշմանիշի) գնելուց եւ սահմանը հատելուց հետո նստեցի ավտոբուս, որը, վարորդի խոսքերով, մեկնում էր Ստամբուլի կենտրոն: Ճամփին հասկացա, որ ժամանել եմ Ստամբուլի արեւելյան, այլ ոչ թե եվրոպական հատված: Իսկ երբ ավտոբուսը կանգ առավ լաստանավի հարեւանությամբ, եւ վարորդն ասաց, որ դա վերջին կանգառն է, հասկացա, որ ստիպված եմ լինելու հատել Բոսֆորի նեղուցը: Դրանից հետո, քանի որ քաղաքի կենտրոնում երթեւեկությունը սահմանափակված էր, փոխեցի նաեւ ավտոբուս ու տրամվայ եւ վերջապես հասա Տաքսիմ հրապարակի հարեւանությամբ գտնվող իմ հյուրանոց: Սա ասում եմ նրա համար, որ հասկանաք, որ Թուրքիա մտել եմ ոչ թե շքամուտքից, ինչպես շատերը, այլ հետեւի դռնից, ուր, մեղմ ասած, ամեն ինչ չէ որ այդքան հրաշալի էր:

ՆԱՏՕ-ի գագաթաժողովի անցկացումը շատ կարեւոր էր Թուրքիայի եւ դրա նորանշանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար, ահա թե ինչու թուրքերը փորձել էին կազմակերպել միջոցառումն ամենաբարձր մակարդակով եւ հյուրասիրությամբ, այն աստիճան, որ թե հեռախոսակապը, թե ինտերնետը լրագրողների համար անվճար էին: Բայց տեղացի եւ արեւմտյան լրագրողներին հատկապես դուր էր եկել այն, որ գագաթաժողովի անցկացման վայրում անվճար էին նաեւ սնունդը եւ ըմպելիքը, որի պատճառով նրանք իրենց աշխատավայրը տեղափոխել էին անմիջապես բացօթյա ճաշարան:

Հայաստանը գագաթաժողովին մասնակցում էր արտգործնախարարի մակարդակով. Վարդան Օսկանյանն ավելի շուտ եկել էր ծանոթանալու Թուրքիայի նորընտիր վարչապետ Էրդողանին եւ նորանշանակ արտգործնախարար Գյուլին, քան ինչ-որ կոնկրետ հարցեր լուծել: Օսկանյանի հետ ժամանել էին մի խումբ հայ լրագրողներ, բայց խեղճերին թույլ չէին տվել լուսաբանել բուն միջոցառումը, փոխարենը ման էին տալիս հայկական տեսարժան վայրերով, կարծես նրանք զբոսաշրջիկ լինեին, այլ ոչ թե լրագրող: Արդյունքում պատմական այդ իրադարձությունը, ուր որոշվում էին Դաշինքի ընդլայնման, Վրաստանի ապագա անդամակցման, գործընկեր երկրների հետ համագործակցության զարգացման հարցերը, Հայաստանից քիչ թե շատ ամբողջական լուսաբանում էինք մենք երկուսս:

Գագաթաժողովի երկրորդ օրվա ավարտին, երբ օտարերկրյա բոլոր կարեւոր դեմքերն արդեն մեկնել էին, իսկ հռչակագիրը՝ ընդունվել, լուսատախտակներից մեկի վրա պատահաբար նկատեցի, որ ասուլիս է տալու կազմակերպիչ երկրի՝ Թուրքիայի վարչապետը՝ Էրդողանը: Ի սկզբանե քիչ հավանական էի համարում, որ ինձ կարող է հարց տալու հնարավորություն տան. նման ասուլիսների ժամանակ մամուլի քարտուղարները սովորաբար խոսք են տալիս այն լրագրողներին, ում ճանաչում են անձամբ: Ավելին, թող գաղտնիք չլինի, շատ երկրներում նրանք իրենց ծանոթ կամ մտերիմ լրագրողներին խնդրում են տալ այս կամ այն հարցը, որի պատասխանն իրենց ղեկավարն արդեն պատրաստ ունի սեղանին:

Այնուամենայնիվ, Երեւանում հերթապահող գործընկերս՝ Արա Թադեւոսյանը, քաջալերեց եւ ասաց. “Դուխով գնա ու, եթե հնարավորություն լինի, հարցդ տուր”:

Գնացի… Ասուլիսն անցկացվում էր մոտ 500 հոգու համար նախատեսված հսկայական օվալաձեւ աուդիտորիայում, որի տեղերի առնվազն կեսն արդեն զբաղեցրել էին գագաթաժողովը կազմակերպած թուրք պաշտոնյաները եւ լրագրողները՝ հիմնականում նույնպես թուրք: Օդում տիրում էր հիացական մթնոլորտ, բոլորը գոհ էին, երջանիկ: Պետք էր անպայման փչացնել այդ մթնոլորտը… Եվ ես անցա գործի:

Երիտասարդ գործընկերներիս ուզում եմ խորհուրդ տալ. մի շտապեք, սպասեք ձեր շանսին: Իսկ երբ այդ շանսը ձեզ բաժին է ընկնում, ամուր բռնեք երկու ձեռքով եւ բաց մի թողեք:):

Էրդողանին հարց էին ուզում ուղղել բոլորը՝ թե լրագրողները, թե հատկապես ոչ լրագրողները, որոնք երեւի թե ցանկանում էին շեֆի աչքը մտնել: Ինչ-որ պահի ընկնելով էյֆորիայի մեջ՝ Էրդողանը մոռացավ մամուլի քարտուղարի մասին եւ սկսեց ինքը որոշել, թե ով տա հերթական հարցը: Թուրք լրագրողների հարցերն ավելի շատ բաժակաճառի էին նման, Էրդողանը եւ կողքին նստած Գյուլը նորահարսերի պես կարմրում էին, ապա կարճ պատասխանում: Այս ընթացքում նկատեցի մի օրինաչափություն. վարչապետը խոսքը հերթով տալիս էր ձախից նստած լրագրողներին, ապա՝ կենտրոնում, եւ վերջում՝ աջից: Աջից նստած լրագրողներն ակնհայտորեն քիչ էին, եւ եթե այնտեղ դիքավորվեի, վաղ թե ուշ ինձ էլ հերթ կհասներ, այնպես որ տեղս փոխեցի, նստեցի այնպիսի մի տեղ, որ լավ տեսանելի լինեմ թե Էրդողանի, թե նկարահանող տեսախցիկների համար:

Այստեղ մի լիրիկական զեղում կատարեմ… Էրդողանը գայլի աչքեր ունի, ամեն մարդ չէ, որ կարող է երկար այդ աչքերի մեջ նայել. համենայն դեպս, նրա ենթակաները մի քանի վայրկյան հետո մեղավոր իջեցնում էին հայացքը, նույնիսկ եթե ոչ մի վատ բան չէին արել:

Ինչեւէ, երբ Թուրքիայի վարչապետը հերթական պտույտը կատարեց, եւ մեր հայացքները հանդիպեցին, ես բառիս բուն իմաստով վեր թռա, եւ ոչինչ չկռահող Էրդողանը մատնացույց արեց ինձ: Մոտեցրին խոսափողը.

“Պարոն վարչապետ, ես ներկայացնում եմ հայաստանյան “Մեդիամաքս” գործակալությունը: Քիչ առաջ Դուք ասացիք, որ ողջունում եք ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների հետ հարաբերությունների զարգացումը: Բայց ինչպե՞ս կարող ենք մենք՝ հայերս, զարգացնել մեր հարաբերությունները Դաշինքի հետ, եթե ՆԱՏՕ-ի անդամ մեր միակ հարեւան երկիրը՝ Թուրքիան, փակել է Հայաստանի հետ սահմանը եւ չի ցանկանում բացել: Շնորհակալ եմ”:

Պաուզա… Գայլի աչքերը սղոցում են ինձ այն աստիճան, կարծես ցանկանում են ծակել ուղեղս եւ տեսնել, թե ինչ կա մեջը: Տոնն անվերադարձ փչացած է: “Հայը կրկին եկավ թուրքի տուն եւ ամեն ինչ փչացրեց”: Թուրք լրագրողներն ատելությամբ լի հայացքներ են նետում վրաս եւ փորձում ինձ մոխիր դարձնել: Վերջապես Էրդողանը հիշում է, որ դա հարց էր, եւ պետք է պատասխանել, եւ ասում է մոտավորապես հետեւյալը.

“Շնորհակալ եմ շատ կարեւոր հարցի համար: Մենք հույս ունենք, որ մոտ ժամանակներս Հայաստանին եւ Թուրքիային կհաջողվի հասնել երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավմանը: Երեկ երեկոյան ես քննարկել եմ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը վերաբերող հարցերն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ժամանակ`մեր արտգործնախարար Աբդուլա Գյուլի մասնակցությամբ: Ես համոզված եմ, որ մենք պետք է շարունակենք Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումները: Հուսով եմ, որ այդ հանդիպումները կօգնեն մեզ գտնել տարածաշրջանային խնդիրների այնպիսի լուծումներ, որոնց պարագայում չենք ունենա հաղթողներ եւ պարտվողներ”:
 
Վարագույր… Ուշադրություն դարձրեք հարցին եւ պատասխանին. դրանք իրար հետ որեւէ կապ չունեն: Բայց մի՞թե դուք կարծում եք, թե ես իսկապես ակնկալում էի, որ իմ հարցից հետո Էրդողանը կապաշխարի, ծնկի կգա, ներողություն կխնդրի ամբողջ հայ ժողովրդից եւ անմիջապես կհրամայի բացել հայ-թուրքական սահմանը: Ոչ-ոչ, ես այդքան միամիտ չեմ. իմ խնդիրը զուտ հարցը հնչեցնելն էր, քանզի, ձեւափոխելով հայտնի ասացվածքը, ամեն հարցի միայն մի մասն է հարց:): Պատասխանը լսելուց հետո հավաքեցի իրերս եւ դուրս եկա լսարանից: Թուրք լրագրողները շարունակում էին աչքերով ոչնչացնել ինձ, իսկ ես ուրախ էի, որ մի փոքր խախտեցի համընդհանուր իդիլիան:

Երբ վերադարձա հյուրանոց, CNN Turk հեռուստաալիքով ինձ էին ցույց տալիս՝ հարցս հնչեցնելիս: Դրան հետեւեց մեկնաբանի խոսքը: Բան չհասկացա, բայց մեծ ցանկություն էլ չկար: Գործն արված էր…

Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքսի գլխավոր խմբագիրն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին